RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
2020-11-20 11:38:21«Հրապարակ». Փաշինյանը քաղաքական առևտուր է սկսել «Իմ քայլի» հետ. «ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս»
2020-11-19 20:14:55Դիմակը գրեթե չի պաշտպանում COVID-19-ից․ հետազոտություն Դանիայում
#031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020



Տեղադրվել է` 2020-10-15 23:08:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1162, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Արցախյան պատերազմում ռազմական գործողությունների ծավալները նկատի ունենալով կարելի է ենթադրել, որ պատերազմող կողմերը կրել են լուրջ վնասներ: Դա առավելապես վերաբերում է նախահարձակ եւ ավելի մեծ ռեսուրսներ ներգրաված ու կորցրած կողմինՙ Ադրբեջանին: Տարբեր հաշվարկներով, ադրբեջանական կողմի վնասները միայն ռազմական գործողությունների ընթացքում առնվազն գերազանցել են մեկ միլիարդ դոլարը: Միաժամանակ, միամտություն կլինի մտածել, թե դա Ադրբեջանի տնտեսության համար կործանարար կարող է լինել: Այդուհանդերձ, այդ երկրի կրած վնասները չեն սահմանափակվելու միայն այսքանով:

Մինչեւ պատերազմ սանձազերծելն էլ Ադրբեջանի տնտեսության վիճակը այդքան էլ լավ չէր: Մի կողմիցՙ դա պայմանավորված էր կորոնավիրուսով, մյուս կողմիցՙ նավթի միջազգային գների անկմամբ: Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների տվյալներով Ադրբեջանում տնտեսական անկում 3 տոկոս էր: Նավթային եկամուտների շնորհիվ այդ երկրիՙ մշտապես հավելուրդ ունեցող պետական բյուջեն ուներ 1 տոկոսանոց դեֆիցիտՙ (պակասուրդ): Այս կացության մեջ, բացի այլ պատճառներից, Իլհամ Ալիեւի համար պատերազմը սոցիալական վիճակի վատթարացումից երկրի հանրության ուշադրությունը շեղելու միջոց էր: Նույն վիճակն էր 2016 թ-ին, երբ երկու տարի շարունակվող նավթի գների անկման եւ սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պատճառով բնակչության դժգոհություններից խուսափելու համար Ադրբեջանի նախագահը սկսեց ապրիլյան պատերազմը:

Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է էներգակիրներիՙ նավթի եւ գազի վրա: Դրանք կազմում են արտահանման գրեթե 90 տոկոսը եւ համախառն ներքին արդյունքի մոտ 50 տոկոսը: Նավթի գների յուրաքանչյուր անկում անմիջապես ազդում է այդ երկրի տնտեսության վրա: Վերջին ամիսներին այդ գները կտրուկ նվազել են: Եղել է պահ, երբ 1 բարել Brent տեսակի նավթի միջազգային գինը իջել էր մինչեւ 19 դոլարի: Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ նավթի գինը գտնվում էր 60-70 դոլարի միջակայքում: Այժմ այդ գները տատանվում են 40-42 դոլարի միջակայքում: Ադրբեջանում 2020 թ-ի բյուջեն կազմելիս հիմք է ընդունել 55 դոլար 1 բարելի դիմաց միջազգային գինը: Այսինքն, բյուջեի եկամուտները ավելի քիչ են լինելու եւ անհրաժեշտ ծախսերը կատարելու համար դրանք պետք է լրացվեն:

Բացի նավթի միջազգային գների նվազումից, նվազում են նաեւ ադրբեջանական նավթի արդյունահանման եւ համապատասխանաբարՙ նաեւ արտահանման ծավալները: Այս տարվա նույնՙ հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից ամբողջ արտահանումը նվազել էր 25 տոկոսով, ներմուծումըՙ մոտ 29 տոկոսով: Բյուջեով նախատեսված եկամուտները լրացնելու համար օգտագործվելու է պետական նավթային ֆոնդի գումարները: Տարվա առաջին կեսին այդ նպատակով մոտ 6 մլրդ դոլար է ծախսվել: Միանշանակ է, որ մինչեւ տարեվերջ այդ նավթային ֆոնդից պետբյուջեն լրացնելու համար ավելի մեծ գումարներ են ծախսվելու: Տեղեկացնենք, որ 2019 թ-ին Ադրբեջանի նավթային ֆոնդում առկա էր մոտ 42,5 մլրդ դոլար: Այն նվազելու է այս տարի:

Միաժամանակ, պարզ է, որ ցանկացած պատերազմ վանում է ներդրումները: Նավթի եւ արդյունահանման ծավալների նվազումը արդեն իսկ բերել է մի քանի խոշոր ներդրողների հեռանալուն վերջին տարիներին: Նոր ներդրումները ներգրավել Ադրբեջանում, հատկապես ոչ նավթային եւ գազային ոլորտներում, գործնականում անհնար է ակնկալել: Հատկապես եթե նկատի ունենանք այդ երկրի ղեկավարությանՙ ամեն պահի ռազմական արկածախնդրություն սկսելու հակումը: Սա Ադրբեջանի տնտեսական կացությունն է այս պահի դրությամբ:

Իսկ ի՞նչ խնդիրներ կան թուրքական տնտեսության մեջ:

Թուրքական արժույթըՙ լիրան, կտրուկ գահավիժել է սեպտեմբերի 28-ին, այդ երկրի նախագահ Ռեջեբ Էրդողանի կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններին Թուրքիայի աջակցության մասին հայտարարությունից հետո: Այդ օրվա ընթացքում անկումը գագաթնակետին էր հասել, կազմելով 7,79 լիրա 1 դոլարի դիմաց: Դա պայմանավորված է այն մտահոգություններով, որ Թուրքիան կարող է մտնել նոր տարածաշրջանային հակամարտության մեջ: Հոկտեմբերի 14-ի դրությամբ թուրքական արժույթն ավելի էր արժեզրկվելՙ 1 դոլարի դիմաց 7,95 թուրքական լիրա:

Տարեսկզբից ի վեր, թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 28 տոկոսով եւ զարգացող երկրների ամենաթույլ արժույթների մեջ գտնվում է առաջին տեղերում: Թուրքական արժույթին այդ երկրի Կենտրոնական բանկն աջակցելու հնարավորություն առանձնապես չունի: Բանն այն է, որ տարեսկզբին Թուրքիայի Կենտրոնական բանկի վալյուտային ակտիվները 74 մլրդ դոլարից այս պահի դրությամբ իջել են մինեւ 44,9 մլրդ դոլարի: Ընդ որում, այդ գումարից 44 մլրդ դոլարը առեւտրային բանկերի ռեզերվներն են, ինչը նշանակում է, որ ԿԲ վալյուտային ռեսուրսը գրեթե զրոյական է: Սա Moodys միջազգային վարկանիշային կազմակերպության տեղեկատվությունն է: Սեպտեմբերի կեսերին վերոնշյալ վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել էր Թուրքիայի սուվերեն վարկանիշը մինչեւ B2 մինուսի, ինչպիսի վարկանիշ ունեն Ռուանդան եւ Ուգանդան: Moodys-ը նաեւ զգուշացրել է, որ Թուրքիային սպասվում է «վճարման բալանսի ճգնաժամ»:

Այդուհանդերձ, ինչպես տեսնում ենք, չնայած այս ամենին, արցախյան պատերազմում թուրքական ակտիվ ներգրավվածությունը շարունակվում է: Որքան էլ ցավալի է, մենք նույնպես նպաստում ենք թուրքական տնտեսության զարգացմանը, ակտիվորեն ներմուծելով եւ սպառելով թուրքական արտադրության ամենաբազմազան ապրանքները: Այդ թեմային բազմիցս ենք անդրադարձել: Հասարակական տրամադրությունների եւ բիզնեսի մոտ միայն այս օրերին առաջացան դրական տեղաշարժեր այս առթիվ: Թուրքական ներմուծման հետ կապված անդրադարձ կանենք «Ազգ»ի առաջիկա համարներից մեկում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ