RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020



Տեղադրվել է` 2020-10-08 22:34:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1352, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ. ԳԵՐՄԱՆԻԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԱՇԽԱՐՀԸ ԴԺՎԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Այն հանգամանքը, որ գերմանալեզու լրատվամիջոցները շատ արագ են աշխատում, արձագանքում Արցախում ժամառժամ փոխվող դաժան իրականությանը, նորություն չէ: Նորություն է սակայն, որ Գերմանիայում կամ Մոսկվայում տեքստ գրող լրագրողի կողքին այս շաբաթ Շուշիում եւ Ստեփանակերտում հայտնվեց սաղավարտով, զրահաբաճկոնով աշխատող լրագրողը նաեւ: «Բիլդի» թղթակից Փաուլ Ռոնցհայմերը (Paul Ronzheimer) իր պատրաստած 3.15 րոպեանոց տեսանյութում հոկտեմբերի 8-ին պատմեց 10 օր ապաստարաններում ապրող կանանց մասին: Տոկուն, չհուսահատված, անզիջում պայքարը շարունակող կանայք, որոնց ամուսինները ռազմի դաշտում են: Ի դեպ հաղորդավարը նկատել տվեց, թե «ադրբեջանական եւ թուրքական ռազմական հարձակումը Հայաստանի Լեռնային Ղարաբաղի վրա է», առանցՙ նույնիսկ ստորակետով տրոհելու աշխարհագրական տեղանունները: Ինչեւէ, տեսանյութն արժեքավոր է նրանով, որ արձանագրում է, թե Ադրբեջանը ռմբահարում է ոչ միայն ռազմական նպատակակետերը, այլեւ թիրախավորում խաղաղ բնակիչներին, ցույց տալով Շուշիի Արվեստի կենտրոնի փլատակները: Կասկածում եմ, թե ռեալպոլիտիկի գերին դարձած գերմանացիներին այս տեսարանը կցնցի այնքան, որ կթոթափեն անտարբերությունը եւ կմիանան իրենց երկրի տարբեր քաղաքներումՙ Քյոլնում, Բեռլինում հոկտեմբերի 9-ին, 10-ին գումարվելիք գերմանահայերի կազմակերպած բողոքի արշավներին կամՙ ավելի ճիշտՙ կառճակատվեն իրենց համերկրացի թուրքերի հետ: Ուրիշ բան, եթե ցույցը հակաէրդողանական շեշտ ունենա, որ կարող է համախմբել ավելի մեծաթիվ զանգված:

Այն հանգամանքը, որ հուլիսի 1-ից 6 ամսով Գերմանիան է ստանձնել ԵՄ խորհրդի նախագահությունը, մեկնաբանելի է դարձնում այն ակտիվությունը, որ այս օրերին տեսանելի է դառնում: (Անշուշտ, նկատելի է, որ Երեւանում ԳԴՀ եւ Բեռլինում ՀՀ դեսպանները ջանադիր աշխատանք են տանում, հատկապես վերջինը, որի պարտականությունների մեջ է մտնում ճեղքել թուրքաադրբեջանական «շռայլ բախշիչի» զորավոր ուժը նաեւ): Կանցլեր Մերկելը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, ՄԱԿ-ի ԱԽ-ում հարցը օրակարգում ներառնելու նախաձեռնությունը Գերմանիան էր ստանձնել, արտգործնախարար Հայկո Մաասը քանիցս խոսել է ռազմական ուժ կիրառելու դեմ: Բունդեսթագում մտահոգություն հայտնող պատգամավորների թիվն ավելանում է, Եվրոպական կառույցներում հստակ արտահայտվում են գերմանացի պատգամավորները, բայց Գերմանիայում անտարբեր զանգվածը դեռ մեծաթիվ է:

Հոկտեմբերի 3-ինՙ Գերմանիայի վերամիավորման տոնի առիթով հատկապես սոցցանցերում շրջանառվեց այն տեսակետը, թե ԼՂ հիմնախնդրի լավագույն լուծումը, պատերազմը դադարեցնելու կարճ ճանապարհը Արցախի անկախության կամՙ ՀՀ-ի հետ վերամիավորման ուղին է մնում: Եթե ամփոփելու լինենք, ապա գերմանական առավել հաճախ շրջանառվող պատասխան թեզը հետեւյալ ձեւակերպումն ունիՙ ո՞վ կբացի պանդորայի արկղը, ո՞ր պետությունը հանձն կառնի սկսելու մի անկանխատեսելի որոգայթներով լի ճանապարհ: Մի շահեկան փոփոխությունՙայդուհանդերձ նկատելի է. այն հանգամանքը, որ գերմանահայ երիտասարդությունը ակտիվ պայքար է ծավալում վիրտուալ տարածքումՙ հատկապես սոցցանցերով, բացահայտում ու քողազերծում կեղծ լրատվությունը, փոխարենը իրազեկում, տեղեկացնում, աղբյուրներ հիշատակելով ներկայացնում ճշմարտությունը, նոր ձեռքբերում է: Նրանց էջերին հետեւող գերմանացի երիտասարդությունը կամաց-կամաց արթնանում է, նույնիսկ սկսել է մասնակցել ի նպաստ Արցախի դրամահավաքին:

Մի կարեւոր նկատառումՙ Գերմանիային ծանոթ մարդը չի կարող հերքել, որ այդ երկրում խիստ զգայուն վերաբերմունք կա Ռուսաստանի, մանավանդ նրա ղեկավար Պուտինի հանդեպ: Ոչ միայն մամուլում: Բայց մեդիան երբեմն քամում է պատմությամբ ձեւավորված անձնականը, նկատելի «անանձնական» դարձնում Ռուսաստանին առնչվող շարադրանքըՙ առավել համոզիչ դարձնելով տեսակետը: Յուլիա Սմիռնովայի մի վերլուծություն հոկտեմբերի 7-ին հրամցրեց առցանց «Ցայթը»: «Ռուսաստանը կորցնում է հավասարակշռությունը Հարավային Կովկասում» վերնագրյալ հոդվածում հեղինակը նշում է, թե ԼՂ հակամարտության հարցում ոչ միայն Հայաստանի համար է Ռուսաստանը կարեւոր եղել, այլեւՙ Ադրբեջանի: Բայց Թուրքիայի ներգրավմամբ պատկերն այժմ լիովին փոխվում է, կարծիք է հայտնում Սմիռնովան: Թեեւ Ռուսաստանը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ կոչ է անում մարտերը դադարեցնել, ՌԴ արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույց է ունենում Բաքվի եւ Երեւանի իր գործընկերների հետ, պատրաստակամություն հայտնում երկուսի միջեւ Մոսկվայում հանդիպում կազմակերպել, բայց ցայսօր առաջարկը չի ընդունվել: Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները Ժնեւում եւ Մոսկվայում առանձին պիտի հանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՀՀ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ արդեն զանգահարել է Պուտինին: Ալիեւը սակայն զանգահարել է Կրեմլ չորեքշաբթիՙ Պուտինի տարեդարձը շնորհավորելու պատրվակով, իսկ Ղարաբաղի մասին խոսել է իմիջիայլոց միայն: Պուտինն ինքնակամ հեռախոսազրույց չի նախաձեռնել, գրում է գերմանական «Ցայթը»: Թերթը ներկայացնում է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսության ինստիտուտի տնօրեն Ստանիսլավ Պրիտշինի կարծիքը, ըստ որի «հակամարտող կողմերին այժմ բանակցությունների սեղան նստեցնելը հնարավոր չէ»: Նրա ենթադրությունն այն է, որ Ռուսաստանը սպասում է հարմար պահի: Կորոնայի, Բելառուսում ճգնաժամի, Նավալնիի հարցով ԵՄ -ի հետ առճակատմանը հաջորդում է Հարավային Կովկասում երկու անակնկալ զարգացում. Այն, որ Ադրբեջանում հիասթափվել են դիվանագիտական ճանապարհով հաջողություն գրանցելուց, եւ որ այդ երկրի կառավարությունը կարծում է, թե պատերազմի միջոցով կհասնի ավելիին: Եւ երկրորդըՙ որ Ադրբեջանն այժմ բացահայտ սատարում է գտնում Թուրքիայից: Թերթը ներկայացնում է, թե Հայաստանի հետ ռազմավարական դաշինք կնքած Ռուսաստանը զենք է տրամադրել նաեւ Ադրբեջանինՙ հավասարակշռելով իր ազդեցությունը հարավկովկասյան երկու երկրների վրա: Բացի այդ Պուտինն անձնապես լավ հասկացվում է ավտոկրատ Ալիեւի հետ եւ չի ուզում Ադրբեջանի հետ իր հարաբերությունները վտանգել: Ռուսաստանին հաջողվում էր ԼՂ հարցով բանակցություններում կենտրոնական դեր խաղալ, այդու երկու երկրների վրա ազդեցություն ունենալ: «Ցայթը» ներկայացնում է Բաքվից փորձագետ Բախտիար Ասլանովի կարծիքը, թե «Ադրբեջանում Ռուսաստանին չեն վստահում», բայց չեն էլ ուզում, որ այդ երկիրը Մինսկի խմբից դուրս գա, այլ ավելի արդյունավետ բանակցի: Իսկ Հայաստանում առավել սատարում են ակնկալում ռուսական կողմից, երկյուղ կա, թե Պուտինը Փաշինյանի հետ լավ չի հասկացվում: «Հայաստանում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը շատերը չեն ընկալում» նկատել է տալիս Երեւանի Կովկաս ինստիտուտի աշխատակից Հրանտ Միքայելյանը , որ հավելում է, թեՙ ակնկալվում է առավել ակտիվ դիվանագիտական նեցուկ, գոնեՙ որպես թուրքական ազդեցության հակակշիռ»:

Ռուսաստանը դժվար ընտրության առջեւ է. հայկական կողմին սատարելու պարագայում կկորցնի Թուրքիային ապավինող Ադրբեջանը եւ կառճակատվի Թուրքիայի հետ: Մոսկվան լավ փաստարկներ պիտի ունենա Ադրբեջանին համոզելու համար, որ բանակցությունները շարունակելը բխում է նրա շահերից, գրում է«Ցայթը»: Վերլուծաբանը նկատել է տալիս այն հանգամանքը նաեւ, որ Մոսկվայում ՌԴ արտգործնախարարը թեեւ նշեց Սիրիայից եւ Լիբիայից բերված վարձկանների ներգրավման մասին, սակայն Թուրքիայի անունը չշրջանառեց, գրում է «Ցայթի» վերլուծաբանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ