RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-07-30 22:43:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 6414, Տպվել է` 860, Ուղարկվել է էլ.փոստով` 0

100 ՏԱՐԻ ԱՌԱՋՙ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անկախության սխրալի փորձ

Բոլոր նրանք, ովքեր, ներառյալ երկրիս վարչապետը, դժգոհում են, որ հայերս պետականության գիտակցումն ու ձգտումը չունենք, պետք է ծանոթանան ճիշտ 100 տարի առաջ, օրերի տարբերությամբ, Կիլիկիայի ոչ պաշտոնական մայրաքաղաք Ադանայում, 275 հազար հայերի, ասորիների, հույների, կաթոլիկ սիրիացիների եւ քաղդեացիների անունից 1920 թ. օգոստոսի 4-ին հրապարակված Անկախության հռչակագրին, որը արտատպում ենք մեր թերթի ներկա համարում: Անշուշտ դա միակ փաստը չէ մեր ժողովրդի պետականության ձգտման: Մեր նախորդ համարներում պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը եւ ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանը մասնագիտորեն եւ հանգամանալից անդրադարձել են հայ ժողովրդի պետականաստեղծման դարավոր պատմությանըՙ սկսած Վանի թագավորությունից մինչեւ Հայաստանի Հանրապետության ծնունդը: Սակայն տեղի սղության պատճառով չեն անդրադարձել 100 տարի առաջ կրկին Կիլիկիայում, ֆրանսիական հոգատարության տակ անկախ պետականություն ստեղծելու հայերիս փորձին, որը, ոչ մեր մեղքով, ձախողվեց ի դժբախտություն ոչ միայն մեր եւ քրիստոնյա մյուս ժողովուրդների, այլեւ ողջ տարածաշրջանի, որը մինչեւ օրս կրում է այդ ձախողության, ավելի ճիշտՙ ձախողեցման դժնի հետեւանքները...

Մենք չենք սիրում, մեր պատմաբանների մեծամասնությունը նույնպես, ուսումնասիրել ձախողությունների պատմությունը, որոնցից նաեւ, անկախ մեր ցանկությունից, կազմված է համաշխարհային պատմությունը, այդ թվում մեր ժողովրդի պատմությունը նաեւ: Այնինչ ձախողությունների ուսումնասիրությունն է միայն, որ կարող է լրիվ բացահայտել հաջողությունների արժեքն ու իմաստը:

100 տարվա հեռավորությունից դիտարկելով անկախության այդ փորձը, զարմանալի, սխրալի, սրտառուչ, ինչ-որ տեղՙ միամիտ շատ բան կա 1920 թ. օգոստոսի 4-ի եւ դրան հաջորդած իրադարձությունների մեջ: Դրանից ընդամենը հինգ տարի առաջ ցեղասպանության եւ բռնագաղթի ենթարկված մեր ժողովրդի մնացորդացը, օգտվելով ֆրանսիական բանակի հաղթական արշավանքից եւ Թուրքիայի պարտությունից, վերադարձել էր իր դարավոր բնակավայրերը եւ լծվել իր տունուտեղի վերաշինության գործին, ժամեր ու դպրոց վերականգնել, ապրուստի միջոց ու տնտեսություն ստեղծել ու, միաժամանակ, Մարաշում, Հաճընում, Այնթապում, Ամանոսում եւ այլուր կռվել թուրք ելուզակների դեմ եւ ամբոխի հարձակումներից պաշտպանվել: Անհրաժեշտ էր ստեղծել պետական կառույցներ: Մանավանդ որ, այդ նախաձեռնության գլխավոր հեղինակ Միհրան Տամատյանը, որ Փարիզում Պողոս Նուբարի գլխավորությամբ գործող Ազգային պատվիրակության լիազոր ներկայացուցիչն էր Կիլիկիայում (նրա մասին կարդալ 3-րդ էջում), տեղեկացված էր, որ ընդամենը 6 օր հետո, օգոստոսի 10-ին Սեւրում կայանալիք վեհաժողովում նպատակ կա Կիլիկիան բաժանել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ: Տամատյանը եւ ընկերները, մեծամասամբ ռամկավար փորձառու գործիչներ, Անկախության ակտով ցանկանում էին «դաշնակից» պետություններին եւ առաջին հերթին Ֆրանսիային դնել կատարված իրողության առջեւ...

Հաջորդ օրը, օգոտսոսի 5-ին, Մ. Տամատյանն ու ակտը ստորագրած ներկայացուցիչները հավաքվեցին Ադանայի սերայում (քաղաքապետարան) եւ կազմեցին անկախ Կիլիկիայի ժամանակավոր կառավարությունըՙ Տամատյանի վարչապետությամբ: Կառավարությունՙ որը ապրեց ընդամենը... մեկ ժամ: Ֆրանսիական գրավման բանակի ներկայացուցիչ գնդապետ Բրեմոնի հրամանով սենեգալցի սվինավորների սպառնալիքի տակ նորակազմ կառավարությունը վռնդվեց սերայից: Այն նույն Բրեմոնի, որը, ինչպես նախապես եւ հետագայում էլ իր հուշերում գրում էր, որ եթե ինքը լիներ հայերի փոխարենՙ նույնը արած պիտի լիներ...

Ու որպեսզի ընթերցողը, որը շատ քիչ բան գիտի այդ իրադարձությունների մասին (եթե անշուշտ որեւէ բան գիտի ոչ դաշնակցականների սխրագործությունների մասին), ճիշտ պատկերացնի խնդրի էությունը, ասենք, որ կիլիկեհայերը ձեռնունայն չէին ներկայանում «դաշնակից» տերություններին ու հատկապես Ֆրանսիային: Դեռեւս 1916 թվականից հազարավոր հայ երիտասարդներ Մ. Նահանգներից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Սիրիայից, Կովկասից ու Եգիպտոսից կամավորագրվել էին «դաշնակիցների» կազմած Արեւելյան լեգեոնական բանակին, կազմել առանձինՙ Հայկական լեգեոն, անգլիական բանակի մարզիչների հսկողությամբ երկարատեւ մարզումներ անցկացրել Կիպրոսում, մասնակցել Պաղեստինի ազատագրման կռիվներին, փառավոր հարված էին տվել գերմանաթուրքական բանակին Արարայի վճռորոշ ճակատամարտում եւ համարվում էին «փոքր դաշնակից»: Ահա այդ ուժերն էին, որ Կիլիկիայում ապահովելու էին հայկական այդ պետության սահմաններն ու անդորրը: Սակայն «մեծ դաշնակից», «ասպետական» Ֆրանսիան այլ ծրագրեր ուներ արդեն քեմալական Թուրքիայի հետ, որին ի վերջո հանձնեց գրեթե ամբողջ Կիլիկիանՙ բացի Ալեքսանդրեթից (այժմՙ Հաթայ), որը կցեց Սիրիային, սակայն 21 տարի հետո այն էլ հանձնելով Թուրքիային, բացի Քեսաբից, որը մնաց Սիրիայի կազմումՙ շնորհիվ Արշակ Չոբանյանի եւ նրա ֆրանսիացի ազդեցիկ ընկերների ջանքերի:

Ահա՛, շա՛տ թռուցիկ կերպով, Հայկական Կիլիկիայի վերջին ոդիսականից սրտառուչ մի դրվագ, որը կամ որի դասերը ուսանելի են մնալու մեր նորահաս սերունդների համարՙ պահել-պահպանելու, հզորացնելու, զարգացնելու մեր անկախ միակ երկիր Հայաստանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ