RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



Տեղադրվել է` 2020-07-31 13:14:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 5372, Տպվել է` 943, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԿԻՍՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԱՆՔԻ ԱԼԻՔԸ ՄԱՐԵՑ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑԻՆ, ԵՎ ԴՐԱՆՈՒՄ, Ի ԹԻՎՍ ԱՅԼ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ, ԴԵՐ ԽԱՂԱՑ ՆԱԵՎ ԻՄ ԴԻՄՈՒՄԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՈՒՐԱԽ ԵՄ»

Զրույցը վարեցՙ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

«Ազգի» բացառիկ հարցազրույցը

- Հարգարժան պարոն Սարկիսով, վերջերս Մոսկվայում հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բախումների առնչությամբ դուք հանդես եկաք հայտարարությամբՙ պատրաստակամություն հայտնելով փոխհատուցելու հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասները: Ձեր հայտարարությունից ի վեր աշխարհասփյուռ հայության կողմից համացանցը բառացիորեն ողողված է բուռն քննարկումներով, կարծիքներով եւ գնահատականներով, եւ արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ այդ գնահատականների գերակշիռ մասը բացասական է, եւ, փաստորեն, ձեր արարքը հայ հանրության կողմից չի խրախուսվում:

Ձեր մեկնաբանությունը:

- Այո, տեղյակ եմ հայ հանրության կողմից համացանցում շրջանառվող քննարկումներին եւ գնահատականներին, եւ շատ կցանկանայի հուսալ, որ իմ ընտանիքի հոգու խորքից անկեղծորեն բխած խնդրո առարկա մարդասիրական քայլի վերաբերյալ բացասաբար արտահայտվողների մեծ մասը այն մարդիկ են, ովքեր պարզապես մինչեւ վերջ չեն ընթերցել կոչը, այլ սահմանափակվել են միայն լրատվական գործակալությունների կողմից մատուցված հայտարարության վերնագրերին հպանցիկ հայացք նետելովՙ «Սարկիսովների ընտանիքը կփոխհատուցի Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասները», «Միլիարդատեր Սարկիսովը պատրաստ է փոխհատուցել ադրբեջանցիներին», եւ այլն:

Մինչդեռ իմ կոչի իմաստը շատ հստակ է. մեր ընտանիքը ստանձնում է պատասխանատվություն փոխհատուցել այն վնասը, եթե հասցվել է, ադրբեջանցի գործարարներին հայերի կողմից, որոնք մոլորության մեջ հայտնվելովՙ համարում են, որ իսկական տղամարդը նա է, ով ավելի բարձր է գոռում կամ փշրում ապակին։ Հիշեցնեմ, որ տղամարդը նա է, ով, նայելով աչքերի մեջ, հետ է մղում իրեն կամ իր ընտանիքին վիրավորած անձին։ Նա է, ով պաշտպանում է իր հայրենիքը ոչ թե օտար, այլ իր նախահայրերի հողում։ Եվ ըստ այդմ ասում եմ. պարոնայք, ձեզ պահեք տղամարդկանց պես, այլ ոչ թե խուլիգանների, չի կարելի կոտրել ափսեներն այն օջախի, որը ձեզ հյուրընկալել է, կամ, ինչպես հայերս ենք սիրում ասելՙ մի պղտորիր այն առուն, որից ջուր ես խմել, չի կարելի Հայրենիքի սահմաններից դուրս անկարգություններ հրահրել, Հայրենիքը պետք է պաշտպանել նախնիների հողի վրա, Հայրենիքի սահմանին, մենք եկել ենք Ռուսաստան ստեղծելու եւ արարելու, այլ ոչ թե ոչնչացնելու

Մի՞թե մարդկային այս փաստարկները բանական մարդու մեջ կարող են ժխտողականության եւ քննադատության արժանանալ կամ դժգոհություն առաջացնել: Կարծում եմ, որՙ ոչ:

- Նման որոշում կայացնելիս դուք եւ ձեր մտերիմները մտավախություն չունեի՞ք դեպքերի այսօրինակ զարգացումների, սպասելի չէ՞ր, որ ձեր քայլը կարժանանա ամենատարբեր պիտակավորումների:

- Ես գիտեմ, որ դեռ վաղնջական ժամանակներից մինչեւ օրս հայ ժողովրդի մշտական եւ անփոփոխ ուղեկիցներից են կառուցող, արարող, շենացնող, ստեղծագործ, տաղանդավոր եւ բազում այլ պատվաբեր բնորոշումները, եւ հանգամանքների բերումով աշխարհի որ ծայրում էլ ապաստան է գտել հայ մարդըՙ արարել եւ շենացրել էՙ հաճույք եւ ուրախություն պատճառելով ոչ միայն իր ընտանիքին եւ հարազատներին, այլ նաեւ տվյալ երկրի մարդկանց, իր շրջապատին, լայն հանրությանը: Այսպիսին է հայի խաչը, եւ ես չեմ հավատում, որ հայը, իմ իմացած պարկեշտ, առաքինի եւ ինչպես մեզանում է ընդունված ասելՙ պատվի մեռած հայը, երբեւէ կարող է որեւէ անարդար եւ խղճին դեմ քայլ կատարել, վնասել, ջարդուփշուր անել, ավերել: Ոչ, դա մերը չէ: Եվ այս իմաստով, պատասխանելով ձեր հարցին, թե մտավախություն չե՞մ ունեցել, որ իմ դիմումը կարժանանա ամենատարբեր պիտակավորումների, ասեմ, որ այո, ես հասկանում էի, որ իրենց ազգային պատկանելության հարգը չիմացողներն ու չգնահատողները, ժողովրդական լեզվով ասածՙ «բարբարոսները», ինձ չեն հասկանա, բայց ես դիմում էի նորմալ մարդկանց, բիզնեսի եւ մտավորականության ներկայացուցիչներին, եւ ստացված բազմաթիվ դրական արձագանքներից ելնելով կարող եմ ասել, որ այդ մարդիկ ինձ ճիշտ հասկացան: Եվ, հավատացեք, եթե անկարգությունները չդադարեին, եւ իրադարձությունների զարգացումը միանգամայն այլ ընթացք ստանար, ապա հայերի համար, այն նորմալ մարդկանց համար, ովքեր աշխատում եւ սովորում են այստեղ, միգուցե Ռուսաստանում ապրելը դժվարանար եւ ավելի վտանգավոր դառնար:

- Ձեր հայտարարությամբ դուք դիմել էիք նաեւ հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներինՙ կոչ անելով հրաժարվել բռնությունից ու կանգնեցնել նրանց, ովքեր, արտասահմանում գտնվելով, անկարգություններ են սադրում:

Այս առնչությամբ որեւէ արձագանք ստացե՞լ եք:

- Այո, շատերն ինձ շնորհակալություն հայտնեցին, գրեցին, որ «վաղուց էր պետք այդ ամենի մասին բարձրաձայնել»: Եվ ինչպես տեսաք, առաջին օրերի թշնամանքի ալիքը մարեց, սադրանքները դադարեցին, եւ դրանում, ի թիվս այլ գործոնների, կարծում եմ, դեր խաղաց նաեւ իմ դիմումը, ինչի համար ուրախ եմ: Իսկ ես դիմել էի ադրբեջանական եւ հայկական սփյուռքինՙ կոչ անելով նպաստել Մոսկվայում անկարգությունների դադարեցմանը, նշել էի, որ ամաչում եմ այն մարդկանց համար, որոնք բարբարոսական գործողություններ են կատարել նացիոնալիզմի ֆոնինՙ ծեծելով կամ սպանելով մարդկանց պարզապես այն պատճառով, որ նրանք ունեն ուրիշ ազգություն։ Երկու ժողովուրդների ներկայացուցիչներին կոչ էի արել կանգնեցնելու նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս հրահրում են իրենց հայրենակիցներին կատարել ծայրահեղական քայլեր եւ բռնություն այստեղՙ Ռուսաստանում, քանզի դա ապերախտության եւ անհարգալից վերաբերմունքի անընդունելի դրսեւորում է տեղացիներիՙ տանտերերի նկատմամբ, հորդորել էի անմիտ եւ չմտածված քայլերով չխայտառակել սեփական ժողովուրդներին եւ նախնիներին։

Ես վստահ եմ, որ ադրբեջանցի մտավորականներն ու գործարարները եւս համաձայն են ինձ հետ, ինչի արտահայտությունները վերջին օրերին հասանելի դարձան նաեւ համացանցում:

- Տեղյա՞կ եք, ադրբեջանական համայնքի կողմից ինչպե՞ս է ընդունվել ձեր հայտարարությունը: Ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչների կողմից եղե՞լ է պատրաստակամությունՙ ընդունելու ձեր աջակցությունը:

- Ես չեմ շփվել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է նրանց, ում բիզնեսները տուժել են հայտնի իրադարձություններից, ապա արձագանքները տարբեր էին. ոմանք համաձայն էին, ոմանք վախենում էին իրենց հայրենակիցների բացասական արձագանքից: Մարդիկ տարբեր են ...

Ես եւ եղբայրս ծնվել ու մեծացել ենք Մոսկվայում։ Ես շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, որոնք հրաշալի մարդիկ են, եւ որոնց հետ ընկերությունն ինձ համար թանկ է։

Իմ նախապապը սպանվել էր ազգային եւ կրոնական ատելության պատճառով, իսկ պապիս եւ նրա քրոջը փրկել են մարդասպաններից այլ ազգության մարդիկՙ վտանգի ենթարկելով իրենց եւ իրենց ընտանիքը։ Յուրաքանչյուր ազգություն ունի հպարտանալու քաղաքացիներ, եւ կան նաեւ մարդիկ, ում համար ամոթ է։

Դիմելով հայկական եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչներին, գործարարներին, ես կոչ էի արել եւ հորդորել կանգնեցնելու վանդալներին եւ ծայրահեղականներին, բացատրելու նրանց, որ մեր երկու ժողովուրդների ավանդույթներում ընդունված չէ ծեծկռտուք կազմակերպել տանը, տվյալ դեպքումՙ Ռուսաստանում, որտեղ մեզ ընդունել են, հնարավորություն տվել ապրել եւ աշխատել, իսկ երեխաներինՙ սովորել։

- Ձեր հայտարարության մեջ դուք նաեւ վստահություն էիք հայտնել առ այն, որ ձեր հետ համակարծիք կլինեն ադրբեջանցի գործարարները, որոնք եւս կփոխհատուցեն անկարգությունների հետեւանքով հայերի գույքին պատճառված վնասը: Որեւէ արձագանք ստացե՞լ եք ադրբեջանցի մեծահարուստներից:

- Այո, ես հայտարարել էի, որ իմ ընտանիքը պատրաստ է փոխհատուցել այն իրական վնասը, որը հասցվել էր Մոսկվայում ադրբեջանցիների սեփականությանը եւ համոզմունք էի հայտնել, որ ինձ հետ կհամաձայնվեն նաեւ ադրբեջանցի գործարարները, որոնք նույնպես կփոխհատուցեն անկարգությունների ժամանակ հայերի սեփականությանը հասցված վնասը։ Ոչ, ես ոչ մի արձագանք չեմ ստացել եւ չէի էլ ակնկալում, որ ստանամ: Որպես քաղաքակիրթ մարդ եւ անհատ, որպես հայ ազգի ներկայացուցիչ իմ պարքն եմ համարել ոչ թե ցուցադրական, այլ խաղարար եւ առաքինի քայլ կատարել: Ես մոսկվաբնակ ադրբեջանցի բիզնեսմեններին ոչ թե ասում եմՙ ինչ եղել, եղել է, հաշիվը ասեք, ես կփակեմ: Ոչ թե մտադիր եմ ներողություն հայցել եւ աչքերս փակ փոխանցել փողերը, այլ ուզում եմ հասկանալՙ ԵԹԵ հայերը վնաս են պատճառել, ԱՊԱ նոր միայն այդ դեպքում պատրաստ եմ փոխհատուցել

- Մոտավոր հայտնի՞ է, թե որքան է կազմում Մոսկվայում տեղի ունեցած բախումների հետեւանքով ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասի չափը: Եթե տեղեկություն ունեք, խնդրում եմ նաեւ նշեք հայկական բիզնեսին պատճառված վնասի չափը:

- Այստեղ խոսքը փողի կամ գումարի մասին չէ, դա սկզբունքի հարց է: Եթե ձեր եղբայրը կամ որդին կոտրել է հարեւանի ապակին, անգամ այն հարեւանի, որին ատում ես եւ տանել չես կարողանում, միեւնույն էՙ քաղաքակիրթ մարդը պետք է նոր ապակի տեղադրի, իսկ պարզունակը, չարը, զազրախոսը սա ամենեւին էլ չի հասկանա: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու ենք դա անում:

- Մոսկվայում եւ Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները, ձեր կարծիքով, ինչպիսի՞ ազդեցություն ունեցան Ռուսաստանում հայկական բիզնեսի վրա, մեր գործարար հայրենակիցները առաջիկայում հնարավո՞ր է ճաշակեն տեղի ունեցածի դառը պտուղները:

- Ես ուզում եմ հավատալ, որ ոչ, տեղի ունեցածը որեւէ բացասական ազդեցություն չի ունենա Ռուսաստանում հայ գործարարների հետագա ճակատագրի ու գործունեության վրա, բայց եթե այդ չարաբաստիկ եւ ակնհայտ սադրիչ գործողությունները կանգ չառնեին եւ կրկնվեին, եթե որոշ սադրիչներ Ռուսաստանում եւ Ռուսաստանից դուրս շարունակեին կրակի վրա յուղ լցնել, ապա, իհարկե, ինչպես արդեն ասել եմ, հայերի համար շատ ավելի դժվար կլիներ արժանապատիվ կերպով ապրել եւ աշխատել Ռուսաստանում: Հուսով եմ ամեն բացասականն այլեւս հետեւում է, մեր ժողովրդի ստեղծագործական նորանոր հաղթանակներըՙ առջեւում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ