RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020



Տեղադրվել է` 2020-09-10 22:14:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1178, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՄՇԱԴԻՆՑԻՆ ԿԱՍԵՐՙ ԿՈԼԽՈԶԻ ՎԱԽՏԵՐԻՑԸ ԴԵՍԸ Ո՞Վ ԷՐ ՀԱՄԵՐԳ ՏԵՍԱԾ

Նաիր ՅԱՆ

«Մեր ճամփեքի թոզը քաղաքի ասֆալտի հետ փոխիլ չեմ», - ասում է շամշադինցին ու երեսուն տարուց ավելի իր գյուղի հողուքարոտ, ասֆալտ չտեսած ճամփեքով խրոխտ քայլում: Քաղաքից Շամշադին եկողներին խորհուրդ են տալիս. «Պարցր մաշինով կկյաս, թե չէ մաշինդ ճամփեքին կփշրես»:

Երեսուն տարի նախագահական ու պատգամավորական ընտրություններից առաջ բոլոր թեկնածուները խոստացել են, որ Ճամբարակից Շամշադին տանող, այսպես կոչված, Սարի ճամփան նորոգելու եւ ասֆալտապատելու են, իբր միջհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը եւս ներառված է իրենց նախընտրական ծրագրերում: Բոլորը խաբել են ու շամշադինցուն մենակ թողել իր քարուքանդ ճանապարհներին, թուրքի կրակի բերանին: Շամշադինցին սահման է պահում, իր տնից օրական երեք-չորս կմ քանդված ճամփեքով ոտքով գնում, հասնում իր հողը, իր դաշտը, որ մշակի, սոված չմնա:

Տավուշ ասելովՙ հասկանում ենք Իջեւանն ու Շամշադինը: Իջեւանը Երեւանին ավելի մոտ է, հետեւաբար, քաղաքացիների, պաշտոնյաների ոտքն այնտեղ ավելի հաճախ ու արագ է հասնում, իսկ Տավուշ աշխարհի շամշադինյան հատվածը, որպես կանոն, մոռացության մատնված է եղել միշտ: Միայն ժամանակ առ ժամանակ սահմանամերձ գյուղերի անուններն են լրատվական ծառայությունները հիշել, երբ թուրքը դիվերսիոն գործողություն է կատարել կամ կրակ բացել մեր դիրքերի ուղղությամբ: Հենց որ իրավիճակը հանդարտվել է, Շամշադինի գյուղերը դարձյալ անուշադրության են մատնվել:

Գյուղերում հազարից մեկը կհիշի, թե վերջին անգամ որ բարձրաստիճան պաշտոնյան է այցելել իրենց: Եթե եկել են, ապա փայլեցրած կոշիկներով, կոստյումով, մի քանի վայրկյանով «ծիկ» են արել, կարմիր ժապավեն կտրել, նկարվել ու իրենց մեքենաների շարասյունով հետեւներից փոշու ամպեր բարձրացնելովՙ կայծակնային արագությամբ հեռացել, ինչպես կհեռանային բորոտների կղզուց: Հետեւում թողել են չարքաշ, աշխատասեր, հողն իր քրտինքով ջրող, աշխարհն իր հումորով ու անուշ բարբառով լցնող շամշադինցուն: Ինչ ճիշտն է ճիշտըՙ շամշադինցի կանայք բոլոր պաշտոնյաների հետեւից ձեռքի հինգ մատներով չանչ են անում ու ցածրաձայն մրմնջում. «Վեչմիզատ տյառնաս, մթամ ինչի՞ հետի եկար-քյնացիր»:

Եկավ 2020-ի հուլիսը: Ադրբեջանցիները մարտական գործողություններ ձեռնարկեցին Շամշադինի ուղղությամբ, ռմբակոծեցին խաղաղ գյուղերը: Մեկ շաբաթ տեւած լարված իրավիճակը գրեթե հանգեցնում էր լայնածավալ պատերազմի: Թիկունքում անսպասելիորեն Շամշադինի գյուղերի անուններն սկսեցին հաճախակի հնչեցնելՙ որպես քաջ, համարձակ, հերոս բնակավայրեր, սահմանապահ համայնքներ, իսկ շամշադինցիներին ձոնված բանաստեղծությունները, հիացմունքի խոսքերը, հուզառատ ելույթներն իրար հերթ չէին տալիս: Լրատվամիջոցները սկսեցին մարաթոնյան մրցավազքը դեպի շամշադինյան գյուղեր: Հանկարծ բոլոր հին ու նոր պաշտոնյաներին սկսեց հետաքրքրել, թե ինչպես են ապրում գյուղացիները, ինչ խոհեր ու մտահոգություններ ունեն, ինչ են զգում թուրքերի ամենօրյա տեսադաշտում ապրելով:Սոցցանցերում բոլորն սկսեցին քաջալերել նրանց, շատերը սկսեցին քչփորել իրենց գեներըՙ միգուցե բախտի բերմամբ շամշադինցի քեռակին կամ սանիկ ունեցած լինեն: Իսկ շամշադինյան բնաշխարհի, խոնարհված եկեղեցիների ու մատուռների լուսանկարները հաշված րոպեների ընթացքում հեղեղեցին ամբողջ համացանցըՙ վերնագրերումՙ «Իմ անկրկնելի Տավուշ... իմ սեր, Տավուշ... իմ հեքիաթ, Տավուշ»:

Շատ չանցածՙ հանկարծ հիշեցին, որ հազար տարի կլինիՙ Տավուշում մշակութային ոչ մի միջոցառում չի եղել, այնտեղ ոչ թատրոն կա, ոչ համերգ է լինում, ոչ փառատոն:

Այո՛, հարգելիներս, ոչ թե տավուշցի, այլ շամշադինցի երիտասարդներից շատերն իրենց կյանքում թատրոն ու կինոէկրան չեն տեսել, չգիտենՙ օպերան ինչ է, որովհետեւ շամշադինյան գյուղերը Իջեւանից շատ ավելի հեռու են, եւ մինչեւ հուլիսյան մարտերը, Տավուշ ասելովՙ բոլորը նկատի են ունեցել Իջեւանը, բայց ոչ երբեք Շամշադինը: Իսկ իրական տպավորությամբՙ Շամշադինը կարծես ՀՀ քարտեզի վրա չլիներ էլ:

Այո՛, հարգելիներս, շամշադինցի կանայք ու տղամարդիկ վերջին անգամ սովետի ժամանակ են համերգ ու թատրոն տեսել, երբ իրենց գյուղի մշակույթի տունը դեռ պատեր ու տանիք ուներ, ու քաղաքից, շրջկենտրոնից ստեղծագործական խմբեր էին գալիսՙ շամշադինցի կոլտնտեսականներին, ծխախոտագործներին մշակույթի հետ հաղորդակցելու:

Հուլիսյան ռազմական գործողությունները չլինեին, ոչ ոք չէր էլ հիշի, որ Հայաստանի հյուսիս-արեւելքում Շամշադին կա, Բերդ քաղաք կա: Դեպի Տավուշի մարզ մեր մշակութային հայացքը ձգվում է մինչեւ Դիլիջան, շրջայցերն էլՙ մինչեւ Իջեւան: Ինչպես ասում են, տավուշյան հաղթանակը Շամշադինի վրա մեղր քսեց, քաղցրացրեց: Սկիզբ առավ «Թիկունքըՙ մշակույթ» նախագիծը, որի շրջանակում Բերդում իրար հետեւից մի քանի համերգ կազմակերպվեց: «Ֆրեսկո» արդի արվեստի եւ կինոյի փառատոնը մեկնարկեց հենց Բերդումՙ բացօթյա համերգով: Ո՞վ էր տեսել, որ «Բերդ» անսամբլը Տավուշում ելույթ ունենա: Դրանից առաջ ջազմեն Վահագն Հայրապետյանը համերագային երեկոյով հանդես էր եկել նույն Բերդում: Մի քանի օր առաջ էլ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը դասական երաժշտության համերգ ունեցավ այնտեղ: Թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը Բերդի «Սորաններ» դենտրոպարկում ելույթ ունեցավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամբողջական կազմի հետ:

Շամշադի՜ն, Շամշադի՜ն, ի՞նչ փոխվեց հանկարծ, ինչպե՞ս քաղցրացար, թանկ ու հարազատ դարձար. մինչ հուլիսյան մարտերըՙ անգամ լարային քառյակ, մի մեներգիչ, մի կիթառահար չէր գնում այնտեղ: Իսկ հիմա օպերա են երգում, Չայկովսկի, Արամ Խաչատրյան են նվագում:

Իհարկե, գովելի է, ուրախալի է, ցնցող է, հիացմունքի արժանի է, որ թեկուզ մի քանի տասնամյակ անց վերջապես սառույցը հալվեց, վերջապես Երեւանում հիշեցին, որ Շամշադինում մարդիկ են ապրում, որոնք նույնպես կրթվելու, մշակույթով ապրելու, ուշադրության արժանանալու իրավունք ունեն: Գովելի է, որ վերջապես մշակույթն ուզում են ապակենտրոնացնել, որ վերջապես մշակութային հազարումի միջոցառումներից երես առած երեւանցիներից բացի, մարզաբնակներին էլ են մարդատեղ դնում, բայց եկեք անկեղծ լինենքՙ եթե չլինեին հուլիսյան մարտական գործողությունները, դուք Բերդում համերգ կազմակերպողը, Երեւանից Շամշադին 200 կմ ֆիլհարմոնիկ նվագախումբ տանողը չէի՜ք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 11-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ