RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020



Տեղադրվել է` 2020-10-15 23:08:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 871, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՅԱՆՔՙ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի Լրագրության բաժնի 3-րդ կուրս

Հերոսին ծնում է ժամանակը, ու երբեք չի պարտվի այն հայրենիքը, որն իր զավակների համար թանկ է սեփական կյանքից : 19-ամյա հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը , որի լուսանկարը դարձավ հերոսական այս պայքարի եւ հաղթանակի խորհրդանիշ, իր իմացած հնարավոր ու անհնարին միջոցներով արել է ամեն ինչ հանուն հայրենիքի ազատության: Այսուհետ տարիները անզոր են լինելու, մեղմելու նրա կորստի ֆիզիկական ցավը: Ինչո՞ւ ֆիզիկական, պատասխանը պարզ է, նրա սխրանքն անմահ է, իսկ հիշատակը վառ է մնալու հավերժ:

«Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ եւ ում մեծագույն սերը հայրենիքն էր», - հոկտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր հերոսի հայրըՙ Արտակ Հովհաննիսյանը , ցավով տեղեկացնելով որ իր որդին հերոս նախնիների ճամփան է բռնել:

Լուսանկարի ու մեր սրտերի հերոսը գնացՙ փոշոտ համազգեստով, վրեժխնդիր կամքով, ու հաղթանակ կերտելու բերկրանքով:

«Միասին ենք մեծացել, կռվել ենք, իրարից նեղացել, երկու րոպե հետո ուս ուսի տվել ու ամեն ինչ մոռացել: Մենք մեկս մեկով էինք ուժեղ: Հիշում եմ մեր առաջին լողալ սովորելու փորձերը, մեկս մեկին օգնելն ու կռիվներն ուրիշների դեմ: Ախպեր բառը հենց իր համար էր, մենք դեռ շատ տեղեր պիտի գնայինք ու շատ բաներ պիտի անեինք: Ինքը գնաց ինձ լիքը խորհուրդ թողնելով, չնայած ես իրեն չեմ կորցրել: Իմ հերոսը կա ու իմ մեջ ապրելու է միշտ»,- ասաց Խաչիկը ՙ Ալբերտի հորաքրոջ տղան, ավելացնելովՙ նրանք , ովքեր մեզ սիրում են, երբեք չեն լքում:

Ընկերները հիշում ենՙ Ալբերտն անհամբեր սպասում էր բանակ զորակոչվելուն, անընդհատ խոսում էր այն մասին, թե ինչ հետաքրիր է անցնելու իր ծառայությունը: Հաճախ կրկնում էր նաեւ «Մինչեւ իմ գալը ոչ մի հարսանիք, բոլորիդ հարսանիքներին ներկա եմ լինելու»:

«Աբոն ամենանրբանկատ, բարի, լուսավոր ու կյանքով լի մարդկանցից էր իմ կյանքում: Դպրոցական տարիներին, չզգացի էլ թե ո՞նց ընկերացանք: Մեր առաջին դպրոցական օրից սկսած, միասին ենք կիսել դպրոցական նստարանը, ճանապարհը ու Աբոյի պատրաստած անկրկնելի սենդվիչները, որ ամեն օր պատրաստում ու բերում էր երկուսիս համար: Կյանքում չեմ մոռանա գիշերային Երեւանում, դպրոցը նոր ավարտած տղայի աչքերի փայլը, ինչքան ուրախություն կար այդ աչքերի մեջ ու ինչքան լույս իր մեջ», -պատմում է Ալբերտի դասընկերուհինՙ Լիան:

Սեպտեմբերի 15-ին Ալբերտը դարձել էր 19 տարեկան: Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության բաժնում էր սովորում, դիվանագետ էր դառնալու:

«Ամենակարեւորը մարդկության համարՙ պատերազմ չլինի», ուսուցչուհին հիշում է Ալբերտի խոսքերն ու ավելացնում, «Ալբերտը շատ բարձր մարդկային արժանիքներ ուներ: Պարկեշտ էր, խելացի, պատասխանատու, նրան մեծ ապագա էր սպասվում»:

Արցախի Հանրապետության նախագահի հրամանով Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվեց «Արիության համար» մեդալով: Նա հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեց, դառնալով ներկա ու ապագա սերունդների հերոսը: Նրան հաջողվեց ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլեւ փայլել իր անմնացորդ ծառայությամբ:

Մեր հրետանավորի անվրեպ հարվածը թշնամին դեռ երկար կհիշի, իսկ հայրենիքի հանդեպ սերն ու անմնացորդ նվիրումը կմնա որպես դաս սերունդներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ