RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 653, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

«Դոսյե»

Հատուկ ծառայությունների մասին գրելու համար պետք է ճանաչել այդ գերատեսչությունը: Ճանաչելու համար պետք է մոտ կանգնած լինել այդ ծառայությանը, իսկ որպեսզի այդ ամենը համոզիչ լինի, ավելի լավ է լինել նրանց շարքերում...

Ովքե՞ր են այն մարդիկ, որ ավարտելով միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական հաստատությունները, հայտնվում են հատուկ ծառայությունների «լաբիրինթոսում»ՙ ուղիների խճճված ցանցում: Դրանք այնքան էլ սովորական մարդիկ չեն: Որովհետեւ սովորական մարդիկ կա՛մ շուտ հեռանում են համակարգից, կա՛մ ընկնում են գայթակղությունների ու մեղքերի սարդոստայնը, որտեղից արդեն դուրս են պրծնում որպես ավերակ եւ իրենց տեղը չեն գտնում հետագա կյանքում: Բայց եւ շատ են այն մարդիկ, որոնք տիրապետելով միայն այդ գերատեսչությանը հատուկ բոլոր նրբություններին ու հնարքներին, օգտագործում են դրանք իրենց կարիերայի, իրենց արկածախնդրությունը բավարարելու, իրենց անձնական շահերի, իրենց մտերիմների եւ իրենց բարեկեցիկ եւ անհոգ կյանքն ապահովելու համար: Այդ մարդիկ պատրաստ են ամեն ինչ «ծախել», դավաճանել բոլոր անհրաժեշտ մարդկային սկզբունքներին, նվաստանալ եւ նվաստացնել, խոնարհվել, «դուռը բացել եւ փակել ներս ու դուրս անողի առաջ», կուլ տալ մարդկային արժանապատվությունը վիրավորող ամեն բան, միայն թե չկորցնեն...

Վերջին մի քանի տասնամյակում այդ մարդկանց թիվը գնալով աճում է: Հայաստանի հատուկ ծառայություները բացառություն չեն այդ հարցում:

Եվ միայն մի խումբ մարդիկ են (այդ խումբն էլ փոքրաթիվ չէ ի պատիվ այդ գերատեսչության), որ դառնում են իսկական հետախույզներ, հակահետախույզներ, վերլուծաբաններ, տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցներ, մի խոսքովՙ Հայրենիքի անտեսանելի ճակատի մարտիկներ: Իհարկե այս ճակատի իրական մարտիկ դառնալու համար շատ քիչ է սովորական ԲՈՒՀ ավարտելը, անհրաժեշտ են հատուկ դպրոցներ, դասընթացներ, որոնք հիմնադրված են ամբողջ աշխարհում, այդ թվում կային նաեւ ԽՍՀՄ ՊԱԿ-ի համակարգում:

Ընթերցողս վաղուց գիտի արդեն ինչ է ՊԱԿ-ըՙ Պետական անվտանգության կոմիտեն: Այս անվան կամ հապավման հիշատակումն անգամ, այսօրվա հասարակությունում արդեն սոսկում եւ զարհուրանք է առաջացնում: Բայց դա հիմա, իսկ այն ժամանակ ուրիշ գաղափարախոսություն եւ ուրիշ ճշմարտություն էր գործում: Այո, շատ բաներ ճիշտ չէին, քանի որ անհասկանալի գաղափարախոսությունն էր ամեն ինչի հիմքը պետությունում: Սակայն ինչ վերաբերում էր հատուկ ծառայությանը, շատ խիստ էր հիմնականում արդարացի եւ օբյեկտիվ: Երկարատեւ եւ մանրակրկիտ ստուգումներից հետո այդ աշխատանքի համար ընտրված երիտասարդները հպարտ էին, բարձր պահված գլխով, մի քանի կիլոմետրի վրա հեռու էին ամեն տեսակ բիզնեսներից, կաշառակերությունից, մախինացիաներից, հանցավոր աշխարհի ճահիճը ընկնելուց, համոզմունք ունեին, որ հավատարմորեն կծառայեն իրենց երկրի եւ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, հատուկ ծառայության կրեդոյին, եւ այդ ամենը անկախ այն բանից, թե ինչ զառամյալ ծերունիներ էին նստած Կրեմլում եւ ինչ ինտրիգներով էին նրանք զբաղված:

Կա՞ այսօր արդյոք այդ վստահությունը եւ այդ նվիրվածությունը: Կարծում եմ չկա եւ դեռ երկար չի լինի, ցավոք սրտի: Ընթերցողս ինքը, տեսնելով թե ինչ է կատարվում, թող եզրակացություններ անի:

Շատ տարիներ առաջ մի ղեկավար հայտարարեց, որ գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Ուրեմն ո՞ր կատեգորիայով եւ ո՞ր կրեդոյով պատրաստենք մեզ համար ապագա հետախույզներ եւ հակահետախույզներ, այսինքն էլիտար զինվորականներ, որոնք պետք է անմնացորդ ծառայեն Հայրեիքին:

Փլուզվեց մեծ երկիրը, փլուզվեց համակարգը եւ համակարգի ամենակարեւոր օղակը: Այն ժամանակ ծառայողներից շատերը հեռացան համակարգից, որովհետեւ չէին հասկանում, հետախուզություն, հակահետախուզություն, սահմանապահ զորք պե՞տք է, թե չէ: Նորաստեղծ պետության ղեկավարները շատ զբաղված էին, ժամանակ չունեին հանդիպելու հատուկ ծառայության անձնակազմի հետ, բացատրելու խնդիրները, նոր գեոքաղաքական կողմնորոշումները, կոնկրետ առաջադրանքներ դնեին, չէ՞ որ պատերազմ էր, իսկ եթե կար պատերազմ, ուրեմն անկասկած կլինեին լրտեսներ, դիվերսանտներ, դավաճաններ (իմիջիայլոց, դրանք այսօր էլ կան): Ավելին, որոշ ժամանակ հետո հատուկ ծառայությունը 6 ամսով փակվեց հուրախություն արտաքին եւ ներքին թշնամիների, կազմակերպված հանցավորության եւ աշխարհի տիրակալների, որոնք անմիջապես անցան իրենց «նախագծով եւ ճարտարապետությամբ» նորը ստեղծելուն:

Հնչեցին պահանջներՙ անմիջապես բացեք արխիվները, հրապարկեք գործակալների ցուցակները, լյուստրացիա, «վհուկների որս»: Պատկերացնո՞ւմ եք այն անձնավորության վիճակը, որը արտասահմանում գաղափարախոսական հենքի կամ նյութական շահագրգռվածությունից ելնելով աշխատել է Հայաստանի համար (նախկին, թե նոր), լոբիինգ է արել նրա հետաքրքրությունները, ռազմա-քաղաքական տեղեկատվություն է փոխանցել Հայաստանի հետախուզությանը եւ այլն: Պատիվ ունեցել եմ գրել այս ամենի մասին «Ազգ» շաբաթաթերթում, ընթացիկ տարվա հունիս ամսին, «Երկաթյա վարագույրների ետեւում» հոդվածաշարում:

Բոլոր նրանք, ովքեր ուզել են վերացնել եւ ջախջախել իրենց երկրի, կոնկրետ դեպքումՙ Հայաստանի հատուկ ծառայությունները, որը այսօր պարտադիր պիտի աշխատի հանուն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի, ուրեմն վստահորեն կարելի է ասել, որ այդ ուժերի հետեւում կային եւ կան այլ ուժեր:

Պատկերացնում ե՞ք, եթե Հայաստանի հետախուզությանը հաջողվեր ձեռք բերել «հետախուզական մթերք» Բեյրութում (կանխադրված ակտիվ տեղեկատվություն) օգոստոսի 4-ի պայթյունի վերաբերյալ: Ի՞նչ օգնություն կլիներ դա Բեյրութի հայության համար, էլ չեմ ասում Լիբանանի կառավարության համար: Չէ՞ որ այդ նիտրատներով բեռնված նավը 9 տարուց ավելի խարսխված էր այդ նավահանգստում:

Իհարկե, պահանջել մի հատուկ ծառայությունից նման «մթերք», երբ այն հազիվ գոյատեւում է, երբ անընդհատ փոխվում են ղեկավարները, երբ անհասկանալի է, թե ինչ հարցեր են դրված նրանց առջեւ եւ ինչ ցնցումներ են տեղի ունենում այդ գերատեսչության տարբեր ստորաբաժանումներում, միգուցե չափազանց է:

Ինչեւէ, Հայաստանի քաղաքական դաշտը հերթական ցնցումներն է ապրում, նախկին բանտարկյալ, Կրեմլի եւ անձամբ նախագահ Պուտինի թշնամի քննադատ Միխայիլ Խոդորկովսկու կողմից ստեղծված «Դոսյե» կենտրոնի զեկույցի հետ կապված:

Եվ իհարկե տեղեկատվության «էպիկենտրոնում» Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն է, որին «Լյուբյանկայի մասնաճյուղ» են անվանում (նկատի ունեն Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, որը գտնվում է Մոսկվայի Լյուբյանկա Հրապարակում, տուն 2 հասցեում):

(վերջը հաջորդիվ)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ