RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020



Տեղադրվել է` 2020-12-03 23:55:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1562, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ...

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Պատերազմն ավարտվել է: Արդեն 17-րդ օրն է, ինչ Արցախի սահմաններում լռել են հրետանին, գնդացիրները, տանկերը. այլեւս չենք լսում պատերազմի ձայնը, սակայն Արցախի սահմանները այժմ արնահոսում են, կռվի դաշտում դեռ շարունակում են մնալ մեր տղաների դիակները,անհետ կորածների ծնողները խելագարվածՙ պետությունից պահանջում են իրենց երեխաներին, ողջ թե զոհված, Հայաստանի հողը շարունակ ծանրանում է անմահ հերոսների մարմիններով, արցախցիները ինչ հնարավոր է վերցնում են շուտով Ադրբեջանին հանձնվող տարածքներից ու քոչում, ինչ չեն կարողանում հետները տանելՙ վառում են:

Հայաստանյան ընդդիմադիր ուժերը պատերազմում պարտությունը անվանում են «կապիտուլյացիայի ակտ» եւ շարունակում մեղավորների փնտրտուքը քաղաքական դաշտում:Հայաստանի ֆեյսբուքյան հանրապետությունն ապրում է իր օրակարգովՙանեծքներով, կոչերով, ապատեղեկատվություն տարածելով, հակազդու «լայվերով» եւ ճնշող մեկնաբանություններով:

Երեւանի փողոցներում ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականըՙ անվանելով վերջինիս «դավաճան»:Վարչապետը պարբերաբար ուղիղ հեռարձակումներով հակադարձում էՙ դավաճանի պիտակ կպցնելով իրեն դավաճան կոչող քաղաքական ուժերին եւ կոչ անումՙ «համախմբվելու ,չհանձնվելու եւ պայքարելու»:

Պատերազմից հետո կոտրվեցինք, մասնատվեցինք եւ մոռացանք այնՙ ինչը մեզ օգնում էր ապրել պատերազմի ժամանակՙ համախմբվածությունը ու «մեկ ազգ եւ մեկ բանակ» կարգախոսը:

Մեր բանակը, մեր հերոս տղերքը հայոց պատմության էջերը հարստացրեցին սխրանքներով, եւ համաշխարհային պատմության ֆոնին թողեցին անհավատալի օրինակներ ու դեմքեր. 18 տարեկան հայ զինվոր, որը հաշված րոպեներում խոցել է 9 տանկ. զինվորՙ որը ձեռքի ավտոմատով խոցել է ԱԹՍ, զինվոր, որ հնարամիտ կերպով ներթափանցել է թշնամու թիկունք եւ ետ վերադարձել բանակին անհրաժեշտ տեղեկություններով... Այսպիսի գովելի արարքներն անհամար են հայոց բանակում:

Արցախի դեմ 44 օր տեւած պատերազմում հերոսական պայքար մղած զինվորները չեն պարտվել, նրանց ոգին այսօր էլ մարտական է:

Արցախի կռվում զինվոր ընկերոջը կորցրած աղջիկը,որը չցանկացավ հանրայնացնել իր անունը, ում եղբայրը պատերազմում սահմանին կանգնած է եղել եւ շարունակում է կանգուն մնալ նույնիսկ այս «պարտությունից» հետո, արցունքները զսպելով ասաց.

«Դուք տեսե՞լ եք շաբաթներով իր զինվոր որդուց լուր չունեցող մոր: Կարողացե՞լ եք հուսադրող բառեր գտնել: Դուք տեսե՞լ եք նրա ձեռքերի դողն ամեն անգամ հեռախոսի զանգին պատասխանելիս, լսե՞լ եք նրա լացը խեղդած ձայնը: Դուք տեսե՞լ եք որդու միակ զանգը ու «լավ եմ-ը» լսելու իրավունքը մորը զիջած զինվորի հոր, լսե՞լ եք նրա դողացող ձայնով «հը՞, ինչ ասեց տղաս, լա՞վ էր»,- հարցը:

Տեսե՞լ եք այդ հաղթանդամ տղամարդկանց, ովքեր կուչ են եկել ու մի բուռ դարձել: Նայե՞լ եք որդու մահվան լուրը լսած ծնողների աչքերին, նայե՞լ եք այն հոր աչքերին, որ պիտի գնա որդու մարմինը ճանաչելու: Տեսե՞լ եք փողոցում ընկերոջ անունը սեւ ժապավենի վրա ամրացնող տղաների աչքերում խեղդված վրեժը: Կարողացե՞լ եք լսել իր սիրած տղային կորցրած աղջկան, կարողացե՞լ եք սփոփանքի խոսքեր գտնել նրա փշրված երազանքներին ի պատասխան:

Ցուցակում անուն փնտրե՞լ եք, ու ամեն հաջորդ անգամը կարդալիս ավելի մեծ սարսափ սրտում պահել: Խոսե՞լ եք Արցախում տունը կորցրած, երեխաների հետ անծանոթ մարդկանց բարեհաճության հույսին մնացած կնոջ հետ: Կարողացե՞լ եք նրա հարցերին պատասխան գտնել:Դուք կարողանո՞ւմ եք ցավակցել զինվորի մորը, կարողանո՞ւմ եք հանգիստ ապրել այս օրերինՙ մեղավորներ փնտրելով:

Ես տեսել եմ, զգացել եմ, լսել եմ, մեղադրել եմ ու չեմ կարողացել բառեր գտնել, չեմ կարողացել զինվոր կորցրած մոր աչքերին նայել... ու վստահ եմՙ նաեւ ձեզանից շատերը: Եվ այսքանից հետո մենք դեռ արժեքների խնդիր ունենք, մենք դեռ էժան քայլերի ու խոսակցությունների ժամանակ ունենք, մենք դեռ իրար չսիրելու ու նեղացնելու համարձակություն ունենք:

Մեր զինվորները չեն պարտվել, պարտվողը դո՛ւք եք եղել, մեղադրողնե՛ր ու քննադատողնե՛ր, Հայաստանում շուրջ հարյուր հազար արցախցի տեղահանվածներ կան, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներՙ բնակարան, սնունդ, հագուստ. պատերազմի դաշտից կիսամարդՙ անդամալույծ հետ եկած տղերք կան, ու «հայրենիքը պահած», բայց մարտական ընկերներ կորցրած ծանր հոգեբանական վիճակում հետ եկող զինվոր տղերք կան. հիմա նրանց մասին մտածելու եւ օգնելու ժամանակն է: Հիմա լուծումների ժամանակն է...

Պատերազմի ժամանակ զգացմունքները սրվում են, դժվար է չտրվել էմոցիաներին: Արցախյան 2-րդ պատերազմը էմոցիաների խառնուրդ էրՙ վախ, հպարտություն, ցավ, զայրույթ, հույս, անկարողություն:

Ամեն ինչ մի տեղում, ամեն բացվող օր ուզում ես փախչել այն իրականությունից, որտեղ պատերազմ է: Սակայն այսօրՙ պատերազմից հետո, պետք է պայքարել ե՛ւ երկրի ներսում պատերազմ մղողների դեմ, ե՛ւ երկրից դուրսՙ թշնամիների դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ