RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
2020-08-12 15:08:51Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում
2020-08-12 14:05:44Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 5 օրերին
2020-08-12 13:53:45Վարչապետ Փաշինյանը՝ սահմանափակումների մեղմացման մասին (տեսանյութ)
2020-08-12 12:43:39Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց
#021, 2020-07-10 > #022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 24-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 23:28:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2724, Տպվել է` 211, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԲԺԻՇԿԸՙ ԱՐՑԱԽԸ ՍՐՏՈՒՄ

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ իսկական բժիշկը ոչ միայն ու ոչ այնքան այդ մասնագիտությունը ժամանակին ընտրած եւ առողջապահության ոլորտում լոկ երկար տարիներ աշխատած անձն է, այլ նա, ում փոքրուց խորթ չի եղել մարդկային պարզ կարեկցանքը, իսկ հետագայում էլ երբեք չի լքել ուրիշին օգնելու անհատնում ցանկությունը:

Այդ եւ ուրիշ շատ արժանիքներով էր օժտված ամերիկահայ բժիշկ ու հասարակական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը , ով վերջերս Նյու Ջերսիում կնքեց մահկանացունՙ իր ետեւից թողնելով մնայուն ու հիշատակելի գործերի լուսավոր մի հետագիծ:

Ծնվել էր 1938-ի օգոստոսի 16-ին Երուսաղեմում եւ առաջնեկն էր Մեծ եղեռնից մազապուրծ ու վերապրած ծնողների: Ապագա բժշկի ստացած հայեցի դաստիարակության անկյունաքարերը եղան Ընտանիքը, Եկեղեցին եւ Հայրենիքը:

Ընտանիքը

Ողջ կյանքում նրան ուղեկցեց հորՙ Առաքելի առասպելական կերպարը: Երախտապարտ որդին իր խոսքում միշտ էր շեշտում, թե ինչպես լինելով «պարզ կոշկակար»ՙ հայրն անպայման ուզեցել է 6 զավակ ունենալ: Ականջներում մշտապես հոր հետեւյալ խոսքն է հնչել. «Տղա՛ս, այնքա~ն ենք կորցրել, որ պիտի նաեւ այսպեսՙ շատ զավակներ ունենալով ծառայենք մեր ազգին»:

Մայրըՙ Տիրուհին, բուժքույր էր եւ հավանաբար հենց նրա ուղղորդմամբ պատանի Րաֆֆին որոշեց ընտրել բժշկի մասնագիտությունը: Վերջինս, ինչպես հետագա ողջ կյանքը ցույց տվեց, արդյունք էր նաեւ այլոց օգտակար լինելու բնածին հատկության: Տողերիս հեղինակին մի դրվագ անչափ տպավորեց, երբ լսում էի դոկտորի հարցազրույցներից մեկը: Հայրը մի օր ջութակ է նվիրում որդունՙ լավ իմանալով բժիշկ դառնալու նրա մտադրության մասին: Բոլոր դեպքերում հորդորել է նվագել այդ գործիքը, որպեսզի բժիշկ դառնալիս մատները... «ճկուն ըլլան»:

Նախնական կրթությունը Հալեպում ստանալուց հետո ուսումնատենչ հայորդին դիմում է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական բաժին: Այդ քաղաքում էլ նա ծանոթանում է իր կյանքի ուղեկցիՙ գեղատես հայուհի Շողակ Վարժապետյանի հետ: «Աստուծո օրհնությանը փառք կուտամ, որ Շողակի նման կողակից տվավ,- սիրում էր կրկնել դոկտորըՙ շարունակելով,- Ան միշտ կռնակս ու ինձմե առաջ քայլող էակ եղած է: Միաժամանակ իդեալ մայրՙ իր 3 զավակներուն ու 7 թոռներուն համար»:

Այս զույգի մասին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Խաժակ արք. Պարսամյանը գրում է. «Անոնք երկուքը, իբրեւ օրինակելի զույգ, զիրար ամբողջացուցինՙ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր»: Ամենաակնառուն թերեւս Սբ. Ներսես ճեմարանի նախկին շենքի վերանորոգումն էր, որ մեծապես նրանց ջանքերով հնարավոր եղավ իրագործելՙ ապահովելով ուսումնական այդ կարեւոր հաստատության շարունակությունը:

1965-ին բնակություն հաստատելով Չիկագոյումՙ եկեղեցասեր այս ամոլը ազգային նոր շունչ հաղորդեց տեղի հայ գաղութին եւ նպաստեց այդ քաղաքում հիմնելու ՀԲԸՄ տեղական կենտրոն ու «Սիսակ Վարժապետյան» շաբաթօրյա ազգային վարժարանը:

Հանրահայտ է նաեւ բարեգործ ընտանիքի ներդրումը ժամանակակից հայ նկարչության հանրահռչակման ու զարգացման գործում: Երկրաշարժից հետո գալով հայրենիքՙ արդի արվեստի գիտակ ու համադրող Շողակ Հովհաննիսյանն իր, ապա եւ աշխարհի համար հայտնագործեց մեր օրերում ու մեր շուրջն ապրող հայ գեղանկարիչների մի բույլ, որոնք սակայն ապրում էին աննախանձ պայմաններում: Նա իր արվեստասեր ամուսնու հետ միասին արեց այնպես, որ շարունակելով ապրել Հայաստանումՙ այդ արտիստները ստեղծագործեին ապահովության մեջ եւ ցուցահանդեսներ կազմակերպեին արվեստի համաշխարհային կենտրոններում: Այդպես էլ եղավ: «Մեր նպատակն է, որ շնորհալի հայ արվեստագետները մնան հայրենիքում, որպեսզի նրանց չկորցնենք օտար ափերում»,- սա՛ է Շողակի գործունեության կարգախոսը: Ընդ որում, հայրենի արվեստագետներին սատար կանգնելը նրանք ավելի շատ պարտականություն են դիտել, քան բարեգործությունՙ սովորական իմաստով:

Այսօրվա պես հիշում եմ տեր ու տիկին Հովհաննիսյանների այցը 1988-ի երկրաշարժից հիմնակործան եղած Գյումրու «Օկտետ» երաժշտական դպրոց: Լսելով շնորհալի սաների տպավորիչ ելույթներըՙ նրանք հենց տեղում որոշում ընդունեցին աջակցել միանգամից մի քանի պատանու երաժշտական բարձրագույն կրթությունը, իսկ հետագայում գործուն ջանքեր գործադրեցին դպրոցի շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Ընտանեկան բարի ավանդույթները փոխանցելու նպատակով հաճախ էր հայրենասեր զույգը նախնիների երկիր այցելում զավակների ու թոռների հետ: Չէ՞ որ պետք էր նոր սերնդին օգնել հասկանալու ու գնահատելու հայրենի եզերքի յուրահատուկ համն ու հոտըՙ քաջալերելով, իհարկե, նրանց ձեռնարկելիք առաջին բարեսիրական քայլերը:

Եկեղեցին

Հասակ առած լինելով վանական ավանդական մթնոլորտումՙ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ կյանքում փարված մնաց հայ եկեղեցուն ու նրա սրբություններին: Դեռ փոքրուց, երբ հաճախում էր Հալեպի «Էմմանուէլ» վարժարան, նվիրվեց սուրբգրային ընթերցանության, որի շատ դրույթներ հետագայում նա հասցրեց իրագործել երկրային կյանքում:

Բեյրութում նա բարեկամություն հաստատեց այն օրերին Կիլիկյան աթոռում որպես միաբան ծառայող, իսկ տարիներ անց Հայոց հայրապետ ընտրված Գարեգին Ա-ի հետ, որի հետ մտերմությամբ միշտ էր հպարտանում: Իր կյանքի հանգրվաններին ուր էլ եղավ, առաջինը դեպի հայ հոգեւոր տաճար տանող ճանապարհը փնտրեց: «Եկեղեցին միշտ իմ մեջ է եղել»,- հետագայում պիտի խոստովաներ բժիշկը: Նա այն համոզումն ուներ, որ եթե հայերս չընդունեինք քրիստոնեությունը, որպես ազգ կդադարեինք գոյություն ունենալուց:

Պատահական չէր ուստի, որ դոկտոր Հովհաննիսյանը երկար տարիներ անդամակցեր Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Թեմական խորհրդինՙ լինելով նաեւ դրա փոխատենապետը, իսկ երկու անգամ որպես ընտրված պատգամավոր մասնակիցը դառնար Մայր աթոռում 1995 եւ 1999 թվականներին գումարված Ազգային գերագույն ժողովների:

2014-ին ԱՄՆ Արեւելյան թեմի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանը հռչակվեց «Եկեղեցվո Պատվո մարդ», որի առիթով Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր տաճարում կազմակերպված հանդիսության ժամանակ պատշաճ մեծարանքի արժանացավ հայ եկեղեցու եւ ամերիկահայ համայնքի կողմից: Նրան միշտ այն զգացողությունն էր ուղեկցում, որ Տերն է առաջնորդում իր քայլերը եւ ուրախ էր, որ իրագործել է հոր պատգամը. «Սիրել եկեղեցին եւ ծառայել եկեղեցիին»:

Հայրենիքը

Րաֆֆի Հովհաննիսյանն իր հուշերում նկատում է, որ իրենց տանը փոքրուց միշտ ազգային երգեր են հնչել, որոնք նաեւ հայրն է կատարել: Իսկ հայկական ռադիոն միշտ սպասված հյուր է եղել իրենց տանըՙ «Երեւանն է խոսում» հայտնի արտահայտությամբ:

Ու երբ 1986-ին առաջին անգամ Հայաստան է եկել որդուՙ Արմենի հետ, առաջինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է բարձրացելՙ խնկարկելու իր նախնյաց հիշատակը: Անկախությանը հաջորդած մութ ու ցուրտ տարիներին բժշկի այցերն ավելի հաճախացան. գալիս էր ամեն 3 կամ 6 ամիսը մեկ: Տեսնելով հայրենաբնակ քույրերի ու եղբայրների դիմագրաված անմարդկային դժվարություններըՙ այնժամ լռելյայն ուխտեց լինել հարազատ ժողովրդի ու նրա առաջընթացի կողքին: Հետաքրքիրն այն էր, որ նրա համար Հայաստանը նաեւ Ջավախքն ու Արցախն էինՙ իրենց հերոս հայորդիներով ու ազգային անխառն նկարագրով:

Հանուն Արցախ աշխարհի

Րաֆֆի Հովհաննիսյանին համակած բոլոր խոհերն ու ապրումներն այնուհետ պիտի վերածվեին գործի, որ նա ծավալեց երկար տասնամյակների ընթացքում եւ, ինչպես ինքը կասեր, «իզուր չվատնեց իր կյանքը»: Ուր էլ եղավ, ընտանիքի հետ որտեղ էլ բնակություն հաստատեց, հանձնառու եղավ ազգային գաղափարներին ու հայապահպան առաքելությանը: Այդ նպատակով նա համագործակցեց սփյուռքահայ կրթական-բարեսիրական բազմաթիվ կառույցների հետՙ մաս կազմելով նրանց հայրենաշեն ու ժողովրդանվեր ծրագրերին: 1986-1988թթ. Ամերիկայի հայկական համագումարի Տնօրենների խորհրդի անդամ էր, իսկ 1989-2000թթ. անդամակցեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական խորհրդին: Երկար տարիների արդյունավոր աշխատանքով, սակայն, առանձնացնելի է նրա համագործակցությունը հատկապես Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հետ, որի բժշկական շատ ծրագրերի նախաձեռնողներից ու քաջալերողներից մեկը դարձավ:

Հանրահայտ է, անշուշտ, ՀՕՖ-ի ակտիվ դերակատարությունն ու ներդրումը 1988-ի երկրաշարժից հետո մայր հայրենիքի առողջապահական համակարգի բարեփոխումների ու արդիականացման գործում: Նշենք մասնավորապես 2005թ. մայիսին մեկնարկած եւ մինչ այժմ հաջողությամբ գործող «Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագիրը», որը սկզբից եւեթ նպատակ ուներ բարձրացնել ՀՀ մարզերի բնակչության բժշկական սպասարկման որակըՙ աջակցելով Երեւանից դուրս աշխատող բժիշկների մասնագիտական կատարելագործմանը: Որքան էլ որ Շարունակական բժշկական կրթության ծիրում ընդգրկվում էին բուժաշխատողներ նաեւ Ջավախքից ու Լեռնային Ղարաբաղից, միեւնույն էՙ հընթացս անհրաժեշտություն զգացվեց հիմնելու նոր ծրագիրՙ հատուկ Արցախի բժիշկների համար:

Մտապահել եմ ՀՕՖ-ի երեւանյան գրասենյակում 2011թ. փետրվարի 10-ին կազմակերպված մամլո ասուլիսը, որին պիտի ազդարարվեր նշյալ ծրագրի մեկնարկը: Դրան ի շարս ՀՀ եւ ԱՀ աողջապահության նախարարությունների բարձրաստիճան այրերի, Հայաստանի պետական բժշկական համալսարանի եւ ՀՕՖ-ի ներկայացուցիչների մասնակցում էր նաեւ ԱՄՆ-ից ժամանած Րաֆֆի Հովհաննիսյանը: Իհարկե, բոլորն էին ուրախ, սակայն ամենից շատ ճառագում էր մեր հայրենակցի դեմքը. չէ՞ որ նա պարզ մասնակից չէր, այլ մեկն այդ ծրագրի հեղինակներից:

Բանն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային հանրապետություններում եւ առավել եւս Ադրբեջանից ինքնորոշված Լեռնային Ղարաբաղում փլուզվել էր առողջապահության ողջ համակարգըՙ ներառյալ բուժկատարելագործման գործընթացը: Սոցիալական խոցելիությունը թույլ չէր տալիս տեղի բժիշկներին հասնելու Երեւան եւ անցնելու Առողջապահության ազգային ինստիտուտի վճարովի դասընթացները:

Այս համապատկերում իսկական փրկություն էր Ամերիկահայ առողջապահական մասնագետների կազմակերպության (AAHPO) կողմից ֆինանսավորվող վերոհիշյալ ծրագիրը, որի շրջանակներում տարեկան 35-40 բժիշկներ մեկամսյա անվճար վերապատրաստում են անցնում Երեւանի առաջատար բուժհաստատություններում ամենատարբեր մասնագիտացումների գծով, ծանոթանում համաշխարհային բժշկագիտության նորագույն նվաճումներին, համակարգչային գրագիտություն սովորում Հանրապետական գիտաբժշկական գրադարանում, ընդլայնում մասնագիտական կապերը Հայաստանի ու արտերկրի բարձրակարգ մասնագետների հետՙ չհաշված նոր բուժսարքավորումներով իրենց հաստատությունները հագեցնելը: Այսօր Արցախում աշխատող շուրջ 320 բժիշկների մեծ մասն արդեն ավարտել է այս դասընթացըՙ ձեռք բերելով իրենց կարիերայի զարգացման համար անհրաժեշտ կրեդիտների զգալի խմբաքանակը: Ըստ Արցախի վաստակավոր բժիշկ, Շուշիի բուժմիավորման տնօրեն Վիգեն Խաչատրյանի «Ի շարս այլ կարեւոր հանգամանքներիՙ այս ծրագիրը ստեղծում է կապեր Հայաստանի ու Արցախի մասնագետների միջեւ, որը հատկապես էական է դառնում ճգնաժամային պահերին»:

Դոկտոր Րաֆֆին, որպես իր գործի գիտակ ու սրտացավ մասնագետ, խորապես գիտակցում էր նաեւ Արցախի գյուղական համայնքների բուժքույրերի վերապատրաստման անհրաժեշտությունըՙ նկատի ունենալով, որ հայկական երկրորդ հանրապետությունը դեռեւս պատերազմի մեջ է ազերիների հետ եւ ամեն վայրկյան կա կռիվների վերսկսման վտանգ: Բուժքույրերի մեծ մասը, սակայն, տարիներ շարունակ չէր անցել մասնագիտական վերապատրաստում: Հարկ էր ուրեմն մշակել առաջնային բուժօգնության օղակի վերապատրաստման գործնական մոդել ու գտնել ծրագրի հովանավոր: Դարձյալ հեղինակավոր բժշկի հորդորով էր, որ ամերիկահայ Նազարյան ընտանիքը ստանձնեց այդ պատասխանատվությունը: Արդյունքում 2018-ին տրվեց մեկնարկը: Ահա թե ինչ է պատմում ՀՕՖ-ի փոխտնօրեն եւ բժշկական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանը . «Ճիշտն ասած, շատ մարդիկ են հետաքրքրվել այս խիստ հրատապ խնդրով, սակայն խոսել են, խոսել ու... մոռացել: Մինչդեռ դոկտոր Րաֆֆին, զգալով հարցի կարեւորությունը, անմիջապես անցավ գործի ու գլուխ բերեց այն»:

Արդեն երրորդ տարին է, ինչ հաջողությամբ ընթանում է Արցախի բուժքույրերի վերապատրաստման գործընթացը, որը բացի մայրաքաղաք Ստեփանակերտից եւ 7 շրջկենտրոններից ներառում է նաեւ 301 գյուղական համայնք, որոնք սպասարկում են 600-ից ավելի բուժքույրեր: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվող այս ծրագրում ամեն տարի ընդգրկվում է մոտ 120 բուժքույր, որոնք տեսական ու գործնական դասընթացից հետո զինվում են նոր գիտելիքներով ու հմտություններով: Այն, որ աշխարհի հատուկենտ երկրների նման Արցախի Հանրապետությունը եւս կարողացավ հաջողությամբ դիմակայել կորոնավիրուսի համավարակին եւ ներկայումս էլ շարունակում է կիրառել վտանգը նվազեցնելու ու կառավարելու արդյունավետ միջոցներ, պակաս դեր չունեն վերոնշյալ բժշկական ծրագրերը:

Ավելացնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկար տարիներ իր խորհրդատվությամբ նպաստել է նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի առաջընթացին: Այդ բուհի նախկին պրոռեկտոր եւ ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միության Խորհրդի անդամ Գեւորգ Յաղջյանը նշանավոր բժշկին դիպուկ կերպով բնորոշում է որպես նշյալ հաստատության «ոչ պաշտոնական արտակարգ ու լիազոր դեսպանն Ամերիկայում»:

...Իր կյանքի վերջին 7 տարիներին Րաֆֆի Հովհաննիսյանն անհավասար կռիվ էր տալիս ու պայքարում դաժան հիվանդության դեմՙ չընկրկելով ոչ մի պահ եւ դույզն-ինչ չկորցնելով լավատեսությունը: Մինչեւ կյանքի վերջ էլ, ամերիկահայ համայնքի գործարար ու բժշկական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպելիս, ամեն անգամ բացատրում էր տարվող ծրագրերի կարեւորությունըՙ ի մտի ունենալով դրանց շարունակելիության հրամայականը:

Առաջին օրինակը, բնականաբար, ինքն էր ցույց տալիս: Նրա մահից անմիջապես հետո ստեղծվեց ՀՕՖ-ի «Րաֆֆի Հովհաննիսյան կրթական հիմնադրամը», որի թիրախը դարձյալ Արցախ աշխարհն է ու նրա առողջապահական համակարգի զարգացումը: Այն ամենը, ինչ արեց նվիրյալ հայորդին, ամենեւին էլ փառքի համար չէր: Ընդհակառակը, վերջինս էր անվերջ հետապնդում նրան: Անվանի բժիշկը կենդանության օրոք պարգեւատրվեց ամերիկյան ու հայրենի մի շարք մեդալներով ու շքանշաններով: Հիշատակենք միայն մեկըՙ ԱՄՆ պատվավոր «Էլիս Այլենդ» շքանշանը, որին արժանացան թե՛ ինքը, թե՛ Շողակ Հովհաննիսյանը:

Բժշկի պատգամը

Հավարտ հայրենասեր հայորդու մասին պատմող այս ակնարկիՙ մի փոքրիկ հատված մեջբերեմ նրա հարցազրույցներից մեկից. «Չմոռնանք, որ մենք հայ ենք եւ մեր հիմնական կապը մեկմեկու հետ նույն ազգին պատկանելն է: Մեր երակներում հոսող արյունն այնքան մաքուր է, որ պիտի ջանանք չպղծել այն սխալ գաղափարներով, նախանձությամբ, թշնամությամբ եւ հակառակություններով»: Դժվար է գերագնահատել այս խոսքերի արդիականությունն ու նշանակությունը մեր օրերում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 24-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ