RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020



Տեղադրվել է` 2020-09-03 22:04:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 3426, Տպվել է` 239, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵԿՈՒՍԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ՕՏԱՐՎՈՒՄ ՆԱԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Անկախ թուրք դիտորդները դա պայմանավորում են Էրդողանի անհեռատես քաղաքականությամբ

Վերջին օրերին կրկին սրվեց Թուրքիա-Հունաստան հարաբերությունների լարվածությունը: Դրան, ինչպես միշտ, պատճառ են դարձել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հոխորտանքները: Սեպտեմբերի մեկին նա ելույթ էր ունեցել Գիրեսունի նավահանգստում եւ խոսքն ուղղելով հունական կողմին, ասելՙ «Որպես ազգ մենք թուրքերս ոչ ուրիշի իրավունքը կխլենք, ոչ էլ կզիջենք մեր իրավունքները: Միջերկրականում եւ Էգեյան ծովում թույլ չենք տա ծովահենությանը: Ոչ ոք չի կարող Միջերկրականի ափերին բանտարկել մեր երկիրը: Մինջեւ վերջ պաշտպանելու ենք թուրք ազգի եւ Կիպրոսի թուրքերի իրավունքները»: Այնուհետեւ նա, ի դեմս Ֆրանսիայի, Իտալիայի եւ Գերմանիայիՙ «նախկին գաղութարարներ» անվանեց Եվրոպական Միության առաջնակարգ երկրներին:

Մինչ այդ, օգոստոսի 25-ին Էրղողանը սպառնացել էր, ասելովՙ «Իմ հույն հարեւաններին հիշեցնեմ, որ նրանք, ովքեր Հունաստանին գցում են թուրքական նավատորմի առաջ, աննշան դիմադրության դեպքում թողնելու են եւ փախչեն»: Նա ամենայն հավանականությամբ նկատի ուներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այն առումով, որ օգոստոսի 28-ին Մերկելը հայտարարությամբ հիշեցրել էր ԵՄ-ի անդամ երկրներին Արեւելյան Միջերկրականում Հունաստանին սատարելու եւ հույն բարեկամների իրավունքները պաշտպանելու պարտավորության մասին:

Գալով Մակրոնին , ապա նա էլ օգոստոսի 31-ին հայտարարել էր, որ Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունները կրում են սադրիչ բնույթ եւ ոտնահարում են Հունաստանի ու Կիպրոսի հանրապետության ինքնիշխանության իրավունքները: Նա միաժամանակ, անդրադառնալով Արեւելյան Միջերկրականում Հունաստանի, Կիպրոսի Հանրապետության, Իտալիայի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ օգոստոսի 26-28-ին համատեղ իրականացված զորավարժանքներին, ընդգծել էր. «Թուրքիայի` վերջին տարիների ռազմավարությունը չեմ դիտարկում որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրին վայել ռազմավարություն»: Հաջորդ օրը Հունաստանին եւ Կիպրոսի Հանրապետությանը Եվրոպական հանձնաժողովի համերաշխությունն էր հայտել կառույցի խոսնակ Պետեր Ստանոն :

Հանձնաժողովը միաժամանակ Արեւելյան Միջերկրականում խաղաղության ու երկխոսության ծավալմանը նպաստելու կոչ արեց Թուրքիային, սպառնաց պատժամիջոցներով եւ զգուշացրեց, որ այդ հարցը քննարկման է դրվելու սեպտեմբերի 24-ին ԵՄ-ի երկրների գագաթաժողովում: Մինչ Մերկելն ու Մակրոնը Հունաստանին սատարելու պատրաստակամություն էին հայտնում, իսկ Եվրոհանձնաժողովը պատժամիջոցներով սպառնում Թուրքիային, Արեւելյան Միջերկրականում հակամարտության գոտի հասավ ֆրանսիական Շարլ դը Գոլ ավիակիրը: Այդ ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ հայտարարեց ամերիկյան զինատեսակների վաճարքը Կիպրոսի Հանրապետություն սահմանափակող որոշումը, ընդ որում առանց Էրդողանի հակազդեցությանը բախվելու: Վերջինը ողջամտորեն խնայել էր Թրամփին:

Մինչ իշխանամետ լրատվամիջոցները Թուրքիայում շեփորահարում էին, թե շուտով պատերազմ է սկսելու Հունաստանի հետ, շեղելու համար ժողովրդական բազմամիլիոնանոց զանգվածների ուշադրությունը սոցիալ-տնտեսական ծանրագույն խնդիրնեից, տալով միաժամանակ Էրդողանին ընդդիմության ձայնը կտրելու պատեհ առիթ, թուրք հասարակությունը փաստորեն անտերբերություն դրսեւորեց այդ ամենի հանդեպ: Թերեւա անկախ դիտորդներն արձագանքեցին շեփորահարողներին, մատնանշելով, որ Սիրիայում եւ Լիբիայում ձախողվելուց, տարածաշրջանում մեկուսացման դատապարտվելուց եւ Միջերկրականում կատարելապես օտարվելուց հետո ինչպե՞ս ենք պատերազմելու, մանավանդ որ լիովին դատարկ է պետական գանձարանը:

Ի տարբերություն թուրք հասարակության, Հունաստան-Թուրքիա հնարավոր պատերազմի հավանականությունը լուրջ մտահոգություն պատճառեց ԵՄ-ի երկրներին, դա լայնորեն քննարկվեց ամերիկյան ու եվրոպական մամուլում: Եթե անգամ կողմերի միջեւ լինեն առանձին բախումներ, դրանք հազիվ թե հանգեցնեն թուրք-հունական պատերազմի: Բայց լարվածությունը կողմերի հարաբերություններում ամեն դեպքում կպահպանվի: Ի դեպՙ դա նոր երեւույթ չէ, առաջացել է դեռեւս 2018 թ. փետրվարի 6-ին,երբ Կիպրոսի Հանրապետությունը, Հունաստանի եւ Եգիպտոսի մասնակցությամբ, բնական գազի որոնման աշխատանքներ սկսեց Միջերկրականի տնտեսական ջրային գոտիներում, որոնց մեջ այնուհետեւ ներգրավվեցին նաեւ Լիբանանն ու Իսրայելը:

Դրան ի պատասխան, 2019-ի մայիսի 10-ին Հյուսիսային Կիպրոսի մատույցներում որոնման աշխատանքներին ձեռնամուխ եղավ նաեւ Թուրքիան, թե դրանք իրականացվում են «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» տարածքային ջրերում, ուստի ինքն ունի դրա իրավունքը: Քանի որ ինքնակոչ այս հանրապետությանը բացի Թուրքիայից ոչ ոք չի ճանաչում, այդ թվում եղբայրակա՜ն Ադրբեջանը, ուստի աշխատանքներին բուռն հակազդեցությամբ արձագանքեցին նաեւ Հունաստանը, ԵՄ-ը, Եգիպտոսը, Իսրայելը եւ ԱՄՆ-ը: Նույն թվի հուլիսի 20-ին Կահիրեում հրավիրվեց Արեւելյան Միջերկրականի բնական գազի 2-րդ ֆորումը, մասնակցությանբ Իսրայելի, Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Պաղեստինի եւ Հորդանանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարների:

Թուրքական որոշ թերթերում դա բնութագրվեց որպես «Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի օտարման» ֆորում: Հիրավի, Թուրքիան կանգնել էր օտարվելու շեմին: Դա հատկապես նկատելի դարձավ 2019-ի օգոստոսի 6-ին, երբ Եգիպտոսը տնտեսական ջրային գոտիների բաշխման պայմանագիր ստորագրեց Հունաստանի հետ, որին շուտով Լիբանանի հետ միացավ նաեւ Իսրայելը:

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին հարաբերությունների գծով պետնախարար Անվար Մուհամմադ Գարգաշն ողջունեց եգիպտա-հունական պայմանագրի ստորագրումը, որը Թուրքիան ընկալեց որպես օտարման լուրջ ազդակ եւ ձեռնամուխ եղավ դիմել կանխարգելիչ միջոցներիՙ Թունիսում եւ Ալժիրում ռազմաբազա խնդրելով այդ երկրների իշխանություններից, որոնք կտրականապես մերժեցին Էրդողանի խնդրանքը: Ստեղծված իրավիճակում Էրդողանն իր հայացքն ուղղեց դեպի Լիբիա եւ 2019 թ. նոյեմբերի 27-ին Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆաիզ ալ-Սարաջի հետ ստորագրեց ջրային տնտեսական գոտիների սահմանազատման պայմանագիր:

Դրան հետեւեցին Կիպրոսի եւ Հունաստանի տարածքային ջրերում հորատման աշխատանքներ ձեռնարկելու թուրքական փորձերը: Թեեւ Հունաստանին դաշնակիցների, մասնավորապես Իսրայելի եւ ԵՄ-ի միջամտությամբ կասեցնել դրանք եւ թուրքական սեյմիկ հետազոտական նավերը սկսեցին այնուհետեւ այդ աշխատանքները իրականացնել Կիպրոսի արեւելքում, սակայն Թուրքիան մինչ այդ Էգեյան ծովում եւ Միջերկրականում ինքնակամ ընդլայնել էր տարածքային ջրերը, խախտելով ինչպես Հունաստանի, այնպես էլ Կիպրոսի ջրային սահմանները, այն աստիճանի, որ Հունաստանին պատկանող Էգեյան կղզիները, մասնավորապես Կրետեն, Կերպեն եւ Մեյզը հայտնվեցին թուրքական ջրերում: Մինչդեռ նավարկության միջազգային իրավունքի նորմերով ջրային տարածք է հատկացվում նաեւ կղզիներին, ինչպես նաեւ օդային:

Ինչ վերաբերում է Տրիպոլիի հետ ստորագրված պայմանագրին, նախ ասենք, որ Ալժիրին սահմանակից Տրիպոլին Թուրքիայի ափերից 2 հազար 200 կմ. հեռավորության վրա է: Ուստի Տրիպոլիի եւ Թուրքիայի, այսպես կոչված, տնտեսական ջրային գոտիների շփման գիծըՙ խիստ կարճ է: Թուրքիան այդ բացը լրացնելու համար ջրային գոտին անցկացրել է Ռոդոս կղզու առափնյա ջրերով, իսկ Կիպրոսի Հանրապետությանը «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» տարածքային ջրերի պատրվակով 3 կողմից շրջափակել իր նախանշած ջրային սահմաններով:

Այս ամենը, սակայն, չխանգարեց Թուրքիային Կիպրոսի Հանրապետությանը մեղադրելու կղզու հյուսիսային թուրքական հատվածի իրավունքները ոտնահարելու, իսկ Հունաստանինՙ Էգեյան կղզիների ջրային տարածքներն ընդարձակելու, այսինքն 6 մղոնից 12 մղոնի հասնելու մեջ: Հիրավի, Հունաստանն ունի այդպիսի մտադրություն, սակայն ոչ թե Էգեյան, այլ ինչպես նշել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը , Հոնիական ծովում: Հունաստանի վարչապետին «Halk TV»-ի էկրանից սեպտեմբերի 2-ին հաստատեց տիկ. Մերալ Աքշեների «Լավ» կուսակցության ազգային անվտանգության գծով պատասխանատու, նախկին դեսպան Այթուն Չըրայը , խիստ քննադատելով միաժամանակ Էրդողանին քաղաքականության մեջ դիվանագիտության դերն անտեսելու մեջ:

Էրդողանը Հունաստանին մեղադրում էր նաեւ Էգեյան կղզիների ջրային տարածքի հետ օդային տարածքն էլ ընդարձակելու, ապառազմականացված այդ կղզիները միակողմանիորեն ռազմականացնելու եւ թուրքական ջրային տարածքների սահմանը մշտապես խախտելու մեջ:Սակայն Լիբիայում, ապա Տրիպոլում տեղի ունեցած զարգացումներն ու իրադարձությունները էապես խախտեցին նրա հաշվարկները: Նախ օգոստոսի 21-ին վարչապետ ալ-Սարաջն ու գեներալ Խալիֆե Խաֆթարը եկան համաձայնության եւ ՄԱԿ միջնորդությամբ զինադադար հայտարարեցին Լիբիայում:

Այսպիսով երկրում ստեղծվեց խաղաղության եւ կայունության հաստատման բարենպաստ մթնոլորտ: Այնուհետեւ վարչապետ ալ-Սարաջը հայտարարեց, որ ինքը ստիպված է եղել համագործակցելու թուրքական իշխանությունների հետ, ապա պաշտոնից ազատեց ներքին գործերի նախարար Ֆաթխ Բաշաղային, որը վայելում էր Անկարայի անվերապահ աջակցությունը: Նրա դեմ Տրիպոլում սկսել է հետաքննություն: Թերեւս դա է պատճառը, թուրք քաղաքագետներից ոմանք ալ-Սարաջին ձեռքից բաց թողնելու մասին են խոսում: Դա վկայում է Լիբիայում Թուրքիայի կատարյալ ձախողման մասին:

Ի դեպՙ Թուրքիան կատարելապես ձախողվել է նաեւ Սիրիայուն: Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա նրանք Եգիպտոսի գլխավորությամբ Արեւեյան Միջերկրականում համագործակցում են Հունաստանի եւ Կիպրոսի Հանրապետության հետ: Եթե Սաուդյան Արաբիան դեռեւս չի համագործակցում, ապա գոնե աջակցում է վերջիններիս: Ահա թե ինչու ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու անկախ դիտորդները Թուրքիայի ձախողումները, տարածաշրջանում մեկուսացումն ու ԵՄ-ի, ինչու չէ նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության հետեւողականորեն սրումը միանշանակ պայմանավորում են Էրդողանի որդեգրած անհեռանկարային ու անհաշվենկատ քաղաքականության հետ, մեղադրելով նրան դիվանագիտության հնարավորություններն անտեսելու, նախապատվությունը հոխորտանքներին տալու, ինչպես նաեւ տարածշրջանում լարվածություն առաջացնելը, որպես վարկանիշի բարձրացման միջոց դիտարկելու մեջ:

Նրանք միանշանակ ընդգծում են, որ նախագահ Էրդողանն այդ նպատակով Այա Սոֆիան վերածել է մզկիթի, ապա աչքալուսանք է տվել թուրք ժողովրդին, թե բնական գազ է հայտնաբերվել Սեւ ծովում, հիմա էլ սկսել հետեւողականորեն սրել հարաբերությունների լարվածությունը Արեւելյան Միջերկրականում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ