RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-12-03 23:55:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1615, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԻԿՈԼԸ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ, ՆԻԿՈԼԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՆԱԼ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մեր թերթի նոյեմբերի 20-ի համարում արտատպել էինք մի հատված Նիկոլ Փաշինյան գրողի «Երկրի հակառակ կողմը» գրքիցՙ «Հեղափոխականի մահը» վերնագրով: Այդ վերնագիրը մերը չէր, այլՙ հեղինակինը, որ հիացմունքով է խոսում մեծ հեղափոխական Չե Գեւարայի իմաստուն զգոնության մասին, որ հաջողությամբ տապալելուց հետո Կուբայում ամերիկացիների դրածո Բատիստայի իշխանությունը, Խոզերի ծովածոցում ամերիկյան զորքին մի լավ դաս տալուց հետո մերժեց ղեկավարել «Ազատության կղզին» ու մեկնեց Բոլիվիա: Քանզի, ինչպես Չեն էր տրամաբանում եւ ինչպես Փաշինյանն է արձանագրում, «իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ եւ չպետք է ունենա իշխանություն»:

Նրանցՙ ովքեր չգիտեն կամ չեն հիշում ավելի մոտիկ ժամանակներից մեկ այլ հեղափոխականիՙ Լեխ Վալենսայի փորձառությունը, կարելի է հիշեցնել Գդանսկի նավահանգստի այդ էլեկտրիկի ղեկավարած երկարատեւ ու դժվարին հեղափոխությունը ընդդեմ Լեհաստանում սոցիալիստական կարգերի ու սովետական տիրապետության, որը ի վերջո պսակվեց հաջողությամբ եւ սկիզբ դարձավ Խորհրդային Միության կազմաքանդման: Ու թեեւ սկզբնական շրջանում Վալենսիան դեմ էր երկրի նախագահությունը ստանձնելու մտքին եւ գտնում էր, որ երկիրը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները, սակայն ինչ-ինչ պատճառներով, «Չեմ ուզում, բայց ստիպված եմ» կարգախոսի տակ մասնակցեց ընտրություններին եւ ստանձնեց նախագահի պաշտոնը, որը կործանարար եղավ երկրի համար եւ պատճառՙ 1995 թ. ընտրություններում Վալենսայի անփառունակ ձախողության:

Կարելի է համաշխարհային պատմությունից բերել նաեւ այլ օրինակներ, ուր տարբեր տրամաչափի գործիչներ հաջողել են տապալել գործող իշխանություններ, սակայն ձախողել են իրենց երկրի ղեկավարման գործում, քանզի կարգ տապալելը եւ նոր կարգ հաստատելը բոլորովին տարբեր բաներ են, տարբեր հմտություն ու տարբեր պատրաստվածություն, կրթություն ու փորձառություն պահանջող, ինչպես տարբեր են քանդիչ ու կերտիչ հասկացությունները: Եվ այս պարագայում խնդիրը ոչ թե այդ անձերի, այլ ժողովրդի՛, հասարակությա՛ն ընկալման, վերաբերմունքի, քաղաքացիական գիտակցության մեջ է: Եվ այս տեսակետից ինչեր չարժի ժողովրդավարության, հասարակական գիտակցության մեկ այլ դրսեւորում, որը ցույց տվեց անգլիացի ժողովուրդը 2-րդ աշխարհամարտից հետո, ֆաշիզմի դեմ հաղթանակի գլխավոր ճարտարապետներից մեկինՙ վարչապետ Ուինստոն Չերչիլին չվերընտրելով երկրի վարչապետ, քանզի խաղաղության հաստատումից հետո երկիրը կարիք ուներ բոլորովին տարբեր հմտություններ ունեցող մարդու, վերաշինության ու վերակառուցման մասնագետի:

Պատմական այս շրջագայությունից հետո,- ոմանց համար թերեւս ավելորդ,- վերադառնանք մեր իրականություն: 30 ամիս առաջ առանց հեղափոխության «հեղափոխություն» անելուց եւ նախագահ Սերժ Սարգսյանի անպատասխանատու հոժարակամությամբ իշխանությունն ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը բռնությամբ, պոպուլիզմով, կաշառքով ու ստախոսությամբ միանձնյա ղեկավարեց երկիրը, ինչը բնականաբար տապալելու էր պետական համակարգը, տկարացնելու էր երկրի դիմադրողականությունըՙ չնախատեսված համավարակի ու պատերազմի դեմ, իսկ այժմ արդեն, անձնատվական փաստաթղթի ստորագրումից հետո, պետության ինքնիշխանությունը: Իր ղեկավարությամբ այլեւս չի կարող վիրավոր, հուսալքված, ծաղրուծանակի թիրախ դարձած, թուրքո-ադրբեջանական հրետանու ողորմածության ենթակա, կոտորակվող մեր հայրենիքը պահպանել իր ինքնիշխանությունը, անկախությունը, սահմանները, դուրս գալ քաղաքական, տնտեսական ու հոգեբանական ճգնաժամից:

Ռուսաստանի նախագահի պաշտպանությունը, որը զարմացրեց ոչ միայն ընդդիմադիր, այլեւ «իմքայլականներին», առ ոչինչ պետք է համարել: Վլադիմիր Պուտինի աջակցությունը Նիկոլին, որն արտահայտվեց նախորդ օրը ՀԱՊԿ-ի հեռավար գագաթաժողովում, հովանավորի թեւարկումն էր հովանավորյալի, որն այսուհետեւ չի կարող որեւէ բան պահանջել, առաջարկել կամ առարկել: Նա անձնապես պաշտպանված է, քանզի միանձնյա ստորագրողն է անվավեր թղթի, արժանիՙ նախագահ Պուտինի հոգատար վերաբերմունքին: Թելադրողի դիրքերից արտասանված «աջակցության» այդ խոսքը փաստորեն ծաղր էր Նիկոլին ու նրա թիմին, որն այսուհետեւ իր սորոսականներով եւ օտարերկրյա գործակալներով հանդերձ վայելելու է Վլադիմիր Վլադիմիրովիչի պաշտպանությունը... որպեսզի փութաջանորեն կատարի նրա թելադրանքներն ու հրահանգները, ընդհուպՙ ցեղասպան թուրքի առաջ Մեղրին բացելու հրահանգը, ինչպես նախատեսվում է...

Մեզ նոր մարդիկ են պետք, պրոֆեսիոնալ գործիչներ, արժանապատիվ, գործունյա, բարդույթներից զերծ, որոնք ընդունակ են դուրս բերելու երկիրը մղձավանջից:

Նիկոլն արել է իր սեւ գործը, նա պետք է տեղը հեռանա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ