RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-04 23:38:44Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
#034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020



Տեղադրվել է` 2020-11-05 23:56:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3553, Տպվել է` 140, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՎԻՆ ՍԱՊՈՆՆ Ի՞ՆՉ ԱՆԻ, ԽԵՎԻՆ ԽՐԱՏՆ Ի՞ՆՉ ԱՆԻ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ամեն շաբաթ Հայաստանը ներքին ցնցում է ապրում: Պատերազմի ու համավարակի գոյությանը վարժված հանրությունը, սեւը ներս արած, սպիտակըՙ դուրս, օրեր է մթնեցնում: Բայց չէ, այսքանը բավական չէ լիարժեք դժոխք ապրելու համար, ամեն շաբաթ ինը բալանոց ցնցում է պետք ժողովրդին, որ վրդովմունքից ու վիրավորանքից շնչահեղձ լինի, օրը տասն անգամ սրտի կաթիլ խմի:

Ամեն ժողովուրդ ուզում է իր իշխանությունների հետ հաշտ ու խաղաղ ապրել, ջան ասի, ջան լսի, քաղաքականությունից հեռու լինի, ղեկավարների ելույթները գոհ ժպիտով լսի ու մտքում ինքն իրենով հպարտանա, որ հենց նրա՛ն է իր ձայնը տվել: Ոչ մի ժողովուրդ հակառակը չի ուզում, որովհետեւ հակառակը նշանակում է առողջություն ու ջղեր քայքայել, լարված մթնոլորտում ապրել, իսկ այդպես ապրելը չափազանց զզվելի է:

Գոյություն ունի սադոմազոխիզմ տերմինը. եթե մի երկրի իշխանություններն ամեն շաբաթ, այն էլ պատերազմական այս դժնդակ օրերին, շատ հաջող կերպով կարողանում են ցնցել ժողովրդին, ուրիշ ինչպե՞ս անվանենք այդ երեւույթը, եթե ոչՙ սադոմազոխիզմ:

Շատերս ամաչում ենք մեր ապրելուց, մի կտոր հացից, տաք անկողնուց, ապահով տանիքից, աշնան արեւի ջերմությանը, Աստծո պարգեւ կյանքին արժանանլուց, որովհետեւ մի քանի հարյուր կիլոմետր այն կողմՙ ռումբ ու հրթիռների տակ մարդիկ են ապրումՙ մեզ նման հայեր, որովհետեւ մեր ազգի լուսավոր, փառապանծ տղերքը հոժարակամ իրենց կյանքն են դրել հայրենիքի զոհասեղանին, ամաչում ենք, որովհետեւ նրանցից շատերը մեկ ամսից ավելի տաք ջուր, տաք անկողին, տաք ճաշ չեն տեսել ու ամեն վայրկյան մահվան ճիրաններում են, որ մենք Հայաստանումՙ Երեւանի կենտրոնում խաղաղ ու անվտանգ աշխատանքի գնանք, ճաշենք, ընթրենք, ռազմաճակատից լավ լուրերի սպասենք ու նորոգենք մեր հավատըՙ տղերքը հաղթելու են:

Որքան էլ զարմանալի է, թիկունքում վարժվում ենք պատերազմին: Ռազմաճակատին ամեն օր ինչ-որ բանով օգտակար լինելը կենսակերպ, հրամայական է դարձել: Նոյեմբերն է սկսվել. յուրաքանչյուրս մեր ստանալիք աշխատավարձից մտովի առանձնացրել ենք այն գումարը, որ պիտի փոխանցենք հիմնադրամներին ու մնացած գումարով փորձենք ապրելՙ դարձյալ ամաչելով, որ այն, ինչ անում ենք, նվազագայունն է մեր տղերքի սուրբ գործի համեմատ: Ու մեկ էլՙ ցնցում, որի էպիկենտրոնն այս անգամ հայրենի խորհրդարանն է: Մեզ ցնցում են, էլեկտրաշոկի ենթարկում, իրենք միամիտ հայացքներով աշխատանքային օրվա ավարտին ցրվում տներով: Խեղճ ժողովուրդ, դեռ չստացածդ աշխատավարձի կեսն արդեն մտովի հրիմնադրամին ես ուղարկում, որ գոնե քեզ արժանի համարես Աստծո պայծառ լույսին, աշնան արեւին, մի կտոր հացին, պատրաստ ես գոտիդ ավելի ձգել, կենցաղդ ու առօրյադ ավելի համեստՙ նվազագույնի հասցնել, միայն թե մեր բանակը լավ զինվի, միայն թե թուրքի լամուկների զինատեսակներից մենք էլ ունենանք:

Պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ թիկունքում ամեն ինչ, ամեն ջանք, ամեն ներդրում պետք է ուղղվի ռազմաճակատին. այդպես է հաղթանակը կերտվում: Լուռ, ներփակված, առանց կարգախոսների ու դրոշակների, մարդիկ բարձր գիտակցումով են ընկալում իրականությունը: Մեղքի զգացումից ուտում ենք մեզՙ նրանք կյանքն են զոհում, իսկ մենքՙ աշխատավարձի կեսը հիմնադրամին ենք փոխանցում ու վե՞րջ: Կյանքի դիմացՙ փո՞ղ... ընդամե՞նը:

Ու մեկ էլՙ ցնցումՙ այս անգամ պարգեւավճարի տեսքով:

Անհավատալի է, անտրամաբանական, անընդունելի. խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկումներից պատերազմական հենց այս օրերի՞ն էր անհրաժեշտ պարգեւավճարների հարցը բարձրաձայնել: Դե արի ու մի մտածիր, որ միտումնավոր չի արվել: Առանց այն էլ լարված, գրգռված հանրությանը հենց պարգեւավճարների թեման էր պակասում: Արտաքին թերաճ քաղաքականություն, ներքաղաքական գզվռտոց, քոռուկաղ դիվանագիտություն, մոլեգնող համավարակ, խարխափող տնտեսություն, ընդհատված կրթություն ու... պատերազմ, պատերազմ, պատերազմ... սարսափելի բարդ խնդիրների թնջուկի մեջ, որից սատանան էլ գլուխ չի հանի, երկրի թիվ մեկ հարցը պարգեւավճարնե՞րն են: Առնվազն անմեղսունակության չափորոշիչ է այն, ինչ տեղի ունենում հիմա Ազգային ժողովում:

Հայրենի կառավարությունն ու օրենսդիրը ոչ միայն չպետք է բարձրաձայնՙ պաշտոնական ամբիոններից առաջ քաշեին այդ հարցը, այլեւ անգամ թղթի վրա չպետք է համարձակվեին շշուկով կարդալ դրա մասին: Հիմա դրա՞ ժամանակ ու տե՞ղն է, պարոնա՛յք ու տիկնա՛յք: Դուք գիտակցո՞ւմ եք, թե մենք հիմա ինչ ժամանակներ ենք ապրում, գիտակցո՞ւմ եք իրավիճակի լրջությունը, պատմականությունը:

Կյանքը գլխի վրա շուռ է եկել, ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է օդում կախված, մեր պետականությունը մազի ծայրին է, թուրքը չոքել է հայոց երկու պետությունների դռանը ու ֆիզիկական բնաջնջում է սպառնում, հային ու հայոց երկիրը ոչնչացնել է սպառնում: Դիմացը ձմեռ է, պատերազմի վերջը չի երեւում, Հայաստանի ամեն անկյունում Արցախից ապաստանած ընտանիքներ են ապրումՙ անշոր, անփող, անհույս, տեղացիներն իրենց հացը, հագուստը, փողը նաեւ նրանց հետ են կիսում, իսկ հայրենի իշխանությունները շուտափույթ կերպով ուզում են պարգեւավճարների բյուջեի հարցերը լուծելՙ հետն էլ դրոշակ թափ տալովՙ թե իմացած լինես, ո՜վ հայ ժողովուրդ, ինչ պատերազմն սկսվել է, պատգամավորները պարգեւավճարները չեն վերցրել ու այսուհետեւ էլ չեն վերցնելու, փոխանցել ու փոխանցելու են հիմնադրամին:

Ի՞նչ լեզվով պետք է բացատրվի, որ առհասարակ պարգեւավճարի հարցն այս օրերին չպետք է բարձրացվեր ու քննարկվեր: Ո՛վ կստանա այդ գրողի տարած պարգեւավճարը, որ եռամսյակը մեկ ժողովրդի վրդովմունքի, բողոքների պատճառն է դառնում, ո՛վ չի ստանա այն, ո՛վՙ որքան կհատկացնի հիմնադրամին, դա բոլորովին այլ հարց է, թիվ մեկ խնդիրն այն է, որ այդ թեման չպետք է շրջանառվեր ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ այլ օղակներում: Ամո՛թ է, անբարոյականություն է , երբ հազարավոր ընտանիքներ հոժարակամ վճռել են անգամ ձմեռվա ամիսներին սուղ միջոցներով ապրել, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների մտքով պարգեւավճար է անցնում: Համավարակն առանց այն էլ հազարավոր աշխատատեղեր է կրճատել, դրան գումարածՙ պատերազմը: Տեղյա՞կ եք, ուսումնասիրություններ արե՞լ եք, թե համավարակի սփռումից ի վեր որքանո՛վ են կրճատվել ՀՀ քաղաքացու միջին եկամուտները: Ամեն հայ, երբ հանգանակություն է կատարում հիմնադրամին, սրտում հույս է փայփայում, որ հավաքված գումարով թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի ունեցած զինատեսակներին համարժեք ռազմամթերք է գնվելու մեր տղերքի համար: Ու հանուն այդ հույսիՙ բոլորս պատրաստ ենք չոր հացով մեր ընտանիքները պահել, ու դրա կողքինՙ պար-գե-վա-վը-ճա՜ր: Հենց միայն այդ բառը հունից հանում է ժողովրդին: Մի՛ հնչեցրեք այդ բառը, խիղճ ունեցեք:

Պատերազմը չոքեց մեր դռանը, ու գործնականում պարզ դարձավ, որ մեր բանակը, համեմատած թշնամի բանակների, կիսազինված է: Գործնականում տեսանք, որ գիտությունը, արդյունաբերությունը, ռազմական արդյունաբերությունը մեր երկրում հետին պլան են մղվել, ու դրա ծանր հետեւանքներն ենք մեր մաշկի վրա զգում, դրա պատճառով մեր տղաներն ամենաթանկ գինն են վճարումՙ իրենց կյանքով: Տեսանք, որ հազարավոր իրավաբանները, տնտեսագետները, ծրագրավորողները, քաղաքագետները պատերազմի ժամանակ երկրի մատից փուշ չեն հանում. մեզ արդյունաբերություն է պետք, մրցունակ գիտություն ու տեխնիկա է պետք, ֆիզիկոսներ, ինժեներներ ու քիմիկոսներ են պետք, որոնց գյուտերը ոչ թե թղթապանակներում կմանան, այլ գործնականում կշրջանառվեն, լուրջ լաբորատորիաներում կներդրվեն ու երկրին օգուտ կբերեն, որ երբ գա ժամանակը, մեր սխալ քաղաքականության բացերի ու թերությունների համար մեր տղերքի կյանքով չհատուցենք:

Վերջին տասը տարում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում համաձայնել է դասավանդել միայն մեկ երիտասարդ շրջանավարտ: Սա ողբերգություն է. գիտությունը, որի անհրաժեշտությունն այնքան խորությամբ զգացինք հատկապես այս օրերին, արհամարհված է, անմրցունակ, որովհետեւ գիտաշխատողի աշխատավարձը 60-80. 000 դրամ է, ու ոչ ոք չի համաձայնում այդ գումարով իր կյանքը նվիրել հանուն ոչնչի:

Գոնե հիմա հասկացեք, պարոնայք, գոնե հիմա դաս լինի, որ ֆիզիկոսին, քիմիկոսին, ինժեներին լավ վարձատրենք, նրանց ներուժը երկրի նաե՛ւ պաշտպանության համար օգտագործենք:

Պատերազմը պե՛տք է փոխի մեզ, պե՛տք է վերանայենք մեր քայլերը, մտքերն ու նպատակները, երկրորդ շանս չենք ունենալու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ