RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020



Տեղադրվել է` 2020-09-03 22:04:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1717, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՒԴԱՆԻՑ ՍԻԲԻՐ. ՄԿՐՏԻՉ ՈՒԼԻԿՅԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մի սեւ-սպիտակ լուսանկար

Հեռավոր 80-ականներին, դպրոցում անգլերենի ֆակուլտատիվ դասերից մեկի ժամանակ մեր զուգահեռ դասարանից Ազատուհի Ուլիկյանը մեզ ցույց տվեց ընտանեկան մի լուսանկար. «Սա պապիկս է Սուդանում»: Սեւ-սպիտակ լուսանկարի մեջտեղում մի տղամարդ էրՙ շրջապատված կիսամերկ սեւամորթ կանանցով ու տղամարդկանցով... Ա՜յ քեզ բան, ուրեմն մեր այս գորշ սովետական դպրոցի աշակերտներից մեկի պապիկը ժամանակին ապրել է այնքան հեռավոր ու տարաշխարհիկ Աֆրիկայում, լուսանկարվել տեղական ցեղերից մեկի մարդկանց հետ, որոնց կանայք մե՜րկ են շրջել... Այդ լուսանկարն ուժեղ տպավորություն թողեց ինձ վրա, մի քանի տարի անց դրա հիման վրա ստեղծեցի մի փոքր գունանկար... Իսկ շատ տարիներ հետո, ուսումնասիրելով Աֆրիկայում հայկական ներկայության եւ աֆրիկահայ համայնքների պատմությունը, նորից հիշեցի այդ լուսանկարը ու որոշեցի գնալ սուդանահայ Ուլիկյանի հետքերով: Գտա մեր զուգահեռ դասարանցի, այժմ Երեւանի Պոլիտեխնիկական համալսարանի կառավարման համակարգերի ամբիոնի դոցենտ Ազատուհի Ուլիկյանին, որն էլ ինձ ներկայացրեց իր հորեղբորըՙ Սուդանում ծնված Անդրանիկ Ուլիկյանին: Վերջինս սիրով համաձայնեց պատմել իր ընտանիքի չափազանց ուշագրավ պատմությունը, որը ներկայացնում եմ ստորեւ...

Աֆրիկյան տարագրություն

Պոլսահայ Մկրտիչ Ուլիկյանը ծնվել է 1904-ին, Թորոս եւ Հնազանդ Ուլիկյանների ընտանիքում: Ունեցել է երկու եղբայրՙ Կարպիս, Թագվոր եւ մի քույրՙ Մադլեն: Ցեղասպանության ժամանակ հայրը, զավակներին փրկելու համար, տարել է Պոլսի ամերիկյան որբանոց, ցանկապատից անցկացրել է ներս եւ հեռացելՙ իրեն հույս տալով, որ երեխաներն ապահով ձեռքերում են, իսկ ինքը մեկնել է Եգիպտոս: Այդ որբանոց հաճախ էր այցելում Պոլսո Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանըՙ ի մխիթարություն հայ մանուկների: Տարիներ անց Մկրտիչ Ուլիկյանն իր թոռանն անվանել է Զավենՙ ի պատիվ այդ գթասեր հոգեւորականի...

1920 թվականին 16-ամյա Մկրտիչն իր Թագվոր եղբոր հետ, մանկատանը թողնելով փոքր եղբորն ու քրոջը, տեղափոխվել է հոր մոտՙ Եգիպտոս: Պատանեկության տարիներից Մկրտիչը մեծ սեր է տածել ավտոմեքենաների հանդեպ, ուստիեւ Եգիպտոսում ստացել է ավտոմեխանիկի մասնագիտություն: Իմանալով, որ հարեւան երկրումՙ Սուդանում ավտոգործի մասնագետների մեծ պահանջարկ կա, Մկրտիչը մի քիչ դրամ է հավաքել եւ մեն-մենակ մեկնել է Սուդանի Էլ-Օբեյդ քաղաքը, որտեղ չի ունեցել ոչ մի ծանոթ: Այս քաղաքում նա ծանոթացել է մի տեղացու հետ, որն էլ նրան հայտնել է, որ Էլ-Օբեյդում մի մեծահարուստ հայ է ապրումՙ հայտնի Սարգիս աղա անունով ու տարել, ցույց է տվել նրա երկհարկանի տունը: Մի օր Մկրտիչը գնացել, ծեծել է այդ տան դարպասը, արաբ ծառային խնդրել է տանտիրոջը հայտնել, որ մի հայրենակից ուզում է հինգ րոպեով զրուցել իր հետ: Ծառան շուտով Մկրտչին հայտնել է, որ տանտերն իրեն ներս է հրավիրում: Սպասել է տաս րոպե, իրեն սառը լիմոնադ են հյուրասիրել, մինչեւ որ վերեւի հարկի սանդուղքներից իջել է մի խոշորամարմին բեղավոր մարդՙ տնական խալաթը հագին: Սարգիս աղան անչափ ուրախացել էՙ հանդիպելով երիտասարդ հայրենակցի, ուշադիր նայել է Մկրտչի աչքերի մեջ ու միանգամից ըմբռնել նրա հոգին: «Ինչո՞վ կրնամ օգտակար ըլլալ, տղա՛ս»,- հարցրել է Սարգիս աղան: Մկրտիչը համարձակվել է ասել, որ ցանկություն ունի բեռնատար մեքենաների գործ սկսել, սակայն բավականաչափ դրամ չունի մեքենա գնելու համար: Հինգ րոպե անց Սարգիս աղան Մկրտչին է հանձնել պակասող գումարը: Երիտասարդը սպասել է, որ պիտի նաեւ ստացական ստանա: «Տղա՛ս,- ասել է Սարգիս աղան,- ես գիտեմՙ ինչու չես երթար, եթէ դուն ազնիւ մէկը չըլլայիրՙ ես քեզի դրամ չէի տար: Այս դրամովդ գնա ուզածդ գնէ՛, վայելէ՛, երբ որ այդ դրամի կարիքը չունենասՙ այն ատեն կը վերադարձնես պարտքդ»...

Այդպիսով, հայ հայրենակցի օժանդակության շնորհիվ սկսվել է Մկրտիչ Ուլիկյանի բիզնեսը: Մեկ բեռնատարը դարձել է երկու, երկուսըՙ երեք, չորս... եւ Աֆրիկայի խորքերում Մկրտիչը վարել է սեփական գործըՙ իրականացնելով մարդկանց եւ բեռների փոխադրումներ Սուդանի մի բնակավայրից մյուսը: Շուտով բախտը ժպտացել է նաեւ անձնական կյանքում: Էլ-Օբեյդում նա ծանոթացել է Կիրիակո Հերմես անուն-ազգանունով մի գործարարի հետ, որի կինը հայուհի Աղավնին էր: Որոշ ժամանակ անց Խարթումից մորաքրոջը տեսության է եկել Աղավնու քրոջ դուստրըՙ Ազատուհի Մաթոսյանը: Նա ծնունդով Անկարայի հայ ունեւոր ընտանիքից էր. հայրըՙ Մինասը, եղել է Անդրանիկ զորավարի զինվորը, այնուհետեւ ընտանիքով տարագրվել են, հաստատվել են Խարթումում, որտեղ Մինասն ունեցել է մի քանի խանութ: Հերմես Կիրիակոն Ազատուհուն ներկայացրել է Մկրտչին, երիտասարդները հավանել են միմյանց, Եգիպտոսից եկել են Մկրտչի ծնողները, եւ նրանք ամուսնացել են: 1941-ին ծնվել է նրանց առաջին որդինՙ Անդրանիկը, որին հաջորդել են եւս երեքը, ծնված Սուդանում, իսկ եւս երկուսին վիճակված էր ծնվել Խորհրդային Միությունում: Բոլոր զավակներին Մկրտիչը տվել է հայկական անուններ, բացի Մադլեն դստերից, որին անվանել է ի հիշատակ Պոլսում մնացած վաղամեռիկ քրոջ... Ուլիկյանները խոր հավատացյալ մարդիկ էին, որոնք հայկական եւ քրիստոնեական դաստիարակությամբ են մեծացրել զավակներին: Մկրտիչ Ուլիկյանը բաժանորդագրվել է Կահիրեի «Արեւ» օրաթերթին: Էլ-Օբեյդում հայկական մանկապարտեզ եւ դպրոց չի եղել, եւ ընտանիքում հայրը խստորեն պատվիրել է խոսել միմիայն հայերեն...

Մկրտիչը գրանցել է բեռնափոխադրական գրասենյակ եւ իրեն պատկանող չորս բեռնատարներով ապրանքափոխադրումներ իրականացրել ողջ Սուդանով մեկ, ինչը նրան ապահովել է կայուն եկամուտ: Նա ճանաչել է ողջ Սուդանն ու նրա ժողովուրդներինՙ արաբներին, հաբեշներին, ղպտիներին, տեղաբնիկ սեւամորթների: Մի անգամ բեռնատարի թափքում տեղափոխել է տեղացի մի հոգեւորականիՙ իր քառասուն կանանցով: Իսկ մի անգամ հեռավոր մի գյուղով անցնելիս բեռնատարը շրջապատել է սեւամորթ մի ցեղ, Մկրտչին հայտնել են, որ իրենց ցեղապետը հիվանդ է եւ սպառնացել են բաց չթողնել, մինչեւ որ չօգնեն հիվանդին: Բարեբախտաբար, Մկրտչի մոտ ցավազրկող դեղ է եղել, որով նա կարողացել է թեթեւացնել հիվանդ ցեղապետի վիճակը: Այդ դեպքից հիշատակ է մնացել սույն հոդվածի սկզբում հիշված լուսանկարը, որտեղ Մկրտիչ Ուլիկյանը կանգնած է հիվանդ ցեղապետի դիմացՙ շրջապատված գյուղի կիսամերկ բնակիչներով... Դա առանձնահատուկ պատիվ էր, որն արժանացրել էին Մկրտչին, քանի որ այդ ցեղի օրենքների համաձայն, ոչ ոք իրավունք չուներ գտնվել ցեղապետի գլխավերեւում:

Ազատ ժամանակները սուդանաբնակ հայերն անցկացնում էին միասին, հաճախ 25-30 հոգով մեկնում էին բնության գիրկՙ զբոսախնջույքի, որի ժամանակ Մկրտիչը պարտադիր մի տակառ գարեջուր էր վերցնում: Նա մեքենայում միշտ պարտադիր ուներ նաեւ երկու հրացան, մեկ ատրճանակ էլՙ գրպանում, ճանապարհներին առկա վտանգներից պաշտպանվելու համար:

Հայությունը Սուդանում քիչ է եղել, մոտ 800 հոգի, նրանց թիվը տարեցտարի պակասել է: Մեծ մասամբ մեկնել են Եգիպտոս, որտեղից էլՙ տարբեր երկրներ...

Հայրենիքն է կանչում

Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ սկսվել է աշխարհացրիվ հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան, Մկրտիչ Ուլիկյանը նույնպես որոշել է միանալ քարավաններին: Հայաստանի ազգային արխիվում պահվում է 1946 թվականի մարտի 2-ին Մկրտիչ Ուլիկյանի գրած նամակըՙ ուղղված Խորհրդային Հայաստանի Ժողովրդական Կոմիսարների խորհրդին կից ներգաղթի եւ տեղավորման կոմիտեի նախագահին: Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակըՙ անփոփոխ թողնելով ուղղագրությունըՙ կատարելով միայն կետադրական շտկումներ.

«Յարգելի նախագահ

Տիար Բաբգէն Աստուածատրեան

ի Երեւան

Հայաստան

Անբացատրելի ուրախութեամբ իմացայ րատիօէն եւ կարդացի Արեւ օրաթերթէն, թէ Ռուս ազնիւ եւ վեհանձն Ազգը կարտոնէ այն ամէն Հայու, որոնք կը փափաքին ներգաղթել ի Հայաստան:

Ըլլալով Հայ Ազգի զաւակՙ կապրիմ 25 տարիէ ի վեր Աֆրիգայի խորերը: Ըրած եմ իմ ամէն ջանքս, որպէսզի ընտանիքիս անդամները պահեն մայրենի լեզունիս եւ Հայութեան հոգին, սակայն Հայ դպրոցի եւ եկեղեցիի չգոյութենէն կը ցաւիմՙ ըսելու, որ շատ քիչ Հայերէն կը խօսին եւ բնականաբար ուսում չունին:

Սիրտս շատ ցաւած էր զաւակներուս ապագային մասին. առանց մայրենի ուսումի, առանց եկեղեցիի, եւ շրջապատուած աննպաստ պայմանները ապագան կորստեան պիտի մատնէ զանոնք (ինչպէս շատերը, աչքովս տեսնում եմ, գտնուած տեղս կորսուած են Հայութիւնէն): Երբ ներգաղթի հրամանի լուրը առի, շուտով նամակ մը գրեցի Եգիպտոսի Ս. Առաջնորդին եւ Որուն Սիրալիր Գրութիւնը կը ղրկեմ ձեր Վսէմութեան, լի յոյսով, թէ նկատի պիտի առնէք մեզՙ ըլլալով կորստեան վտանգին մէջ: Կը փափաքենք Հայաստանի մէջ ապրիլ Հայ մնալու համար: Պատրաստ եմ ընտանիքիս անդամներուն ծախսը վճարելու մինչեւ Հայաստան: Բնականաբար, մեզի նախապատւութիւն կուտաք առջի ներգաղթողներէն ըլլալուՙ ըլլալով հոգւով սովեալ:

Ձերդ

Վսեմութեան խոնարհ

որդի

Մկրտիչ Ուլիկեան

2-3-1946

Magarditsh Ouliguian

P.O.Box 73

El-Obeid

Anglo-Egyptien Soudan»:

Ստանալով արտոնությունՙ միանալու Եգիպտոսից հայրենադարձվողների քարավանին, Ուլիկյանը վաճառել է իր տունը, չորս բեռնատարները եւ թողած բարեկեցիկ կյանքը, իրենց սուդանցի ծառաներինՙ ընտանիքով ճանապարհվել է Եգիպտոս: Այստեղ Հայաստան տանելու համար նա գնել է չորս նոր «Ֆորդ» բեռնատար ավտոմեքենա եւ ամեն մեկում տեղավորել է տարբեր ապրանքներով սնդուկներՙ սնունդ, հագուստ, օճառ եւ մեքենայի պահեստամասեր: Ալեքսանդրիայում այս մեքենաները հանձնել են նավահանգիստՙ նավը բարձելու համար: Երեք այլ սուդանահայ ընտանիքներՙ Նալչաջյանները, Ֆաբրիկատորյանները եւ Սեմերջյանները, նույնպես այնտեղ էին իրենց մեքենաներով: Մկրտիչը Կահիրեում հանդիպել է իր ծանոթ մի ունեւոր արաբ գործարարի, որն իմանալով Հայաստան մեկնելու վերջինիս մտադրության մասին, խորհուրդ է տվել չգնալ պատերազմից նոր ելած աղքատ մի երկիր: Նա Մկրտչին առաջարկել է վերադառնալ Սուդան եւ խոստացել իրեն հանձնել բեռնափոխադրումների ավելի ընդլայնված գործՙ իր հետ կիսելով շահույթը: Մկրտիչը հանդիպել է նաեւ իր ֆրանսիացի, բելգիացի եւ դանիացի ընկերներին, որոնք էլ նրան առաջարկել են միասին Եվրոպա տեղափոխվել ու համատեղ աշխատել, սակայն Ուլիկյանը մնացել է անդրդվելիՙ չհամաձայնելով ոչ մեկի առաջարկին...

Եգիպտոսում հայտարարված կարանտինի պատճառով ներգաղթել ցանկացողներին չի թույլատրվել երկրից դուրս գալ: Ուլիկյանները մյուսների հետ ստիպված մեկ տարի մնացել են Կահիրեում, որտեղ Անդրանիկ որդին հաճախել է տեղի Գալուստյան վարժարանի մանկապարտեզը:

Հասել է մեկնումի օրը: Հայրենադարձվողները բարձրացել են խորհրդային նավը, որը պատերազմի ժամանակ առգրավված է եղել Գերմանիայից եւ վերանվանված «Պոբեդա»: Ի դեպ, նույն նավով էր ճամփորդում նաեւ ապագա հռչակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը: Մեքենաների տերերին հայտնել են, որ նավում տեղ չլինելու պատճառով իրենց ավտոմեքենաները գալու են հաջորդՙ ռումինական «Տրանսիլվանիա» նավով: Այդ մեքենաները մինչ օրս տեղ չեն հասել...

Երազների խորտակումը

Բաթում նավահանգստից մեկ կիլոմետրի վրա «Պոբեդա» նավը կանգ է առել, եւ ուղեւորներին հրամայվել է իրենց մոտ եղած ուտելիքը թափել ծովըՙ պատճառաբանելով, որ Խորհուրդների երկրում ամեն ինչ կա, որ արգելված է ուտելիքով մտնել նավահանգիստ: Ժողովուրդը սկսել է ջուրը նետել մոտը եղած սնունդը եւ մի քանի րոպե անց զարմանքով նկատել, որ ափից բազմաթիվ մարդիկ են լողում ու վերցնում են այն ամենը, ինչը չի հասցրել ընկղմվել: Դա տեսնելովՙ Մկրտչի կնոջ եղբայրն իրենց մոտ եղած չորս կտոր բաստուրման թաքցրել է բրդե ծածկոցների մեջ... Մարդիկ հեռադիտակներով սկսել են դիտել Բաթումի նավահանգիստն ու սարսափով տեսել, որ մի կին կարաբինը ձեռքին պահակ է կանգնած պահակատան մոտ, իսկ մեկ ուրիշը ձեռնասայլակով ածուխ է տեղափոխում: Եգիպտահայերը, որ մեծ մասամբ ունեւոր էին, հասկացել են, որ ծուղակն են ընկել...

Նավահանգստում ժողովրդին լցրել են բարաքները, որպես կերակուր բերել են թթու բորշչ եւ մի սեւ ուտելիք, որպիսին եգիպտահայերը երբեւէ չէին տեսել, ուստիեւ շոկոլադի տորթի տեղ են դրել, մինչդեռ եղածն անորակ սեւ հաց էր, որը քամելիս աղաջուր է թափվել...

Հասնելով Երեւանՙ Ուլիկյաններին տեղավորել են Երրորդ մաս թաղամասում գտնվող եռահարկ մի շենքում, որը նոր էին կառուցել գերմանացի ռազմագերիները: Մկրտիչն աշխատանքի է անցել բեռնատարների հինգերորդ նորոգակայանում: Սկզբնական շրջանում նա աշխատանքի է գնացել իր անգլիական կոստյումով ու փողկապով, մինչեւ որ իրեն հայտնել են, որ դա խորհրդային բանվորին վայել հագուստ չէՙ հրամայելով. «էդ պարանը վզից հանել»...

Խորհրդային պետությունը, հարյուր հազար հայրենադարձներին իր երկիր բերելու գնով ողջ աշխարհի աչքին ամրապնդելով պատերազմում հաղթած հզոր տերության իր իմիջը, այնուհետ ձեռնամուխ է եղել նրանցից ազատվելու գործինՙ աքսորելով նրանց սիբիրներն ու ալթայները... 1949 թվականի հունիսի 12-ին գիշերվա ժամը 2-ին ծեծել են նաեւ Ուլիկյանների բնակարանի դուռը: Ներս է մտել մի հայ կապիտանՙ կարաբինավոր երկու ռուս զինվորների հետ եւ հրամայել է իրերն ամիջապես հավաքել ու տնից դուրս գալ: Տեսնելով չորս մանկահասակ երեխաների, մեկին էլՙ բարուրումՙ կապիտանը լցվել է խղճահարությամբ: «Ինձ հրամայված է ձեզ տանել,- ասել է նա:- Ինձ չանիծես, մե՛ծ եղբայր, եթե քեզ չտանեմՙ ինձ էլ ձեզ հետ կտանեն: Ես կարող եմ ձեզ հիմա միայն մի լավություն անել. ձեր գույքը հավաքելու համար ինձ տրված է տաս րոպե, բայց ես ձեզ տալիս եմ կես ժամ: Ինչ արժեքավոր բան ունեսՙ հետդ վերցրու, հատկապես տաք շորեր»: Մկրտիչը վերցրել է կնոջ զարդերը, որոնք հետագայում պիտի օգնության հասնեին իրենց նեղ օրերին, ուստիեւ ողջ կյանքում նա երախտագիտությամբ է հիշել այդ կապիտանին: Իրարանցման մեջ նրանք տանն են մոռացել բարուրով նորածնին ու ստիպված են եղել վերադառնալ նրա ետեւից... Ուլուխանլու գյուղում Ուլիկյաններին հազարավոր այլ հայրենադարձների հետ լցրել են ապրանքատար գնացքի վագոնները, եւ տասնութ օր տեւող տաժանելի ճամփորդությունից հետո հայրենիքի կանչին անսած հայրենադարձները ճակատագրի դաժան խաղի արդյունքում հայտնվել են վայրի ու չարաղետ Սիբիրում, ստալինյան աքսորավայրերում: Նրանց միակ մեղքը հայրենիքում ապրելու ու նրան ծառայելու ցանկությունն էր, հանուն որի թողել էին իրենց հանգիստ կյանքը եւ դարձել խորհրդային պրոպագանդայի նենգ խաղի զոհերը...

Կյանքը տայգայում

Այսպիսով, Հայաստանը դեռ կարգին չճանաչած Ուլիկյանների համար Սուդանը վեց տարով փոխարինվել է Ալթայի երկրամասի Զալեսովոյի շրջանով: Քառասունհինգ աքսորված հայ ընտանիք կար այնտեղ, որոնցից քսանհինգը հայրենադարձներ էին: Մկրտչի ընտանիքին տարել են Զալեսովոյից 32 կիլոմետր հեռավորության վրա մի տեղ, տայգայի խորքում, որտեղ կային ընդամենը երեք որսորդական խրճիթ ու մի փոքրիկ կրպակ: Տվել են մի վրան, հրամայել են ծառերը կտրել ու տուն կառուցել, քանի որ սեպտեմբերից արդեն ձմեռ է լինելու: Մկրտիչը տեղի այլ աքսորականներին վարձատրելովՙ նրանց հետ մի փայտե խրճիթ է կառուցել: Աֆրիկայից բերած բրդե ծածկոցները թույլ են տվել ընտանիքին դիմակայել 35-40 աստիճան սառնամանիքին... Բայց անգամ սիբիրյան պայմաններում Ուլիկյան ամուսինները կարողացել են պահպանել իրենց քրիստոնեական նկարագիրը, զավակներին սովորեցրել են ճաշից առաջ պարտադիր խաչակնքել, ինչը հազվագյուտ էր խորհրդային իրականության համար...

Իսկ թե ինչ մեղադրանքով էր Մկրտիչ Ուլիկյանն աքսորվելՙ իմացել են մեկ տարի անց: 1950 թվականին մի գիշեր, ժամը 2-ին թակել են նրաՙ հիմա արդեն սիբիրյան խրճիթի դուռը եւ Մկրտչին տարել են: Երկու ժամ անց նրան արյունլվա վիճակում բերել են տուն: Աքսորի համար հիմք ունենալու նպատակով Մկրտչին ստիպել էին ստորագրել, որ իբր դաշնակցական է եղել, սակայն նա հրաժարվել է ստորագրել: Նույն պատմությունը կրկնվել է նաեւ 1951 թվականին. դարձյալ ծեծուջարդ, եւ դարձյալ հրաժարվել է ստորագրել: Ընդ որում, դա տեղի է ունեցել Հայաստանից ստացված հրամանի համաձայն...

Մկրտիչն աշխատանքի է անցել տեղի էլեկտրակայանում, իսկ կինըՙ Ազատուհին, փափուկ կյանքով ապրած այդ արիստոկրատ, կրթված կինը, ութամյա Անդրանիկ որդու հետ սղոցել է խրճիթի մերձակա տարածքի կոճղերըՙ կարտոֆիլ ցանելու նպատակով: Սնունդ հայթայթելու հարցը շատ դժվար էր: Շուտով Մկրտիչն իմացել է, որ մոտակա Օբուխովո որսորդական գյուղի բնակիչները նապաստակի միս են մթերում: Ավագ որդու հետ նա անտառի միջով, արհամարհելով ցուրտն ու վայրի գազանների վախըՙ հասել է այդ գյուղը, եւ կնոջ ոսկե ապարանջանները տալովՙ գնել են սառեցրած նապաստակներ: Այդպիսով, սիբիրյան դաժան պայմաններում կարտոֆիլն ու նապաստակի միսը փրկություն են եղել Ուլիկյանների համար... Իսկ բազմանդամ ընտանիքը համալրվել էր եւս մեկով. Սիբիրում լույս աշխարհ էր եկել Ուլիկյանների եւս մեկ դուստրը, որին անվանել էին Մկրտչի մոր անունովՙ Հնազանդ...

Անակնկալ հանդիպում Բառնաուլում

Ստալինի մահից երկու տարի հետո, 1955 թվականին, Մկրտիչը նամակ է գրել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Կլիմենտ Վորոշիլովինՙ նշելով, որ իրենք, լինելով Աֆրիկայից, սովոր չեն ցուրտ կլիմային եւ խնդրել են թույլատրել վերադառնալ Հայաստան: Պատասխանը չի ուշացել, տաս օրում եկել է նամակՙ անձամբ Վորոշիլովի ստորագրությամբ, սակայն գրված է եղել, որ իրենք կարող են տեղափոխվել Միջին Ասիայի ցանկացած հանրապետություն, բայց ո՛չ Կովկաս: Մկրտիչը շուտով ստացել է աքսորավայրը թողնելու պաշտոնական գրությունը: Ուլիկյանները գնացքով մեկնել են Ալթայի երկրամասի գլխավոր քաղաքըՙ Բառնաուլ, որտեղից էլ գնացքով պիտի մեկնեին Միջին Ասիա: Սակայն քանի որ մեկնել ցանկացողների թիվը մեծ է եղել, նրանք երեք օր չեն կարողացել վավերացնել իրենց տոմսերը: Այստեղ օգնության է հասել մի հայրենադարձ աքսորյալՙ Մարդո Փոքրաչյանը, որին Մկրտիչը պատահաբար տեսել է երկաթուղային կայարանում: Մարդոն եղել է Միջին Արեւելքի բռնցքամարտի ախոյան, բայց Մկրտիչն անձամբ ծանոթ չի եղել հետը, ուստիեւ ցանկանալով գրավել նրա ուշադրությունըՙ որդուն բարձրաձայն ասել է. «Տղա՛ս, վազէ՛ քիչ մը եռացած ջո՛ւր բեր»: Այս խոսքը լսելովՙ Մարդոն մոտեցել է Մկրտչին ու ասել. «Եղբա՛յր, դուն հայ ես... հոնկէ եկածներէ՞ն ես»: «Այո, Եգիպտոսէն եմ»: «Մականունդ ի՞նչ է»: «Ուլիկեան»: «Դուն Ուլիկին աղբա՞րն ես»,- ասել է Մարդոն եւ գրկախառնվել է Մկրտչի հետ. պարզվել է, որ նա ճանաչել է Մկրտչի եղբայրներից մեկին, որին մտերմաբար Ուլիկ է անվանել...

Իմանալով այն անելանելի վիճակի մասին, որի մեջ հայտնվել է Մկրտչի ընտանիքը, Մարդոն, այդ երկու մետրանոց հաղթանդամ, խիտ մազածածկույթով տղամարդը, որը չորս տարի բանտ էր նստելՙ իր մազոտությունը ծաղրող հինգ ռուսներին ծեծելու համար եւ որից բոլորը վախենում էին, վերցրել է գնացքի տոմսերը: Նա քացով դուռը բացելովՙ մտել է կայարանի տիրոջ սենյակը եւ իր կոտրած ռուսերենով պահանջել է Ուլիկյանների տոմսերը վավերացնելու գրավոր թույլտվություն: Այնուհետեւ մոտեցել է դրամարկղին եւ ստիպել է վավերացնել տոմսերըՙ բողոքող ամբոխին ասելով, որ դա անում է վեց երեխաների տեր ընտանիքի համար...

Հերթական գնացքը ժամանել է միայն հաջորդ օրը: Մարդոն նորից եկել է կայարան, իր ընկեր, նույնպես աքսորական հայրենադարձ Գեւորգի հետ, որին, ինչպես պարզվել է, Մկրտիչը նույնպես ճանաչելիս է եղել: Մարդոն մոտեցել է գնացքի դռանը եւ աղաղակող ամբոխին նորից իր կիսատ-պռատ ռուսերենով ասել է, որ առաջինը գնացք պիտի մտնի վեց երեխաների տեր ընտանիքը: Պորտֆելով եւ շլյապայով մի մարդ մոտեցել է ու հոխորտացել Մարդոյի վրա: Նախկին մարզիկը մի շառաչուն ապտակ է հասցրել մարդուն, որը մեջքի վրա ընկել է. դրանից հետո միայն ամբոխը սսկվել է: Առաջինը գնացք է մտել Գեւորգը ու տեղ զբաղեցրել Ուլիկյանների համար: Մեկնելուց առաջ Մկրտիչը հարցրել է Մարդոյին, թե նա չի՞ պատրաստվում վերադառնալ Հայաստան: «Ես հոս ռուսներու հերն անիծելով ապրուստս գտած եմ, երթամ հոն, նորէ՞ն ինծի բռնեն, աքսորեն: Ո՛չ, չեմ երթար»,- ասել է Մարդոն: Նա հետագայում այցելել է Հայաստան, սակայն կյանքի մեծ մասն ապրել եւ վախճանվել է Բառնաուլումՙ իր անունը թողնելով որպես Ալթայի երկրամասում բռնցքամարտի հիմնադիրներից մեկը...

Հիմա էլՙ Ուզբեկստան

Ուլիկյանները հասել են Ուզբեկստան եւ հաստատվել Ֆերգանա քաղաքում: Մկրտիչը որպես վարորդ աշխատանքի է անցել քաղաքից 48 կիլոմետր հեռու գտնվող Տոշլոկի շրջանի մի ավտոպարկում: Երբ նա առաջին անգամ մեկնել է այնտեղ, որդինՙ Անդրանիկը, միացել է հորըՙ ռուսերեն զրույցը թարգմանելու: Վեց լեզվով վարժ խոսող Մկրտիչը չի ցանկացել լավ ռուսերեն սովորել, իսկ Սիբիրում դպրոց գնացած Անդրանիկն այդպես էլ չի սովորել հայերեն գրել-կարդալ ու շրջապատին մշտապես զարմացրել է ռուսերենի իր անթերի առոգանությամբ: Կարող ենք պատկերացնել զինծառայության տարիներին ռուս սպայի ծայրահեղ ապշանքը, երբ շարքային Անդրանիկ Ուլիկյանի անթերի ռուսերենը գովելուց հետո նրա անձնագրում որպես ծննդավայր տեսել է «Սուդան, Աֆրիկա» նշումը...

Մեկ տարի Ուլիկյանները բնակվել են Ուզբեկստանում. այդ ընթացքում Մկրտիչը Տոշլոկի շրջանում բեռնատարով բամբակի հումք եւ սերմեր է մատակարարել բամբակ մշակող գործարաններին: Ուզբեկստանում ապրած տարիների դեպքերից նա հատկապես հիշել է հետեւյալ զվարճալի դիպվածը: Սեւամորթների հետ իր լուսանկարը Մկրտիչը բազմացրել էր ու մի օրինակ պահում էր իր վարորդական գրքույկումՙ հեռատեսորեն հասկանալով, որ այն կարող է օգտակար լինել ավտոտեսուչների կամայականություններին հանդիպելիս: Եվ մի անգամ նրա մեքենան կանգնեցրել է ավագ ավտոտեսուչ կապիտանը եւ վարորդական իրավունքի փոխարեն սկսել է ուսումնասիրել աֆրիկյան լուսանկարն ու հարցուփորձ է արել դրա, հատկապես մերկ կանանց մասին: Ի վերջո նա հրաժարվել է վերադարձնել լուսանկարը, իսկ փոխարենը հետագայում այլեւս չի անհանգստացրել Մկրտչին...

1956 թվականին խորհրդային նոր ղեկավար Խրուշչովն ի լուր աշխարհի դատապարտել է Ստալինի անհատի պաշտամունքը: Ուլիկյանները վերջապես ստացել են իշխանությունների պաշտոնական հավաստագիրը, ըստ որի նրանք համարվել են անհիմն բռնադատվածներ եւ ստացել են Հայաստան վերադառնալու իրավունք... Ու թեեւ կյանքը Ֆերգանայում հարմարավետ էր, սնունդնՙ առատ, Մկրտիչ Ուլիկյանը կյանքում երկրորդ անգամ որոշել է ընտանիքով մեկնել Հայաստան...

«Ոնց որ բոլորը, էնպես էլՙ մենք...»

Հաղթահարելով նոր տեսակի դժվարություններՙ Մկրտչի զավակներն աշխատանքի եւ ընտանիքի տեր են դարձել Հայաստանում: Մկրտիչը շարունակել է աշխատել որպես մեքենավար: Նա երբեք չի զղջացել հայրենադարձության համար, չի փորձել հեռանալ Խորհրդային Միությունից, չի դժգոհել կյանքում իրենց հասած փորձություններից, իսկ երբ որդինՙ Անդրանիկը, երբեմն բողոքել է կյանքի դժվարություններից, նա միշտ ասել է. «Ոչինչ, տղա՛ս, ոնց որ բոլորը, էնպես էլՙ մենք»: Միայն մահից երկու օր առաջ Մկրտիչը, թերեւս վերագնահատելով անցած կյանքը, հարկ է համարել որդուց ներողություն խնդրելՙ իրենց Խորհրդային Միություն բերելու համար... «Ոչինչ, հայրի՛կ, ոնց որ բոլորը, էնպես էլՙ մենք»,- պատասխանել է Անդրանիկըՙ հորը վերադարձնելով նրա իսկ խոսքերը...

Մկրտիչ Ուլիկյանն ապրել է 93 տարիՙ մահանալով 1997 թվականին, իսկ կինըՙ Ազատուհին, ամուսնուն հետեւել է երեք տարի անցՙ կյանքից հեռանալով 82 տարեկանում...

Դեռեւս Աֆրիկայի խորքերում ապրելու տարիներին Մկրտիչ Ուլիկյանը մտահոգություն է հայտնել հայության համար աննպաստ պայմաններում մեծացող զավակների ապագայի վերաբերյալ: Այսօր նրա սերունդները շարունակում են մեծ մասամբ բնակվել Հայաստանումՙ յուրաքանչյուրն իր նպաստը բերելով իր ընտրած բնագավառում: Այսպիսով, թեկուզեւ որոշակի փորձությունների գնով, չարքաշ եւ հայրենասեր Մկրտիչ Ուլիկյանի հայապահպանության ջանքերը, ինչպես տեսնում ենք, ապարդյուն չեն անցել...

Նկար 1. Երիտասարդ Մկրտիչ Ուլիկյանը

Նկար 2. Մարդո Փոքրաչյանը

Նկար 3. Մկրտիչ Ուլիկյանը սուդանցի տեղաբնիկների միջավայրում

Նկար 4. «Ազատուհու պապիկը Սուդանում» (գեղանկարըՙ Արծվի Բախչինյանի, 1987)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ