ՆՇՎԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ 65-ԱՄՅԱԿԸ

11

Ըստ «Բիանետ» լրատվական գործակալության, Թուրքիայի HDP ընդդիմադիր ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը հարգանքի տուրք է մատուցել Ստամբուլում 65 տարի առաջ կատարված կոտորածներին զոհ գնացած հույն, հայ, հրեա ժողովուրդների զոհերի հիշատակին, նշելով, որ 1955 թվի սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած կառավարական հովանավորչությամբ դեպքերը Թուրքիայի պատմության ամենացավալի եւ ամենաամոթալի էջերից են, որի ընթացքում 73 եկեղեցիներ, 8 սրբազան այլ վայրեր, 2 վանքեր եւ 5.500 տներ ու խանութներ (որոնցից 3.500-ը պատկանում էին հույներին) ավերվել ու թալանվել էին, պատճառելով մոտ 100 միլիոն դոլարի վնաս: Գործողությունները ծրագրված էին եւ գործադրվեցին NSS-իՙ ազգային անվտանգության ծառայությունների կողմից: Պետությունը չի առերեսվել կատարվածի հետ, ներողություն չի խնդրել հրեա եւ քրիստոնյա իր քաղաքացիներից եւ չի փոխհատուցել նրանց հասցված վնասը:

Գործողություններին պատճառ էր հանդիսացել այն ապատեղեկատվությունը, թե իբր Սալոնիկում (Հունաստան) գտնվող թուրքական հյուպատոսարանը (որտեղ Քեմալ Աթաթուրքն էր ծնվել 1881-ին) նախօրեին ռմբակոծվել է: Կոտորածների ժամանակ ոստիկանությունը չէր միջամտել:

Իրադարձությունների հետեւանքում բազմաթիվ հույներ արտագաղթեցին Թուրքիայից: Հույների թվաքանակը 1927-ի 119 հազարից 1978-ին նվազել եւ դարձել էր 7 հազար: Թուրքական արտգործնախարարության տվյալներով 2008-ին երկրում հունական արմատներով քաղաքացիների թիվը 3-4 հազար է, բայց «Human Rights Watch»-ը նշում է միայն 2.500: