RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-04 23:38:44Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-12 22:42:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2614, Տպվել է` 97, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՒՐ ՔՍԱԾ ԵՐԵՍՈՎ

ՆԱԻՐ ՅԱՆ

«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը». Մոնթեի սթափեցնող, նախազգուշացնող պատգամը մոտ երեսուն տարի Ավետարանի 11-րդ պատվիարանի պես էինք ընդունում: Ոչ մի հայ վատագույն երազում անգամ չէր պատկերացնում, թե հնարավոր է մի օր արթնանալ առանց Արցախի:

Այդ օրն ապրելու դժբախտությունն էլ ունեցանք: Մո՞ւր քսենք երեսներիս, գետինը պատռենք, երկինքը խառնենք, գլուներս պատեպատ խփենք, քնենք-արթնանանքՙ հույս ունենալով, թե սա մղձավանջ է, վատ երազ. ի՞նչ անի մի ամբողջ ազգ, որ համոզի ինքն իրենՙ Արցախը հանձնել ենք թուրքին: Կասկածից վեր է, որ ոչ թե ադրբեջանցուն ենք հանձնել, այլ թուրքի՛ն, Էրդողանի՛ն, որիՙ Ադրբեջանին օգնելու գինը Արցախն է ու Հայաստանի հարավըՙ պանթուրքիստական կայսրության հեռահար ծրագրի իրականացման բաղկացուցիչներից մեկը:

Սպասելի՞ էր այս խայտառակ համաձայնագրի դավադիր ստորագրումը. եթե մի քիչ հետ նայենք, ապա պարզ կդառնա, որ Փաշինյանը պարտության ու Արցախի հանձնման ցրցամը տվել է դեռ սեպտեմբերի 27-ի իր ելույթում, երբ պատերազմը մեկ օր էր, ինչ սկսվել էր: Նա ասաց. «Եկեք պայմանավորվենք մի բան. ինչ էլ լինի, պատերազմն ինչ ելք էլ ունենա, մենք մեզ պարտված չենք ճանաչի»: Հետո սկսվեցին ստի ու խաբեության այն մի քանի տասնօրյակները, երբ «Հաղթելու ենք» կարգախոսով կերակվում էր համայն հայությունըՙ Հայաստանում ու Սփյուռքում: Իսկ այդ ընթացքում թիկունքում ամեն ջանք ուղղվում էր ռազմաճակատինՙ հաղթանակի ու արժանապատիվ խաղաղության համար:

Երբ երկու օր է մնացել, որ Քարվաճառը հանձնենք, իսկ նոյեմբերի 10-ինՙ համաձայնագրի ստորագրումից ընդամենը մեկ-երկու ժամ անց, Նիկոլ Փաշինյանը բունկերից «լայվ» մտավ ու հայտարարեց, թե շարունակելու է աշխատել, պատրաստվում է անգամ հանրահավաք կազմակերպել, մի քանի ժամը մեկ էլի «լայվ» մտավ ու փորձեց բացատրել, թե ինչու է ստորագրել Արցախի կապիտուլյացիայի համաձայնագիրը, եւ ողնաշարը ջարդած ազգը հասկացավ, որ ամեն ինչ վատ չէ, որովհետու վատագույնը դեռ առջեւում է:

Արցախը հանձնում ենք, այսինքնՙ լիարժեք կապիտուլյացիա, բավական չէ, դեռ Հայաստանն էլ ենք ներքեւից ու վերեւից մաշում: Սա ո՞ր պլանն էՙ լավրովյա՞ն, թե մյունխենյան. քաղաքագետները գլուխ են կոտրում, փաստաթղթեր են քրքրում ու այդպես էլ չեն կարողանում հասկանալՙ ո՞վ է հորինել այս համաձայնագիրը: Փաստորեն, մինչ մենք պատերազմում էինք, բանակի թիկունքում դավադրություն էր կազմակերպվումՙ նոր փաստաթուղթ էր մշակվում, որի մասին եթե նույնիսկ Հայաստանի արտգործնախարարը, նախագահը, ԱԺ-ը հայտարարում են, թե տեղյակ չեն եղել, Փաշինյանը նման հայտարարություն անել ուղղակի չի կարող:

Հիմա արդեն պարզ է, թե պատերազմից ժամեր անց նա ինչ «հաղթանակած» պարտության մասին էր ակնարկում, թե հերթական իր «լայվում» ինչու էր խոսում ցավալի փոխզիջման մասին, որը, փաստորեն, միակողմանի զիջում էր: Հիմա արդեն պարզ դարձավ, որ Հայաստաի վարչապետը մեղավորներ փնտրելու քաղաքականությունը սկսել էր պատերազմի ամենաթեժ օրերից, երբ ազգին բաժանում էր թասիբովների ու անթասիբների, երբ զորակոչի կոչեր էր անում, բայց այդ կոչերի իրագործմանը ռազմաքաղաքական օղակներից եւ ոչ մեկը մինչեւ վերջ տեր չկանգնեց: Հազար կողմից լուտանքներ են թափվում ժողովրդի գլխին, թե լավ չկռվեցիք, չգնացիք սահման, չկարողացաք հողը պաշտպանել, բայց հարյուրավոր տղամարդիկ էլ իրենց օրինակն են բերում, որ զինկոմիսարիատներում կամավորագրվել են, բայց նրանց այդպես էլ չեն կանչել ու չեն տարել Արցախ:

Հիմա արդեն, երբ ամեն բան վերջացած է, ամեն ինչ կորսված, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, թե պատերազմի օրերին իր ժպիտներն ու բարձր տրամադրությունը, փաստորեն, կեղծ են եղել: Իսկ գուցե սուրճ խմելու լուսանկարներն էլ ե՞ն ֆոտոշոփի արդյունք:

Եթե իրավիճակը ծայրահեղ օրհասական ու վատթար էր, ինչո՞ւ էիք ոգեւորող լուրեր տարածում, թե զգետնում ենք թշնամու զինտեխնիկան, հարյուրներով ու հազարներով դիակներ ենք փռում, թե հիմա նահանջում ենք, որ ավելի հուժկու կերպով հարձակվենք, թե հետ-հետ գնալը դեռ չի նշանակում, որ առաջ չենք գնալու, թե ոչ մեծ նշանակության տարածքներ ենք հանձնել, որոնք հնարավոր է հետ բերել, թե զենք-զինամթերքի կարիք չունենք, թեեւ, անշուշտ, թշնամու զինանոցն ավելի հարուստ է ու հակառակորդի կողմից կռվում են նաեւ վարձկան գրոհայիններ: Ինչո՞ւ էիք խաբում, հաճոյանում, ոգեւորում, իրականությունը թաքցնում: Ասեիք, հայտարարեիք, որ այն, ինչ արվում է, շատ քիչ է հայրենիքը չկորցնելու համար, խոստովանեիք. հանկարծ որեւէ մեկը համարձակվեր թիկունքում կասկած հայտնելՙ իսկ միգուցե պարտվելով դժվար թե հաղթենք: Օ՜, ոչ, վայը եկել էր այդ խեղճին տարել. ֆեյքերի ֆաբրիկան Ֆեյսբուքում անմիջապես հոշոտում էր կասկած հայտնողին, ազգի, պետության, բանակի թշնամի ու դավաճան որակում: Ոչ մի զինվոր ռազմաճակատից բացասական խոսք ասելու իրավունք չուներ, ոչ մի քննադատություն, իրավիճակը իրական գույներով նկարագրող ոչ մի նախադասություն. նա անմիջապես դասալիքի պիտակ կստանար: Ռազմաճակատից միայն ժպիտներ, երգեր, գոհունակ հայացքներ ու կոչերՙ հաղթելու ենք:

Ինչո՞ւ էիք Արծրուն Հովհաննիսյանին դարձրել կինոյի տղա, իսկ Շուշան Ստեփանյանինՙ կինոյի աղջիկ. բացի պաշտոնական տեղեկություններից, այլ աղբյուրների լուրերն ու տեսանյութերն ինչո՞ւ էին համառորեն արգելվում տարածել, որ հանրությունը հանկարծ ճշմարտությունը չիմանա՞: Չիմանա՞, որ պարտվում ենք, որ դավաճանները հողեր են ծախել, ու ծախելուց հետո այնտեղ անիմաստ ու անտեղի արյուն է թափվել, մինչդեռ այդ արյունը կարող էր չհեղվել, որովհետեւ արդեն հանձնված հողում էլ ի՞նչ կռիվ: Երկիր, բանակ, հայրենիք, իշխանություն պահող ժողովուրդն իրավունք չունե՞ր իմանալու, որ շատ տեղերում թշնամու հարվածային ԱԹՍ-ների ու ինքնաթիռների դեմ միայն ավտոմատ ենք ունեցել, որ շատ հաճախ սխալ մարտավարությունը հանգեցրել է նահանջի, անասելի մեծ կորուստների: Իրավունք չունեի՞նք տեսնելու ռազմական գործողությունների իրական քարտեզը: Ոչ, չունեինք. այդ քարտեզը պահանջողները «հռչակվեցին» ազգի դավաճաններ, Արցախի պարտությունը ցանկացողներ:

Սին ու սիրուն նկարագրություններով, «պարտվող», վախկոտ, «վերջին շնչում հայտնված», «հոգեվարքի մեջ գտնվող» թշնամու մասին կեղծ տեղեկություններով ամեն երեկո կերակրում էիք, զանազան տեսանյութերով ցույց տալիս, թե ինչպես են մերոնք ոչնչացնում թշնամու զինտեխնիկան, թանկարժեք ուժերը, միաժամանակ արգելում էիք մեկ-մեկ տեսնել, թե թշնամին ինչ տեսանյութեր է հրապարակում մեր ուժերի խոցման մասին: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով: Ճշմարտությունն այդքան ծա՞նր էր ընդունելն ու խոստովանելը, իսկ հիմա ծանր չէ՞ այս խայտառակ իրավիճակը, պատմության գրքերում հայրենիք հանձնողի անուն վաստակելը: Մենք հիմա մի ժողովուրդ, մի երկիր ենք, որի պետականությունը վտանգի տակ է, իսկ Արցախն էլ չկա: Ասեիք, հայտարարեիք ու համազգային զորահավաք կազմակերպեիք, ինչպես արեց Վազգեն Սարգսյանը քսանութ տարի առաջ: Շատերը պատրաստ էին ու սպասում էին համազգային զորահավաքին, անգամ պատերազմից խուսափողները կգնային, չկասկածեք: Բոլորը գիտակցում էին, որ սա վերջին ու վերջնական պատերազմ է, որը որոշելու է մեր ապագան:

Չեք արել, չարեցիք, պարոնայք, ու հիմա ձեր սխալների համար «քավության նոխազ» եք գտելՙ ժողովուրդը: Նա է մեղավոր, որ մինչեւ վերջ չկռվեց, չմեռավ, ու մենք պարտվեցինք: Այնպես պարտվեցինք, որ Հայաստանին դեմ տվեցին մի խայտառակ, ստորացուցիչ, ամոթաբեր համաձայնագիր, այնպես պարտվեցինք, որ Արցախի կապիտուլյացիան անխուսափելի՞ էր, որ Հայաստանի տարածքներն էլ թուրքը պիտի պղծի: Այդ փաստաթուղթը ոչ թե Հայաստանի ու հայ ժողովրդի, Արցախի ու արցախցու, այլ Նիկոլ Փաշինյանի պարտությունն է: Պարտություն, որը հանձն չի առնում անգամ իր թիմը:

Դե եկ ու մի մտածիր, որ ամեն բան նախապես լավ ծրագրված էր, որպեսզի բավական թվով աշխարհազոր չմեկնի ճակատ, որպեսզի պաշտպանությունը բավականաչափ լավ չկազմակերպվի, ու ռազմաքաղաքական վերնախավը հայտարարիՙ ժողովուրդ ջան, լավ չկռվեցիք, դրա համար էլ պարտվեցինք ու պարտավորվեցինք հանձնել Արցախը: Մինչդեռ խայտառակ համաձայնագիրը սպասում էր իր ժամին, այն ձեռքին, որը պետք է թուրքի ու ռուսի համար ցանկալի ստորագրությունը դներ:

Հանձնեք, Շուշիի բանալիները հանձնեք, Դադիվանքը, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչը, Տիգրանակերտը, Ամարասը, Գանձասարը տվեք թուրքին այնքան արագ, որ անգամ մեր ոսկետառ մատյանները, հոգեւոր մասունքները չկարողանանք հանել վանքերից: Ու պարզ է, չէ՞, ինչ կլինի, եթե մի խաչքար, մի զանգ, մի մատյան, մի գերեզմանաքար տեղափոխվի Հայաստան. դրա իրավունքը մենք չունենք, որովհետեւ կապիտուլյացիայի ենթարկված երկրից իրավունք ունեն դուրս գալու միայն բնակիչները, իսկ մնացածը պետք է հանձնվի հաղթող կողմին այնպես, ինչպես կաՙ անբիծ ու ամբողջական:

Սիրտ, դե դիմացիր, դե ապրիր, դե տար: Ոչ ոք չի կասկածում, չէ՞, որ ադրբեջանցիները շուտով մեր մշակութային արժեքները կպղծեն ու պղծումի ամբողջ ընթացքը կնկարահանեն ու մեզ մղկտացնելու համար համացանցում կտեղադրեն: Մենք հաղթած երկիր էինք ու Ջուղայի խաչքարերի ոչնչացման պատասխանը չստացանք ոչ՛ ոչնչացնողից, ո՛չ միջազգային կառույցներից: Պարտված երկրի հետ հաշվի չեն նստում կամ ամենաշատը խղճում են:

Üϳñ 1. Մեկնելուց առաջ աղոթք` Դադիվանքում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ