RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-12 22:42:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1157, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՊԱԳՐՎԵԼ Է «ԱՐԵՎԵԼԱԱՍԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՐԸ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ԱԻ Միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ.

Բոլորովին վերջերս ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժինը լույս է ընծայել «Արեւելաասիական ուսումնասիրություններ» խորագրով ժողովածուի հերթական` չորրորդ հատորը, որում ընդգրկված են Չինաստանի, Ճապոնիայի եւ ասիական որոշ երկրների արտաքին քաղաքականության հիմնախնդիրների ու գործընթացների վերաբերյալ մի շարք վերլուծական հոդվածներ: Իր բովանդակությամբ ու քննարկվող հիմնախնդիրների բազմազանությամբ այս եզակի ժողովածուի տպագրությունը խիստ կարեւորվում է Հայաստանում արեւելաասիական երկրների ուսումնասիրութունն ակադեմիական մակարդակի բարձրացնելու առումով:

Նշենք, որ Միջազգային հարաբերությունների բաժնի հետազոտական ուղղություններից է արեւելաասիական որոշ երկրների ժամանակակից պատմության, ներքին եւ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային (Մերձավոր Արեւելք եւ Հարավային Կովկաս) զարգացումներում այդ երկրների զբաղեցրած դերի ուսումնասիրությունը:

Արեւելագիտության ինստիտուտը 2003 թվից հաջողությամբ ակադեմիական կապեր է հաստատել եւ համագործակցություն է զարգացնում ՉԺՀ-ի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի մի շարք առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ: Բաժնի գիտաշխատողներն ակտիվ համագործակցում են ինստիտուտի գործընկեր հետազոտական կենտրոնների հետ, մասնակցում միջազգային տարբեր սեմինարների, գիտաժողովների, գիտահետազոտական եւ որակավորման ծրագրերի:

«Արեւելաասիական ուսումնասիրություններ» ժողովածուի վերջին հատորում տեղ են գտել բաժնի գիտաշխատողների մի շարք հոդվածներ` նվիրված Չինաստանի Ծովային Մետաքսի ճանապարհի ռազմավարության, Չին-իրանական կապերի, Չինաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ էներգետիկ համագործակցության, Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնադրման գործում Պեկինի դերակատարության, ինչպես նաեւ Ճապոնիայի միջինասիական քաղաքականության, Մետաքսի ճանապարհի ծրագրերի հետ կապված Տոկիոյի դիրքորոշման եւ ասիական որոշ երկրների ու Իրաքյան Քուրդիստանի միջեւ հարաբերությունների հաստատման ուսումնասիրությանը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը ` «Մետաքսի ուղու ընդհանուր ստրատեգիան. Ճապոնիայի մոտեցումները» վերնագրով իր հոդվածում անդրադառնում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1999 թ. Տոկիոյում տեղի ունեցած միջազգային սեմինարին, որին վաստակաշատ գիտնականն անձամբ է մասնակցել: Սեմինարի բանախոսները կարեւորել են Մետաքսի ճանապարհի ռազմավարական նշանակությունը, որի կառուցման գործում վտանգավոր են համարել ընթացիկ հակամարտությունները: Սեմինարի շրջանակներում ճապոնացի գիտնականներն արտահայտել են Տոկիոյի պատրաստակամությունը Երեւանի հետ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Հեղինակն անդրադառնում է նաեւ Ստամբուլի համալսարանի թուրք պրոֆեսորի օգնական, տնտեսագետ Սամի Ունսալիի հետ ունեցած իր զրույցի մանրամասներին:

Բաժնի առաջատար գիտաշխատող Աղավնի Հարությունյանի հոդվածը նվիրված է Պեկինի Ծովային Մետաքսի ճանապարհի ռազմավարության շրջանակներում Ջիբութիում Չինաստանի առաջին արտերկրյա ամրոցի հաստատման ուսումնասիրությանը: Ջիբութին, որը հայտնի է որպես «աշխարհի ծովային մայրաքաղաք», 2000-ականներից դարձել է աֆրիկյան մայրցամաքի ծովային հաղորդակցություններին սպառնալիք ներկայացնող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի նպատակով ձեւավորված միջազգային ուժերի ու կոալիցիաների (այդ թվում` չինական) գլխավոր հենակետը: Վերջին տարիներին Ջիբութիի` որպես Ասիան, Աֆրիկան եւ Եվրոպան միմյանց կապող առանցքային ծովային հանգույցի հանդեպ Չինաստանի աճող հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է միջազգային ծովային երթուղիների եւ նավահանգիստների նկատմամբ վերահսկողություն հաստատելու հարցում Պեկինի դրսեւորած հավակնություններով: Այն Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» ռազմավարության մաս է կազմում, որի ծովային բաղկացուցչի` «21-րդ դարի Ծովային Մետաքսի ճանապարհի» երկայնքով նախատեսված երթուղիների կայունության եւ անվտանգության ապահովման նպատակով Պեկինը «հյուսում» է լոգիստիկ կենտրոններից եւ հենակետերից կազմված յուրահատուկ «Մարգարտի շարան»: Ջիբութիում կառուցված չինական առաջին ծովային ռազմահանգրվանը համարվում է այդ «շարանի» կարեւոր ծայրակետերից մեկը:

Բաժնի առաջատար գիտաշխատող Գոհար Իսկանդարյանի ` Չինաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ձեւավորման ու զարգացման ուսումնասիրությանը նվիրված աշխատության մեջ հեղինակն անդրադարձել է այդ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի արտաքին քաղաքականության կրած փոփոխություններին, Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում Պեկինի ցուցաբերած ռազմական օգնությանը: Հեղինակը կարեւորում է Իրանի էներգետիկ եւ ենթակառուցվածքային ոլորտներում Պեկինի ներգրավվածությունն ու չինական Նոր Մետաքսի ճանապարհների կառուցման միջոցով Ասիան, Եվրոպան եւ Աֆրիկան միմյանց կապող ծրագրերի որոշ հատվածի իրականացումն իրանական տարածքով, որն Արեւմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցների տակ է գտնվում:

Բաժնի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանի հոդվածը նվիրված է Սաուդիան Արաբիայի եւ Չինաստանի միջեւ նավթային հարաբերությունների եվ էներգետիկ աշխարհաքաղաքականության նոր միտումների ուսումնասիրությանը: Հեղինակը գտնում է, որ սաուդաչինական առեւտրական հարաբերությունների խորացումն էներգետիկ բնագավառում, հատկապեսՙ նավթի շրջանառության ավելացման պայմաններում, հանգեցնում է այդ պետությունների միջեւ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների ձեւավորմանը: Երկկողմ հարաբերությունների այդ որակն էլ, իր հերթին, հանգեցնում է ռազմավարական համագործակցության ձեւավորմանը, ինչն էլ ազդում է գլոբալ էներգետիկ աշխարհաքաղաքականության համակարգի վրաՙ հանգեցնելով խորքային փոփոխությունների: Այսօր արդեն էներգետիկ հարաբերությունների ներկա պայմաններում աճում է Ասիական պետությունների ու հատկապես Չինաստանի կարեւորությունը, ինչն էլ նպաստում է էներգետիկ աշխարհաքաղաքականության մեջ ապակենտրոն աշխարհակարգի ձեւավորմանը: Հեղինակը գալիս է այն հետեւության, որ Արեւմուտքը դեռ չի կորցրել իր ազդեցությունն էներգետիկ շուկաների վրա, չնայած առկա է այդ ազդեցության նվազում, իսկ մյուս կողմիցՙ Ասիական պետությունների ու հատկապեսՙ Չինաստանի աճող հզորության պայմաններում, վերջիններս ձեռք են բերում նոր հնարավորություններ էներգետիկ շուկաներումՙփոխելով խաղի ընդունված կանոնները:

Բաժնի ավագ գիտաշխատող Եվա Հարությունյանի հոդվածը նվիրված է Միջին Ասիայում Ճապոնիայի վարած էներգետիկ քաղաքականության ուսումնասիրությանը: Հեղինակն իր աշխատանքում ներկայացնում է Ճապոնիայի էներգետիկ քաղաքականության զարգացման դինամիկան Միջին Ասիայի երկրներումՙ այն բաժանելով 3 փուլի, որոնք ուղղված էին նավթի եւ գազի խողովակաշարերի կառուցմանը, հանքավայրերի զարգացման, արդյունահանման եւ արտահանման գործընթացների աջակցմանը, ինչպես նաեւ քաղաքական ինտեգրացիոն գործընթացների ձեւավորմանըՙ որպես էներգետիկ պաշարների անխափան արդյունահանման եւ արտահանման երաշխիք:

Բաժնի գիտաշխատող Մուշեղ Ղահրիյանի հոդվածում քննարկվում է Իրաքյան Քուրդիստանի նկատմամբ Արեւելյան Ասիայի առաջատար երկրների` Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, ինչպես նաեւ Հնդկաստանի քաղաքականությունը, որոնք դիվանագիտական ներկայացուցչություններ բացեցին Իրաքի Քուրդիստանի շրջանի մայրաքաղաք Էրբիլում: Աշխարհի 15 խոշոր տնտեսության շարքում գտնվող, ինչպես նաեւ հում նավթի ու նավթամթերքների խոշոր սպառողներ համարվող այդ երկրները հետաքրքրված են իրաքյան նավթով: Թեեւ Քուրդստանի տարածաշրջանային կառավարությունը լիազորված չէ վարել անկախ արտաքին քաղաքականություն, այն ձգտում է հարաբերություններ հաստատել իր էներգետիկ ոլորտում պոտենցյալ ներդրումներ իրականացնող այս երկրների հետ: Հեղինակը գալիս է այն հետեւության, որ, հակառակ Ասիայի այս խոշոր երկրների հետապնդած առանձնահատուկ տնտեսական, քաղաքական շահերին, Իրաքի Քուրդիստանում նրանց ներկայությունը սահմանափակ է: Վերջինիս հանդեպ նրանց գրաված դիրքորոշումը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ավելի լայն քաղաքականության մաս է կազմում, որում կարեւորվում է Իրաքի հետ լավ հարաբերությունների պահպանումը:

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հիմնադրման հարցում Չինաստանի ցուցաբերած նախաձեռնության ուսումնասիրությանն է անդրադարձել բաժնի գիտաշխատող Արամ Աբաջյանը : Ըստ հեղինակի, հիմնադրման սկզբնական փուլում ՇՀԿ-ը հիմնականում միտված էր անվտանգության եւ տարածաշրջանային կայունության ապահովմանը, սակայն հետագայում այն կարեւորագույն տնտեսական փոխշահավետ համագործակցության մեխանիզմի վերածվեց եւ զարգացման այլ ուղղություններ ու ռազմավարություններ մշակեց: ՇՀԿ-ի օգնությամբ չինացիները հետագայում սկսեցին ներկայացնել իրենց տարաբնույթ հետաքրքրություններն ու նպատակները եւ կազմակերպության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորեցին: Հեղինակը ՇՀԿ-ի ստեղծման նախաձեռնումը դիտարկում է նաեւ որպես տարածաշրջանում չինական քաղաքականության առավել նշանակալի, ինչպես նաեւ ճկուն ռազմավարության ապացույց, որը Պեկինի խոհեմ դիվանագիտության շնորհիվ աստիճանաբար քայլեր է կատարում հավակնոտ նպատակներ:

Հարկ է նշել, որ ժողովածուն նախատեսված է հանրության լայն շրջանակների` մասնավորապես արեւելագետների, միջազգայնագետների, պատմաբանների, փորձագետների, դիվանագետների եւ ուսանողների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ