ՊԱՊԱՆ ԿԳԱ, ՉԷ՞…

7
– Պապան ո՞ւր ա, ե՞րբ կգա…- Հիմա փոքր ես, երբ մեծանաս, կհասկանաս ուր ա պապան, ինքը հիմա չի գալիս, որ դու խաղաղ երկնքի տակ մեծանաս…Հենց այսպես է սկսվում օրը Նիկողոսյանների տանը, փոքրիկ Արամը սպասում է հոր վերադարձին:Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան անհետեւանք չթողեց նաեւ Նիկողոսյանների ընտանիքին: 28-ամյա Տարոն Նիկողոսյանը հաղթանակ կերտողներից մեկն էր, նա լույսը խավարից զատեց զենքով, կամքով եւ իր կյանքով:Տարոնը ծնվել է 1992թվ-ինՙԱրագածոտն մարզի Գեղադիր գյուղում, սովորել տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետեւ գերազանց հանձնելով քննությունները ընդունվել Տյումենի Պրոշլյակովի անվան ռազմաինժեներական ուսումնական հաստատություն:«Լավ սովորող աշակերտ էր, համեստ, ընկերասեր, կամեցող տղա էր :Շատ ընկերներ չուներ, բայց ում հետ մոտ էր, շատ նվիրված էր: Ուներ հումորի զգացում: Հարգում եւ սիրում էր ուսուցիչներին: Պատրաստակամ էր նաեւ, ձեռքից եկածը կարող էր նվիրել բոլորին»,- պատմում է ուսուցչուհինՙ Ջեմմա Վարդանյանը:Եղբայրը հիշում է. Տարոնը իդեալիստ էր, ձեռնարկած որեւէ գործ կատարելության էր հասցնում:«Երեք եղբայր էինք ու մեր երեքի մեջ ինքը ուրիշ էր: Իր կարծիքը իմ համար շատ կարեւոր էր, ինքը իմ թիկունքն էր, իմ մեծն էր:Հիշում եմ, երբ բակի բոլոր երեխաներին հավաքում ու խաղեր էր սովորեցնում ու բոլորն ուզում էին գեթ մի վայրկյան ավել մնալ, մի քիչ ավել խաղալ, մի քիչ ավել իրենից սովորել»,- մեզ հետ զրույցում ասաց հերոսի եղբայրըՙ Հայկը, ավելացնելով«Չնայած ֆիզիկապես մեր հետ չի Տարոնը, բայց էն սերը, էն հույսը, էն բարությունը, որ իրենից է մնացել, հավերժ մեզ հետ է լինելու»:Տարոնը վաշտի հրամանատար էր, կապիտան: Ամուսնացած էր, ուներ 2 որդիՙ 1 տարեկան Վահեն ու 4 տարեկան Արամը:«Աշխարհին որ կողմից էլ նայեմՙ մեկ է, Տարոնիս էլ չեմ տեսնելու»,- կոկորդը խեղդող արցունքների միջից ասում է կինըՙ Տաթեւը, ապա շարունակում «Կյանքից նեղացած լինելով հանդերձ շնորհակալ եմ, որ ես եմ ստացել նրա սերը: Տարոնը էն մարդն էր, որ շատ նվիրված էր ընտանիքին, աշխատանքից րոպե առաջ տուն էր գալիս, որ ազատ ժամանակը մեզ հետ անցկացներ: Ինքը ամեն մի օրը տոն էր դարձնում մեզ համար: Որոշել էինք երբ գար, Արամիկին լողի ու բոքսի էինք տանելու, բայց հիմա Արամիկի մտքում մի բան է միայնՙ պապայի նման զինվոր դառնալ»:Տաթեւը մեծ ցավով է մեջբերում ամուսնու խոսքերը«Ասեց, դուխդ չքցե՛ս, կնիկ, հետ եմ գալու, լավ նայեք ձեզ, կարոտել ու սիրում եմ ձեզ շատ, կզանգեմ… Ա՛խ, երանի իրոք հետ գար, ամեն ինչ կտայի, ամեն բան կտայի»:Մեր հերոսը անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների եւ հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի: Նա ընկավ կռվում, բայց ընկերներից ամեն մեկի մեջ մի փոքր մաս թողեց իրենից:Ճանաչենք մեր հերոսներին, ավարտենք իրենց գործը, որ իրենց երազանքները անկատար չմնան, փոխեն աշխարհը: