RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
2020-11-20 11:38:21«Հրապարակ». Փաշինյանը քաղաքական առևտուր է սկսել «Իմ քայլի» հետ. «ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս»
2020-11-19 20:14:55Դիմակը գրեթե չի պաշտպանում COVID-19-ից․ հետազոտություն Դանիայում
#031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020



Տեղադրվել է` 2020-10-15 23:08:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1191, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐՆ ՈՒՐԻ՞Շ Է

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Յուրաքանչյուր իրավիճակում առավելագույն արդյունք ստանալու բազում պատումների ականատեսն ու ունկնդիրը դարձանք հերթական պատերազմի այս օրերին: Անգամ անելանելի թվացող պահերին մեր մարտիկները հրաշքներ գործեցին, ապացուցելով, որ անհնարին կոչվածը շատ հաճախ անելիքի սթափ գիտակցումն է, հաղթահարելի խոչընդոտը, գործելու ուրույն վիճակը:

Այսօրինակ գործընթացների շարան է դրված նաեւ տնտեսություն կոչվող ասպարեզի հիմքում, որն առաջին հայացքից գերբարդ ու անլուծելի լաբիրինթոսի նմանվող յուրօրինակ փորձադաշտ է, շատ դեպքերում էլՙ գործողությունների կանխատեսելի հարթակՙ իր առաջնահերթություններով: Գրեթե անվիճելի է, որ հանրային առումով առաջնայինը հանրության ու առանձին վերցրած անհատի առօրյա պահանջմունքների նվազագույնից-առավելագույն կարիքների բավարարումն է, որտեղ գլխավորը թերեւս սննդակարգն էՙ ցանկալի որակական, քանակային ու գնային առումներով:Համաշխարհային գործընթացներն ու վիճակագրությունը աներկբա հաստատում են, որ այս կերպ են առաջնորդվում թե՛ հողա-ջրային, թե՛ ջերմա-տարածքային որոշակի սահմանափակ պայմաններում գտնվող երկրները: Այստեղ խնդիրներից մեկն անքննելի էՙ հնարավորինս խուսափել բաց դաշտավարությունում առաջացող ռիսկերից, որոնք պատուհասում են պարենային ապահովության ու անվտանգության առումներով սնունդ ու վերամշակման հումք արարող մարդկանց ու տնտեսական ճյուղի գործունեությունը: Ասելիքը հիմնավորելու նպատակով փորձենք այն կառուցել առանձին վերցրած համեմատաբար փոքր տարածքներ ունեցող գերզարգացած որոշ երկրներիՙ հեղինակիս հասանելի օրինակներով:

Հայաստանյան հանրային միջավայրում նման պահերին առաջիններից մեկը հիշում են հրեից պետությունը, որոշակի առումներով մեզ տիպականըՙ համեմատաբար սահմանափակ տարածք, ոչ բարյացակամ հարեւաններ, ընդերքի ածխա-ջրածնային պակաս: Եվ այսուհանդերձՙ հիմնադրման առաջին տասնամյակից հետո հնգապատկված, ներկայիս 8,5 մլն բնակչություն, 2050-ին 12,5 մլն դառնալու ակնկալիքով: Ի՞նչ եք կարծում, ինչի շնորհիվ: Գուցե ոմանք թերահավատորեն ընդունեն, նաեւՙ ծնունդների ու ցածր մահացության. 1000 բնակչի հաշվով առաջինը 18 է, երկրորդը 5, ՀՀ-ում համապատասխանաբար 12 եւ 9: Պարզ թվաբանական գործողության արդյունքում 30-ամյակի ընթացքում ստացվում է 4,5 մլն ծնունդ ու մոտ 1 մլն մահ, արդյունքումՙ 3,5 մլն բնական աճ: Չեմ կարծում, որ այստեղ որոշիչ դեր ունի բնակչության արաբ հատվածը, որը ներկայում 20 տոկոս է կազմում, գնալով նվազման ցուցիչով: (Պետական հատուկ քաղաքականության միջոցով: Ծ.Խ.):

Առավել տեսանելի է հրեից երկրում կյանքի որակը: Եթե դարասկզբին երկրի համախառն ներքին արդյունքը 100 մլրդ դոլար էր, բյուջեն 55 մլրդ դոլար, հիմա դրանք համապատասխանաբար 370 մլրդ եւ 110 մլրդ դոլար են, 1 բնակչի հաշվով բյուջեի ծախսը 12 000 դոլար, ՀՀ-ում 1000 դոլար: Ավելորդ չէ նկատել, որ բյուջեի մոտ 20 տոկոսը կազմող ռազմական ծախսերը ուղղվում են նաեւ երկրի ռազմաարդյունաբերական համալիրի ֆինանսավորմանը, որը նորագույն տեխնիկայի տեսքով լինի, թե աշխատողների աշխատավարձերի, վերադարձվում է մարդկանց: Հայտնի է երկրի կայացվածությունը կրթության, առողջապահության ու պարենապահովության առումներով, ինչքան էլ տարօրինակ հնչի, հատկապես կաթնա-մսամթերքների ապահովվածությամբ: Ըստ ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության տվյալների, երկիրը 1 բնակչի հաշվով տարեկան արտադրում է մինչեւ 80 կգ հավի միս, ամենաբարձր ցուցանիշն աշխարհում, եւ 100 հազար տոննայից ավելի տավարի միս: Հավելեք այս թվերին 20 հազար տոննա խոզի միսը, որը հրեաները կրոնական շարժառիթով չեն օգտագործում եւ 10 հազար տոննա մանր եղջերավորի միսը, որի արտադրության ծավալումը որոշակի առումներով սահմանափակվում է, եւ երկրի պարենապահովության պատկերը կամբողջանա:

Ընթերցողի հանդեպ անկեղծ գտնվելով նշում եմ: Ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս երբեւէ նման մոտեցմամբ չեմ անդրադարձել այլոց տնտեսա-քաղաքական արդյունքներին: Պարզ մի պատճառով. նորանկախ Հայաստանի 30-ամյա ցուցանիշները բոլոր առումներով այնքան համեստ են, որ դրանք կարելի է եւ նվաստացուցիչ համարել: Միշտ հույս է ծագել, որ միմյանց փոխարինող երկու տասնյակի հասնող ՀՀ հերթական կառավարությունը կկասեցնի անհաջողություններից ձախողումների տանող այն վիճակը, երբ հազիվ 3 մլն բնակչության առաջնահերթ բոլոր պահանջմունքները լուծվում են ներկրումների միջոցովՙ սկսած պարզ հագուստից մինչեւ կահույք, գործիքներից մինչեւ տեխնիկական միջոցներ, սերմերից մինչեւ պարարտանյութեր, սոխ ու սխտորից մինչեւ հաց հանապազորյայի անհրաժեշտ ցորեն ու կաթնա-մսամթերքներ... Գյուղնշանակության հողեր ու գյուղնախարարություն չունեցող գերզարգացած քաղաք-պետություն Սինգապուրում կարողանում են ինքնաբավության հասնող բանջարեղենի արտադրություն ծավալել, թռչնամսի ահռելի քանակներ արտադրել, երբ մեզանում այս ապրանքախմբի հիմնականում ներմուծվող տեսականիներում այնպիսի գնաճեր են արձանագրվում, որոնք տարօրինակ որակելը շատ մեղմ գնահատական է. մարտին 630 դրամով վաճառվող ՌԴ-ից ներմուծվող բուսայուղը հիմա 760 դրամ արժե, ներկրված շաքարեղեգից ստացվող շաքարավազի գինը ժամերի ընթացքում է բարձրանում, ողջ երշիկեղենն արտադրվում է աշխարհի չորս կողմերից բերվող խոր սառեցված հումքից ու համեմունքներից, որն անգամ կես գնով առաջարկելու պարագայում ոգեւորություն չի առաջացնում: Այս վիճակի կողքին մեր բարեբեր հողերը հիմնականում չեն մշակվում, գյուղերը դատարկվում են, գյուղաբնակներն աղքատանում: Այստեղ երբեմն արձանագրվող ինչ-որ մենթալիտետի փնտրտուքն անպատվաբեր զբաղմունք է, քանզի զանցանքից մինչեւ կոռուպցիա ձգվող հանցաշղթայի բազում վկայություններ կան ամենուր, այդ թվումՙ ոմանց համակրանքը վայելող հիշատակված երկրում, որը նաեւ վատթարագույն ցուցանիշ ունի համավարակի առումովՙ հիմնականում իր քաղաքացիների ոչ պատշաճ օրինապահության հետեւանքով:

Հ.Գ.- Ասելիքս ավարտեմ հայաշատ երկրներից երեքում 1 բնակչի հաշվով տարեկան արտադրվող ինչ-որ բան հուշող միս-մսամթերքների ցուցանիշի հրապարակումով: Ըստ որոշ տեղեկատուների ՌԴ-ում այն 71 կգ է, Ֆրանսիայում 80 կգ, ԱՄՆ-ում 114 կգ, ՀՀ-ում 23 կգ: Հետեւությունն ընթերցողին թողնենք, հիշեցնելով մեզանում արմատավորված «մերն ուրիշ է» մոտեցման առկայությունը: Թե ինչու է ուրիշ, առնվազն տարօրինակ է:

13.10.2020 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ