RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020



Տեղադրվել է` 2020-11-19 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1388, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՋՔՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՆԻՀԻԼԻԶՄԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ից անցել է տասն օր, մարդիկ դեռ ուշքի չեն եկել եռակողմ հայտարարության, ինչպես ժոողովրդի մեջ արդեն բնորոշվել էՙ սեւ թղթի առաջացրած ցնցումից, հայրենիքը կորցրածի անփարատ ընկճվածությունից, ապագայի հանդեպ նիհիլիզմից: Կրքերը լարված են շիկացման աստիճան, ելքերի որոնումը ոչ առարկայական է, բայց մշտական խոսակցության նյութ, անորոշությունն ու ցավը երբեմն մարտահրավերներին անհամարժեք եւ թշնամու երազած անհավասարակշիռ վիճակին են բերում հայությանը: Սովորաբար հակառակորդին հաղթելու առաջին քայլը նրան հոգեբանորեն կոտրելն է, քանի որ պարտությունը սկսվում է մարդու գլխում, հետո միայն դառնում առարկայական: Իսկ պարտվողի սինդրոմի վիրուսը տարածում են հենց տարբեր պաշտոնյաներ, որոնք համոզիչ տոնով պնդում են, թե Շուշին տվել ենք պարտության արդյունքում, մինչդեռ հայ զինվորներից ու զորահրամանատարներից շատերն այն կարծիքի են, որ իրենք հաղթել են, նրանք հաղթողի տրամադրությանբ եւ հոգեբանությամբ են կռվել, պարտվել է օրվա իշխանությունը, իսկ որ ավելի ստույգ էՙ սեւ թուղթ ստորագրողը: Մարդիկ տասնամյակներով են աշխատում ազգին հաղթողի հոգեբանություն պատվաստելու վրա, որպես հաղթանակի առաջին պայման, մերոնք, սպառազինությունն ավելացնող տարածաշրջանի պետությունների, թուրքական սեղմվող օղակի առկայությամբ սեփական ազգին ներարկում են, որ մենք պարտվել ենք: Սա անուն ունի: Եւ անտանելի է պատերազմից հետո սկսված զորահրամանատարներ-իշխանություն «ռազբորկաները» , ամոթ ուղղակի, բայց տեղի ունեցածի պարագայումՙ օրինաչափ:

Ելքերի որոնում

Ստեղծված իրավիճակից ելքեր որոնում են բոլորըՙ իշխանությունը, երկրի նախագահը, ընդդիմությունը, որը Երեւանի կենտրոնում հանրահավաքներ է անում: Բոլորն ունեն ճանապարհային քարտեզ, ճանապարհային քարտեզն ինչ է, որ չունենան, հո հանձնված Արցախի անորոշ ու շագրենի կաշվի պես փոքրացող քարտեզ չի, բոլորը կետ-կետ ու անառարկելի տեսքով գրում ենՙ ո՛ր քայլն անել որի՞ց հետո, ո՞նց ստեղծված իրավիճակից դուրս գանք ազգովին: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը նախ պնդում է վարչապետի հրաժարականը, որպես սեւ թուղթը ստորագրած եւ հետագա բանակցությունները վարելու համար աննպատակահարմար պաշտոնյայի, ժամանակավոր անցումային կառավարության ձեւավորման եւ հետագայում արտահերթ ընտրությունների տանող քայլեր առաջարկում:

Անսպասելիորեն նման առաջարկ արեց նաեւ երկրի նախագահըՙ մեզ պարտադրված պատերազմում դիվանագիտական եւ ռազմական պարտությանը հաջորդող, որպես ճակատամարտը, բայց ոչ ողջ մարտը պարտվածի քայլՙ առաջարկելով իր ճանապարհային քարտեզը: Քաղաքական ուժերի եւ սփյուռքյան կառույցների հետ խորհրդակցությունների արդյունքում նա առաջարկում է սահմանադրական ճանապարհով լուծում. վարչապետի հրաժարական, քաղաքական ուժերի լայն համաձայնությամբ կոմպետենտ մարմնի ձեւավորումՙ հետագայում արտահերթ ընտրությունների կազմակերպման եւ երկիրը կառավարելու ընթացիկ քայլերով:

Խորհրդարանական ընդդիմությունը կենտրոնացել է եռակողմ հայտարարությունը քննարկելու, վարչապետի հրաժարականի հարցը եւ ռազմական դրության որոշումները վիճարկող ԱԺ արտահերթ նիստերի հրավիրման օրակարգի վրա, որն առայժմ քաղաքական մեծամասնությունն իր ունեցած օրենսդրական գործիքներով տապալում է, ընդ որումՙ արտախորհրդարանական ընդդիմության հետ միատեղ խորհրդարանական ԲՀԿ-ն գեներացնում է փողոցըՙ խնդիրներն այնտեղ տանելով:

Այս ընթացքում եռակողմ հայտարարության նախաձեռնող եւ այն իր զինվորական ներկայությամբ արդեն Արցախում իրականացնող Ռուսաստանի նախագահը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցով մի շարք բացահայտումներով, այդ թվումՙ Շուշիի հանձնումը մինչեւ հոկտեմբերի 20-ը բանակցությունների օրակարգում չլինելու մասին, ավելի խոցելի դարձրեց եռակողմ թուղթը ստորագրող վարչապետ Փաշինյանի թիկունքն այն դեպքում, երբ մեր երկրի վարչապետը լրիվ հակառակն էր ասում Շուշիի վերադարձը մշտապես բանակցային նյութ լինելու մասին:

Տարբեր խոսակցությունների ֆոնին, թե վարչապետ Փաշինյանը հրաժարական է տալիս, նա հանդես եկավ մինչեւ վերջ գնալու իր սովորական կեցվածքով, ու, չարձագանքելով երկրի նախագահի ուղերձին, ներկայացրեց իր ճանապարհային քարտեզը, որի կետերում իր հրաժարականի հարց չի երեւում, պատերազմի անհաջողությունների, երկրում ստեղծված ծանր վիճակի պատասխանատուն եւ միաժամանակ կայունության պահպանման երաշխավոր ինքն իրեն տեսնելով եւ առաջարկելով իրավիճակը հաղթահարելու քայլեր: Փաստորեն ուրիշներիՙ ժամանակավոր անցումային կառավարություն ձեւավորելու վեցամսյա ժամկետին ի պատասխան նա ոչ թե ընդունում է, որ չի կարողացել հայակական կողմի համար նպաստավոր փաստաթուղթ ստանալ, այլեւ իր կառավարմամբ խնդիրները լուծելու եւս վեց ամիս է առաջարկումՙ սկսած բանակցային ձեւաչաձի վերականգնման, Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների, արցախցիների վերադարձի առաջնահերթությունների խնդիրը լուծելուցՙ վերջացրած իշխանության ձեւավորման ազատ կամարտահայտման իրավունքի երաշխավորմամբ:

Քարտեզի ճանապարհայինն է լավ

Մինչ մեր քաղաքական շրջանակները, վարչապետն ու նախագահը լամպ են խոթում միմյանց աչքը, օյ, կներեք, միմյանց երեսին ճանապարհային քարտեզներ են թափահարում, գիշերով եւ գերգաղտնի ստորագրված տխրահռչակ սեւ թղթովՙ եռակողմ պայմանագրով նախատեսված տարածքների հանձնման վերջնաժամկետները մոտենում են:

Պուտինիՙ Շուշին հնարավոր էր չհանձնել բացահայտումից հետո անգամ քար լռություն է իշխող ուժի քաղաքական թեւում եւ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից ժամանակ չգտնվեց գեթ մի պատգամավոր, որ պլոճիկ կունենար ու կհարցներ վարչապետինՙ նա է՞ ճիշտ ասում, որ Շուշին բոլոր դեպքերում եւ առանց կռվի պետք է հանձնվեր, թե՞ Պուտինը, որ պնդեց, թե մինչեւ հոկտեմբերի 19-20-ը Շուշիի հանձնման մասին խոսք անգամ չի եղել, եւ հենց վարչապետ Փաշինյանը չի կողմնորոշվել այդ պահին ամենաօպտիմալ որոշումը կայացնել, ու մեր եղած չեղածը հանձնել է թշնամունՙ ռազմաճակատային դրության ամեն օր վատթարացող պայմանների ծայր սահմանին: Ոչ մեկից ոչինչ չհարցնելով եւ ոչ մեկին ոչինչ չտեղեկացնելով: Ո՞նց կարող է լինել այդպիսի երկիր, որտեղ երկրի նախագահը, ԱԺ նախագահը, արտգործնախարարը, իշխող քաղաքական ուժն ասենՙ մենք մամուլից ենք տեղեկացել հայտարարության մասին:

Ես այն մարդկանցից եմ, որ քննադատել եմ նախորդ բոլոր իշխանությունների սխալները, ու կողմ էի երկրում արմատական փոփոխություններին, սակայն ես համաձայն եմ անգամ սոված ապրել, միայն թե իմ երկիրը չհանձնվեր թշնամուն, տարիներով սարքած-կոկած իմ Արցախը մի քանի օրում չքանդվեր ու պղծվեր, որը տեղի է ունենում հենց հիմա, սեւ թղթի ստորագրումից հետո այս տասն օրվա ընթացքում: Ես համաձայն եմ անգամ ապրել անարդարության ու կոռուպցիայի մեջ, միայն թե Շուշին, Հադրութը, Քարվաճառը, մյուս հայաշունչ բնակավայրերը չհանձնվեին: Հասկանո՞ւմ եքՙ ինչ եմ ասում, ինձ նման ուրիշներից եւս դա կլսեք, որ պատրաստ են զրկանքների դիմանալ, միայն թե եռակողմ սեւ թղթի մաքսիմալիստական դրույթների գոնե մի մասը չեղյալ դառնան: Դրա համար պետք է այնպիսի մարդ բանակցի պուտինների հետ, որը դա կարող է անել եւ կքած չէ եռակողմը ստորագրելու նվաստացման տակ: Հիմա մենք ուղղակի հայտարարության ժամկետներում նշված ժամանակն եք վատնում: Մենք չգիտենքՙ ի՞նչ է տեղի ունենում իրականում այն տարածքներում, ուր ռուսն է կանգնել, ինչպես են թրթռում մեր սահմանների գծերըՙ կախված խաղաղապահի տվյալ պահի տրամադրվածությունից ու ցանկությունից: Ոչ մեկը երեւի պուտիններին կոմպետենտ չի բացատրել հանձնվող բնակավայրերից յուրաքանչյուրի նշանակությունն ու դրանց գլխին հետագա սպասվելիքը, թվել մշակութային նշանակության հուշարձանները, ծաղկեցված գործարաններն ու կառույցների, որոնք մի քանի ժամում քոչվորը պղծելու էր, ոչ ոք չի նկարագրել տները կորցնող արցախցու ցավն ու Սյունիքին ուղղված սպառնալիքը: Ու հիմա էլ ոչ ոք չգիտե, թե ռուսն ու թուրքը միասին ինչպես են գծում մեր սահմանը դե ֆակտո, որը բազմաթիվ երկիմաստություններ ու ականներ ուենցող սեւ թղթով նկարագրված չէ եւ չէր էլ կարող նկարագրված լինել, բայց ըստ Լավրովի ՙ պարտադիր կատարման ենթակա է: Տեսեք, թե ինչ է ասում այս մարդը, որը գիտե մեր հայրենիքի պատմությունը եւ հարկ է որ բանակցելու պահին վարչապետի կողքին լիներՙ կադրային դիվանագետների, ռազմական գործի մասնագետների, երկրի փորձառու նախագահի հետ մեկտեղ, վարչապետն ի վերջո ոչ պատաբան էր, ոչ դիվանագետ, ոչ ռազմագետ: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի զգուշացումն արդեն իսկ սկսել է իրականանալ. «Երբ հետեւում ես առաջնագծի քարտեզին, այն կարծես փոփոխվում է: Որքան ես կարողացա պարզել, նոյեմբերի 10-ին Ամարասի վանքը մեր հսկողության տակ էր, հիմա, ըստ տարածվող որոշ քարտեզներիՙ ոչ: Նոր մի կերպ Արցախից պարզեցի, որ բարեբախտաբար սրբավայրը մեր հենակետում կանգնած հերոս տղաների հսկողության տակ է: Ով է պարզաբանում տալու, թե այս պահին որ գյուղը, որ ծառն ու թուփը ում ձեռքին է: Եթե զգոն ու հետեւողական չլինենք, թուրքերը առաջնագծից կշարժվեն հօգուտ իրենց: Բանակը չպիտի հետքայլ անի ստեղծված առաջնագծիցՙ մինչեւ խաղաղապահների տեղակայումը: Այսօր Արցախում ամեն մի թիզ հողն ու պետականության կրող կառույցներըՙ իշխանության մարմինները, զինուժը պետական խորհրդանիշները պահելն ու ամրապնդելը հրամայական է: Այնպես որ, այս պահին էլ ճակատը Արցախում է, որտեղ երկաթե կարգապահություն է պետք: Այնտեղ ստեղծված ծանր իրավիճակից օգտվելովՙ որոշ տեղերում թափթփուկներն ու թալանչիները գլուխ են բարձրացնում: Ժամ առաջ պետք է կազմակերպվենք եւ չմոռանանք, որ մեր ապագայի գրավական ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ կանգուն են:

Հերթական մղձավանջը եւս կանցնի: Պատմաբանի տրամաբանությունը դա է հուշում»:

Պատմաբանի զգուշացման ցայտուն օրինակ է մեկ օր առաջ պարզվածըՙ Մարտակերտի շրջանի յոթ գյուղ եւս անցնում է թշնամուն, ու միանգամից սկսեցին այդ գյուղերի բնակչությանը տարհանել:

Որպեսզի ռուս-թուրք կամայական որոշումներ չլինեն տեղերումՙ այս պահին հենց մասնագետները առաջարկներ պիտի ձեւավորենՙ այդ փաստաթղթի բոլոր վտանգները մատնանշելով եւ հնարավոր սրբագրումներ նախատեսելով, կամ եթե այս կառավարությունը չի կարող դա արագ անելՙ գնացեք, թող գան նրանք, թեկուզ թիմի ներսից, որ դա կանեն ու նրանց մտքին չի լինի միայն իշխանություն պահելը: Թե չէՙ երբ ռուսը տասնյակ հազարներով եւ տեխնիկայով նստած կլինի Արցախում, իսկ թուրքն էլ մտած կլինի Արցախ մինչեւ բուկըՙ որեւէ բան փոխել չենք կարողանա: Բացի այդՙ գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափ վերադարձնելու կոչերը եւս ցույց են տալիս, որ գործընթացը չի ավարտվել եւ նոր է սկսվելու, էլի Արցախի հարցը լուծելու անվան տակ մեծ խաղացողներն իրենց հարցերն են առաջ մղելու, իսկ դիմակայությունը մեր տարածաշրջանում հղի է նոր պատերազմով, ընդ որումՙ այդ պատերազմը քթի տակ է, թուրքական օղակը սեղմվում է մեր շուրջը, Նախիջեւանում եւ Իգդիրում թուրքական զինուժի կուտակումներ են, իսկ ռուսների համար Արցախում ներկայությունը եւս իրենց տարածաշրջանային շահի սպասարկում էՙ մեր հաշվին: ԱՄՆ-ի պետդեպիՙ եռակողմ հայտարարությունը շրջանցող եւ հրադադարն անհասցե ողջունող մոտեցումները, առհասարակՙ հայտարարության հանդեպ համանախագահ երկրների վերաբերմունքի ճշգրտման գործընթացը դեռ կարող է ինչ-որ բան փոխել ամեն ինչում, այդ երկրները եւս, Ռուսաստանի նման, շահեր ունեն տարածաշրջանում: Իսկ դրան մենք պետք է պատրաստ լինենք: Մանավանդՙ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անգամ չի թաքցնումՙ համանախագահ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վիրավորված են, որ առանց իրենց է որոշում կայացվել:

ԱԺ ճեպարույցներից մի քանի շեշտադրում

Այն հարցը, որ չտրվեց Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում, տրվեց ԱԺ ճեպազրույցներին պատգամավորներինՙ Շուշին հանձնելու հանգամանքների վերաբերյալ Փաշինյան-Պուտին տարընթերցման հետ կապված:

Ըստ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ՙ մինչեւ հոկտեմբերի 20-ը եղած տարբերակըՙ ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի, Շուշին Արցախի վերահսկողությանը թողնելով, վատ տարբերակ էր, քանի որ պատերազմում բեկման ու հաղթանակի սպասում կար, իսկ 80 տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող, ադրբեջանցի քաղաքապետով Շուշին, միեւնույն է, հայկական չէր կարող լինել: Ու Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք, ըստ իմքայլականներ Լենա Նազարյանի էլ, Արման Եղոյանի էլ:

Հայաստանի տարածքից տրանսպորտային միջանցքի հանձնումն էլ ոչ մի սանտիմետր հողի հանձնում չի նախատեսումՙ խոսքը սուվերեն միջանքցքի եւ անցնելու թույլտվության մասին է, դա էլ դեռ պիտի դառնա բանակցությունների հարց հետագայում:

Հայաստանն ինչու չճանաչեց Արցախը պատերազմի սկզզբում, ընթացքում. ըստ Ա.Եղոյանի երկու մոտեցում կարՙ ճանաչել այն, ինչ մնացել էր, եւ սպասել բեկմանՙ հետո ճանաչել, երկուսից ոչ մեկն էլ չընտրվեց, ու հիմա էլ հնարավոր է հարցը բերել խորհրդարան ճանաչման համար:

Ըստ «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանի ՙ հայկական վերահսկողության տակ եղող Շուշի ադրբեջանցի չէր վերադառնա, մենք էլ հիմա պիտի պահանջեինք հայերի վերադարձը Հադրութ (բա Արծվաշեն, Սումգայիթ): Իսկ եռակողմ փաստաթուղթն առհասարակ սահմանադրականության խնդիր ունիՙ միջազգային փաստաթուղթ է ու չի վավերացվել Ազգային ժողովում, անգամՙ Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիր կա այնտեղ, մեր տարածքից տալիս ենք, որ անցնեն:

ԲՀԿ եւ ԼՀԿ խորհրդարանական ուժերը շարունակում են պնդել, որ խնդիրը խորհրդարան բերելու եւ քննարկելու գործիքակազմը չի սպառվելՙ սահմանադրության եւ օրենքների շրջանակում շարունակելու են պնդել փաստաթուղթը ստորագրող վարչապետի հեռացման եւ ռազմական դրությունը չեղյալ հայտարարելու օրակարգՙ պարտության սիմվոլը պետք է հեռանա, ռազմական գործողությունների ընթացքն ուսումնասիրող ԱԺ պարիտետային հանձնաժողով պետք է ստեղծվի:

ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանի խոսքի մի շեշտադրում կարեւոր էր. Հայաստանը, ստորագրելով այդպիսի փաստաթուղթՙ ընդունել է, որ ինքը հակամարտող կողմ է եւ զորք է տեղակայել Արցախում, սա հակասել է մինչեւ այժմ տարված մեր քաղաքականությանը, ու սա է առիթ դառնալու, որ Ադրբեջանը հայցեր ներկայացնի մեր երկրի դեմ: Հիմա պիտի ուղղել վիճակը, որոնցից մեկն էլ այն է, որ ստորագրողը հայտարարի, թե սպառալիքի (պատերազմական սպառնալիքի) տակ է մեր վարչապետը ստորագրել Հայաստանի շահի տեսակետից ամենախայտառակ փաստաթուղթը: Արտգործնախարար, այլ պաշտոնյաներ փոխելով չի, ստորագրո՛ղը պետք է գնա, ու այլ անձ նոր գործընթաց սկսի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ