RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



Տեղադրվել է` 2020-08-10 20:56:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 3182, Տպվել է` 426, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԵՂԾ ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ...

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

ԱՐՏԱՇԵՍ ԱՐՔԱՅԻ ԵՎ ՍԱԹԵՆԻԿԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ

Հայաստանում գործող եւ աղմկող ոչ բոլոր ֆեմինիստներն են կեղծ։ Նրանց մի մասը հավանաբար պատանի կամ հասուն տարիքոմ դառն փորձառություններ են ունեցել իրենց կյանքում։ Սակայն նրանց մնացած մասը, մեծ մասը, հաստատապես ֆեմինիստ են դարձել փողի, մոդայի կամ պաշտոնի համար։ Վտանգավորը այս վերջիններն են, որոնք այժմ տիրացել են խորհրդարանում կամ կրթության ու գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություններում, տարբեր պաշտոնների եւ հավակնում են տնօրինել մեր կրթության համակարգը, դասագրքեր ստեղծել եւ ապազգային ու հակագիտական «չափորոշիչներ» հորինել մեր ներկա եւ ապագա սերունդներին փչացնող։

Չգիտեմ նրանցից ո՞վ կամ ովքե՞ր են վերջերս, արդարացնելու համար իրենց խղճուկ «չափորոշիչներից» Մովսես Խորենացուն դուրս վանելու արարքը, մեր Պատմահորը մեղադրել են հակաֆեմինիզմի կամ, իրենց սիրած արտահայտությամբՙ «կանանց նկատմամբ բռնություն» քարոզելու հանցանքով, որը վնասակար է մեր մատաղ սերունդների համար։ Ու որպես ապացույց իրենց պնդումների, մեջ են բերել Պատմահորՙ հին գուսաների երգերից քաղած առասպելատիպ հրաշալի դրվագը հայոց Արտաշես արքայի եւ ալանների թագավորի դուստր Սաթենիկի մասին։

Ովքեր չգիտեն կամ մոռացել են Խորենացու պատմածը, հիշեցնեմ։

Ուրեմն, շուրջ 2600 տարի առաջ, լեռնական ալանների (այժմՙ օսեր) թագավորը մեծ զորքով ասպատակում է Հայաստանի հյուսիսային շրջանները։ Մեր Արտաշես արքան, բնականաբար, իր շատ մարտունակ բանակի գլուխն անցած գնում է նախահարձակներին փառավոր դաս տալու։ Ալանները փախչում են Կուռ գետի մյուս ափըՙ հայերի ձեռքին գերի թողնելով իրենց թագավորի որդուն։ Վերջինիս քույրըՙ գեղեցկուհի Սաթենիկը, Կուռի այն ափից կոչ է անում հայոց թագավորին բաց թողնելու իր եղբորը, քաջերի համար անվայել համարելով գերեվարված երիտասարդին սպանելը կամ ստրկության մատնելը. երկու քաջ ազգերի միջեւ թշնամանքը մշտնջենական դարձնելը։

Լսելով Սաթենիկի իմաստուն խոսքերը, Արտաշես արքան դիմում է իր խնամակալ (բնագրումՙ դայակ) Սմբատին եւ նրան հայտնում իր սրտի ցանկությունը («զկամս սրտի իւրոյ») ալանաց օրիորդին կնության առնելու։ Սմբատը հավանություն է տալիս արքայի ցանկությանը, հավանաբար դրա մեջ տեսնելով թշնամության վերացման եւ պետության հյուսիսային սահմաններում անդորր հաստատելու հեռանկարը։

Արտաշեսի ցանկությունը հայտնում են ալանների արքային, որի գոռոզությունն է բռնում, ինչպես ասում ենՙ այդ նեղ մաջալին։ Նա հարց է տալիս, թե հայոց արքան որտեղի՞ց է տալու հազարավոր ու բյուրավոր գումարներ ալանների օրիորդին կնության առնելու համար։ Այդ պատասխանը, ըստ երեւույթին, բնավ դուր չի գալիս հայոց արքային։ Առանց երկար-բարակ «բազարների» մեջ մտնելուՙ նա հեծնում է իր սեւուկին, սրաթեւ արծիվի նման, ինչպես երգել են գուսանները, անցնում է գետը եւ ոսկեօղ շիկափոկ պարանի օղակը գցում Սաթենիկի մեջքին ու թռցնում-բերում իր բնակատեղին։

Ահա այս էպիկական պահն է, որ դուր չի եկել մեր ֆեմինիստներին, որոնք դա համարել են վայրագություն, տղամարդու կողմից կնոջ նկատմամբ դաժան բռնություն։ Առանց մտածելու, որ իսկական կինը, ինչպիսին անշուշտ Սաթենիկն էր, պիտի երազեր Արտաշեսի նման քաջի կողմից նմանՙ վիպական ձեւով առեւանգվել... Մինչդեռ «առարկայական չափորոշիչներ» որոշող այս կես-կնիկները այլայլվել են մեր գուսանների երգած եւ Խորենացու կողմից գրառված հաջորդ վկայությունից հատկապես, որ ոսկեօղ շիկափոկ պարանը շատ է ցավեցրել «զմէջք փափուկ օրիորդին Ալանաց»։ Նրանց վրա ոչ մի ազդեցություն չի թողել առեւանգմանը հաջորդած գլխավոր իրադարձությունըՙ Արտաշեսի եւ Սաթենիկի հարսանիքը, որը ընդամենը երկու տողով, երեւակայություն շարժող երկու տողով քանդակում է Պատմահայրըՙ «Տեղ ոսկի տեղայր ի փեսացութեանն Արտաշիսի, տեղայր մարգարիտՙ ի հարսնութեանն Սաթենկան»։

Ճաշակ, գիտելիք, միտք, տեսլական պետք է ունենալ դասագիրք, առարկայական չափորոշիչներ ստեղծելու համար։ Դա չափազանց պատասխանատու գործ է տգետ եւ բարդույթավորված մարդկանց վստահելու համար։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ