RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020



Տեղադրվել է` 2020-09-10 22:14:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1259, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԵԽՈՒՀԻ ԴԱՆԱՆ, ՈՐ ԵԿԵԼ ԷՐ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՅԵՐԻՆ...

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Կյանքից հեռացավ հայ ժողովրդի նվիրյալըՙ չեխ լրագրող Դանա Մազալովան

Հայ ժողովրդի բարեկամների բանակը կամաց նոսրանում է: Վացլավ Չեռնիից, Էվժեն Կինդլերից հետո, չեխահայության համար վերջին տարիների ամենամեծ կորուստը Դանա Մազալովայի անժամանակ մահն էր: 2020թ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ ժողովրդի նվիրյալ բարեկամը:

Հեռուստալրագրող, հրապարակախոս, իրավաբան, հայտնի մտավորական Դանա Մազալովան ծնվել էր 1954 թվականի նոյեմբերի 18-ին չեխական Օպատով քաղաքում, ուր սովորել եւ ավարտել էր միջնակարգ դպրոցն ու գիմնազիան: Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել էր Պրահայի Կարոլինյան համալսարանում:

Դանա Մազալովային թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում շատերն էին ճանաչում, թե՛ ղեկավարները եւ թե՛ քաղաքագետներն ու լրագրողները, հատկապես նրանք, ովքեր երկար տարիներ զբաղվում են Ղարաբաղի հիմնախնդրով: Ուստի պատահական չէ, որ Դանայի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Դանա Մազալովան միշտ աչքի է ընկել պրոֆեսիոնալ լրագրողին բնորոշող հատկանիշներով ՙ սկզբունքային դիրքորոշմամբ եւ անկողմնակալությամբ»,- գրել է «Թվիթերի» իր էջում Արցախի նախագահը: «Նրա հարուստ փաստագրական ժառանգությունը մեծ հետք է թողել Արցախի խնդրի անաչառ լուսաբանման հարցում»,- գրել է «Թվիթերի» իր էջում վարչապետ Փաշինյանը: Իսկ արտգործնախարար Մնացականյանը ընդգծել է. «Նա թողեց ճշմարտության եւ արդարության քարոզչի մեծ ժառանգություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ լուսաբանման հարցում»:

Դանան բազմաթիվ անգամներ այցելել էր Հայաստան, բայց ինչպես դեռեւս 1998թ. «ԱԶԳ»ին տված հարցազրույցում էր ասել, առաջին անգամ Հայաստան գնացել է պատահաբար, երբ կոմունիստական իշխանության օրոք Իսպանիայի մուտքի արտոնագիր չի ստացել, եւ որոշել է ճամփորդել Հայաստանում, քանի որ գրքերից արդեն տեղեկացել էր հայկական հուշարձանների մասին: Այդ ճամփորդության ընթացքում արդեն զգացել է, որ Խորհրդային Միությունում եւ հատկապես Հայաստանում ավելի շատ ազատություն կա, քան այն ժամանակվա Չեխոսլովակիայում: Հետագայում նրա այցերն ստացան մասնագիտական ուղղվածություն, երբ նա սկսեց աշխատել նախ երիտասարդական «Մլադա ֆրոնտա», ապա անկախությունից հետոՙ «Ազատ խոսք» թերթերում, թղթակցել «Ռեֆլեքս» ամսագրին: Այնուհետեւ եղավ Սպիտակի երկրաշարժը, որից հետո անցավ հայ ժողովրդին օգնելու ծրագրին:

Դեռեւս 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի օրերին նա ոչ միայն մի խումբ համախոհների հետ կազմակերպեց Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, գրեց «Երկիր Արարատի ներքո» վավերագրական ֆիլմի սցենարը, որը մեծ հաջողություն ունեցավ չեխական հեռուստաեթերում, այլեւ «Արմենիա» ակումբի հետ համատեղ կազմակերպեց երկրաշարժից հետո որբ մնացած 80 հայ երեխաների հանգիստը Չեխիայում: Ինչպես ինքն է հիշում, 15 միլիոն կրոն էին հավաքել, ինչն այն ժամանակ շատ մեծ գումար էր: Փաստորեն Չեխոսլովակիայի 15 միլիոն բնակիչ մեկական կրոն էր փոխանցել Հայաստանի օգնության հաշվեհամարին: «Համենայնդեպս, մինչեւ օրս չեխերի կողմից նման համերաշխության դրսեւորում չեմ հիշում»,- ասում էր նա: Հայաստանում օգնությունը բաժանելիս հանդիպել է հրաշալի մարդկանց, որոնց հետ տարիներ շարունակ ընկերություն է արել, իսկ բժիշկ Արայիկ Գեւորգյանը դարձել էր նրա «Մերկ Հայաստան» ֆիլմի գլխավոր հերոսը:

Դանայի ակտիվ լրագրողական գործունեությունը սկսվեց 1990-ականների սկզբին, երբ նա նշանակվեց Չեխական հեռուստատեսության սեփական թղթակից Մոսկվայում: Այդ 1-2 տարիների ընթացքում նա մեկնել էր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղՙ լուսաբանել նորանկախ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները , մեկնել Արցախ եւ տեղում ծանոթացել իրավիճակին: Նա մեզ հետ զրույցում ասում էր, որ Հայաստանը ճանաչելու համար պետք է պատմությունը լավ իմանաս, իսկ պատմությունն ուսումնասիրելուց հետո եկել էր այն եզրակցության, որ եթե հայերի եղեռնից հետո Նյուրենբերգ լիներ, ապա հրեաների հոլոքոսթ չէր լինի:

Ղարաբաղյան խնդրի լուծումը նա տեսնում էր Կովկասի երկրների կոնֆեդերացիա կամ տնտեսական միություն ստեղծելու ճանապարհով, ինչպես Եվրոպական Միությունն է:

«Բայց այսօր դժվար թե այդ հարցը լուծվի, որովհետեւ երկուստեք հասցրած հարվածների սպիները դեռ թարմ են»,- ասում էր Դանան դեռեւս 1998 թվականին:

Նա շատ էր սիրում Հայաստանի բնությունը, հայկական խոհանոցն ու կոնյակը, իր հայ ընկերներին ու բարեկամներին, հատկապես ջերմ կապեր ուներ Երեւանում Չեխ Հովիկի հետ (վաղամեռիկ Հովհաննես Հարությունյանի), իսկ Պրահայումՙ նկարիչ Տիգրան Աբրահամյանի հետ:

Դանան լինելով իրավաբան, չէր հանդուրժում նաեւ որեւէ անարդարություն, հատկապես իր մասնագիտական գործունեության հարցերում. երկար տարիներ դատարաններում պաշտպանում էր իր իրավունքները:

Անցած տարիների ընթացքում թե՛ չեխական մամուլում, եւ թե՛ հեռուստատեսությամբ նա շարունակեց արծածել Արցախի խնդիրը: Նրա հայտնի հարցազրույցը Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ, որը տպագրվեց ռուսական «Նիզավիսիմայա գազետա» թերթում, մինչ օրս մնում է Ադրբեջանի կողմից արված հիմնական փաստացի հաստատումն այն իրողության, որ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատը:

Ինչպես հետագայում, արդեն «ՕՐԵՐ» ամսագրին տված հարցազրույցում նա վկայեց, որ 1992-1995 թվականներին հրապարկել է ոչ միայն Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ իր հարցազրույցը, այլեւ ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաեւի Խոջալուի իրական նկարահանումների մասին տեղեկություններ: Նրա ասելով, այն, ինչ այսօր ցուցադրում են ադրբեջանցիները Խոջալուի մասին, իրականությանը չի համապատասխանում, քանի որ Մուստաֆաեւի նկարած ֆիլմում մերկ աղջիկներ չկային: Ինձ մի բան է հայտնի, որ Խոջալուի թուրք մսխեթցիներին նկարել է միայն Չինգիզը, հետեւաբար այն ինչ որ այստեղ ցուցադրում են, դա լրիվ կեղծված է եւ չի համապատասխանում իրականությանը: (Նկատի ունի Լիդիցեում բացված ցուցահանդեսը-հեղ.): Այնտեղ ցուցադրեցին տեսահոլովակ, որտեղ սեւամորթները երգում էին Խոջալուի լույսի համար, բայց բացառությամբ առաջին կադրի, մնացածները կեղծված էին: Միայն մեկ կադրն է Չինգիզնը: Ես տեսել եմ նրա նկարահանած ողջ նյութը»,- պատմում էր Դանան:

Այսպես, անցած տարիներին Դանան շարունակեց պաշտպանել հայ ժողովրդի արդար պայքարըՙ լինի դա Չեխիայի խորհրդարանում, թե Բրյուսելում ՙ Եվրոպական խորհրդարանում:

Մազալովան ակտիվորեն պաշտպանում էր նաեւ Հայ դատը, բազմիցս ելույթներ է ունեցել Չեխիայում կազմակերպված տարբեր ձեռնարկների ընթացքումՙ կոչ անելով Չեխիայի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Դանան քաջատեղյակ էր նաեւ Հայաստանի ներքաղաքական անցուդարձին: Մեզ հետ զրույցում թե՛ Հայաստանի եւ թե՛ Չեխիայի իշխանավորներին խորհուրդ էր տալիս դասեր քաղել անձնական սխալներից, հետեւլ Չերչիլի օրինակին, որ կարողացավ վերականգնել իր վարկը: «Մենք պետք է մեր Չերչիլներին նախապատրաստենք»,- ասում էր նա:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույց էր վարել, որ այդ տարիներին մեծ աղմուկ հանեց: Ռոբերտ Քոչարյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ ծանոթացել էր դեռեւս 1990 թվականին, երբ նրանք եկել էին Պրահաՙ մասնակցելու Խարտիա-77 այլախոհական կազմակերպության համաժողովին: Իսկ Մազալովան 1989 թվականից օգնում էր այդ կազմակերպության նախագահ Դանա Նեմցովային:

Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին Սպիտակի երկրաշարժի օրերին ցույց տված աջակցության համար Դանային պարգեւատրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոբելյանական մեդալով: Այդ օրը նա շատ ուրախ էր: Թեեւ դա նրա առաջին պարգեւը չէր: Տարիներ առաջ նա Չեխիայում արժանացել էր «Լավագույն լրագրող» մրցանակին:

Դանան բնավորությամբ ուղղամիտ էր, ամեն խնդրի մասին ուներ իր հստակ տեսակետը: Հետեւում էր համաշխարհային լրատվական անցուդարձին, ու թեեւ վերջին տարիներին առողջական խնդիրներ ուներ, սակայն շարունակում էր ակտիվորեն վերլուծել հատկապես նախկին Խորհրդային Միության տարածքումՙ Ռուսաստանում ու Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները: Սիրում էր աշխատել գիշերային ժամերին, երբ քաղաքը հանդարտվում էր:

Նա նաեւ շատ համարձակ էր: Քանիցս ադրբեջանցիներն ու թուրքերը նամակներով կամ զանգերով փորձել են ճնշել նրան, սակայն Դանան մնում էր անդրդվելի: Ինձ համար հիշարժան է հատկապես նրա փայլուն ելույթը Եվրոպական խորհրդարանում 2015-ի աշնանը, ուր նա խոսեց Հայ դատի կազմակերպած լսումներում, եւ արժանի պատասխան տվեց ադրբեջանցիների հարձակումներին: Դանայի մասին երկար կարելի է գրել, սակայն դժվար է պատկերացնել, որ նա այլեւս մեզ հետ չէ, քանի որ Հայաստանի ու Արցախի համար ամենաճակատագրական պահերին նա միշտ միացել է մեր պայքարին: Եվ դա արել է անշահախնդիր, առանց որեւէ ակնկալիքի: Դանայի նման անձնազոհ ու նվիրյալ, խիզախ ու ճշմարտախոս լրագրողներ այսօր գրեթե չկան: Նա բացառիկներից էր:

Նկար 1. Դանան Մազալովան Հայաստանի մեդալը ստանալուց հետո, 2019թ հունվար: Լուսանկարըՙ Հակոբ Ասատրյանի

Նկար 2. 22 տարի առաջ Մազալովայի հարցազրույցը «Ազգ»ին, 1998թ. դեկտեմբեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ