RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-15 20:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 733, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻՈՅ ՀԵՏ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԵԱՆՑ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ԳԻՆԸՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՒ ՀԱՏՈՒՑՈՒՄ

ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆ

Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի վերջինՙ 9-րդ կետը նախատեսում է տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակում, ներառյալ «Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ» գոյություն ունեցող հատվածում։ Այլ խոսքովՙ պետք է ապաշրջափակվի նաեւ Հայաստանի հարավային հատվածը, որտեղով անցնում է Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից 1992 թ.ից ի վեր հայտարարված շրջափակման օղակի կարեւորագույն տրանսպորտային գիծըՙ Բաքու-Ջուլֆա (Նախիջեւան) երկաթուղին։ Փաստաթուղթը նախատեսում է նաեւ, որ «Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»։ Նույն փաստաթուղթը խոստանում է, որ «կողմերի համաձայնությամբ, հետագայում կառուցվելու է տրանսպորտային ուղիՙ Նախիջեւանն ու Ադրբեջանի հարավային շրջանները իրար կապելու համար»։

Հասկանալի է, որ տրանսպորտային այդ ուղին ոչ միայն բուն Ադրբեջանը կապելու է ոչ միայն Նախիջեւանին, այլեւ վերջինսՙ Թուրքիայինՙ Մասիսի հյուսիսում գտնվող Թուրքիա-Նախիջեւան սահմանային նեղ միջանցքով։

Անակնկալ չէր, որ փաստաթղթի տակ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը դրվելուց անմիջապես հետո ձայներ հնչեցին Անկարայից, որ ապաշրջափակման գործընթացին միանալու է Թուրքիան եւ ապաշրջափակելու է Հայաստանը եւ, ավելին, դիվանագիտական հարաբերություններ է հաստատելու Երեւանի հետ...

Ահա այդ հեռանկարի դիմացՙ մեր ներհուն աշխատակից, սփյուռքահայ հայտնի հրապարակագիր Երվանդ Ազատյանը ստորեւ անում է կարեւորագույն առաջարկՙ մերժե՛լ Էրդողանի «մեծահոգությունը»ՙ նրա դիմաց դնելով նախապայմանՙ Հայաստանը չի բացի իր սահմանը Թուրքիայի առջեւ եւ կմերժի դիվանագիտական հարաբերություն հաստատել Անկարայի հետ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը եւ չի կատարել փոխհատուցում։

Թուրքիա ռազմական յաղթանակ մը արձանագրեց Ռուսաստանի դէմ եւ ընթացքին ոտքի կոխան դարձան Արցախն ու Հայաստանը: Թրքական այս քաղաքականութեան տրամաբանութիւնը կ'ենթադրէ որ թուրքերը իրենց այս յաղթանակը ամրագրեն դիւանագիտական գետնի վրայ:

Անքարայի պաշտօնական քաղաքականութիւնն էր Հայաստանը շրջափակման մէջ պահել մինչեւ որ Արցախի հարցը լուծուի Ատրպէյճանի պայմաններով: Հետեւաբար Թուրքիա ժամանակը հասած պիտի նկատէ վերացնելու Հայաստանի շրջափակումըՙ բարի համբաւ վաստկելու համար միջազգային հասարակութեան մօտ, մինչ միւս կողմէ Հայաստանը խեղդելով իր տնտեսական օղակին մէջ:

Եթէ Թուրքիա որոշէ սահմանները բանալ եւ դիւանագիտական եւ տնտեսական յարաբերութեանց ձեռնարկել, այդ նախաձեռնութիւնը միայն պիտի ըլլայ շահաւէտ միակողմանի կերպով: Հայաստան արդէն դուրս ձգուած է շրջանային տնտեսական բոլոր ծրագիրներէն քարիւղատար խողովակներ, երկաթուղի եւ այլ ճամբաներ:

Թուրքիոյ հետ տնտեսական ու քաղաքական յարաբերութեանց վերահաստատումով հայ զբօսաշրջիկները պիտի սկսին ողողել թրքական ծովափները իսկ թրքական ապրանքներն ալ պիտի սկսին ողողել հայկական շուկան: Ի վերջոյ Հայաստան ի'նչ ունի վաճառելիք Թուրքիոյ որ կարենայ առեւտրական հաւասարակշռութիւն ստեղծել (Trade balance): Հետեւաբար այստեղ փոխշահաւէտութեան խնդիր գոյութիւն չունի:

Պէտք է աչքի առջեւ ունենալ Վրաստանի պարագան, որ փաստօրէն գաղութացուած է Թուրքիոյ եւ Ատրպէյճանի կողմէՙ ներդրումներու պատրուակին ներքեւ: Աճարիան արդէն ձեռքէ ելած ու թրքացուած է:

Հետեւաբար պատկերը յստակ է Թուրքիոյ հետ տնտեսական եւ քաղաքական գործակցութեան:

Հայաստան հնարաւորութիւնը ունի զլանալու Թուրքիոյ այդ դիւանագիտական յաղթանակը որ պիտի ամրացնէր անոր ռազմական յաղթանակը Կովկասի մէջ:

Ի՞նչ է Հայաստանի քաղաքական յաղթաքարտը այս իրավիճակին մէջ - դիւանագիտական եւ առեւտրական յարաբերութեանց ՊԱՅՄԱՆԱՒՈՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ:

Ճիշտ ժամանակն է Հայաստանի համար յայտարարելու թէ Երեւան կը յօժարի վերականգնելու յարաբերութիւնները Թուրքիոյ հետՙ պայմանաւ որ անՙ Ա) ճանչնայ հայոց ցեղասպանութեան անուրանալի փաստը. Բ) Հայաստանի հետ համաձայնութեան գայ հատուցման պայմաններուն եւ սահմանին մասին:

Այս ուղեգիծը յեղաշրջում մը պիտի արձանագրէ մինչեւ այսօր Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականութեան մէջ, նկատի ունենալով որ ցարդ Հայաստան պայմաններ չէր դրած Թուրքիոյ հետ յարաբերութիւնները հաստատելու:

Քաղաքական ուղեգիծի մը նման շրջափոխութիւնըՙ

Ա) Թուրքիան պիտի դնէ ինքնապաշտպանութեան դիրքի վրայ, եւ առիթ պիտի ըլլայ միջազգայնօրէն վերարծարծելու ցեղասպանութեան հարցը:

Թուրքիոյ դիրքը խոցելի է ցեղասպանութեան հարցով եւ այդ պատճառով ալ հսկայ գումարներ կը ծախսէ պաշտպանուելու համար:

Բ) Հայաստանի տնտեսութիւնը պիտի փրկուի Թուրքիոյ կողմէ գաղութացուելու վտանգէն:

Գ) Ատրպէյճան որ այսօր կը գտնուի աւելի բարենպաստ դիրքի վրայ իր իսկ հաշւոյն համար պիտի նախընտրէ ճամբաները բանալ, եւ Հայաստան կրնայ բաւարարուիլ այդքանով:

Չափազանց զգայուն ժամանակներու մէջ կը գտնուինք եւ ատենն է որ արթննանք եւ Թուրքիոյ կողմէ կիրարկուող շրջափակումի մը վերացումը բարիք չնկատենք Հայաստանին, քանի ան պիտի դառնայ աւելի ամրակուռ շղթայ մը մեր հայրենիքի վիզին:

Այսօրուընէ պայմանաւորենք Թուրքիոյ հետ յարաբերութեանց վերահաստատումը:

Ցեղասպանութեան ճանաչում եւ հատուցումՙ յարաբերութեանց վերահաստատման դիմաց:

Տիթրոյթ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ