RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020



Տեղադրվել է` 2020-10-08 22:34:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1245, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉՏԵՍՆԵԼՈՒ ՏԱԼՈՒ ԵՎ ՉՏԱԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Մի քանի ժամումՙ մի քանի միլիոն դոլարի հանգանակություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին. չքնել, գիշերները լուսացնել, օրերը մթնեցնել Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում, սրտխփոցով սպասել նախագահ Արայիկ Հարությունյանի հերթական ասուլիսին, մոռանալ կենցաղը, առօրյա հոգսերն ու մտածելՙ այսօր ի՞նչ եմ անելու ռազմաճակատի, մեր կռվող տղերքի համար, օրվա ծախսերը սեղմել, օրական մեկ-երկու հազար դրամ խնայել. ո՞վ գիտե, իմ տասը-տասնհինգ դոլարը հարեւանիս, ընկերոջս, մեր շենքի բնակիչների, համայն հայության հանգանակության հետ մի տանկի գին անի:

Զոհված տղերքի անունները կարդալիս է՛լ արցունք չի գալիս, արցունքն էլ է քարացել սրտներումս, ծիծաղը, ժպիտը, հումորը մեղսագործություն են դարձել, հացը կուլ չի գնում, սուրճը լրիվ դառն ենք խմում, հայելու մեջ մենք մեզ վերջին անգամ երկու պատերազմից առաջ ենք տեսել:

Քույր ու եղբայր երկու ժամ է պահարանն են քրքրում, եղած-չեղածը շաղ են տվել ու ջոկջկում են: «Ինձ մի բաճկոնն էլ է հերիք, էս կապույտը օգնության տոպրակի մեջ դիր»,- անջրանցիկ, տաք բաճկոնը քրոջն է մեկնում տղան: Քույրն այն արագ տեղավորում է մեծ պարկի մեջ ու իր շորերի միջից ընտրում ամենաթարմ, ամենասիրուն ու ամենատաք հագուստները, դրանք էլ դասավորում օգնության պարկում: Քույր ու եղբայր պարկի բերանը պինդ կապում են, տռզած փորի վրա գրումՙ բարով մաշեք, հաղթելու ենք:

Կամերային թատրոնի շուրջբոլորը հումանիտար օգնության «Կարմիր խաչի» ճամբար է հիշեցնում: Ավտոմեքենաներն իրար հերթ չտալովՙ կանգնում են, բեռնախցիկները դատարկում, էլի հետ դառնում: Տղա-աղջիկՙ ուտելիքով, տաք հագուստով, խաղալիքներով լցված պարկերը, ներքնակներն ու վերմակները տեղափոխում են ուրիշ մեքենաների բեռնախցիկներ ու վարորդներին հասցեներն ասում. «Չորս երեխա ունի, մենակ կին է, կասեսՙ բոլորի համար հագուստ ենք ճարել, բեռը տուր իրենց ու շուտ հետ արի», «Սարի թաղում են ապրում, հագուստ-կոշիկից բացի, էս գումարն էլ կտաս իրենց, ասա, թող տունը լավ տաքացնեն, կոմունալների մասին չմտածեն», «Ժողովուրդ, երկու հատ տաք բաճկոն եմ առանձնացնում, ման չգաք, սրանք ֆրոնտ կուղարկենքՙ տղերքին»:

Ժիր, գործունյա, սրտացավ. չկա սելֆի, չկա լուսանկար, չկան ֆեյսբուքյան գլուխգովանության ու անձնազոհության սիրառատ ջղաձգումներ: Նոր սերունդը ճռճռան բառեր չգիտե, ուղիղ ու շիտակ է, հաճախՙ շեշտակի ու խարանող: Լավ է, պաթոսից պրծնում ենք կարծես:

Ֆեյսբուքը պատերազմը թիկունքին, բանակն աշխարհազորին կապող միջանկյալ օջախ է դարձել: Շատ բաներ ֆեյսբուքում արագ թերթում ենք, որ ոչ կարդանք, ոչ էլ տեսնենք, ինչպես չտեսնելու ենք տալիս սովետի ժամանակներից Հայաստանում ապրող այն արցախցուն, որը Ստեփանակերտի ռմբակոծությունից տուժած ձեւանալովՙ խանութից սրտի ուզած ապրանքը վերցնում է ու հայտարարումՙ չեմ վճարելու: Չտեսնելու ենք տալիս 1990- ականներից Երեւան տեղափոխված այն մյուս արցախցուն, որը փողոցի մի անկյունում կես գնով սիգարետ է վաճառում: Դե եթե սիգարետը գնողներին չտեսնելու ենք տալիս, ուրեմն սիգարետը վաճառողին էլ պիտի չտեսնելու տանք, ինչպես չտեսնելու ենք տալիս Հայաստանի վարչապետի տիկնոջ լայնաժպիտ սելֆիներըՙ Արցախից, ինչպես նաեւ օգնության տուփերը դասավորելու նրա մյուս լուսանկարները:

Չտեսնելու տալով ենք ապրում, պայքարում, կռվում: Եթե տեսնելու տանք, ո՛չ կապրենք, ո՛չ կպայքարենք, ո՛չ էլ կկռվենք:

Եթե առաջին տիկինը մեկ վայրկյան մտնի զոհվածների ցուցակներում իրենց որդիների անուն-ազգանունը փնտրող ու այդ ընթացքում տասն անգամ մեռնող-վերակենդանացող մոր մաշկի տակ, հավանաբար, կզսպի սելֆի անելու բուռն կիրքը:

Չհամարձակվեք մսխել հայությանՙ հաղթանակի ազգային զարթոնքը, չհամարձակվեք մսխել պատանիների ու երիտասարդների, մի ամբողջ ազգի ազնիվ մղումները, որովհետեւ այն, ինչ կատարվում է, ո՛չ գրքերում է գրվել երբեւէ, ո՛չ ֆիլմերում է ցուցադրվել, ո՛չ էլ որեւէ մեկի հորդորի կամ կոչի արդյունքն է:

Ինքնակազմակերպված ու ինքնակազմավորված է համազգային այս շարժումն ու ոգին եւ կարիք չունի որեւէ մեկի կոչի, որեւէ կարգախոսի, հայրենասիրական ճառի կամ ոգեւորիչ ելույթի: Այս ոգին գենետիկ արյան կանչով է սնվում, ոչ թե խոսքերով կամ ճառերով:

Պատերազմող երկու երկիր. մեկում տղամարդկանց փողոցից բռնելով, գլխներին մահակ ջարդելով են մարտի դաշտ տանում, կանայք ու մայրերն իրենց անեծքներում Ալիեւին շեյթանի բաժին են դարձնում, իսկ մեր երկրում չտեսնելու, չլսելու են տալիս գերագույն գլխավոր հրամանատարի զինակոչի ելույթի կիքսերը, լրջագույն բացթողումներն ու ամեն օր զինկոմիսարիատ զանգումՙ բա ինձ ե՞րբ եք կռիվ տանելու, մեռա սպասելով:

Պատմությամբ հաստատված ու ապացուցված ճշմարտություն էՙ միշտ էլ ժողովուրդը տասը գլուխ բարձր է եղել իր իշխանություններից: Ադրբեջանում էլ է ժողովուրդը տասը գլուխ բարձր Ալիեւից ու նրա կլանից, որովհետեւ գիտակցում է, որ սա իշխանությունը մագիլներով ու ժանիքներվ պահելու պատերազմ էՙ սեփական երկրի ու ժողովրդի դեմ: Հասկանում են, որ Ադրբեջանին Արցախ պետք չէ, թերեւս միայն մի միջանցք, ուրիշ ոչինչ:

Աշխարհում դեռ չի եղել մի պատերազմ, որի երկու գլխավոր կողմերի ազգաբնակչության շրջանում պատեարզմի ու հաղթանակի նկատմամբ այս աստիճանի տարբեր վերաբերմունք ու տրամադրություն եղած լինի: Մի երկրումՙ խուճապ ու դեպրեսիա է, մյուսումՙ երկինքՙ Աստծո ոտքերին հասնող ոգեւորություն ու նվիրում: Բոլորս ենք հասկանում, որ իր ժողովրդի վրա հույս չդնելու պատճառով է Ալիեւը Թուրքիայի միջնորդությամբ ահաբեկիչ վարձկանների բերել ռազմի դաշտ: Ալիեւի համար այս պատերազմում պարտվելը խայտառակ գահընկեցություն, քաղաքացիական պատերազմ, հեղաշրջում ու կապիտուլյացիա է նշանակում:

Իր վերջին շապիկը, գրպանի վերջին գրոշը հանուն Արցախի, հանուն հայ զինվորի ու Հաղթանակի նվիրելու պատրաստ հայը պատերազմից հետո էլի նույն ՀՀ քաղաքացին է լինելու, որը պետք է լծվի պատերազմի հետեւանքները վերացնելու պարտականությանը: Բոլորս ենք հասկանում. տա Աստված, պատերազմը մեր ուզած ելքով ավարտվի, հետո մենք յուղումեղրի մեջ չենք հայտնվելու: Ավելի ծանր է լինելու: Եվ այստեղ է, որ իր իշխանություններին թիկունք եղած, իր պետության ու պետականության համար ամենաթանկն ու նվիրականը զոհասեղանին դրած ՀՀ քաղաքացին պետք է իր թիկունքին զգա իշխանությունների աջակցությունը, որովհետեւ հետո նրա՛նց ձեռք պարզելու հերթն է գալու:

Մենք մեր վերջին ճիգերը չենք անում պատերազմում կռվելու, առավել եւս հաղթելու համար. մեր ուժը, համբերությունը, ոգին, կամքն անսպառ են, որովհետեւ իրական սիրուց ու նվիրումից են ծնվում: Միայն սերն է, որ բազմանալու, հազարապատկվելու ունակություն ունի: Բայց այդ ոգին, կամքը, համբերությունը, սերը կարող են խաղաղ պայմաններում մարել, եթե ինչ-որ մեկի մտքով անցնի շահագործել ու մսխել դրանք:

Կաշխատենք, քանդվածը կկառուցենք, կաշխատենք, ծախսածը հետ կբերենք, միայն թե պատերազմից հետո մեր երկրի կառավարական շենքերից իրական սեր ու հոգատարություն զգանք: Զգանք ու համոզվենք, որ մեր սերը չի շահագործվել, չի մսխվել: Միայն թե մեր սերը չտեսնելու չտան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ