RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020



Տեղադրվել է` 2020-11-19 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1386, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԻՆ ՀԱՅԻ ԴԵՄ ՀԱՅՆ Է ՀԱՆԵԼ

ՆԱԻՐ ՅԱՆ

Երբ պատերազմ էր, ազգը համախմբված էր. սոցցանցերում հաղթանակի, պատերազմական իրավիճակի մասին տարաբնույթ լուրեր էին տարածվումՙ ազգը բաժանելով մանր խմբերի, բայց հիմնականում բոլորս միասնական էինք: Միասնական ցասումով էլ ընդունեցինք Արցախի կապիտուլյացիայի մասին թրքահաճո ու ռուսահաճո փաստաթղթի ստորագրման իրողությունը: Միասնական ցասումը րոպեներ անց հմտորեն պառակտվեց, այլապես պատրաստվում էր ահագնանալ ու իր ճանապարհին ամեն ինչ կործանելՙ մինչեւ հասներ վերջանկետինՙ վարչապետական բունկեր: Ցասումը կանխվեցՙ դեռ չձեւավորված: Ոստիկանական ուժերը սուսուփուս հետ քաշվեցին, որպեսզի ամբոխն անարգել խորտակի ու ջարդի Կառավարության, Ազգային ժողովի, վարչապետի առանձնատան դռներն ու պատուհանները: Այնտեղ գտնվող բազմաթիվ վկաներ արդեն պատմել են, որ ոստիկանները դիտավորյալ չեն խոչընդոտել խուլիգանական արարքները, թույլ են տվել, որ ամբոխը հագուրդ տա իր ցասումին ու վայրագություններին: Հարց է առաջանումՙ ինչո՞ւ: Օձն իր պորտով, հավքն իր թեւով չի կարող մտնել ՀՀ կառավության ու խորհրդարանի շենքեր, էլ ուր մնացՙ Փաշինյանի առանձնատուն: Ո՞ւր կորան ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները, մի՞թե վախեցան գազազած ամբոխից: Իհարկե, ոչ: Հաջորդ օրերին այդ նույն ոստիկաններին հաջողվում էր Ազատության հրապարակում բողոքի ցույցի եկած քաղաքացիներին մեկիկ-մեկիկ բերման ենթարկել, իսկ համաձայնագրի ստորագրման չարաբաստիկ գիշերն իրավապահներն անցել էին ժողովրդի կո՞ղմը: Անշուշտ, ո՛չ, պարզապես այդ պահին այդպես էր պետք Փաշինյանինՙ չմիջամտել ու չկանխել, որ հետո խոսելու, արդարանալու տեղ ունենա: Պարզապես հանրության ուշադրությունը պատմական խայտառակության թեմայից շեղելու եւ տասներորդական կարեւորության դեպքի վրա կենտրոնացնելու համար շատ լավ մշակված սցենար իրականացվեց:

Իհարկե, գիշերային ամբոխի արարքն արդարացնել չի կարելի, թեեւ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ տաքգլուխ ջահելներին, որոնց մեջ քիչ չէին սադրողներն ու հրահրողները: Համաձայնագրի ստորագրման լուրը լսած այդ ո՞ր հայը կարող էր տիրապետել իրեն, վերահսկել իր արարքները: Մի խոսքովՙ հրաշալի կերպով մշակված սցենար, որը ջուր լցրեց Փաշինյանի ու նրա անձնուրաց պաշտպանների ջրաղացին: Արդյունքում խուլիգանական արարքներ կատարած ամբոխի նկատմամբ ձեւավորվեց հանրային բացասական կարծիք. քննադատողների մի ամբողջ բանակ պատերազմի պարտության ու համաձայնագրի ստորագրման մեղքը բարդեց դուռ-պատուհան ջարդածների վրա: Եվ սա ազգին պառակտելու, քաղաքացիական անհանդուրժողականության ու բախումների սկիզբն է միայն: Հային հայի դեմ հանելու ծրագիրն ընթացքի մեջ էՙ բաժանիր, որ տիրես անվրեպ քաղաքականությունը գլուխ բերելու գերնպատակով:

Ազատության հրապարակը դարձել է քաղաքացիական ընդվզման, իսկ մեծ հաշվովՙ քաղաքական մրցավազքի ու աթոռակռվի էպիկենտրոն: 17 կուսակցությունները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բացատրություն են պահանջումՙ ինչ իրավունքով է միանձնյա որոշում կայացրելՙ թուրքին հանձնելով Արցախի մեծ մասը ու վերահաս վտանգի ենթարկելով Հայաստանի պետականությունն ու ժողովրդին: Այս հարցը ամբողջ հայությանն է հուզում: Փաշինյանի հրաժարականը միայն 17 կուսակցությունները չեն պահանջում. միլիոնավոր հայերՙ Հայաստանում ու Սփյուռքում, ամեն օր միկրոկաթված են ստանում այն մտքից, թե ինչ կատարվեց մեկ վայրկյանում ու ինչ է սպասվում Հայաստանին ու հային մոտ ապագայում: Ազատության հրապարակը հիմա կծփար ժողովրդի հոծ բազմությունից, կալիքվեր բողոքի վանկարկումներից, եթե ամբիոնին կանգնած չլինեին 17 կուսակցությունները: Հայրենիք, արժանապատվություն, զավակներ, մշակութային արժեքներ, ներկա ու ապագա կորցրած ժողովրդին ոչ մի կուսակցություն, դիմադիր ու ընդդիմադիր ոչ մի կերպար չի հետաքրքրում. ժողովուրդն իր ցավի հետ մեն-մենակ ու դեմ-հանդիման է, որովհետեւ որեւէ մեկին այլեւս չի վստահում ու մոտ ապագայում չի էլ վստահելու: Հայ ժողովրդին բոլորն են ծախելՙ լեգիտիմն էլ, ոչ լեգիտիմն էլ: Ու եթե հանրության հոծ բազմությունն այսօր չի կանգնում Ազատության հրապարակում, ապա միայն այն պատճառով, որ չի ուզում նույնանալ 17-ից որեւէ մեկի հետ: Ժողովուրդը լավ գիտիՙ հենց կանգնեց այնտեղ, քաղաքական շահեր հետապնդող ուժերը շահարկելու են նրա ազնիվ ու արդար մղումներն ու փորձելու են ծառայեցնել իրե՛նց նպատակներին:

Մոլորված, գլխիկոր, ընկճված, հուսալքված, թիկունքդ անտեր, որբ գլխով ժողովուրդ. իշխանություններդՙ ապիկար ու դավաճան, ընդդիմությունդՙ շահամոլ ու իշխանատենչ: Դե կաշխատես, կտքնես, առավոտյան զավակներիդ գերեզմանների վրա լաց կլինես, հետո արցունքներդ կսրբես ու հայդե՜... ի գործ: Վարչապետն է ասել: 15 ծրագիր է առաջ քաշել, ո՞վ պիտի դրանք իրականացնի, «Իմ քա՞յլը», թե՞ քայլելու ունակությունից զուրկ կառավարությունը: Ոչ ոք, միայն դո՛ւ: Հարկեր կտաս, տուրքեր կտաս, մեջքդ կմաշեցնեն, գլուխդ զնդան կսարքեն. մուրճն իրենց ձեռքին է, ու կամաց-կամաց իշխանությանն ու ընդդիմությանը կդնես իրենց նախըտնրած ու իրենց քիմքին հարմար վիճակի մեջ: Տղերքը վերջերս անհարմարավետություն են զգում կարծես, պետք է շտկել, չեն դիմանա: Պատերազմից մնացած պատռվածքներն էլ թել-ասեղը կառնես ու կկարես, խեղճ ու անտեր ժողովուրդ: Քեզ կպառակտեն, անջատ-անջատ կանեն, խմբերի ու մասերի կվերածեն, կբզկտեն, որ թշնամանքը հեշտ ու անվրեպ տարածվի. գործընթացը մեծ թափով սկսվել է ու կարծես թե հաջողում է: Կեցցե՜ն տղերքը:

Ահասարսուռ, ողբերգական այս ժամանակներում բացասական էներգիա է կուտակվել, ագրեսիա է ամբարվել, որ պետք է մի տեղից դուրս գա: Հոգեբանական տեսանկյունից սա նորմալ երեւույթ է. կյանքը, երկիրը մի վայրկյանում գլխի վրա շուռ են եկել, եւ այս իրավիճակից օգտվողներն, իհարկե, ատամները սրած սպասում են: Իսկ ամենամեծ գործառույթը սոցցանցերինն է. վիրտուալ տիրույթում են լուծվում մեր երկրի կարեւորագույն խնդիրները, «Ֆեյսբուքից» ենք իմանում, որ Արցախը կապիտուլացվել է, թուրքը նստել է Հայաստանի ոտքերին, ուզում է ոտքերը ջարդել, որ կայծակնային արագությամբ հասնի թիկունքին ու գլխին, իսկ մեր իշխանություններն ու ընդդիմությունն աթոռ-աթոռ են խաղում:

Բայց հանուն ազնվության պետք է խոստովանելՙ ընդդիմությունն ինչքա՜ն հացուպանիր պիտի ուտի, որ իշխանության պառակտիչ մարտավարությանը կարողանա տիրապետել, սատանային է հայտնի, թե ինչ գործիքների են տիրապետումՙ է՛լ ֆեյքերի ֆաբրիկա, է՛լ լոկալ աշխատանքՙ մանր խմբերի ուղեղները լվալու համար, է՛լ վախի տարածում, թեՙ հը՜, ուզում եք նախկինները հե՞տ գան: Ինչպես Թումանյանի հայտնի պոեմում է գրվածՙ առաջըՙ ջուր, հետեւըՙ սուր:

Եվ ստացվում է, կարեւորն այն է, որ հաջողությամբ ստացվում է: Հազարավոր ֆեյքերը հոգեբանական հարձակումների ու ճնշումների գնով կարողանում են մանիպուլացնել հանրությանը, մասնատել, ջլատել, միմյանց դեմ թշնամացնել: Հանրության սրտացավ հատվածի մտավախությունը խոր արմատներ ունիՙ չլինի՞ թե քաղաքացիական լուրջ բախումներ, քաղաքացիական պատերազմ է ուրվագծվում: Հիմա, այս դժնդակ օրերին ոչինչ բացառված չէ: Ոչ ոք չի մտածում, որ հատկապես հիմա հանրության շրջանում պառակտում ու թշնամանք սերմանելը անդառնալիորեն խարխլելու է պետության հիմերը. թշնամին ատամները սրած դրան է սպասում: Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր. ընդամենը մեկ ամիս առաջ մենք էինք Ադրբեջանին թուլացնելու ելքը գտելՙ պառակտում մտցնել ներքաղաքական հարթակներում, Ալիեւի դեմ հանել թալիշներին, լեզգիներին, մյուսներին, հանրային բողոքի համար հող նախապատրաստել: Հիմա նույն ուղտը մեր դռանն է չոքելՙ մի տարբերությամբ, որ Ադրբեջանը բազմազգ է, մինչդեռ Հայաստանի ազգաբնակչությունը միատարր է: Հայը հային հայի դեմ է հանել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ