RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-12 22:42:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 3280, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՋՔՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՔԵԶ ԳԳՎԱԾ ԱՊՐՈՒՄ Է

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լույսը բացվելու հետ մեր թթվածինը պակասում է, թեպետ դու մեր օդը չես շնչում: Քոնի բաղադրությունն արդեն տարիներ օծված է Արցախով: Քո բարձր, դոփյունով քայլելը չեմ տեսնում, բայց լսում եմ: Տնով մեկ զնգացող քո ծիծաղը չի լսվում, բայց պատերը պահել են դրա հիշողությունը, արձագանքը ցնցում է մեր ներսը: Իմ այսօրը, որ թերթում դառնում է երեկ, ապառնի ժամանակ էլ չունի, նոյեմբերի 7-ից հավերժականի տիրույթում է, որին մերձենալ միայն Եռաբլուրում է արտոնված: Ես տարեդարձի քո օրն առաջին անգամ «պարապ» եմ: Ներսս նվեր ու ընծա չունիՙ երբ կայիր, մենք ամեն օր մոտ էինք հաղթանակի, բայց երբ դու կանգնեցրիր կյանքիդ ժամանակը, վիրավոր ու արնաքամ մինչեւ վերջ կռվելով, հաղթանակը փաթաթվեց քեզ, դարձավ քո վրա փռված Հայոց եռագույն: Դրոշը փաթաթվել էր քեզ, ու եկեղեցում դու լուռ պառկածՙ հեգնում էիր մահը: Իսկ մենքՙ ապրողներս, պարտվածի, փրկվածի, դավաճանության, անձնազոհության, անհնարինության միջակայքում դեռ դեգերում ենք:

Նռով զարդարուն տորթն անցյալ տարի եմ թխել, ու Մատաղիսի զորամասի քո ծառայակիցների շռայլ գովեստն ինձ փոխանցածՙ մինչեւ հիմա ապրեցնում է: Նուռը հիմա մեր սիրտն է, ճաք տվել, կանգնել չի համարձակվում...սպասում է մեր ժողովրդի վճռինՙ ո՛չ այն քարտեզին, որ չեղարկելու հաստատակամությամբ, զենքը գրկած միակ լուծումը տեսար: Երեկ քո տարեդարձն էրՙ 24- ամյակդ, եկել, մոտեցել է քո սենյակի դռանը, կուչ է եկել, շփոթվել, չգիտիՙ ու՞ր գնաՙ Մատաղի՞ս, որի թագազուրկ թագավորության արքան չէ, ասպետն էիր դու, թե՞ Շուշի, որի պաշտպանությանը նվիրեցիր կյանքդ... 5 օր է չես գալիս տարիքդ առնելուՙ անմահացել, Արարատին դեմ հանդիման ննջում ես Եռաբլուրում, իսկ քո տան սենյակում տեղավորվել ես զինվորական համազգեստով լուսանկարի մեջ, ժպտում ես մեզ, չեմ կարծում, թե դա մեղավորներիս, նահանջողներիս ներումն է... Դու հայոց լեռները բարձրացել ես միշտ, քայլելով գիտես մեր չքնաղ երկրի շավիղ ու արահետ, իսկ Արարատը քո եւ լեռների, սար ու քարերի, ժայռ ու անտառի բարեկամության վկան, ամենաշռայլ փոխհատուցումն է շնորհումՙ հզոր պետության կռնակը չունես, ե՛ս քեզ պահապան, Հերո՛ս, ե՛ս քեզ հույսՙ բարձրից հսկող, ե՛ս քեզ սեր շշնջացող:

Տաղանդավորս, գիրքդ փնտրում է քեզ, ճարտասանս, ունկս որոնում է քո հակաճառությունը, Ֆանտաստիկ բառի մենաշնորհյալս, Մատաղիսի թագավորության ինքնակոչ ասպետս, թույլի պաշտպանս, հավատավորս, խենթ սիրահարս, ռոմանտիկ իրապաշտս, անձնուրաց զինվորս մեր հայրենիքի: Շուշիին տվել ես ամենաթանկըՙ կյանքդ, Եռաբլուրինՙ մարմինդ, մեզ թողել ես մեր վիշտն անլաց սգալու, արժանապատիվ մնալու ծանրությունը:

Ուսյա՛լս, միտքդ շաղ ես տվել ընկերներիդ մեջ, որ քո մասին շքեղ ասքի գորգն են հյուսում արդ ֆեյսբուքում եւ բանավորՙ պարտության, հույսի անկման վարակի դեմ քոՙ լավատեսիդ մտքի սպեղանին դնելով: Գեւո՛րգ Արշակյան, ընկերներդ Եռաբլուրում Տարեդարձդ խորհրդանշական լույսով են նշումՙ Շուշիի համար ընկածներին ոգեկոչելու լավագույն ձեւն են գտելՙ մոմավառություն Արարատին դեմ հանդիման: Մեր Լույսը դեռ չի մարել, մեր հույսն էլ այսուհետ ու միշտՙ հայ զինվորին գգված ապրում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ