RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020



Տեղադրվել է` 2020-11-05 23:56:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1415, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ-ՖԵԼԼԵՐ. ԳՐԱԳԵՏ, ՀԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԻՍՐԱՅԵԼ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԵՔ ՄԵԶ

Զրույցըՙ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Հայաստանի հրեական համայնք այցելեցի հոկտեմբերի 23- ին, այն ժամանակ, երբ նախորդ օրն անհայտ ուժեր հրդեհել, ներկ էին լցրել Երեւանի սրտում ՙ Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին մերձակա այգում երկու ժողովուրդների ողբերգությունըՙ Շոան ու Ցեղասպանությունը հիշատակող, երկու ժողովուրդների բարեկամությունը խարսխող հուշարձանին: Դրանից 10 օր առաջ էլ հուշարձանը թիրախ էր դարձել: Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ հենց Իսրայելում արտադրված զենքն է փողն ուղղում հուշարձանին, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ մեր երկրում էլ ինչ-որ մեկը մրոտում է մեր բարեկամությունը: Մեր հանդիպումից հետո տիկին Վարժապետյանը պատրաստվում էր Կենտրոն համայնքի ոստիկանություն գնալ, հուշարձանը պաշտպանելու միջոցներ ձեռնարկելու նպատակով դիմում գրել: «Դեռեւս որեւէ պատասխան չենք ստացել, իսկ հուշարձանի մոտ ոչ տեսախցիկ է տեղադրվել, ոչ էլ նկատելի է, թե որեւէ ձեւով հսկվում է», մեր հարցմանն ի պատասխան նոյեմբերի 4-ին ծանուցեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Վարժապետյան- Ֆելլերը: Երեկՙ նոյեմբերի 5-ին Կենտրոն համայնքի ոստիկանության հերթապահ բաժնում մեր հեռախոսազանգին ի պատասխան Վարդան Վարդանյանը պարզաբանեց, թե «ռազմական դրությամբ պայմանավորվածՙ բոլոր աշխատակիցները դրսում են», բայց հավաստիացրեց, թե «նամակին անպայման մաքսիմալ արագ պատասխան կտրվի», հուշեց զանգահարել ոստիկանության քարտուղարություն, նամակների բաժին: Մեր զանզն այդ բաժնում երեկ անարձագանք մնաց:

- 51 տարի ապրում եմ Հայաստանում, ամուսնուս հետ արդեն 50 տարի միասին ենք: Այսպիսի բան չեմ հիշում: Հայ ժողովրդի հետ տարել ենք վերջին տարիների բոլոր արհավիրքներըՙ երկրաշարժ ու շրջափակում, մութ, ցուրտ, սով ու միշտ հայրենասեր ենք մնացել: Հայաստանի հրեական համայնքն այնքան էլ մեծ չէ, բոլորը խառնամուսնություններ են , ոչ մեկը երբեւէ չի անիծել Հաաստանը Ընդհակառակը մենք միշտ սիրել ենք Հայաստանը: Իսկ ես որպես համայնքի 25 տարվա ղեկավար, աշխարհի տարբեր երկրներում եմ եղել, ֆորումների մասնակցել, բոլոր տեղերում միշտ ապացուցել եմ, որ Հայաստանում կան, ապրում են հրեաներ, կա համայնք, որ հայերի հետ շատ համերաշխ ենք, մեզ չեն հետապնդում: Չկա հակասեմականություն, հիմա չգիտեմ, թե ինչ եմ ասելու: Իսրայելը մեզ անհարմար դրության մեջ է դրելՙ պատերազմի ժամանակ Ադրբեջանին զինատեսակներ տրամադրելով: Մենք դիմեցինք Իսրայելի իշխանություններին, բայց չենք կարող Իսրայելի հետ կտրել մեր հարաբերությունները, դա նույնպես մեր երկիրն է: Եթե Իսրայելն ուժեղ է, մենք էլ ենք ուժեղ: Բայց այսօր, երբ զինատեսակները գալիս ու հասնում են Ադրբեջան, ողբերգություն է, որ որեւէ ձեւով չի կարելի արդարացնել:

- Տիկին Վարժապետյան, այդ զենքը նաեւ Ձեր վրա է ուղղվում:

- Անշուշտ: Եւ հարցն այն է, որ այդ նույն զենքը, այդ ահաբեկիչները վաղը կհասնեն աշխարհով մեկ: Շատ լավ հասկանում ենքՙ զոհվում են երիտասարդներ, անմեղ մարդիկ, երեխաներ, ծերեր: Միայն ռազմական գործողությունների վայրում չի ծավալվում պատերազմը, հենց դա արհավիրք է: Կանգնեցնել այս պատերազմը հիմա շատ դժվար է: Բանակցությունների հետ հույս ենք կապում, շատ լավ հասկանալով, որ գործ ունենք չարագործների, բարբարոսների հետ, որ խաղաղություն չեն ուզում: Կա պատմություն, որն իրենք են գրել, դրանով դաստիարակվել, դրանով դժբախտաբար սնում են նաեւ իրենց երեխաներին: Արդեն որ սերունդն է ապրում այն մտայնությամբ, որ հայերը թշնամի են:

Մենք տարբեր խաղաղասիրական ակցիաներ, միջոցառումներ ենք կազմակերպել համավարակից առաջ: Բացառիկ հուշարձան ենք նվիրել Հայաստանին, Երեւանին: Դա մի հուշարձան է, որի մասին գիտեն աշխարհումՙ Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը: Անցյալ դարի երկու ողբերգությունները հիշատակող: Միշտ հպարտացել ենք այս հուշարձանով: Եւ այսօր այն պղծում են: Հասկանում ենք, որ մարդիկ իրենց ցասումն են արտահայտում, հասկանում ենք, որ մարդիկ վիշտ ունեն, զոհվում են իրենց հարազատներն ու մտերիմները, երեխաները: Բայց մենք հո մեղավոր չե՞նք: Ես Իսրայելի հայ համայնքի հետ մշտական կապի մեջ եմ, այնտեղ խաղաղ միտինգ են կազմակերպում, այնտեղ էլ նրանց վրա ադրբեջանցիներն են հարձակվում, ամբողջովին շրջված են ներկայացնում պատմությունը: Նրանք հարձակվում են, բայց գոռում են, թե իրենց վրա են հարձակվել: Բայց, հավատացնում եմ, Իսրայելի քաղաքացիները, հրեաները բոլորն էլ պատերազմի դեմ են: Նրանք բոլորն էլ դժգոհ են, որ զենք է տրվում Ադրբեջանին: Մանավանդ ռազմական գործողությունների ժամանակ, դա անթույլատրելի է:

- Շոայի հիշատակը հրեաների համար սրբություն է նույնքան, որքան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հայերիս համար: Ինքս էլ դատապարտում եմ ամեն մի բռնություն, բայց համաձայն չե՞ք լինի եթե ասեմ, որ Նաթանյահուն առաջինն է ներկ լցնում այդ հուշարձանի, նաեւ մեր բարեկամության վրա:

- Լիովին համաձայն եմ: Նախկինում թաքցնում էի. Միայն մի անգամ խուլիգանական գործողություն է եղել հուշարձանի հանդեպ, իմացել ենք, որ ուսանողներ են եղել, կատարողները հայ չեն եղել: Բայց երեկվաՙ հուշարձանի հանդեպ ոտնձգությունը հուշում է, թե արարքը կարող են կատարած լինել նաեւ հայեր, որոնց հոգում, երկրում մեծ վիշտ ու ցասում կա: Բայցՙ կրակին յուղ լցրեց Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա ելույթը հեռու էր դիվանագիտական լինելուց: Պատերազմ է, զենք է մատակարարվում Բաքվին թե՛ Բելոռուսից, թե՛ Ռուսաստանից, թե՛ Չեխիայից, այլ երկրներիցՙ շատ մեծ գումարների դիմաց: Եւ անշուշտՙ Իսրայելից: Ճիշտ է, դա կատարելագործված, հզոր զենք է, բայց անընդհատ եւ միայն լսվում է Իսրայելի անունը: Իսկ Հարությունյանին անձամբ եմ լսել: Նա ասացՙ մենք հայերի ցեղասպանության համար մեղադրում ենք Իսրայելին: Այդպիսի բան չէր կարելի անել, ինչո՞ւ եք թշնամանք բորբոքում: Այդ օրվանից ի վեր շատ մեծ խնդիրներ սկսվեցին: Հասկանում ենք, որ սա հայ ժողովրդի ցավն է, բայց այդ կերպ չեն լուծում հարցերը:

- Չե՞ք կարծում, որ հայ ժողովրդի այն հատվածը, որ հիմա գոյաբանական խնդիր ունիՙ Ղարաբաղի ներկայացուցիչը, ուզում էր ասել նաեւ, թե ինչքան մոտ պիտի լինեինք մենք Շոա ապրած երկրին, որ պիտի ըմբռներ մեր վիճակը:

- 100 տոկոս ճիշտ է, հասկանում ենք, բայց եթե դուք կարդացել եք մեր կոչը, այնտեղ հենց այդպես էլ գրել եմՙ «Մի ազգ, որ Հոլոքոստ է տեսել, որ շարունակաբար տեռոր է տեսնում, որ պայքարում է ահաբեկչության դեմ, այս օրերին օգնում է ահաբեկիչներին»: Մեր երկու ազգերը, որ Հոլոքոստ եւ Ցեղասպանություն են տեսել, երկու խելացի ազգեր, որ մարդկության համար կարեւոր վաստակ ունեն, պետք է միայն խաղաղարար լինեին, ոչ մի դեպքում չնպաստեին այս պատերազմին, ահաբեկչությանը: Հենց այդպես էլ գրել ենք: Բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում այն, ինչ այսօր մեր հուշարձանի հետ է կատարվում: Դա չէր կարելի անել: Հայաստանի իշխանությունները գիտեին, որ հնարավոր է նման բան լիներ եւ պիտի կանխեինՙ պահպանելով բոլոր հուշարձանները: Երիտասարդական մետրոյին հարող այդ տարածքում կան այլ հուշարձաններՙ Ռուսաստանի հետ բարեկամության, ասորիների ցեղասպանության հիշատակին նվիրված, այդ գեղեցիկ այգում է նաեւ Տերյանի հուշարձանը, բայց այնտեղ չկա պահպանություն: Ի՞նչ է, նպաստում են, որ բանդիտներն ու խուլիգանները գործեն կամ միգուցե խուլիգան էլ չեն, այլ սովորական մարդիկ, որ իրենց զայրույթն ու ցասումն են արտահայտում: Երկրում, քաղաքում իշխանությունները պետք է պահպանեն թե՛ հուշարձանը, թե՛ մեզ, թե՛ ողջ երկիրը: Մեր համայնքի անդամները հիմա մարտադաշտում են, օրեր առաջ 23-ամյա մի երիտասարդ հրեա սպա զոհվեց:

- Անունը կասե՞ք:

- Ոչ, չեմ ասի: Իսկ գիտնական Վլադիմիր Ռուժանսկին, որ իսրայելցի է եւ հրավիրվել է Սլավոնական համալսարան դասավանդելու, առաջին օրվանից ռազմաճակատ է մեկնել: Նա հրեա է, սիրում է Հայաստանը, նրա կինն էլ հայ է, սիրում է Հայաստանը: Համայնքի այլ անդամներ էլ ռազմի դաշտում են: Մենք Հայաստանի քաղաքացիներ ենք, ձեր ցավը մեր ցավն է:

- «Ազերթաջի» գերմաներեն բաժնում անընդհատ տարածում են, որ Ադրբեջանի հրեաները շատ նվիրված մասնակցություն են ունեցել Ղարաբաղյան պատերազմին, նույնիսկ ազգային հերոս ունեն: Տեսեք ինչպիսի հավատարմություն: Հայաստանում բնակվող հրեա համայնքը համեստ է եղել այնքան, որ չի հայտարարել, թե իրենք էլ մասնակցել են հայրենիքը, բնակավայրը պաշտպանելու սուրբ գործին, մենք էլ չենք հարցրել, հիմա լրացնենք բացը:

- Ճիշտ եք: Սա նրանց, մեր երկիրն է, մեր հայրենակիցների, մեր երեխաների, մեր ապագային է նաեւ վտանգ սպառնում: Չկա մարդ, որ ստանալով Իսրայելի քաղաքացիություն, դադարել է սիրել Հայաստանը: Միանշանակ է, որ անհանգստություն ու լարվածություն ունեն բոլորը, երիտասարդությունը տաք կետերում մարտնչում է, հայ ժողովրդի կողքին նրանք էլ գնում են ծառայելու Հայաստանին, Ղարաբաղին: Սա երկիր է, որտեղ նրանք ապրում են, այստեղ նրանց նախնիներն են ննջում: Բոլորս գիտենք Հայաստանի պատմությունը: Հայերի հետ միշտ ապրել ենք համերաշխ, հույս ունեմ, որ այսպես էլ կմնա, թշնամի չպետք է լինենք:

- Ի՞նչը, ո՞վ կկանգնեցնի Նաթանյահուին: Ձեզ ծանո՞թ է գերմանացի հրեա հրապարակախոս Հենրիկ Մ. Բրոդերը: Նա էր գրելՙ Հայաստանի երկնքում չպիտի թռչեն «պատրաստված է Իսրայելում» մակագրությամբ ԱԹՍ- եր, որ մահ են սփռում: Հրեա գիտնական մտավորականները կոչ էին ուղղել վարչապետին, աշխարհի հրեա ուսանողները դիմել էին, ասում եք Իսրայելում մարդիկ բողոքում են Ադրբեջանին զենք մատակարարելու դեմ: Եթե չի լսում խելացի, ուսյալ ազգակիցների, հայաստանաբնակ իր հայրենակիցների ձայնը, ինչպե՞ս պիտի կանգնեցնել նրան: Շոա ապրած երկրի ղեկավարըՙ վերապրողը, չի կարող ցեղասպանել ցեղասպանությունից փրկվածին: Վերապրողը վերապրողին չի կարող վերացնել:

- Մենք նրա վրա որեւէ ազդեցություն չունենք: Ամբողջ աշխարհում բոլոր ղեկավարները կառչած են իրենց աթոռներից: Այնտեղ, այդ երկրում մեծ հուզումներ կան: Ժողովրդավարությունն ակնհայտ է, խոսում են, միտինգ են անում: Նա շատ բան է արել իր երկրի համար: Արաբական երկրների հետ պայմանագրեր կնքելը բացառիկ նշանակություն ունի: Նա կարողացավ դա անել: Ինչ վերաբերում է այս պատերազմին, այստեղ 100 տոկոսով Թուրքիան է մեղավոր: Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները նավակի նման ճոճվում են, Թուրքիան 100 տոկոսով ագրեսոր է, բարբարոս եւ նրանից բոլորն են վախենում:

- Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Երուսաղեմն իրենց քաղաքն է: Ենթադրվում էր, որ Նաթանյահուն Հայաստանի դաշնակիցը պիտի լիներ:

- Անշուշտ: Բայց իմ կարծիքով, այստեղ շատ մեծ ազդեցություն ունեն պայմանագրերը, բիզնեսը: Ադրբեջանից նավթ են գնում, 40 տոկոսը հենց այդ նավթն է, փոխարենը տալիս են ԱԹՍ: Մեր համայնքի անդամներն էլ, ես էլ շատ վրդովված ենք, գրում ենք, դիմում, բայց ...երեւի մեր ժամանակը չունի:

- Ի՞նչը կազդի Նաթանյահուի վրա, ինչպե՞ս կչեղարկի ԱԹՍ -ի պայմանագրերը:

- Եթե իմանայի... դիվանագետ կլինեի... Գիտեք, չէ՞, որ այդ երկրում դեսպան չունենք: Երկրում, որտեղ այսպիսի մղձավանջային իրադարձություններ են տեղի ունենում, երկիր, որի հետ Հայաստանն ուզում էր բարեկամություն անել: Դա մի երկիր է, որից շատ բան է կախված, ինչպես շատ այլ երկրներից, ո՞ւր են հայ դիվանագետները: Հայաստանը հետ կանչեց իր դեսպանին, բայց տեղը փոխարինող չնշանակեց: Հայաստանը թող ինձ ուղարկի, որ գնամ, խոսեմ հետը (խոսքը վարչապետ Նաթանյահուի մասին է, Ան.Հ.): Նրա հետ մեկը պիտի խոսի, բանակցի, հասկանո՞ւմ եք: Այն, որ Իսրայելում հայերը դրոշներով, հայկական երաժշտությունը միացրած ավտոերթ են անում, կեցցեն, բայց ո՞վ պիտի անձամբ գնա վարչապետի մոտ: Պիտի խումբ կազմեն, գնան այնտեղ, բանակցեն, բացատրենՙ մենք ով ենք, նրանքՙ ով, ինչու են այսպիսի հարաբերություններ ստեղծվել: Մենք ոչ մի բան ոչ տեսնում, ոչ էլ լսում ենք դրա մասին, որեւէ մեկը նրա հետ չի խոսում: Ո՞ւր է մեր ԱԳՆ-ն, մեր դիվանագետները, մեր գիտնականները, մեր իրավապաշտպանները: Ինչո՞ւ է բոլորին թվում, որ ողջ աշխարհը պիտի հասկանա, որ հայերին պիտի խնայել: Հայերին բոլորն են պարտական, նրանց պիտի սիրեն: Իհարկե պիտի սիրեն, բայց գնացեք, խոսեք, ասեք դա:

- Դուք փորձե՞լ եք գրել Ադրբեջանի ձեր ազգակիցներին:

- Ոչ: Նրանք էլ իրենց երկրի պատրիոտներն են: Ի դեպ, հրեաներն այնտեղ , որտեղ բնակվում են, այդ երկրի, նրա իշխանության հավատարիմ պաշտպաններն են դառնում: Ես Հայաստանի պատրիոտ եմ, նրանքՙ Ադրբեջանի: Եւ համոզված են, որ Խոջալուն հայերն են արել, ագրեսորը Հայաստանն է, որ այդ հողերը Ադրբեջանի տարածքն է, միլիոնավոր փախստականներին, որ խանգարում են նրանց, տեսնելով էլ մտածում են, թե լավ կլիներ իրենց տունուտեղը վերադառնային: Իսկ նրանք, որ պատմություն գիտեն, միշտ ասում եմ, թե պիտի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Իսրայելում եւ ողջ աշխարհում, նա, ով պատմություն գիտի, չի կարող ժխտել: Իսկ Հայաստանը ճանաչե՞լ է Հոլոքոստը: Հայաստանն էլ չի ժխտում:

- Չկա հայ, որ չի ճանաչում Հոլոքոստը:

- Նույնը կարող եմ ասել Հայոց ցեղասպանության առնչությամբ: Իսրայելում ով գիտիՙ ճանաչում է: Հրեաները չեն ասում, թե հայերն ագրեսոր են:

- Դուք ակնարկում եք, որ ԱԺ-ն չի ճանաչել:

- Իհարկե:

- Այստեղից Իսրայել գնացածների թիվը հայտնի՞ է ձեզ: Գիտե՞ք, թե որքան է Ադրբեջանից գաղթածների թիվը:

- Հայաստանիցՙ մոտ 1000 հոգի: Իսկ Ադրբեջանից գնացածների թիվը չգիտեմ, բայց մի քանի անգամ շատ են: Նրանք շատ հարուստ են, ֆինանսավորվում են նաեւ Ադրբեջանից, դա կարողանում են անել: Իսկ մերը միայն խանդավառության վրա է հիմնված: Բայց այսօր ո՞վ է Հայաստանում մեր պաշտպանը: Աստված մի արասցե, եթե մեզ հետ մի բան պատահի, ո՞ւմ, ո՞ւր պիտի զանգենք, դիմենք: Նախկինում գիտեինքՙ կար նախագահի խոհրդական, նա էր պատասխանատուն: Իսկ հիմա հայտնի էլ չէՙ ո՞վ է պատասխանատու պաշտոնյան: Հայաստանը ըմբռնեց, որ մոնոազգային երկիր լինելը լավ չէ, վատ է թե՛ ներսում, թե՛ կողքից դիտելիս:

- Հայաստանը որեւէ պահի չի էլ եղել այդպիսին, ուրախ ենքՙ միշտ տարբեր ազգերի ներկայությունն հարստացրել է մեզ:

- Նախկինում, ԽՍՀՄ-ի օրոք, հպարտանում էին դրանով: Շատ լուրջ գիրք ենք հրատարակել հրեաների մասին, որ այստեղ են ապրել 18-րդ դարից ի վեր: Նշված են այն անհատների անունները, որ մեծ ներդրում են ունեցել Հայաստանի զարգացման ասպարեզում: Այստեղ հրեաները միշտ են եղելՙ 12 -րդ դարի գերեզմանոց կա Եղեգիսում: Ապրում են ռուսներ, բելառուսներ, գերմանացիներ, ասորիներ, քրդեր, եզդիներ: Բայց ասել, թե այսօր մեր հանդեպ հոգածություն է ցուցաբերվում, չենք կարող ասել: Ճիշտ է, չենք մոռանում երկրի վիճակը եւ այն, որ մեր պարբերականը տպագրելու համար Մշակույթի նախարարությունից ֆինանսավորում ենք ստանում: Շնորհակալություն դրա համար: Ուրախ ենք, որ նախկինում ստեղծվածը շարունակվում է: Բայց տեսնո՞ւմ եքՙ ի՞նչ է լինում: Չտա Աստված, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարանան, Ռուսաստանի հուշարձանը ավերակեն:

- Չեմ կարծում, թե այդպիսի բան կլինի:

- Չեք կարծում, որ Ռուսաստանինը կլինի, բայց հրեականը եղավ, չէ՞:

- Պիտի հետամուտ լինել, որ վանդալները պատժվեն: Հաջորդ փորձը դրանով կկանխվի:

- Չեմ կարծում վանդալներն են արել: Նախորդ անգամ ասացիՙ մաքրեք հուշարձանը, եւ ես հարցազրույց չեմ տա ու չեմ ասի, թե սա հայերն են արել: Այս անգամ չեմ կարծում, թե վանդալիզմի զոհ է հուշարձանը դարձել: Դա բողոքն է: Հասկանում եմ դա, բայց անհրաժեշտ է, որ հսկեն հուշարձանը: Մեզ ուրիշ բան հարկավոր չէ: Ո՞ւր է քաղաքային իշխանությունը, ոստիկանությունը: Եթե չգիտեք, ասեք, կսովորեցնենք: Իմ ամուսինը հայ է: Ինձ տանջեն էլ, սպանեն էլ, չեմ ասիՙ թու, ինչ վատն են հայերը: Ինչ վերաբերում է զենք տրամադրելուն, պիտի հարաբերվել, խոսել, բանակցել:

- Եթե մեր հարցազրույցից հետ ձեզ առաջարկեն, կգնա՞ք Իսրայել, կխոսե՞ք:

- Հիմա դրա ժամանակը չէՙ կորոնա կա, չես կարող ճամփորդել, հանդիպումներ ունենալ: Ես ո՞վ եմՙ համայնքային գործիչ, բայց կան պետական ծառայողներ, որ պարտավոր են դա անել: Չեմ չարանում հայերի վրա, որքան ողբ կա շուրջներս, եւ հանկարծՙ իսրայելական զենքը, բայց իշխանություններն ինչո՞ւ չեն հասկանում, չեն ձեռնարկում ոչինչ: Հիմա էլ չեմ կարող ասել, թե այստեղ ամեն բան լավ է: Կասեմՙ այո, հուշարձանն այրել են, ներկ լցրել վրան: Այո, այստեղ կան խմբեր, որ հենց դրա համար գոյություն ունեն: Իսրայելում ինչ կասեմ, կգրեմ, գիտեմ միայն ես: Բռունցքս էլ ցույց կտամ այստեղից, ինչպես արել եմ, ինձ լավ են ճանաչում, բայց Հայաստանից շատ եմ նեղացած: Մեզ ոչ ոք չի պաշտպանում: Թեեւ իշխանություններն են մեզ տեղյակ պահել ոտնձգության մասին եւ քաղաքապետի ցասկոտ հայտարարությունն էլ կար, հետո ի՞նչ: Մարդիկ են զոհվում, նեղացած են, վիրավորված, դժբախտ են, եւ շարունակվում է այս մղձավանջը, ամենը ճիշտ է, բայց միայն Իսրայելը չէ, որ մեղավոր է: Շատերն են մեղավոր: Թուրքիանՙ առաջին հերթին: Երեւի հայերն էլ պիտի պատրաստվեին այս պատերազմին: Ես քաղաքական գործիչ չեմ, դիվանագետ չեմ, զինվորական չեմ, թեպետ սերում եմ զինվորականի ընտանիքից: Գիտեմՙ ինչ է բանակը: Մեծ հարգանք ունեմ պաշտպանության նախարարության հանդեպ, շատ եմ հարգում Դավիթ Տոնոյանին, անձամբ ճանաչում եմ նրանՙ խելացի,մեծ, գեղեցիկ անհատ է: Բայց երեւի թերացումներ կան իշխանությունների կողմից:

- Նկատի ունե՞ք, որ կարող էր չլինել պատերազմը, կարո՞ղ էինք խուսափել:

- Իհարկե: Գիտեքՙ ուժեղի վրա չեն հարձակվում: Մեր երկիրը թույլ ու աղքատ է: Պիտի ուժեղանայինք: Ես իհարկե Գոլդա Մեիրը չեմ (Իսրայելի առաջին կին վարչապետը), թեպետ Հայաստանում Իսրայելի առաջին հյուպատոսներից մեկըՙ ինձ նվիրեց շքեղ մի գիրք Երուսաղեմի մասին եւ գրեցՙ Հայաստանի Գոլդա Մեիրին: Նա պաշտոնավարման առաջին օրվանից էր քարոզումՙ ուժեղ պիտի լինենք, որ մեզ վրա չհարձակվեն: Այդպես էլ կաՙ Իսրայելն ուժեղագույն երկրներից է, ի հեճուկս տարբեր խնդիրների: Մենք պիտի ուժեղ լինենք: Պիտի այնպիսի սպառազինություն ունենանք, որ մեզանից վախենան: Բավական է ասենք, թե աղքատ ենք: Բավական է լաց լինենք: Անընդհատ կրկնենք, թե նրանք այսուայն հարստությունն ունեն, նավթ, նավթադոլարներ: Պիտի ապրենք եւ ուժեղանանք: Պիտի այնպես անենք, որ մեզ սիրեն, հարգեն բոլորը, որ աշխարհում իմանան, որ կա հայ ազգը, պետություն ունի: Ինչքան խելացի մարդ արտագաղթեց երկրից վերջին 30 տարիների ընթացքում:

Իսրայելում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում միշտ հանդիպում ենք հրեաների հետ մի սեղանի շուրջ: Ես մի բան եմ ասում, Ադրբեջանի հրեաներնՙ այլ բան: Ու նրանց հավատում են: Բայց ինձ էլ են հավատում: Մի անգամ Ամերիկայի հրեական կոմիտեում էինք, հրեա սենատորներ, կոնգրեսականներ կային, ես պնդեցի ցեղասպանության ճանաչման մասին: Իմ հետեւից դուրս եկավ սենատորներից մեկը, երախտագիտություն հայտնեց չիմացածն յուրացնելու համար եւ ասաց, թե կաշխատի, որ ճանաչման քայլերը չուշանան: Մեկ տարի չանցածՙ Ամերիկայի հրեական կոմիտեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Չեմ ասում, թե սա իմ վաստակն է: Հաջորդ տարի հանդիպմանն ինձ հարց են ուղղումՙ հիմա գո՞հ ես: Ես շնորհակալություն հայտնեցի, իսկ Հայաստանը ինձ շնորհակալություն հայտնե՞ց: Հիմա դիմել եմ ինչպես նրանց, այնպես էլ Եվրոպայի հրեական կոնգրեսին, որ հարցը կարգավորեն, պատերազմը կասեցնեն: Ես համայնքային գործիչ եմ, բայց պետությունը պիտի խոսի բոլորի հետ: Մոսկվա ու Ամերիկա են գնում, խոսում են, բայց դրանից բացի պիտի Երեւան հրավիրեն նրանց, որոնք կարող են Իսրայել մեկնել, խոսել Նաթանյահուի հետ: Կամՙ իրենք գնան:

- Պատերազմը սկսվեց հրեական ամենակարեւոր տոնիՙ Ռոշ խա Շանայի ժամանակ: Ինչպե՞ս կարող էր Իսրայելի վարչապետը չհարգել այդ նվիրական ժամանակահատվածը, չիմանալ, որ մթնեցնում է Հայաստանում ապրող իր հայրենակիցների տոնական օրերը:

- Այո: Բայց իր երկրի բարեկեցությունն իր համար առաջնային է: Երեւի: Ես այս ամենը չեմ հասկանում: Գիտե՞ք, ես հրեական ավանդական ընտանիքում եմ մեծացել: Ինձ համար հրեաներն ամեն ինչ են: Հայրս հաճախ էր ասում, թե ես դեմագոգիա եմ անում: Ինձ համար հիմա էլ վատ հրեա չկա: Սխալ է ասել, որ ամեն բան սխալ է: Նաթանյահուն էլ իր երկրի համար շատ մեծ բան է արել, եւ ասել, թե նա չարիք է, թե հայերի դեմ է, ճիշտ չէ: Այդ զենքը տրվում էր Ադրբեջանին ոչ թե հայերի դեմ գործածելու համար, այլՙ Իրանից պաշտպանվելու համար էր: Ինձ այդպես են բացատրել: Մեզանից պահանջվում էր կոչ ուղղել, մեր համայնքը միակամ դա արել է:

- Իսրայելից ձեր գրությանը պատասխանեցի՞ն:

- Ոչ եւ չէր էլ ենթադրվում: Դա կոչ էր: Ես չեմ կարող դատել Նաթանյահուին, եւ եթե հարցնեքՙ ոչ էլ Փաշինյանին: Նրանք երկուսն էլ բարձր թռիչքի ունակ անհատներ են: Երկրի ղեկավարներ են, նրանց միայն կարող եմ դիմել ու ասելՙ վերջ տվեք: Բայց դատել չեմ կարող եւ չեմ ուզում: Հասկանում եմՙ դուք «տաք» բան եք ուզում: Բայց ես չեմ արձագանքի: Գնացեք դատեք Լուկաշոնկոյին, բոլոր նրանց, որ այս պատերազմի մեջ ներգրավված են: Վրդովվեք Էրդողանի արարքներից: Բաքվի սպառազինման մեջ միայն Իսրայելը չէ, որ մեղավոր է, բոլորի մասին պիտի խոսել:

Այնքան բան ենք արել, որ մեր երկու ժողովուրդների, երկրների հարաբերությունները լավանանՙ ֆորում ենք ստեղծել, թե՛ Հայաստանում, թե՛ Իսրայելում: Խորհրդարանական ֆորում էլ է ստեղծվել, ասես գոյություն ունի, բայց ի՞նչ է անում, ինչպե՞ս, ո՞վ գիտե: Ամեն ինչ կորավ: Երբ ասում եք, թե Իսրայելը կարեւոր երկիր է, ի՞նչ է արվել, որ այդ երկիրը բարեկամ լինի Հայաստանին: Ինչո՞ւ եք կարծում, թե այնտեղ բոլորը պիտի սիրեն ձեզ: Գործ արեք դրա համարՙ դրամ ներդնելով, սեմինարներ կազմակերպելով: Գրագետ, հզոր դեսպան ուղարկեք այդ երկիր: Իսրայելից մեծ բան է կախված, նրա հետ պիտի բարեկամություն անել: Հայաստանը շատ քիչ բարեկամ ունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ