RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020



Տեղադրվել է` 2020-11-05 23:56:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1255, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՆՉ ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱՏ ԹՈՂԱԾ ԳՈՐԾԸ, ՊՈՒՏԻՆԸ ՆՐԱՆ ՀՌՉԱԿՈՒՄ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԸՆԿԵ՞Ր»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

«Ազգ»-ի նախորդ համարում, անդրադառնալով Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական մարդասպան հրոսակի սանձազերծած ահաբեկչական պատերազմին, նշել էի, որ ռուսական կողմը ի սկզբանե, այսինքն դեռ հուլիսից տեղյակ է եղել դրա նախապատրաստման աշխատանքներին: Հոկտենբերի 3-ին, պատերազմի 27-րդ օրը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը , համարելով Ռուսաստանին հիմնական միջնորդ, դեռ խոսում էր հակամարտության խաղաղ կարգավորոման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին հավասարապես օգնելու մասին, ընդգծելով, թե Մոսկվան կողմերից յուրաքանչյուրի հետ ունի ընդհանուր պատմություն, մշակույթ եւ տնտեսական կապեր: Նա ոչ միայն ողջամտորեն շրջանցում էր պայմանագրերով ամրագրված հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, այլ ողջամտորեն կրճատում հակամարտության գոտում տեղակայված ահաբեկիչների եւ վարձկանների թիվը, թե 2 հազարի է հասնում:

ՀՀ արտգործնախարարությունը ուղղեց Լավրովին: Սակայն խնդիրն ահաբեկիչների թիվը չէ, այլ Արցախի դեմ ահաբեկիչների ներգրավմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը քար լռությամբ շրջանցելու ռուսական կողմի միջազգային իրավունքի նորմերը հարգող պետությանը ոչ վայել արարքը, էլ չասած դա կանխելու կամ սանձազերծողներին դատապարտելու մասին: Մինչդեռ Ռուսաստանը սովորական պետություն չէ, համարվում է մեծ տերություն եւ դաշնակիցը Հայաստանի, որի շնորհիվ ապահովում է իր ռազմաքաղաքական ներկայությունը որպես ռուսական գերազդեցության տարածք բնութագրվող Հարավային Կովկասում:

Ռուսաստանը, իրազեկված լինելով նախապես, առանց դատապարտելու շրջանցել է նաեւ ահաբեկիչների հավաքագրումն ու տեղակայումը հակամարտության գոտում: Առհասարակ տեղակայման այսպիսի փաստերը պատասխանատուներին քողարկելու նկրտումով են շրջանցում կամ լռության մատնում, իսկ դա ենթադրում է համագործակցության հանգող պայմանավորվածություն: Հիմա արդեն պարզորոշ կարելի է ասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիը, սկսած նախապատրաստման փուլից, պատերազմի ողջ ընթացքում համագործակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ: Չի բացառվում, որ նրանք միմյանց հետ համաձայնեցրած լինեն Ադրբեջանի «կայծակնային հաղթանակի» ծրագիրը եւ նրանց միջեւ լինի հուլիս-օգոստոսի թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական զորքերին, հատուկ ջոկատայիններին, զենքով, զրահատեխնիկայով եւ օդուժով հանդերձ Ադրբեջանում թողնելու պայմանավորվածություն: Դա վերաբերում է ադրբեջանական օդուժի հետ նաեւ զորքերի կառավարման հանձնմանը թուրքական զինված ուժերի հրամանատարությանը:

Ռուս-թուրքական համագործակցության մասին, հոկտեմբերի 28-ին ՌԴ նախագահի հետ նախորդ օրվա հեռախոսազրույցից հետո Թուրքիայի ազգային մեծ ժողովի ամբիոնից, ՏԱՍՍ-ի վկայությամբ, նշել էր Էրդողանը , ասելով. «Մենք լավ բանակցություններ ենք ունեցել Պուտինի հետ: Մանրամասն քննարկեցինք Ղարաբաղի հարցը: Ես իրեն ասացի. եկեք ավարտենք այս ամենը Կովկասում, հիմա արդեն կարեւոր է հստակ որոշելՙ լուծո՞ւմ ենք այս խնդիրը, թե՞ ոչ»:

Հոկտեմբերի 27-ին Արցախի դեմ ահաբեկչական ագրեսիան Իլհամ Ալիեւը սկսել էր արցախահայությանը բնաջնջելու, իսկ Էրդողանըՙ 1915-ին Ցեղասպանության կիսատ թողած գործը ավարտին հասցնելու նշանաբանով: Ի վերջո բնաջնջումն ու ցեղասպանությունը ինքնորոշման իրավունքի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներն են: Պուտինն էլ Բաքվին Մոսկվայի գիրկը վերադարձնելու հաշվարկներ էր արելՙ հանձնելու միջոցով Արցախը Ադրբեջանին:Այսինքն նրա շահերը միանգամայն համընկնում էին Ալիեւի եւ Էրդողանի հետ: Թերեւա այդ առումով պատահական չէր նրանց միջեւ Հայաստանի եւ Արցախի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն ու Բաքվին Մոսկվայի գիրկը վերադարձնելու համար Արցախն Ադրբեջանին հանձնելու Պուտինի մարտավարությունը:

Այդ մասին ՌԴ նախագահը բացեիբաց հայտարարեց հոկտեմբերի 29-ին կազմակերպված ՎՏԲ կապիտալ ներդրումային ֆորումում, մասնավորապես նշելով. «Մենք ի սկզբանե խոսել ենք 5+2 շրջաններն Ադրբեջանին հանձնելու հնարավորությունների մասին: Առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջը, ապա Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա, այդ թվումՙ Թուրքիայի եւ եվրոպական երկրների մասնակցությամբ գտնել կոնսենսուս»: Պուտինը միաժամանակ, ինչպես վկայում է «INTERFAX.RU»-ն ասել է. «Հայերը դիմեցին զենքի, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի եւս 7 շրջան հայտնվեցին Հայաստանի վերահսկողության տակ: Դա բուն ադրբեջանական տարածք է: Ադրբեջանն ասում է, որ ինքը իրավունք ունի վերադաձնելու այդ տարածքները» (Այստեղ պետք է նշել, որ մեր աշխատակիցը կոնտեքստից դուրս է թողել Սումգայիթին եւ էթնիկ զտումներին վերաբերող Պուտինի խոսքի հատվածը, որը հիմք-հիմնավորումը դարձավ արցախահայերի ինքնապաշտպանության: Խմբ.) :

Ըստ երեւույթին Արցախի եւ Հայաստանի իրավունքն էլ Էթնիկ զտման եւ ցեղասպանության ենթարկվելն է, ինչպես նաեւ վազեվազ Մոսկվա հասնելն ու Կրեմլի դռանը ծնկաչոք փրկության աղերսելը: Համենայնդեպս, Պուտինի ծրագրերը չեին սահմանափակվում սոսկ Արցախը Ադրբեջանին հանձնելու նկրտումներով: Նա հավանաբար Թուրքիային բանակցային գործընթացում ներգրավելու համար մտածում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից ԱՄՆ-ին ու Ֆրանսիային դուրս մղել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացից: Այլապես, հոկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբում չէր հայտարարի բանակցային ձեւաչափը «մի քիչ փոխելու» մասին, ոչ կարտահայտվեր Թուրքիային այդ բանակցություննեում ներգրավվելու անհրաժեշտության մասին, ոչ էլ ըմբռնումով կվերաբերվեր իր իսկ նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հայտարարված հրադադարը խախտելու Ադրբեջանի արարքին, փոխանակ դատապարտելու:

Ի դեպՙ մինչ աշխարհը Արբեջանին դատապարտում էր Արցախի դեմ ագրեսիա ձեռնարկելու, բնակավայրերը հետեւողականորեն ռմբակոծելու, խաղաղ բնակիչների դեմ ժնեւյան կոնվենցիայով արգելված կասետային եւ ֆոսֆորային ռումբ օգտագործելու, իսկ միջազգային կառույցները «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» եւ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության գլավորությամբ մեղադրում է Էրդողանին «հայերի դեմ նոր ցեղասպանություն իրագործելու» մտադրության համար, հիմք ընդունելով նրա «կիսատ թողած գործը ավարտին հասցնելու» խոսքերը, այդ ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Ֆրանսիայի խորհրդարանը Արցախի Հանրապետությունը ճանաչելու նախաձեռնություն էր հանդես բերում, ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներ, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգն ու Հյուսիսային Ուելս շրջանը, Իտալիայի Լոմբարդիա շրջանն ու Լացիո շրջանի Կարբոնյանո համայնքը , Իսպանիայի Բասկերի երկիր ինքնավար համայնքը, Հարավային Օսեթիան, Աբխազիան, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը, ինչպես նաեւ եվրոպական մի շարք քաղաքներ, ներառյալ Փարիզը եւ Միլանը, Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում Էրդողանին հռչակեց «լավագույն գործընկեր», պատճառաբանելով, թե նրա հետ «հնարավոր է լինում բոլոր հարցերը կարգավորել արագ եւ արդյունավետ»:

Քանի որ Պուտինի նախաձեռնությամբ հայտարարված հրադադարը ձախողել էր Էրդողանը, հայտարարելով, թե ինքը դեմ է Արցախի դեմ ընթացող ռազմական գործողությունների դադաեցմանը, ուստի հրադադար հայտարարելիս Պուտինը իրականում պատերազմին վերջ տալու նպատակ չի հետապնդել, նա դրանով ընդամենը փորձել է ԱՄՆ-ին ու Ֆրասիային դուրս մդել կարգավորման գործընթացից: Դա ենթադրում էր հրադադարի հաստատման հնարավորությունների սպառումը: Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանը խախտեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը, իսկ 25-ինՙ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյինը:

Թեեւ հրադադարի հաստատման ամերիկյան նախաձեռնության ձախողումը մեծ գոհունակություն պատճառեց պաշտոնական Մոսկվային, այն առումով, որ որքան ձախողվում էին նախաձեռնությունները, այնքան սպառվում էր հրադադար հաստատելու հնարավորությունը, սակայն ամերիկյան կողմը հետեւողականություն դրսեւորեց եւ կազմակերպելով հոկտեմբերի 30-ին Ժեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ներկայությամբ:Կողմերը Ժնեւում համաձայնության եկան հրադադարի շուրջ, միաժամանակ որոշվեց սկանդինավյան հաղաղապահներ տեղակայել հայ-ադրբեջանական շփման գծում:

Այս որոշումը բուռն հակազդեցություն առաջ բերեց Ռուսաստանի պաշտոնական շրջանակներում, իսկ ռուսական մամուլը վայնասուն բարձրացրեց, թե ի՞նչ գործ ունեն սկանդինավյան խաղաղապահները Հարավային Կովկասում: Ակամա հարց է ծագում, եթե Հարավային Կովկասը ռուսական գերազդեցության տարածք է, ուստի սկանդինավյան խաղաղապահներն այնտեղ չպետք է գործ ունենան, ապա Թուրքիան իր ահաբեկիչներով ու վարձկաններով առաջին իսկ օրից ինչպես էր ներգրավվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մեջ, ինչո՞ւ էր ձախողել հրադադարի պուտինյան նախաձեռնությունը եւ բարոյական ո՞ր իրավունքով է ձգտում որպես միջնորդ մասնակցել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ԵԱՀԿ-ի կողմից Մինսկի խմբի եռանախագահների իրավասությանը հանձնված բանակցային գործընթացին:

Համենայնդեպս, անկախ Մոսկվայի հակազդեցությունից կամ ռուսական մամուլի վայնասունից, սկանդինավյան խաղաղապահների մասին ժնեւյան որոշումով ձախողվեց շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու Կրեմլի որոշումը, որքան էլ Պուտինը դա պայմանավորեր Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ միայն: Ճիշտ է, 90-ականների սկզբին Աբխազիայի եւ Վրաստանի կառավարությունների համաձայնությամբ Ռուսաստանը խաղաղապահներ տեղակայել էր համարտության գոտում, սակայն աբխազական հակամարտությունը, ի տարբերություն ղարաբաղյան հակամարտության, միջազգայնացված չէր: Այսինքն ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու համար պարտադիր ՄԱԿ-ի Անվտագության խորհուրդի որոշումն է պետք, ինչը Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը հազիվ, թե թույլ տան:

Մոսկվան, նախապես իմանալով այդ մասին, դեռ հոկտեմբերի վերջերին սկսել էր հանդես գալ Երեւանին անհրաժեշտ բոլոր աջակցությունները ցուցաբերելու պատրաստակամությամբ, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: Ի դեպ, ադրբեջանական հրոսակը վաղուց արդեն ռմբակոծել էր Վարդենիսն ու հարակից գյուղերը, ընդ որում այդ մասին հպարտանալով ի լուր աշխարհի անձամբ Ալիեւն էր հայտարարել: Սակայն Մոսկվան փաստի իսկությունը ճշտելու համար հարկ համարեց հետաքննություն անցկացնել: Այդ ընթացքում շարունակվեցին ռմբակոծությունները եւ շուտով Ադրբեջանի թիրախը դարձավ նաեւ Գորիսի շրջանի գյուղերը:

Քանի որ Վարդենիսի հրթիռակոծման հայկական կողմի ներկայացրած ապացույցները, այդ թվումՙ Ադրբեջանի նախագահի խոստվանությունը ի զորու չեն եղել համոզելու Մոսկվային փաստի իսկության հարցում, կնշանակի, որ Պուտինը մտավոր հաշմանդամի տեղ է դնում Իլհամ Ալիեւին եւ չի հավատում նրա խոսքերին, կամ Վարդենիսն ու Գորիսը համարում է Միամմարի կամ Գանայի սահմանամերձ քաղաքներ, կամ խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների միջոցով Արցախն ու Հայաստանի սահմանակից բնակավայրերը դատարկելու ծրագիր ունի, որովհետեւ համառորեն խուսափում է ռմբակոծությունների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության հանդեպ կասետային եւ ֆոսֆորային ռումբեր օգտագործելու համար դատապարտել Ադրբեջանին կամ էլ մեզ է ծաղրում, հայերս:

Ի գիտություն ՌԴ նախագահին ասենք, որ ժողովուրդները հիշողություն ունեն, որն անջնջելի է, հատկապես կոտորածների բովով անցած հայ ժողովուրդը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ