RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-04 23:38:44Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-12 22:42:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2477, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՓԼՈՒԶՄԱՄԲ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Երեքշաբթի օրը հայերն արթնացան ծանր սրտերով ՙ տեսնելով մղձավանջային սցենար Լեռնային Ղարաբաղում ՙ նոր օրվա լույսի ներքո: Եթե արդյունքը դրական լիներ, 44 օր հերոսամարտերում թափված արյունը եւ երիտասարդ կյանքերի կորուստը ինչ-որ տեղ արդարացված կլինեին: Փոխարենըՙ եռակողմ խաղաղության համաձայնագիրը, որը կնքվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին, տխրահռչակ տապանագիր կդառնա զոհված հերոսների գերեզմանաքարերի վրա:

Այս աղետը երկար էր ճանապարհ անցել: Երբ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ 2018-ին, այն ուներ գրավիչ մեկ նպատակ ՙ կոռուպցիայից ազատվելը: Սա գրավեց զանգվածների երեւակայությունը, հատկապես երբ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը հավաստիացրեց, որ չունի արտաքին քաղաքական ծրագիր. եւ որ բարեկամ երկրների հետ հարաբերությունները կպահպանվեն:

Բայց երբ «Իմ քայլը» կուսակցության անդամները գրավեցին նախարարական պաշտոններն ու խորհրդարանի աթոռները, իրադարձություններն այլ ուղղություն ստացան: Խորհրդարանի անդամներ, ինչպիսիք են Դանիիլ Իոննիսյանը, Արման Բաբաջանյանը եւ Ալեն Սիմոնյանը,- սրանք ընդամենը մի քանիսն են- սկսեցին զբաղվել հակառուսական հռետորաբանությամբ: Նրանք պահանջում էին, որ Մոսկվան հավասարե հավասար խոսի Երեւանի հետ, կարծես թե Երեւանի քաղաքական ազդեցությունը աշխարհում համապատասխանում է Մոսկվայի ազդեցությանը:

Քաղաքականության այս փոփոխությունը միանշանակ վրդովեցրեց Կրեմլին, որը դժկամությամբ էր դիտում, թե ինչպես են վիրավորանքներ հասցվում Հայաստանում իր բարեկամներին, ինչպիսիք են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ գեներալ Յուրի Խաչատուրովը: Վերջինիս աշխատանքից հեռացնելը եւ ազատազրկումը հատկապես ցնցող էր, քանի որ նա զբաղեցնում էր Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության գլխավոր քարտուղարի հեղինակավոր պաշտոնը: Քաղաքական առումով այդ քայլը աղետալի էր եւ թանկ նստեց Հայաստանի վրա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անմիջապես տեսավ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ աճում է օտարացումը: Եթե հայերը թերագնահատեն Էրդողանի քաղաքական ու դիվանագիտական խորամանկությունը, ինքնախաբեության մեջ կլինեն: Թուրքիայի համար հեշտ էր եզրակացնել, որ երկու նախկին մերձավոր դաշնակիցների միջեւ տարաձայնությունների խորացման պայմաններում Մոսկվան հավելյալ քայլ չի կատարի պաշտպանելու Հայաստանը:

Մոսկվան իր դժգոհության բազմաթիվ նշանները ցույց տվեց, բայց եթե Հայաստանի կառավարությունը դրանք ճիշտ հասկացավ, ապա փակեց աչքերը: Հայերը անտեսեցին նախազգուշական նշանները: Դրանք համապատասխանում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առավելապաշտական նկրտումներին, որն ամեն ինչ ցանկանում է եւ ոչինչ չի տալիս իր սեփական մաքսիմալիստական դիրքորոշմամբ:

Հետադարձ հայացքով դատելով, հայկական ուժերի կողմից որպես անվտանգության գոտի գրավված յոթ շրջանները կարող էին արժանապատվորեն հանձնվել եւ այսօր չսպասել անվերապահ եւ ամոթալի հանձնում ստորագրելուն: Ավելի վաղ զիջումներ կարելի էր անել այն երաշխիքների դիմաց, որ զիջված տարածքները ապառազմականացվեն: Այսօր Հայաստանն ու Արցախը նման պահանջներ ներկայացնելու տեղ չունեն այլեւս:

Այս հոդվածի հեղինակը վաղ փուլում երեւակեց ռուս-թուրքական հարաբերություններում քաղաքական փոխգործակցության եւ ուժերի խաղի օրինաչափությունը եւ ազդարարեց, որ այս մոդելը կարող է տարածվել նաեւ Կովկասում: Այսպիսով, Թուրքիան, իր նախահարձակողական դիրքորոշմամբ, փաստացի վիճակներ է ստեղծում տեղում, եւ Ռուսաստանը, ի վերջո, համաձայնվում է դրանց: Դա տեղի ունեցավ Սիրիայում, Լիբիայում եւ այսօրՙ Արցախում: Ռուսաստանը հակադարձել է Թուրքիային այս բոլոր ճակատներում, բայց միշտ խուսափել լայնամասշտաբ պատերազմի մեջ ընկնելուց, քանի որ դա կնշանակեր բախվել ՆԱՏՕ-ի ամբողջ դաշինքի ուժերին:

Էրդողանը կարող է բանտ նստեցնել այնքան լրագրողի, որքան ցանկանում է, սպանել այնքան հակառակորդի, որքան ցանկանում է, այնպես էլ սպառնալ հարեւաններին: Նա իր արեւմտյան դաշնակիցներից ապտակ չի ստանա մինչեւ այն ժամանակ, քանի դեռ գործելակերպը համահունչ է Ռուսաստանը զսպելու Արեւմուտքի գլոբալ ծրագրին: Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարադատության վերաբերյալ որեւէ հռետորաբանություն կվերանա, եւ Էրդողանը քաջատեղյակ է այս փաստին եւ, համապատասխանաբար, զարգացնում է իր քաղաքականությունը: Այս անգամ Թուրքիայի մուտքը Կովկաս մասամբ հաջողվեց: Նախ Անկարան ձգտում էր քվեարկելու իրավունք ունենալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, բայց դա մերժվեց: Դրանից հետո նա կոչ արեց Մոսկվային շրջանցել ԵԱՀԿ ձեւաչափը եւ գործարք կնքել երկու մայրաքաղաքների միջեւ: Այս առաջարկը նույնպես ձախողվեց:

Հայաստանը բախվեց իրավիճակին, որը նման էր 1992-1993 թվականների կացության, երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որդեգրեց «երրորդ ուժի բացառումը» քաղաքականություն, որ նշանակում էր, որ Հայաստանը կարող էր կողմնորոշվել Թուրքիայի հետ ՙ հրաժարվելով Ռուսաստանից: Այդ ժամանակ Մոսկվան օգնեց Ադրբեջանին նվաճել Ղարաբաղի երկու երրորդը: Հետագայում Հայաստանը փոխեց իր ուղինՙ վեց հազար զոհ տալուց հետո: Սրբագրումի դասընթացին հարմարվելուց հետո Ռուսաստանը անվտանգության նկատառումներից ելնելով օգնեց Հայաստանին վերստին գրավելու Ղարաբաղը եւ յոթ լրացուցիչ շրջաններ: Այսպիսով, 1994-ի մայիսին ձեռք բերվեց հրադադարի վերաբերյալ բարենպաստ համաձայնագիր, որը տեւեց մինչեւ ընթացիկ պատերազմը: Այս անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անտարբեր մնաց Մոսկվայի կոչերին: Այդ պատճառով Հայաստանը ստիպված էր համակերպվել այս պարտության հետ:

Մոսկվան հասկացավ, որ Ադրբեջանը ձեռքից սայթաքում է ու թեքվում դեպի Թուրքիան: Ուստի որոշվեց հայերի հաշվին գործարք կնքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, մանավանդ որ հայերը քաղաքականապես անպետք էին դարձել Մոսկվայի համար:

Նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթում Ղարաբաղում թուրքական խաղաղապահ ուժերի մասին հիշատակություն չկա ռուսական ուժերի հետ միասին: Ալիեւը պնդում է, որ Թուրքիան նույնպես խաղաղապահ ռեժիմի մասնակից է, բայց դրա համար ոչ մի ապացույց չի ներկայացրել: Ռուսները գոհացրեցին թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի հաշվին, ճիշտ այնպես, ինչպես արեցին, երբ 1921-ի հոկտեմբերին ստորագրեցին Կարսի խաղաղության պայմանագիրը, որով որոշվեց Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ: Այնուհետեւ Մոսկվան Աթաթուրքի հետ բարեկամության հաշվին զիջեց Թուրքիային Հայաստանի տարածքը:

Յուրաքանչյուր հայի համար ցավ է կարդալ համաձայնագրի ամբողջ տեքստը, քանի որ այդ փաստաթուղթը նշանակում է պատմական տարողությամբ անձնատվություն: Այն կարելի է համեմատել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի անկման հետ 13-րդ դարի մոնղոլական արշավանքների, 1918-ի փետրվարին Կարսի բերդը հանձնելու եւ 1921-ին Ֆրանսիան Կիլիկիան Աթաթուրքին նվիրելու հետ: Երեք դեպքում հայերին հաջողվեց կուլ տալ միայն դառը դեղահատ: Նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթը Ադրբեջանին տալիս է ամեն ինչ, որ ուզում էր վերջինը, եւ ավելինՙ ներառյալ ռազմավարական միջանցք Մեղրիով, որը կկապի Ադրբեջանը Նախիջեւանի էքսկլավի հետ: Ղարաբաղից մնաց 2500 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը նախնական տարածքի գրեթե կեսն է: Առավել ցավալին այն է, որ անկլավի կարգավիճակի մասին խոսք անգամ չկա:

Կարգավիճակի հարցում լռությունը նշանակում է, որ նա ընկնելու է Ադրբեջանի արյունարբու իշխանության լծի տակ, իսկ Բաքուն նրան կտրամադրի այն, ինչը նա անվանում է «ինքնավարության բարձրագույն մակարդակ»:

30 տարվա հպարտ անկախությունից հետո ո՞ր հայը միամիտ կլինի այնքան, որ ապրի Ադրբեջանի իշխանության տակ: Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի ուրվականները դեռ հայերի հիշողության մեջ են, ովքեր ապրել են Ադրբեջանի տիրապետության ներքո:

Այսօր հիմնական հարցն այն է, թե ով է պատասխանատու վնասների վերահսկման գործում, երբ հակամարտությունը Ղարաբաղից սահել-տարածվել է Հայաստանի վրա:

Փաշինյանը հայտարարեց, որ նախքան պայմանական հանձնումը ստորագրելը ինքը խորհրդակցել է համապատասխան կողմերի հետ, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ՙ նշելով, որ ինքը այդ պայմանագրի մասին տեղեկացվել է լրատվամիջոցներից: Անգամ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն է խոստովանել, որ ինքը չգիտեր այդ գործարքի մասին:

Հիմա Հայաստանում կողմերը միմյանց վրա նետարձարկումներ են անում: Անկառավարելի ամբոխը ներխուժեց վարչապետի գրասենյակ ու թալանեց այն: Մեկ այլ բազմություն շարժվեց դեպի խորհրդարանՙ վնասներ պատճառելով: Կարելի էր լսել հակասական կարգախոսներ. Ոմանք մեղադրում էին Փաշինյանին, ոմանք էլ մեղադրում էին հին ռեժիմին անկառավարելի եւ անկայուն իրավիճակ ստեղծելու մեջ: Այն փաստը, որ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը, որ թավշյա հեղափոխության կազմակերպիչներից մեկն է, տարվել է հիվանդանոց, խոսում է այն մասին, թե որքան թավիշ է մնացել 2018-ի հեղափոխությունից:

Փաշինյանի պաշտոնանկության եւ անցումային կոալիցիոն կառավարության ձեւավորման կոչեր կան, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում կամ չի ուզում մուտք գործել շենքՙ արտակարգ նիստ անցկացնելու համար:

Փաշինյանի «Իմ քայլը» կուսակցության հինգ անդամներ հրաժարական տվեցին ՙ վախենալով արժանանալ Միրզոյանի ճակատագրին:Ստեղծվել է վտանգավոր իրավիճակ. ոչ միայն կորցվեց Ղարաբաղը, այլ կարծես թե Հայաստանի ճակատագիրը նույնպես վնասված է անվերադարձ: Քանի որ Ղարաբաղի պաշտպանության բանակը տարհանվում է Շուշիից, եւ նրան փոխարինելու են խաղաղապահ ուժերը, զինվորների ջոկատները հրաժարվեցին կատարել հրամանները եւ մնում են իրենց դիրքերում: Սա հիշեցնում է պատմական նախադեպը, երբ բոլշեւիկները 1920-ին գրավեցին Հայաստանը եւ մտադիր էին Սյունիքը զիջել Ադրբեջանին, Գարեգին Նժդեհը հրաժարվեց թողնել իր դիրքը, եւ դրա շնորհիվ տարածաշրջանը մնաց Հայաստանի անբաժանելի մասը:

Փաշինյանը իշխանության գալով ՙ ժողովրդին խոստացավ, որ իր կողմից կնքված որեւէ պայմանագիր կախված կլինի ժողովրդի կամքից: Նա հայտարարել էր, որ կհրավիրի ժողովրդին Երեւանի գլխավոր հրապարակ եւ կխնդրի նրա համաձայնությունը:

Նախորդ օրը բազմությունը հեղեղել էր Երեւանի կենտրոնական հրապարակը, բայց Փաշինյանը ոչ մի տեղ չէր երեւում:

Անգլերենից թարգմանեց ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, (Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ