RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-12 22:42:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1208, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Առաջին պատերազմի ժամանակ ես դպրոց էի գնում: Հիմա դպրոց է գնում իմ աղջիկը: Սա նրանց համար, ովքեր պնդում էին, թե սա մեր վերջին պատերազմն է եւ հիմա վստահ են, որ այն ավարտվեց:

Առաջին պատերազմի (որը մենք հաղթեցինք) տարիները մենք անվանում ենք ցրտի ու մթի տարիներ, ոչ թե հաղթանակի, այլ ցրտի ու մթի: Հիմաՙ այս պատերազմի (որը մենք պարտվեցինք) տարիներին ոչ մրսում ենք մեր երեւանյան տներում, ոչ էլ անլույս նստած ենք: Սա նրանց համար, ովքեր պնդում են, թե մենք այսօր ռեսուրսներ չունեինքՙ թուրք-ադրբեջանցի-ահաբեկիչ եռյակ միության դեմ, այդ թվումՙ թիկունքային ռեսուրս:

Առաջին պատերազմի ժամանակ տղամարդիկ կամավոր կամ ստիպողաբար գնում էին պատերազմ: Նրանք, ովքեր մնացել էին Հայաստանում, նրանք, ովքեր չէին թաքնվում (պատերազմից թաքնվող տղամարդիկ միշտ եւ ամենուր կան): Գնում էին կամ տանում էին, քանի որ Սովետից ու երկրաշարժից հետո մենք երկիր ու բանակ չունեինք: Գնացին կամ տարան ու հանկարծ հենց պատերազմի օրերին, դրան զուգընթաց մենք ունեցանք երկիր եւ ստեղծեցինք բանակ: Հիմա մենք երկիր էլ ունենք, բանակ էլ: Բայց, ինչպես հասկանում եմ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ղեկավարներիՙ աստիճանաբար ջղաձիգ դարձող ուղիղ եթերներից (որոնք, իմիջիայլոց, առաջինՙ հաղթանակած պատերազմում չկային), մենք պարտվեցինք, քանի որ կամավորները չգնացին Շուշի, փախան Հադրութից, անպաշտպան թողեցին Ստեփանակերտը,...:

Նախ, եթե նույնիսկ այդպես է, բայց կամավորները հո պահե՞լ են Մռավը, Քարվաճառը, Մարտունին, Մարտակերտը, Աղդամը, Բերձորը... այսինքն եղել են պահող ու փախչող կամավորնե՞ր, այսինքն հիմա մենք այլ հարց չունենք քննարկելու, բացի այն, որ պատերազմի դաշտում եղել են լավ ու վատ կռվողնե՞ր, այսինքն մենք հիմա ստեղծում ենք նախադրյալներ, որ Երեւանի կենտրոնում դեմ դիմաց հանդիպեն կռված տղերքն ու նայելով իրար աչքերի մեջՙ ասեն, որ ես լավ եմ կռվել, դուՙ վա՞տ: Եւ այսինքն մենք չենք հասկանո՞ւմ սրա վտանգը:

Ու մի բան էլ: Դուք գիտե՞ք ինչ է նշանակում կամավոր բառը: Կոնկրետ պատերազմում սա նշանակում է մարդ, որն ի՛ր կամքով, ի՛ր որոշմամբ ոտքի է կանգնել ու կռիվ գնացել: Այսինքն նա կարող էր ոտքի չկանգնել ու կռիվ չգնար, կամ կարող էր ոտքի կանգնել, բայց կռիվ չգնար, որովհետեւ նա կամավոր է: Ազատ մարդ, իր որոշման բացառիկ տերը: Առաջին պատերազմում, երբ մենք բանակ չունեինք, փառք Աստծո կամավորներ ունեցանք, որոնցից էլ հենց բանակ ունեցանք: Հիմա, երբ բանակ ունենք, ի՞նչ կամավոր: Չէ՞, նրանք պետք է լինեն ու եղել ենՙ Շուշիի մատույցներում էլ, Մռավի լանջերին էլ, Աղդամի դաշտերում էլ, Բերձորիՙ ռազմավարական, նույնիսկ ազգային նշանակության ճանապարհին էլ: Բայց, եթե մենք երկիր ու բանակ ունենք, իսկ մենք երկիր ու բանակ ունե՛նք, կամավորը չէ պատերազմում հաղթողը ու նրան չէ, որ պետք է մեղադրել պարտվելու համար: Ինքը կարող է լինել, կարող է չլինել, այ երկիրն ու բանակը կարող են միայն լինել: Ու հենց երկիրն ու բանակն են հաղթում կամ պարտվում:

Եւ գուցե առաջին պատերազմում, որտեղ էլի Ադրբեջանը մեզնից զենքով ուժեղ էր, հաղթեցինք նաեւ այս պատճառով, որովհետեւ կամավորից բանակ դարձանք: Ու հնարավոր է հիմա պարտվեցինք, քանի որ բանակը դարձրեցինք կամավոր...

Չգիտեմ, գիտեմ, որ առաջին պատերազմում մենք հաղթել ենք, հիմա պարտվեցինք: Ինչո՞ւ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ