RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-04 23:38:44Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
#034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020



Տեղադրվել է` 2020-11-05 23:56:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 4322, Տպվել է` 267, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ԶՈՀԵՐԻ ԱՐՅԱՆ ԳԻՆԸ ՄԻԱՑՈՒՄՆ Է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ղարաբաղյան առաջին պատերազմի շուրջ 6 հազար զոհերի արյան գինը 27 տարվա խաղաղությունն էրՙ բանակցությունների առկայծող-մարող իմիտացիայով: Թանկ գին է, այո, բայց արցախցին շունչ քաշեց, Շուշին ու Ստեփանակերտը կարգի բերեց: Արցախը դարձել էր այցելության հաճելի ու ցանկալի վայր: Սխալներըՙ շատ, մի հրապարակմամբ չպարփակվող: Հենց թեկուզ այն, որ մենք չբնակեցրինք ազատագրված հողերըՙ իբր պահելով միջազգային պայմանավորվածությունները եւ չվտանգելով խաղաղությունը: Կարծում էինքՙ ստատուս քվոն հավերժ է: Հիմա արդեն հազարից ավելի զոհեր ունենք, թշնամու հետագա մտադրությունները չգիտենք (լավ էլ գիտենքՙ թուրքադրբեջանցին ծարավի է մեր հողերինՙ ողջ Արցախին ու Հայաստանին անգամ), Աստված օգնականՙ նոր զոհեր այս պահից չունենանք, թիվը կավելանա, գիտեմ, երբ մենք հետ ստանանք մարտադաշտում մնացած մեր զոհվածների դիերը: Սա մեր ցավն է դառնալու նվազագույնը մի քանի տասնամյակ: Բայց արժե լրջորեն եւ արագ մտածել, թե որն է լինելու արցախյան նոր պատերազմում զոհվածների արյան գինը: Եթե մեր ղեկավարները, դիվանագետները չկարողանան ցանկալի կտրվածքով հարցը լուծելՙ դա կդառնա իզուր թափված ու գին չունեցող արյունՙ մեր թանկ տղերքը, մեր մատղաշ երիտասարդությունն իր կյանքը դրեցին հանուն փրկության ու վերջնական հաջողության, եւ ոչ բոլորովինՙ անընդունելի լուծումների համար:

Միջազգային աջակցությունն այս պահին մնում է սոսկ արարողակարգային, եւ կարծես մենակ պետք է ապահովենք այն բեկումը ճակատում, որին բոլորս սպասում ենք:

Ինչ եղավ ՌԴ նախագահին ուղղված հայկական կողմիՙ աջակցության սպասման ենթատեքստով նամակի պատասխանը, հարցին ըստ էության ուղիղ պատասխան չկա, այլՙ մոտավորապես այս կարգի.Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է եւ կանի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի, որպեսզի մարդկանց կյանքերը փրկվեն,Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին էլ կարելի է հասնել նաեւ խաղաղ ճանապարհով: Եւ այլն:

Առարկայական ոչինչ: Է, մենք արդեն, եւ միգուցե վաղուց պետք է մտածեինք եւ մտածենք արարողակարգերից դուրս, միջազգայինների քիմքին ոչ հաճելի, բայց մեզ համար անվտանգային ծանրակշիռ երաշխիք պարունակող լուծման մասին:

Արժե մտածել ու քայլեր անել ոչ միայն Արցախի անկախության միջազգային ճանաչման, այլեւ Արցախը Հայաստանի հետ վերամիավորման իրավական ու գործնական հնարավորությունների մասին: Ուրիշ տարբերակ մեզ չեն թողնում: Արագորեն եւ դեֆակտո անել դա, քանի որ թուրքադրբեջանական տանդեմը, քիթը մարտերում կոտրելով, կարող է անցնել տեւական (դադարներով) պատերազմի ու հեռահար, տանջալից-երկարատեւ հրետակոծություններով Ստեփանակերտը, Շուշին, Արցախի այլ բնակավայրեր զրկել ենթակառուցվածներից եւ անբնակ դարձնել: Իսկ միացումը Արցախի երաշխիքային պաշտպանվածության ամենաստույգ ձեւն է, մյուս բոլոր սցենարները անվտանգային երաշխիքների առումով կաղում են: Արցախի միացումը Հայաստանին, իրավական բոլոր խութերը հաղթահարելու ճանապարհով, կարող է փրկել Արցախը ավերվելուց եւ տրամագծորեն փոխել ամեն բան: Աշխարհի վերաբերմունքից չպետք է վախենալ, սովորաբար կատարված իրողությունները ստիպված են լինում ընդունել: Միացումը կլինի արցախյան նոր պատերազմի նորօրյա նահատակների արյան գինը:

Մինչդեռ օդում այլ նոտաներ եւս կան:

Ինչ-որ բան է փոխվե՞լ

Երեկ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը , որպես այս այս պահի մեր արտաքին քաղաքականության գերակայություն,նշում էր Արցախիՙ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունն առաջ մղելու թեզը:

Այ քեզ բան, ինչ է, ռազմաճակատում պարտվում ե՞նք, որ այդպիսի բան եք ասումՙ պարզ ասեք, հասկանանք, հինգ կամ յոթ շրջանի վերադարձի հետ արդեն հաշտվել ե՞ք, բա ավելի վաղ բոլորդ միաբերան չէի՞ք ասումՙ շրջանների վերադարձՙ նշանակում է Արցախի եւ Հայաստանի անվտանգությանն ուղղված հարված, ի վերջոՙ Հայաստանի եւ Արցախի լինելիության հարց, ինչ է կատարվո՞ւմ: Թե՞ մոռացել եք, որ ողջ աշխարհի հայությունը, Հայաստանի հայությունը ոտքի չեն կանգնել այն բանի համար, որ տարածք վերադարձնենք ու ընդամենը Արցախիՙ Ադրբեջանի կազմում չլինելու հարց լուծենք, վերադարձվելիք տարածքներից մեր հայրենիքը թուրքադրբեջանական հրետակոծության թիրախը դարձնելով: Ի՞նչ խաղաղապահ, մեր միակ խաղաղապահը հայ զինվորն է, որը սեպտեմբերի 27-ից վերստին կռվում եւ զոհվում է առաջին պատերազմի ձեռքբերումները չզիջելու համար: Մոռացել եք, հա՞, որ թուրքը եկել է ոչ թե այդ տարածքների, այլ ողջ Արցախի ու Հայաստանի հետեւից: Գեղարքունիքում պտտվող ԱԹՍ-ներըՙ ձեզ ապացույց:

Մինչեւ Եվրոպան հասկանա, որ տեռորը մեր տարածքից ինտենսիվ տեղափոխվելու է նավթի ու գազի նյութական թմբիրից աչք չբացող իր երկրներ, մենք հայրենիք կկորցնենք: Վիեննայում, Փարիզում տեղի ունեցածը դեռ այս երկրներին չի սթափեցնում: Նրանք կարծում են, թե Էրդողանը կատակում է, երբ ասում է, որ ոչ մի եվրոպացի հանգիստ չի զբոսնելու իր երկրի փողոցներում: Եվրոպացին միշտ էլ աչքի է ընկել իր էգոիզմով, մենք նեղանալու ոչ ժամանակ ունենք, ոչ էլ ցանկություն, մենք պետք է ռազմաճակատում հաղթենք, իսկ հետո (եւ հիմա)ՙ դիվանագիտական ճակատում: Կամ հենց երեկ Ալիեւն անամոթաբար չի՞ եկել Լավրովի բերանինՙ ժխտելով ակնհայտը, թուրքերիՙ մեր տարածք բերած երկու հազար ահաբեկիչների փաստը. «Եթե անկեղծ խոսենք, ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն, գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած այդ տեղեկատվությունից եւ ասեկոսեներից»:

Այնպես որ Մնացականյանի միտքըՙ «Ահաբեկիչների հայտնվելը մեր տարածաշրջանում մարտահրավեր է շատ ավելի մեծ համատեքստում եւ ոչ միայն մեզ համար», միգուցե եվրոպացիները հասկանան այն ժամանակ, երբ անընդմեջ ահաբեկությունները թակեն նրանց դռները: Չնայածՙ մեր նախարարը լավատես է ու չի համարում, որ մենք բարեկամի պակաս ունենք.«Մենք աշխարհում բարեկամների պակաս չունենք: Մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով: Մենք շատ հստակ ենք մեր արտաքին քաղաքականության գերակայությունների ձեւավորման տրամաբանության առումով: Այդ տրամաբանությունը կառուցված է մեր ազգային շահերի հետապնդման գերակա նպատակի վրա: Մեր ազգային անվտանգության ճարտարապետությունը կառուցված է շատ գիտակցաբար»:

Օֆ, օֆ-օֆ: Ուշքի եկեք, մեր մենակությունը մեր հարստությունը չէ, բարեկամն էլ քաղաքական կատեգորիա չէ, այլՙ միայն շահը:

«Այսօր լրջագույն մարտահրավեր ունենք մեր առջեւՙ աշխարհաքաղաքական որոշ իրողություններՙ տարածաշրջանային առումով, եւ իրողություններ, որոնք մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի համար: Դա վերաբերում է այն ագրեսիվ քաղաքականությանը, որը վարվում է Թուրքիայի կողմից, դրա սփռումն աբողջ հարեւանությամբ եւ վտանգը, որ դա տեղափոխվելու է նաեւ Հարավային Կովկաս: Այդ մարտահրավերը վերաբերում է մեզ անմիջապես այսօր եւ վերաբերում է ամենախիստ ձեւով: Դա մեզ համար մարդկային կյանքեր է, լրջագույն անվտանգության մարտահավեր է: Բայց այս մարտահրավերը միայն մեզ չի վերաբերում: Եվ այդ առումով է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, մարտի դաշտում, նաեւ աշխարհագրական մարտահրավեր է», գիտե եւ ասում է Մնացականայանը, գիտենք մենք բոլորս, գիտե աշխարհը, բայց վերջինս դեռ տեղից առարկայական շարժում չի անում, իսպանական լրատվամիջոցն էլ Ալիեւի բարբաջանքն է լսում:

Իսկ Մնացականյանը շարունակում է իր լավատեսությունը, թեՙ «Մենք ունենք անհրաժեշտ համագործակցության բոլոր եղանակներն ու հնարավորությունները, որոնք այսօրվա պայմաններում օգտագործվում են եւ պետք է օգտագործվեն հնարավորինս ակտիվ: Ոչ ամենն է արտահայտվում անմիջապես, բայց մենք եղել եւ մնում ենք միջազգային հարաբերությունների սուվերեն անդամ, հետապնդում ենք մեր շահերը այս սուվերենության ամբողջ գործիքակազմն օգտագործելու միջոցով»:

Լրագրողներին էլ Մնացականյանն ասաց, թե հայ-ռուսական պայմանագրով նախատեսված Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու խնդիրը քննարկվում է եւ շուտով մանրամասներ կիմանանք այդ մասին: Մինչդեռ երեկ հրետակոխվում էին Շուշին ու Բերձորն իրենց հարակից բնակավայրերով:

Թրամփին ու Բայդենին սպասելիս

ԱՄՆ-ում հետընտրական վիճակն իսկական հայաստանյան էՙ նկատի ունեմ այն պարագան, որ հայկական բոլոր ընտրություններում միշտ ընդդիմությունը խոսում էր ընտրությունների կեղծման մասին: Հիմա դա ԱՄՆ-ում է: Թրամփն ու Բայդենը, որ ամերիկյան, կարելի է ասել, ամենաանարդար ընտրակարգի հարահոսին էին տրված մեկ օր առաջ կայացած նախագահական ընտրություններում եւ փոխնիփոխ կորցնում կամ ստանում էին հաջողությունը ընտրաքվեները հաշվելիս, հիմա վիճարկում են այդ ընտրությունների արդյունքները: Թրամփը, որ քվեների հաշվման ժամանակ մի փոքր առաջ էր անցել Բայդենից, փոստային քվեարկությունների արդյունքում մի փոքր հետ ընկավ եւ հայտարարեց քվեների կեղծման, ընտրությունների արդյունքը չընդունելու եւ դատարան դիմելու մասին: Բա: Թրամփը մինչեւ հունվար նախագահ է, այնպես որ ամերիկյան ընտրական էպոպեան մինչեւ հունվար կձգվիՙ հայերիս սպասումների ջգրու: Ասեմ, որ այդ ընտրությունները հայերիս համար հետաքրքրական էին այն պատճառով, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկիր է, ու ոչ վերջին դերն ունի Արցախի խնդրի կարգավորման հարցում: Նահանգների հայերն էլ համարյա հակամարտող երկու բանակի էին բաժանվել, որոնցից մեկը հանրապետական Թրամփին էր պաշտպանում, մյուսը դեմոկրատ Բայդենին, վերջինիս հասցեագրելով առավել գործուն աջակցության սպասումՙ Արցախի հայանպաստ լուծման հարցում:

Իրականում այս պատերազմը հայտնի դարձրեց, որ հայերիս հույսը մենք ինքներս ենք, ու դրա վկայությունը հենց ամերիակահայերի, սփյուռքի մյուս հայերի գործուն աջակցության դրսեւորումն է հայրենիքին այս ճակատագրական ժամանակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ