RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020



Տեղադրվել է` 2020-11-19 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1483, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵՍ ՉԴԱՌՆԱԼ ԹՇՎԱՌԱԿԱՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Կռապաշտություն

Նայում ես ու ապշում, նայում ես քաղաքին ու չգիտես ամոթից որտեղ թաքնվես. չորս կողմը փակ, չորս կողմը մութ, պատեպատ ես զարնվում, պատերն էլ ճաք տված:

Քաղաքում երկու մեծ հրապարակ ունենք, երկուսն էլ զավթված են, մեզ տեղ չկա...վտարանդի ենք մեր իսկ հողի վրա: Մեկում երեւի «սեւեր» են, մյուսումՙ երեւի «սպիտակները». նայում ես ՙ համատարած թշվառություն, համատարած ժխոր, աղմուկ: Մի կողմում ասում ենՙ դավաճան, մյուս կողմում գոռումՙ աստված: Այնքան գոռացին թալան, որ ազգովին թալանվեցինք: Ասում ենՙ անցյալն են ետ ուզում բերել. զարմանում եսՙ իբր այդ անցյալը ե՞րբ էր հեռացել: Ձեւը բովանդակությունից չեն էլ տարբերում: Մենք կրկեսո՞ւմ ենք, թե՞ դիմակների թատրոնում:

Ռուսական հաղորդումներից մեկում ռուս հայտնի ռազմական թղթակցի հետ հարցազրույցում, որի ակնհայտ համակրանքը մեր հանդեպ կատաղեցրել էր թշնամուն, միաժամանակ հրճվանքի մեջ գցել մեզ, ակնարկ արվեց, թե պատերազմը չի ավարտվելՙ պարտիզանական ջոկատներ են կազմավորվում: Ենթատեքստ չկար, այս անգամ սկզբից եւեթ ամեն բան ուղղակի է ասվում, ուղիղ ճակատներիս. հենց այսպեսՙ Շուշիի վրա թուրքական դրոշ չպիտի լինի, Շուշիի վրա ռուսական դրոշը պիտի ծածանվի: Չարաբաստիկ թղթի ստորագրման հաջորդ օրն իսկ հայտնվեց մի տեսահոլովակ. Ստեփանակերտի մի խանութում վաճառող կինը ռուս զինվորից առեւտրի համար դրամ չվերցրեց. տեսագրեցին, տարածեցին: Մի ուրիշ լուսանկար սկսեց պտտվել մակագրությամբ, որ արցախցի կանայք տեղի հայտնի ուտելիքը սիրով պատրաստում են խաղաղապահների համար: Թանկ գնով ձեռք բերված խաղաղապահներ, երբ ցավով հարց էինք տալիսՙ եթե այդպես, ինչո՞ւ ավելի շուտ սա չեղավ, քանի կյանքեր կփրկվեին, պատասխան չկար, մինչեւ օրեր առաջ Ռուսաստանի նախագահից չիմացանք Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձով հոկտեմբերի 19-20-ին պատերազմական գործողությունների դադարեցման առաջարկի ու մեր կողմից չընդունման մասին:

Արդեն շատ ծեծված արտահայտությունըՙ Շուշիի անշուք քաղաք լինելու մասին եւ այն իրականությունը, որ Հայաստանը լիքն է ավելի անշուք բնակավայրերով եւ հիշյալ համատեքստում տրամաբանական շարունակությամբ, կեսգիշերի արնահոտ տողերը, աշխարհից անվերջ ուզողի ու աշխարհին լուրջ կեցվածքով դասեր տալու ու էլի շատ խոսքեր, կդաջվեն պատմության էջերինՙ որպես անխոհեմության ու անհեռատեսության օրինակներ: Եթե Շուշին այդքան դժգույն է, ինչո՞ւ է ուրիշների համար այդքան կարեւոր ու ցանկալի. ռուսական հաղորդումների մեջ որերորդ անգամ ասվում էՙ ով տիրապետում է Շուշիին, տիրապետում է Ղարաբաղին եւ ով տիրապետում է Ղարաբաղին, տիրապետում է Անդրկովկասին:

Երեւանը երկու մասի է բաժանված, վերեւում ճչում են, ներքեւում բղավում, ճիշտ նույն պատկերը, ինչ 2018-ին, նույն սցենարը, մի տարբերությամբ. նախորդը ավելի թատերային ու գունավոր էր, ընթացքը բեմադրված էր բավական տպավորիչ, ավելի արդիականՙ գունավոր ժապավեններով, վարժ շարժումներով Բաղրամյան պողոտայի կենտրոնում վրան փռող, մեքենաների արագությունից աչքը չճպացնող դերակատար աղջիկ-տղաներով, փողոցի երթեւեկի վարժեցրած աճպարարություններով, Մաշտոցի պողոտայով հպարտ անցնող երաժիշտների կուռ շարքերովՙ մինչեւ վերջին արարըՙ խորոված-զուռնայի ռաբիս քեֆով, մի քեֆ, որ դեռ նախորդ շրջանից կեցության հիմնական ձեւն էր հայաստանահայության, ցածրակարգ երգ ու պարի մատուցմամբ, այս նոր փուլումՙ սելֆիամոլության ու ուտել-խմելու փառատոնի վերածված, մինչեւ վրա կհասներ պատերազմը, որ ուշքի բերեր մեզ, որ հետո զգետներ (բառերն էլ են նախապես պատրաստում): Ճպուռի ու մրջյունի առակը հիշեցի:

Երբեմն մտածում եմՙ ինչի՞ց է, որ ֆիլմի լավ սցենար, կամ պիես չեն գրվում էլ, ու մտաբերում եմ, որ արվեստը աքսորված է. տեղափոխել են նկուղ, տեղավորել հնոտիների պահարանում, որ ժամանակը երբ գա, նետեն աղբանոց: Թատրոնը հիմա դրսում է, փողոցներում, հանրային վայրերում, իսկ սցենարը գրում են քաղաքական գործիչները, բեմադրիչի համար ամենահեշտը մասսայական տեսարաններն են. որքան ասես կհավաքեն, կլցնեն հրապարակ. «լվացքատները» փայլուն աշխատել ու աշխատում են: Եվ իրոք, արվեստն էլ ո՞ւմ է պետք, եթե այն մարդու հոգին ու միտքը սնելու համար է, իսկ հիմա ոչ միտք, ոչ էլ հոգի կա, բնազդներ ու աղմուկ: Հիմա լավ արվեստը լավ սուտ ասելն է: Սուտը դյուրամարս է, արագ կուլ են տալիս. ճշմարտությունն է, որ աչքի փուշ է, ոսկորի պես ցցվում է կոկորդին:

Մի լավ երիտասարդ մի լավ միտք հղացավՙ Ամոթի պատ ունենալու գաղափար, երբ քարի ամուր պատերին մեկ առ մեկ կգրվեն ամոթալի գործեր արածների անունները, ու մարդիկ կգան այստեղՙ իրենց վերաբերմունքն արտահայտելու:

Հիմա սուտն է բազմած պատվանդանին, խնկարկում են, լվանում ոտքերը քրիստոնյայի զգեստ հագած կռապաշտները: Քառասուներեք օր կերակրեցին մեզ ստի թերմացքով, որ բավարարված ու կուշտՙ օրը մի 5-6 ԱԹՍ զգետնած քուն մտնենք, մինչեւ դժոխքի ձորի պռնկին հասնեինք:

Մեր պարտությունը հողային չէր միայն, մենք պարտվեցինք նախեւառաջ բարոյապես. սա է, որ ավելի գլխահակ է դարձնում մեզ, ու ամոթը ավելի է խեղդում, երբ հեռուստալիքներից մի քանիսով տեսնում ես հրապարակի մոմավառությունը, զոհվածների անուններ են բարձրաձայն հնչում, նույն պահինՙ մի քանիսով երգ ու պար է: Մեր քաղաքի հրապարակներում ճչում են, աստված ու սատանա փնտրում, երբ Եռաբլուրի հողը դեռ չի հասցրել սրբել արցունքը, երբ շիրմաթմբերըՙ կողք-կողքի, տաք են դեռ, երբ դիրքերից նոր վերադարձած զինվորի այլայլված դեմքին նայում ես ու խոնարհվում այս էլ հազար ու հազար անգամներ, երբ նա ասում է. «Լավ էրՙ էս տղերքի պես էստեղ պառկած լինեի, քան լացացնելով իմ պահած դիրքից ինձ իջեցնեին.... »:

...Պահի մեջ Եռաբլուրի կավագույն շիրմաթմբերի անհաշվելի թվացող շարքերը զուգահեռվում են գորշ պոլիգոնի վերածված Նախիջեւանի հիմնահատակ ավերված հազարավոր ասեղնագործ խաչքարերի հետ. այնտեղ մեր մշակույթը սպանեցին, այստեղՙ մեր երիտասարդությանը, կյանքեր փշրեցին, զոհաբերվեցին հազարներ, հաշմվեցին, խելագարվեցին:

Մենք եզրագծին ենք, երեսնամյա անկախության այս նոր «ձեռքբերումը»ՙ այս պարտությունը, բարոյականության այս ցածր աստիճանին հասնելը, համացանցային այս խայտառակությունը, ստի այս պաշտամունքը, կեղծ - ֆեյքաշխարհի խոսքի գռեհիկ գրոհը իրենց հայրենակցի վրա, դիմակավորված անդեմներիՙ թշվառների բազմության այս կեղտաջուրը, մեր համընդհանուր ամոթն է: Ոչինչ անհետեւանք չի մնում, այս էներգիան նորից վերադառնալու է մեզ, եթե չսթափվենք: Ե՛տ քաշվեք ստից, ե՛տ վերցրեք նողկալի ձեր լուտանքները մեր սրաբազան Լեզվից, մեր ինքնության Տաճարից:

Ափսո՜ս դեռ մտածող, ազնիվ այն մի բուռ հատվածին, որ ստվերվել է ագրեսիվ ամբոխից, չնայած որ նրանց ուսերին է եղել եւՙ է մեր գոյատեւումի առեղծվածը...

Միեւնույն էՙ Զտում լինելո՛ւ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ