RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020



Տեղադրվել է` 2020-10-29 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1173, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԱԽՈՂԵՑ ՆԱԵՎ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ, Ի ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅԻ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության դեմ ձեռնարկված թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիան թեւակոխեց 32-րդ օրը: Ռազմական գործողություններն առ այսօր շարունակվում են ռազմաճակատի ողջ երկայնքով եւ ապարդյուն են անցնում շփման գծում թեկուզ մարդասիրական, այսինքն ժամանակավոր հրադադար հաստատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների ջանքերը: Սա նշանակում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան արցախահայությանը բնաջնջելու վճռականությամբ լրջորեն են պատրաստվել պատերազմին:

Միջազգային մամուլն ու լրատվական գործակալությունները, մասնավորապես անգլիական «Գարդիան»-ը, Reuters-ն ու BBC-ն դեռեւա հոկտեմբերի 28-ին նշել էին, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչներ եւ վարձկաններ է տեղափոխում հակամարտության գոտի: Այնուհետեւ նրանք գրեցին ահաբեկիչների եւ վարձկանների հավաքագրման աշխատանքներիՙ հուլիսի վերջերին ակզբնավորման մասին: Սիրիայում սրանց հավաքագրել են Իդլիբում եւ Աֆրինում: Իդլիբը ռուսական ռազմածովային Թարթուս եւ ռազմաօդային Խմեյմիմ ռազմաբազաների անմիջական հարեւանությամբ, Աֆրինն էլՙ Իդլիբ նահանգի:

Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ Ռուսաստանի գերիշխող դիրքը եւ հետախուզական ծառայությունների ակտիվությունը Սիրիայի ողջ տարածքում, պետք է ասել, որ ռուսական կողմը ի ակզբանե քաջատեղյակ է եղել ահաբեկիչների ու վարձակնների հավաքագրման Թուրքիայի աշխատանքներին, պարզապես չի առարկել: Դա ենթադրում է, որ Անկարան նախօրոք դրանք համաձայնեցրել է Մոսկվայի հետ: Թեեւ Ռուսաստանը Լիբիայում ռազմաբազա դեռ չունի, բայց ռազմաքաղաքական ծանրակշիռ ներկայություն ունի: Հետեւաբար ռուսական կողմը տեղյակ է եղել Թուրքիայի Լիբիայում իրականացրած հավաքագրման աշխատանքներին, առավել եւս հավաքագրված ահաբեկիչների ու վարձկանների տեղափոխմանը ղարաբաղյան հակամարտության գոտի:

Քողարկելու համար այս ամենը, ռուսական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, թե Ռուսաստանը Սիրիայում եւ Լիբիայում պատերազմում է Թուրքիայի հետ: Իրականում ռուսաստանցի զինծառայողները Իդլիբում եւ Թել Աբիադ-Ռաս ուլ Այն հատվածում թուրք զինծառայողների հետ համատեղ պարեկություն են անցկացում: Գալով Լիբիային , ապա ալ Սարաջի եւ գեներալ Խաֆթարի միջեւ հրադարար հաստատելու համար ընթացիկ տարվա հունվարին եւ մարտին անձանբ Մոսկվա էր մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկելով այնտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հրադադարի պայմանները: Թեեւ Խաֆթարը խախտեց հրադադարի պայմանավորվածությունը, սական դրա ձեռք բերումը Մոսկվայում եւ Սիրիայում համատեղ անցկացվող ռուս-թուրքական պարեկային ծառայությունը միանգամայն հակասում է Ռուսաստանիՙ Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիայի հետ պատերազմելու տրամաբանությանությանը: Ընդհակառակը, նրանք ավելի շուտ համագործակցում են, ոչ թե պատերազմում:

Ինչ վերաբերում է թուրքական հատուկ նշանակության զորքերի եւ ռազմաօդային ուժերի առկայությանն հակամարտության գոտում, որոնց շարքերն այնուհետեւ համալրեցին Պակիստանի հատուկ նշանակության զորքերը, պակիստանցի եւ աֆղան ահաբեկիչներով հանդերձ, ապա նրանք Ադրբեջանում տեղակայվել են դերեւս հուլիսի վերջերին եւ օգոստոսի սկիզբներին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ: Առհասարակ, երբ զորավարժություններ են անցկացվում, անցկացնող կողմը կանխավ զգուշացնում է հարեւան երկրներին, պայմանով, որ դրանց ավարտին իր զորքերը, տեխնիկան եւ ռազմաօդային ուժերը դուրս բերի:

Թուրքիան եթե զգուշացրել է զորավարժությունների մասին ռուսական կողմին, ապա զգուշացրած պետք լինի, որ մասնակից զորքերը, ռազմական տեխնիկան եւ ռազմաօդային ուժերը մնալու են Ադրբեջանում: Քանի որ դրանք դուրս չեն բերվել եւ ռուսական կողմը չի առարկել. ուստի Թուրքիան եւ Ռուսաստանն այս հարցում եւս նախօրոք եկել են փոխհամաձայության: Ռուս-թուրքական փոխհամաձայնության արդյունքը պետք է համարել նաեւ օդային ղեկավարման հանձնումը Թուրքիային, որից հետո ռազմական գործողությունների ղեկավարումը ռազմաճակատում լիովին հանձնվեց թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբին:

Դա նույնպես ռուս-թուրքական փոխհամաձայնության արդյունքն է, պայմանավորված մեկ-երկու օրում հայկական ուժերին ջախջախելու, կայծակնային արագությամբ ողջ Արցախն ու հարակից տարածքները գրավելու հաշվարկներով: Ըստ երեւույթին Մոսկվան նույնպես կայծակնային հաղթանակ էր ակնկալում հայատյացության անասնական բնազդով տառապող թուրք-ադրբեջանական մարդասպան հրոսակից, որ օրեր շարունակ շրջանցեց Թուրքիայի ներգրավվածությունը Արցախի դեմ սանձազերծված պատերազմում, ահաբեկիչների եւ վարձկանների տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում, առավել եւս խաղաղ բնակավայրերի հետեւողականորեն հրթիռակոծումն ու ռմբակոծումը, էլ չենք խոսում խաղաղ բնակիչների սպանության, հայ ռազմագերիների գլուխը կտրելու ադրբեջանական դրսեւորումների մասին:

Ակնհայտ է, որ ակնկալիքի իրականացման, այսինքն Արցախի գրավման դեպքում Հայաստանը վազեվազ հասնելու էր Մոսկվա եւ Ժիրինովսկու Պետդումայում ի հայտ բերած մարգարեությանը համապատասխան Կրեմլի դրանը ծնկաչոք փրկություն աղերսեր Ռուսաստանից: Հիմա արդեն պարզորոշ կարելի է ասել, պատերազմի սկզբնական փուլում, մինչեւ թուրք-ադրբեջանական հրոսակի առաջխաղացման կասեցումը, Մոսկվան վարում էր Արցախը Ադրբեջանին հանձնելու մարտավարություն, որ Բաքվին վերադարձնի Ռուսաստանի գիրկը: Արցախի հանձնումը ինքնաբերաբար վերագրվելու էր Թուրքիայի նկրտումներին, ինչը նպաստելու էր, որ Ռուսաստանը չոր դուրս գա ջրից: Այդ առումով չափազանց հատկանշական է ռուսական հեռուստատեսություններից մեկում հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կազմակերպված քննարկումը, որին քաղաքագետների հետ մասնակցել է նաեւ տեղեկատվության ռազմական գործակալության թղթակից ոմն Տրետյակովը եւ ասել. «Թող Ադրբեջանը գրավի Լեռնային Ղարաբաղը, որտեղ հայերը հարյուր տարի միասին են ապրել ադրբեջանցիների հետ, նորից կապրեն»:

Հատկանշական է, որ մինչ Մոսկվան ըմբռնումով էր մոտենում ադրբեջանցի հրոսակի գազանություններին, խնամքով շրջանցում պատերազմին Թուրքիայի ներգրավվածության եւ հակամարտության գոտում ահաբեկիչների ու վարձկանների տեղակայման փաստերը, աշխարհի բազմաթիվ երկրներ Ավստրիայի գլխավորությամբ Արցախի դեմ ագրեսիա սանձազերծելու, արցախահայությանը բնաջնջելու, խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու եւ վայրագություններ դրսեւորելու համար Ադրբեջանին, պատերազմի մեջ ներգրավվելիս ահաբեկիչներին ու վարձկաններին էլ իր հետ ներգրավելու, ինչպես նաեւ Էրդողանի արտահայտությամբ 1915-ին «կիսատ թողած գործն ավարտին հասցնելու» հաշվարկով ցեղասպանության նկրտումներ դրսեւորելու համար դատապարտեցին Թուրքիային: Այդ ընթացքում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հոկտեմբերի 28-ի հաղորդագրությամբ, վկայակոչելով Էրդողանի խոսքերը, Թուրքիային դատապարտեց հայության հանդեպ «իրենց պապերի առաքելությունը շարունակելու» պատրաստակամության համար, ընդգծելով , որ այդ առաքելությունը: իրագործվել է մեկ դար առաջ Կովկասում եւ Հայոց ցեղասպանությունը շարունակելու ուղղակի սպառնալիք է:

Վերոհիշյալ երկրներից ոմանք էլ թուրք-ադրբեջանական ոհմակին դատապարտելուց զատ Կանադայի գլխավորությամբ Թուրքիային զինատեսակներ եւ ռազմական սարքեր չտրամադրելու որոշում ընդունեցին, զուգահեռ դրան Եվրոպայի բազմաթիվ քաղաքներ, ինչպես Փարիզը, Միլանը ճանաչեցին Արցախի Հանրապետության անկախությունը, ճանաչման հարցը մտավ ինչպես Ֆրանսիայի խորհրդարանի, այնպես էլ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգ, ներառյալ Ադրբեջանին եւ Թուրքիային պատժելու հարցը: Նրանք խստագույնս դատապարտեցին նաեւ Արցախում խաղաղ բնակիչների եւ բնակավայրերի թիրախավորման Ադրբեջանի գործողությունները:

Շուտով ի չիք դարձան Արցախի դեմ կայծակնային հաղթանակի հասնելու բոլոր ակնկալիքները: Պաշտանության բանակի քաջարի զինվորները, որոնք ռազմադաշտում առասպելներ են կերտում, ոչ միայն կասեցրին թուրք-ադրբեջանական ոհմակի առաջխաղացումը, այլեւ արժանի հակահարված հասցնելով չարանենգ ոսոխին, ստեղծեցին ադրբեջանական զորքերին ջախջախելու նախադրյալներ: Այս հանգամանքը ինքնին հաղթանակ էր, ինչը լուրջ մտահոգություն պատճառեց թուրքական կողմին: Ըստ երեւույթին մտահոգված էր նաեւ Ռուսաստանը, որ հոկտեմբերի 9-ին Մոսկվա հրավիրվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արգործնախարարներ Մնացականյանին ու Բայրամովին:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ իրականացված 11.5 ժամյա բանակցություններից հետո, որին հեռախոսակապի միջոցով մասնակցել էր նաեւ նախագահ Պուտինը, կողմերը եկան համաձայնության եւ հոկտեմբերի 10-ին հայտարարվեց մարդասիրական հրադադար: Սակայն դրա ուժի մեջ մտնելուց 5 րոպե անց ադրբեջանական կողմը խախտեց հրադադարը: Թեեւ դա չէր նպաստում Պուտինի, հետեւաբար Ռուսաստանի միջազգային հեղինակությանը, ռուսական կողմը զերծ մնաց Ադրբեջանին դատապարտելուց: Չի բացառվում, որ այդ խախտումը նույնպես ադրբեջանական կողմը համաձայնեցրած լինի ռուսականի հետ:

Ինչո ւ: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ հրադադարի խախտումից հետո ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սկսեցին խոսել հակամարտության գոտում տեղակայված ահաբեկիչների եւ վարձկանների մասին, առանց նշելու Թուրքիայի անունը: Ըստ երեւույթին դա պայմանավորված էր վերջիններիս Չեչնիա եւ Դաղստան ներթափանցման, ապա Վոլգոգրադում հայտնվելու փաստի հետ, ինչի լույսի տակ կարելի է պնդել, որ եթե Արցախի պաշտպանության բանակը արժանի հակահարված չտար այս հրոսակներին, ապա սրանք հավանաբար կհայտնվեին Մոսկվայի մատույցներում:

Ինչ վերաբերում է Լավրովին ու Պուտինին, ապա նրանք ահաբեկիչների եւ վարձկանների տեղակայմանն ադրադարձան Զոհրաբ Մնացականյանի Վաշինգտոն այցի նախօրյակին միայն: Նրանք պայմանավորելով հանդերձ վերջիններիս տեղակայումը Թուրքիայի ձեռնարկումներով, հարկ չհամարեցին դրա համար դատապարտել Էրդողանին, հետեւաբար թուրքական պետությանը: Փոխարենը Պուտինը ոգեւորված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրադադար հաստատելու հոկտեմբերի 17-ի նախաձեռնության ձախողումով սկսեց արծարծել ռազմաճակատի շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու հարցը, ընդգծելով ամեն անգամ, որ դա տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ միայն:

Նախաձեռնությունների տապալումը, ինչ խոսք, սպառում է հակամարտության գոտում հրադադար հաստատելու հնարավորությունը, փոխարենը մեծացնում ռուս խաղաղապահների տեղակայման հավանակությունը: Դա ենթադրում է Մինսկի խմբի եռանախագահող մյուս երկրներիՙ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դուրս մղումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից: Չի բացառվում, որ Ռուսաստանն ունենա հետագայում ռուս խաղաղապահների շարքը թուրք խաղաղապահներով համալրելու ծրագիր, որպեսզի սրանք , ինչպես Սիրիայում, ռուսների հետ համատեղ պարեկություն անեն Արցախի սահմանների երկայնքով:

Այնուամենայնիվ, ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հրավերով այցը Վաշինգտոնՙ խախտեց Պուտինի հաշվարկները: Փոխարենը նա, մասնակցելով հոկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբի կազմակերպած քննարկումներին, որոնք նվիրված էին ռազմադաշտում տիրող իրավիճակին, ասաց, որ իրենք սերտ կապեր ունեն Ադրբեջանի հետ, Հայաստանին եւս վերջինի պես անվանեց գործընկեր, մոռանալով 1995-1997 թթ. ռազմավարական պայմանագրերի մասին եւ դատապարտեց սումգայիթյան ջարդերերը: Դա իրականում յուրատեսակ կոնֆետ էր հայերին: Կոնֆետը որպես կանոն թուլացնում է զգոնությունը, հատկապես եթե դա մոսկովյան է:

Մեկ այլ կոնֆետ էլ մեզ մատուցեցին ռուսական լրատվամիջոցները, շրջանառության մեջ դնելով Գորիսում ռուսական դեսանտի իջեցման անհիմն վարկածը: Հոկտենբերի 24-ին արտգործնախարար Մնացականյանը Վաշինգտոնում արժանացավ մեծ ուշադրության: Պետքարտուղար Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունը հայտնեց զոհերի կապակցությամբ: Երկուստեք վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Բայրամովին, ապա նաեւ Մնցականյանին ընդունեց նաեւ ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ ՕՙԲրայնը, հանդիպումներից հետո նշելով. «Ես Բայրամովին ասել եմՙ հրաժարվել արտաքին ուժերի ներգրավվածությունից եւ դադարեցնել ռազմական գործողությունները հակամարտության գոտում»: Պետքարտուղար Պոմպեոյի եւ ՕՙԲրայնի հետ հանդիպումներից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվեցին հրադադարի շուրջը, որը հայտարարվեց հոկտեմբերի 25-ին:

Ադրբեջանական կողմը, սակայն, խախտեց նաեւ Պոմպեոյի նախաձռնությունը: Դրանում, ըստ ամենայնի, իր դերը խաղաց նախագահ Դոնալդ Թրամփի Նյու Հեմփշիրում ունեցած հայանպաստ ելույթը, առավել եւս հակամարտության կարգավորման Կոսովոյի տարբերակի հիշատակումը: Ելութում ԱՄՆ նախագահն ասաց, նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտությունը. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մենք դա արեցինք Կոսովոյի ու Սերբիայի պարագայում: Եվ սա այն բանից հետո, երբ երկար տարիներ ոչ ոք անգամ չի մտածել, որ նրանք կարող էին միավորվել: Հայերը հիանալի ժողովուրդ են, նրանք արիաբար մարտնչում են: Կօգնենք հարթել նրանց խնդիրներըՙ մահն ու կռիվը»:

Կոսովոյի օրինակը պետք է սարսափահար աներ ինչպես Ադրբեջանին , այնպես էլ Թուրքիային, այն առումով, որ այս երկիրն ոչ միայն անկախացել, այլեւ անդամակցել է ՄԱԿ-ին: Ահա թե ինչու նախագահ Թրամփի ելույթից հետո Արցախի դեմ պատերազմը մինչեւ հաղթանակ շարունակելու վճռականություն ցուցաբերող Իլհամ Ալիեւը, հանկարծ վարչապետ Փաշինյանի հետ Մոսկվայում հանդիպելու պատրաստակամություն հայտնեց: Մինչ Մոսկվան Պոմպեոյի հրադադարի ձախողման առթիվ հրճվում էր, ահա հոկտեմբերի 27-ին պետքարտուղարը հեռախոսազրույց է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում Պոմպեոն կոչ է անում կողմերին կատարել հրադադարի պահպանման պարտավորությունները: Հոկտեմբերի 29-ին Ժնեւում նշանակվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ընդ որում Մինսկի խնբի եռանախագահների ներկայությամբ: Դա հազիվ թե ձեռնտու լինի ադրբեջանական կողմին, որովհետեւ զգալի սահմանափակում է ստանձնած պարտավորություններից հրաժարվելու վերջինի հնարավորությունը: Բայրամովը կներկայանա այդ հանդիպմանը, թե՞ ոչ, չգիտենք: Բայց որ չներկայանալու դեպքում Ադրբեջանը կվճարի դրա գինը, կասկած չի հարուցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ