RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020



Տեղադրվել է` 2020-12-03 23:55:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1404, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

Իվեթ Թաջարյանի գեղանկարների ամբողջ հասույթըՙ «Զինծառայողների հիմնադրամին»

- Ամեն քայլ անելիս պետք է մտածենք, թե հետո մեր երեխաներին, թոռներին ի՞նչ պետք է ասենք, ի՞նչ պատասխան պետք է տանք:

Բոլորիս համար էլ ծանր ժամանակներ են: Այս ընթացքում բոլորիս ապրումներն էլ գրեթե նույնն են: Այս ամենը հաղթահարելու համար անմնացորդ ու անշահախնդիր ամենօրյա աշխատանք եւ ամեն քայլ նպատակային դարձնել է անհարժեշտ:

Նոյեմբերի 24-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում տեղի ունեցավ արվեստաբան Իվեթ Թաջարյանի «Հիշողության կնիք» խորագրով գեղանկարների ցուցահանդես-վաճառքը:

«Համավարակից սկսած մինչ այսօր մշակութային կյանքը կարծես կանգ է առել եւ հիմա ժամանակն է հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ եւ անցնենք ստեղծագործելու փուլին: Սա Վերածննդի ցուցահանդես է, այս ցուցահանդեսը մեր կյանքի խորհրդանիշն է եւ մենք ցանկանում ենք ասել, որ ապրում ենք ու ստեղծագործում», իր խոսքում նշեց պատկերասրահի աշխատակցուհի տիկին Լուիզա Մուրադյանը :

Գույներ, պտուղներ, հագուստներ ու գորգեր: Ցուցահանդեսում ներկայացված էին նկարչուհի Իվեթ Թաջարյանի հիշողություններն ամբողջացնող իրերի գծապատկերներըՙ շաղախված վառ գույներով:

«Ցուցահանդեսի միտքը եղել է դեռեւս երեք ամիս առաջ. տիկին Զարուհու հետ պլանավորել ու որոշել էինք , թե ինչպես ենք անցկացնելու, բայց տեղի ունեցավ այնՙ ինչնին բոլորս առնչվեցինք: Օնլայն դասավանդման ժամանակ չէի կարողանում կենտրոնանալ եւ անցկացնել դասը, ուսանողներն էլ իրենց հերթին խնդրում էին տեսախցիկ չմիացնել, այդպիսի դեպք երբեք չէր եղել, բայց մի քանի օր առաջ նույն իմ ուսանողները ինձ ստիպեցին, որ սթափվեմ եւ իրականացնեմ ցուցահանդեսի միտքը: 2-3 օր առաջ էր տիկին Զարուհուն շատ ուշ զանգեցի եւ միասին որոշեցինք, թե ինչ պետք է անենք,- ասաց արվեստաբան Իվեթ Թաջարյանը, ապա ավելացրեց,- պետք է չհուսահատվել, այլ պետք է ոտքի կանգնել եւ ասելՙ այո, մենք արարող ազգ ենք»:

Ցուցադրման վայրի ընտրությունը պատահական չէր, այստեղ պատերազմի առաջին օրերից ի վեր ընթանում են կամավորական աշխատանքներ:

Պատերազմի օրերին զինվորներին անհրաժեշտ հանդերձանք ու իրեր են պատրաստել, իսկ հիմա արցախցիների համար անկողնային պարագաներ, հագուստ եւ այլ իրեր են հավաքում:

«Սա առաջին քայլն է: Այս ամենից հետո մենք պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ սկսենք առաջ շարժվել: Միայն ֆեյսբուքում գրառումներ կատարելով, կամ ցույցերի գնալով չպիտի հպարտանանք», բացման խոսքում ասաց Իվեթ Թաջարյանը, ապա ավելացրեց. «Իմ կարծիքով, մեզանից յուրաքանչյուրը պետք է քնելուց առաջ մտածիՙ ի՞նչ արեցի այսօր, ի՞նչ արեցի երեկ եւ ի՞նչ կարող եմ անել վաղը: Այս հարցերի պատասխանը ունենալուց հետո, երեւի, կարող ենք քննադատել ինչ-որ մեկին իր կատարած արարքի համար»:

Նկարներում պատկերված էին այն իրերն ու մասունքները, որոնք նկարչուհին ժառանգել ու իր հետ բերել է իր ծննդավայր Իրանից: «Սրանք այն իրերն են, որոնք ֆիզիկապես չեն շնչում, բայց ինձ համար դրանք հիշողության ամենամեծ կրողներն են, որոնք ինձ ուժ են տալիս ապրելու: Փորձել եմ ամեն մեկին յուրահատուկ կարգավիճակ տալ, առանձին պատմություն ներկայացնել», իր խոսքում ասաց տիկին Թաջարյանը եւ ավելացրեց, որ յուրաքանչյուրն իր մեջ ունի հիշողություն, պատմություն, որոնք արթնացան կարանտինի ընթացքում:

Ցուցահանդեսի ժամանակ վաճառված նկարների ամբողջ հասույթը փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության (1000+)» հիմնադրամին:

Մենք պետք է ապրենք ու ստեղծագործենք, որովհետեւ նրանք, ովքեր զոհվեցին, զոհվեցին մեզ համար, մեր այսօրվա համար եւ ամեն ինչ պետք է անենք նրանց հիշատակը վառ պահելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ