RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020



Տեղադրվել է` 2020-10-15 23:08:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1525, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԽՈՐԺԱԿԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Հարավային Կովկասը կրկին կրակի մեջ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մղվում են լայնամաշտաբ ռազմական գործողություններ տանկերի, հրետանու, հրթիռների եւ օդուժի գործադրմամբ: Զոհվում է խաղաղ բնակչությունը, աճում են կողմերի կորուստները: Պատերազմը սպառնում է տարածվել նորանոր գոտիներում եւ դառնալ, իրավամբ, տարածաշրջանային: Սա չափազանցություն չէ: Սա ռազմական վերլուծաբանների սառը դատողություններն են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ օբյեկտիվորեն հասունացել է հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման անհրաժեշտությունը դեպի հարեւան երկրներ ահաբեկչության տարածումը կանխելու նպատակով: Մեր այս վերլուծական մշակման մեջ կփորձենք հասկանալ, թե ի՞նչ աշխարհաքաղաքական, ռազմական եւ քաղաքակրթական հետեւանքների կարող է հանգեցնել Ղարաբաղյան հակամարտության գոտում այս պատերազմը եւ թե ի՞նչ նոր սպառնալիքների է դիմակայում հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը:

Հարավային Կովկասը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ

Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Իրանի միջեւ 200-ամյա պատերազմներից հետո 1639թ. հաշտության պայմանագրի հիման վրա գծվեց մի սահման, որն ի թիվս այլոց, բաժանեց Հայաստանը երկու կայսրությունների միջեւ, վերջնականապես ձեւավորելով Արեւմտյան (տաճկական) Հայաստանը եւ Արեւելյան (պարսկական) Հայաստանը: 1829թ. հերթական ռուս-թուրքական պատերազմից հետո, Անդրկովկասը Ռուսական կայսրությանը միանալու արդյունքում, սահմանը, որն ավելի վաղ էր գծվել, պահպանվեց եւ պարսկական Հայաստանը սկսեց անվանվել Ռուսահայաստան: 200 տարի Ռուսաստանը եւ Օսմանյան կայսրությունը պատերազմել են Փոքր Ասիայի վերահսկողության համար: Այդ պայքարի նպատակներից մեկն էլՙ Տաճկահայաստանի նկատմամբ վերահսկողությունն էր: 90 տարվա մեջ ռուսական զորքերը չորս անգամ կայսրությանն են միացրել այդ տարածաշրջանը, սակայն դիվանագիտական վայրիվերումների եւ արեւմտյան տերությունների ճնշման արդյունքում հեռացել են նվաճված տարածքներից, ամեն անգամ իրենց հետ ռուսական Կովկաս բերելով տասնյակ հազարավոր հայ գաղթականների եւ նրանց փոխանակելով դեպի օսմանյան տարածքներ հեռացող մահմեդական-լեռնականների հետ: Ռուսաստանյան կայսրությունը Կովկասը միշտ էլ համարել է իր կարեւոր մասը եւ ձգտել է ընդլայնել իր ազդեցությունը այս տարածաշրջանում: Եվ այն ժամանակներում, երբ գլոբալ ցնցումների հետեւանքով Ռուսաստանը թուլացել է, Թուրքիան մշտապես փորձել է խախտել 300 տարվա ընթացքում սահմանված քաղաքակրթական սահմանները եւ տարածել իր ազդեցությունը Անդրկովկասի եւ Միջին (Կենտրոնական) Ասիայի վրա: Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստանյան կայսրության հանդեպ քրիստոնյա հայերի բարեհաճ վերաբերմունքի պատճառով Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը ցեղասպանության ենթարկեց Արեւմտյան Հայաստանի բնակչությունը եւ հայ ժողովրդի այդ հատվածը դադարեց գոյություն ունենալ: 1918-1920թթ., օգտվելով Անդրկովկասից Ռուսաստանի ժամանակավոր հեռացումից, Թուրքիան երկու անգամ պատերազմել է հենց նոր ձեւավորված Հայաստանի Հանրապետության հետ եւ նույնպես հենց նոր ձեւավորված ադրբեջանական պետության հետ դաշնակցածՙ սահմանափակեց Հայաստանը 10000 քառ. կմ-ում: Արեւելյանՙ ռուսական Հայաստանի հայությունը կրկին հայտնվեց ֆիզիկական բնաջնջման վտանգի առջեւ:

Բոլշեւիկյան Ռուսաստանը, վերադառնալով նախկին Ռուսաստանյան կայսրության տարածքներ, այդ թվում Անդրկովկասում, վերադարձրեց նաեւ հայաբնակ տարածքները (բացի Կարսի մարզից եւ Սուրմալուի օկրուգից Արարատ լեռամբ հանդերձ, որոնք նախկինում նրան էին պատկանում) եւ ձեւավորեց Խորհրդային Հայաստանը մոտ 30000 քառ. կմ. տարածքով: Այսպես, հաջորդ 70 տարիների ընթացքում վերահաստատվեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Ախուրյան եւ Արաքս գետերը սահմանազատեցին խորհրդային տարածքները հարեւան Թուրքիայից եւ Իրանից:

Նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը կրկին անկախացան: Ռուսաստանը (ռազմական առումով) հեռացավ Վրաստանից եւ Ադրբեջանից, իսկ Հայաստանը դարձավ նրա ռազմաքաղաքական դաշնակիցը: Ձեւավորված ռազմական եւ քաղաքական վակուումը անմիջապես լցրին Եվրոպական Միությունն ու ԱՄՆ-ն եւ Թուրքիան (որը իրեն հռչակել էր այս երկու ուժային կենտրոնների ուժեղ դաշնակից) կրկին սկսեց իր փորձերը դեպի Հարավային Կովկաս եւ այնուհետեւ Կենտրոնական Ասիա ընդլայնման ուղղությամբ: Գաղտնիք չէ, որ այսօր Թուրքիայում բացեիբաց քննարկում են դեպի Ռուսաստանի Հյուսիսային Կովկաս եւ Կասպյան-Վոլգյան տարածաշրջան ընդլայնվելու անհրաժեշտությունը:

Այս պատմական տեղեկանքն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի հարգարժան ընթերցողին հասկանալի լինի, թե ինչի՞ վրա է այսօր հենվում Մեծ Կովկասյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, եւ ի՞նչ տրամաբանական ուղղությամբ է զարգանում ռազմաքաղաքական իրավիճակը, սպառնալով հիմնովին ոչնչացնել այդ հավասարակշռությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական աղետի հետեւանքում:

Դեպի Արեւելք Թուրքիայի ընդլայնման ժամանակակից ծրագրերը

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռ.Թ.Էրդողանը եւ նրա զինակիցները չեն թաքցնում իրենց ձգտումը եվրասիական տարածքում նախկին Օսմանյան կայսրության ազդեցությունն ու հզորությունը վերականգնելու ուղղությամբ: Այս քաղաքականությունը նույնիսկ ստացել է իր քաղաքագիտական անվանումըՙ «նեոօսմանիզմ»: Թուրքական առաջնորդի մերձավորագույն խորհրդականներից մեկը նույնիսկ համադրույթ է ստեղծել մուսուլմանական նոր կոալիցիա ձեւավորելու մասին, որը կներառեր 61 իսլամական պետություն մեկ մեծ համադաշնության մեջ եւ որի մայրաքաղաքը կդառնար Ստամբուլը: Այդ համադաշնությունը նեոօսմանցիների մտահաղացմամբ պետք է դառնա ժամանակակից աշխարհի գերտերություններից մեկը: Սիրիայում, Լիբիայում, Իրաքում հակամարտությունների միջամտելու փորձերին զուգահեռ, մկաններ խաղացնելով Պարսից ծոցում եւ արեւելյան Միջերկրականում, թուրքական ռազմաքաղաքական ծրագրավորողները ներթափանցեցին նաեւ Ղարաբաղյան հակամարտության գոտի: Ադրբեջանին օգնելով զինուժով, սպառազինությամբ, դիվանագիտական եւ քաղաքական հովանավորությամբ, ինչպես նաեւ այդտեղ տեղափոխելով ավելի քան 1450 ջիհադական վարձկանՙ Սիրիայի հյուսիսում թուրքական ազդեցության գոտում բնակվող թուրքոմանների (թյուրքմեն) թվից, Թուրքիան ձգտում է օգտագործել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը Ադրբեջանի ուղղությամբ իր էքսպանսիայի համար, ինչպես նաեւ վերջնականապես ճնշելու Հայաստանն ու Արցախը, ոչնչացնելով դրանք որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական գործոն: Հասկանո՞ւմ է արդյող Ադրբեջանը, որ մանրադրամ է դառնում թուրքական ընդլայնման գլոբալ խաղի մեջ: Իհարկե՛ հասկանում է: Սակայն հակահայկական հիստերիայի եւ հայատյացության քաղաքականության ընդհանուր համապատկերում, ձգտելով այս անգամ ֆիզիկապես ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի հայությունը եւ ցանկանալով ինչքան կարելի է շատ վնաս հասցնել Հայաստանին, հիմնվելով 30 տարի առաջ հռչակած «մեկ ազգՙ երկու պետություն» քաղաքականության վրա, Ադրբեջանը ձգտում է թե՛ լուծել իր հարցերը Արցախում, թե՛ միաժամանակ դառնալ թուրքական ընդլայնման քաղաքականության ուղեկցորդ, ինչպես մի գաղափարախոսության, որը ներկայանում է իբրեւ ավելի ու ավելի մեծ թափ հավաքող ժամանակակից պանթյուրքիզմ:

Առաջին աշխարհամարտի շրջանում երիտթուրքերին հաջողվեց ոչնչացնել արեւմտահայերին եւ դրանով վերացնել դեպի Արեւելք պանթուրանական տարածման ճանապարհին գտնվող բնական պատնեշը: Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը, նույնիսկ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին, այլեւս չի կարող դիտարկվել իբրեւ արգելք ժամանակակից պանթյուրքիզմի ծավալման համար: Սակայն ադրբեջանական ռազմադիվանագիտական եւ քարոզչական մեքենան արել է ամեն ինչ, որպեսզի ներկայացնի Հայաստանը որպես թյուրքական եւ իսլամական աշխարհի թշնամի: Այս ամենին ուշադրությամբ եւ մտահոգված ետեւում է հարեւան Իրանը, որը մի շարք պատճառներով չի կարող գոհ լինել իր հյուսիսային սահմանների երկայնքով Թուրքիայի անընդհատ մեծացող ազդեցությունից:

Ռուսաստանի համբերությունը եւ նրա առաքելությունը

Ի՞նչ է անում Ռուսաստանը: Ռուսական էսթաբլիշմենթը լավ է տիրապետում ռուս-թուրքական նախկին դիմակայության եւ նոր թուրքական ախորժակների պատմությանը եւ գաղափարախոսական հիմքերին: Մեր թվարկած պատերազմների տրամաբանությունը սովորեցրել է ռուսական դիվանագիտությանը վերին աստիճանի զգուշությամբ արձագանքել Թուրքիայի գործողություններին եւ աշխատել առանց հատուկ անհրաժեշտության չպատասխանել սադրանքներին, որոնք կարող են լրջորեն ապակայունացնել իրավիճակը ահռելի եվրասիական տարածքներում: Հետաքրքրական է, որ փորձելով զարգացնել Եվրասիական տնտեսական միության զարգացման հաջողությունը եւ մշակելով նրա զարգացման ռազմավարությունները մինչեւ 2025թ., Ռուսաստանն առաջարկում է Մեծ եվրասիական գործընկերության համադրույթը, որը տեսականորեն ուղղված է Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների (այդ թվում Հայաստանի), Չինաստանի, Հնդկաստանի, Իսլամական աշխարհի ու նաեւ (ինչը նույնպես սկզբունքային է) Եվրոպական Միության միջեւ տնտեսական համագործակցության հաստատում: Ռուսաստանի առաջարկություններն այդ գլոբալ տնտեսական գործընկերության մասին անվիճելիորեն ուղղված են դեպի կառուցողական հունՙ սուբլիմացնելու թյուրքական մերձեցման ներուժը եւ փորձելու կանխատեսելի ու հնարավորինս վերահսկելի դարձնելու թուրքական տարածումը: Ռուսաստանն այսօր աշխարհի 6-7-րդ տնտեսությունն է: Թուրքիանՙ 17-րդ տնտեսությունը: Ռուսաստանը չի ուզում ճակատային բախման մեջ հայտնվել Թուրքիայի հետ, եւ դա ակնհայտ է: Սակայն, իրավիճակը Սիրիայում եւ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ակնհայտորեն պահանջում են Ռուսաստանի համարժեք արձագանքներ: Հստակորեն կարելի է կանխատեսել, որ Ռուսաստանը չի կարող ներգրավված լինել Սիրիայում խաղարարար գործընթացում, եւ միեւնույն ժամանակ, ինքնապատնեշվել Ղարաբաղում խաղարարար առաքելությունից: Ադրբեջանի տարածքի վերածումը ջիհադական ահաբեկչության բույնիՙ հստակորեն պահանջում է համարժեք ռազմաքաղաքական միջամտություն շահագրգռված պետությունների կողմից: Ռուսաստանը, որպես կովկասյան երկիր, աշխարհի առաջատար բոլոր տերություններից ամենաշատն ունի ազդեցություն Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Սակայն նա միայնակ չի կարող դատավոր լինել այս հակամարտության մեջ:

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն նրան ուղղակի թույլ չեն տա դա անել: Այդ պատճառով էլ ակնհայտ է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ միասին ի զորու է ստիպել հակամարտող կողմերին (կոնկրետ Ադրբեջանին) դադարեցնել ռազմական գործողությունները եւ անմիջապես հակամարտության գոտուց դուրս բերել թուրք զինվորականներին եւ ջիհադական ահաբեկչական կազմավորումները:

Եվ վերջինը: Վերջին տարիներին թուրք-ադրբեջանական տանդեմը մի խորամանկ արեւելյան ինտրիգ էր հյուսում, որի համաձայն Հայաստանը պետք է հեռանար Ռուսաստանից գլոբալ Արեւմուտքի հետ մերձենալու նպատակով եւ դադարեր լինել Ռուսաստանի հուսալի, կանխատեսելի, հավատարիմ դաշնակիցը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Գուցե, այդ թվում նաեւ այդ ինտրիգը թերագնահատելու արդյունքում, նաեւ Հայաստանի որոշակի անգործության հետեւանքով, Ռուսաստանի բազմաթիվ քաղաքական շրջանակներում հնարավոր դարձավ հավասարեցնել ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանին եւ ռազմավարական գործընկեր (որը, սակայն, ի տարբերություն Հայաստանի չի հանդիսանում ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ) Ադրբեջանին: Ադրբեջանական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանում շատերին ներշնչել, որ Հայաստանը չի կարող դաշնակցի դեր տանել, իսկ Ադրբեջանը (որը չի ուզում լինել Ռուսաստանի պաշտոնական դաշնակից) այնուամենայնիվ հանդիսանում է ավելի նախընտրելի եւ ցանկալի գործընկեր: Այսօր, երբ հայերը կռվում են ադրբեջանական, թուրքական եւ վարձկան ուժերի դեմ, շատերը կրկին իրապես սկսեցին գնահատել իրավիճակը, հասկանալ տեղի ունեցողի աշխարհաքաղաքական էությունը եւ հասկանալ, որ չի կարելի հայերին զոհաբերել թուրք-ադրբեջանական տանդեմին: Մի հարգված ընկերոջՙ հայ լրագրող-քաղաքագետի պատկերավոր արտահայտությամբ, եկել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները վերալիցքավորելու պահը, համարժեք պատասխան տալու նպատակով ժամանակակից մերձավորարեւելյան սպառնալիքներին: Հայաստանի թուլացումը սպառնում է ավերել վերջին հարյուր տարում մեր տարածաշրջանում հաստատված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Եթե Ռուսաստանը հեռանա Հարավային Կովկասից, նրա սեղմումը դրանով չի վերջանալու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը , պատասխանելով արտասահմանյան լրագրողների հարցերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների արդյունքում հստակ ասել է, որ եթե Հայաստանը դառնա ագրեսիայի զոհ, ապա Ռուսաստանը կկատարի իր դաշնակցային պարտքը: Այսօր թվում է, պետք է սպասել Ռուսաստանի ավելի մեծ ակտիվության: Իբրեւ կովկասյան տերություն նա կարող է աճող ակտիվություն դրսեւորել համախմբելու համար Մինսկի խմբի ուժերն ու դերակատարությունը եւ խստորեն պահանջելու անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները եւ թույլ չտալ պատերազմի տարածումը դեպի նոր գոտիներ:

Կարծում ենք, որ եկել է ժամանակը նոր բովանդակություն եւ նոր հնչողություն հաղորդելու հայ-ռուսական դաշինքին, նկատի ունենալով նոր իրողություններն ու սպառնալից հեռանկարները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ