RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-04 23:38:44Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
#034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020



Տեղադրվել է` 2020-11-05 23:56:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3799, Տպվել է` 193, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՐԱՆՍԻԱՆ ՎՃՌԱԿԱՆ Էՙ ԱՐԳԵԼԵՑ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ակնկալում ենք, որ Գերմանիան կհետեւի Ֆրանսիայի օրինակին

Գերմանական հեղինակավոր լրատվամիջոցիՙ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» Փարիզի թղթակից Միշայելա Վիգելը (Michaela Wiegel) թերթի նոյեմբերի 4- ի համարում ծավալուն հոդված է հրապարակել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրամանով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը արգելելու մասին: Ֆրանսիայի կառավարությունը չի երկյուղում թուրքական պետական ղեկավարության սպառնալիքներից եւ չորեքշաբթի, նոյեմբերի 4-ին, ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը (Ge՛rald Darmanin) Ազգային Ժողովում իրազեկել է, թե որոշում է կայացնելու արգելել ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը, քանի որ վերջին շրջանում դրան անդամակից ծայրահեղական հայացքների տեր թուրքեր հարձակվել են ֆրանսահայերի վրա, գրում է թերթի թղթակիցը եւ շարունակում. «Արգելքի նպատակն է արդարադատության մարմիններին հնարավորություն տալ առավել խիստ միջոցներ ձեռնարկել հիշյալ կազմակերպության անդամների հանդեպ, մի կազմակերպություն, որ Ֆրանսիայում պաշտոնապես չէ արձանագրված», գրում է «ՖԱՑ»-ի Ֆրանսիայի թղթակիցը: Նա մանրամասնում է, թե ՆԳ նախարարը պատգամավորներին բացատրել է, որ «Գորշ գայլերը» փորձ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ԼՂ հակամարտությունը Ֆրանսիա տեղափոխել: Ֆրանսիան ամեն ինչ կանիՙ հայկական արմատներով Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտպանելու համար»:

Հայաստանյան լրատվամիջոցները հենց չորեքշաբթի տեղեկացրին, թե Ֆրանսիան արգելել է «Գորշ գայլերի» գործունեությունը, եւ այս առումով մեր ներկայացրածը նորություն չէ: Սակայն կարծում ենք, որ մեր թերթի ընթերցողներին արժե ծանոթացնել հավելյալ մանրամասներ հաղորդող այս հոդվածին, որ տեղի սղության պատճառով համառոտում ենք:

«ՖԱՑ»-ի Փարիզի թղթակիցը ծանուցում է, թե հոկտեմբերի 29-ին Դիժոնի փողոցներով «Ալլահ-ու-աքբար» գոռալով, թուրքական եւ օսմանյան կայսրության դրոշներով, բոլոր հայերի հանդեպ մահվան սպառնալիքներ հնչեցնելով, շարժվել է 80-ից ավելի ծայրահեղական թուրքերի հորդան: Ոստիկանության համար դժվար է եղել վայրագության պատրաստ թուրքերին վերահսկելը: Նախարար Դարմանինը այդ կազմակերպության անդամների մասին արտահայտվելիս նրանց բնութագրել է որպես «բացառիկ ագրեսիվ»: «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թեւը Ազգայնական շարժում կուսակցությունն էՙ MHP-ն, որ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցությանՙ AKP-ի հետ Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն է կազմում, գրում է ՖԱՑ-ը: Գերմանիայում այդ կազմակերպությունն արգելված չէ, իրավապահ մարմիններն աչալուրջ հետեւում են դրան հարողներին: 2019-ին Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության զեկույցի համաձայնՙ «Գորշ գայլեր»-ը «ազգայնական աջ ծայրահեղական գաղափարներ տարածող» որակումն է ստացել: Մեր կարծիքով, Ֆրանսիայի արգելքից հետո գերմանացիները միգուցե նաեւ վերանայեն իրենց որոշումը, մանավանդ Բունդեսթագի «Ձախ» խմբակցության ներկայացուցիչ քուրդ-ալեւի ծագմամբ Սեվիմ Դաղդելենը , նույն օրը ողջունելով Ֆրանսիայի վճռական քայլը, պահանջեց ԳԴՀ կառավարությունից ահաբեկիչներին սանձելու համար հետեւել հարեւան երկրի օրինակին:

ՖԱՑ-ի թղթակիցը նկարագրում է, թե անցած շաբաթավերջին Լիոնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դիմահայաց պատին հայտնվել են թուրքամետ կոչ գրություններ, այդ թվումՙ Ռեջեփ Թայիփ Էրդողան նշանակող լատինատառ RTE եւ «Գորշ գայլեր» ներկված մակագրությունները: Թաղամասը նաեւ Փոքր Հայաստան անունն է ստացել, քանի որ մեծաթիվ հայեր բնակվում են հենց այդ հատվածում, գրում է ՖԱՑ-ը: Այստեղ հայ համայնքն իրեն ապահով չի զգում հուլիսի 24-ից ի վեր, երբ արտոնված հանրահավաքի ժամանակ հարյուրի չափ թուրք ծայրահեղականՙ դանակներով ու երկաթյա ձողերով զինված, հարձակվեցին խաղաղ հանրահավաքի մասնակից հայերի վրաՙ ահաբեկելով հետապնդեցին կանանց ու տղամարդկանց: Մի քանի ժամ տեւեց, մինչեւ ոստիկանությանը հաջողվեց կարգուկանոն հաստատել: Օյոննաքսում (Oyonnax) բնակվող ֆրանսիացի թուրք Ահմեդ Չեթինը , որ ըստ երեւույթին «Գորշ գայլերի» անդամ է, եւ որը պետք է կանգնի դատարանի առաջ, սոցցանցերում արդեն ատելության կոչ էր ուղղել: Նա զինված վազել էր Դեսինի (De՛cine) փողոցներում, գոռացելՙ «Ո՞ւր են հայերը», ու դա տեսագրել էր: Մեկ այլ տեսանյութ դիտելիս պարզ երեւում է, թե ինչպես է իր մարտակից ընկերներին հորդորում դանակները պահել, երբ ոստիկանությունը մոտենում է: Համացանցի մեկ ուրիշ տեսանյութի մեջ հստակ լսելի է նրա խոսքըՙ «Տվեք ինձ 2000 եվրո եւ զենք, եւ ես կանեմ այն, ինչ պիտի արվի, որտեղ էլ լինի Ֆրանսիայում»: ՖԱՑ-ը գրում է, որ Չեթինը 2017-ին մասնակցել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին, «Հավասարություն եւ արդարություն» կուսակցության անդամ լինելով, մի կուսակցություն, որ Էրդողանի կուսակցության պատճենն է: Թերթը հիշեցնում է 2015-ի հոկտեմբերին Ստրասբուրգում Էրդողանի խոսքնՙ ուղղված 650 000 ֆրանսաբնակ թուրքերին: Թուրքիայի նախագահը նրանց կոչ էր անում ընդունել Ֆրանսիայի քաղաքացիություն: «Ինչո՞ւ մի հայրենակից էլ չունենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի կամ Սենատի անդամ լինի», հարցրել էր Էրդողանը եւ ստեղծել «Հավասարություն եւ արդարություն» կուսակցությունը: Այդ կուսակցությունը նկատելի դարձավ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իր ծավալած պայքարով, իրազեկում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեի» թղթակիցը:

Հոդվածագիրն ընդգծում է, որ Լիոնի հայերն իրենց ապահով չեն զգում. Հոկտեմբերի 28-ին թուրքերն իրենց ավտոմեքենաներն ուղղեցին հայերի վրա, A7 ավտոմայրուղով 3 ժամ շարունակ երթեւեկությունը կանգ առավ: Հոկտեմբերի 16-ին Շվեյցարիային սահմանակից Բարդոնեքսում (Bardonnex) էլ վիճաբանություն եղավ: Որտեղ հայ ցուցարարներ են հայտնվում, ծայրահեղական թուրքերը հարձակվում են նրանց վրա: Նման հարձակումներ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ օրենքի գերակայությունն իր վճռական գործունեությունը ցույց չտա, եզրահանգում է գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ