RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
2020-08-12 15:08:51Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում
2020-08-12 14:05:44Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 5 օրերին
2020-08-12 13:53:45Վարչապետ Փաշինյանը՝ սահմանափակումների մեղմացման մասին (տեսանյութ)
2020-08-12 12:43:39Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց
#021, 2020-07-10 > #022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 24-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 23:28:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3107, Տպվել է` 299, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Այս անգամ էլ թագաժահրով զինված մահը մեր շուրջը եւ մեր մեջ իր դաժան հունձն է անում: Արտակարգ իրավիճակի սահմանափակումները բոլորիս զրկել են մեր ընկերներին ու հարազատներին գոնե մարդավայել հրաժեշտ տալու հնարավորությունից: Համավարակի վտանգավորությունը վերացրել է ավանդական հոգեհանգիստն ու բազմամարդ հուղարկավորությունը: Մեկի կորստյան ցավին ու կսկիծին դեռ չհամակերպվածՙ անսպասելի հայտնվում է հաջորդը, եւ մարդ մոլորվում է բազմաթիվ մահերի մեջՙ չիմանալովՙ ինչպես վերջին հրաժեշտը տա անդարձ հեռացող մտերմին, երկար տարիների աշխատանքային ընկերոջը, մխիթարի հանգուցյալի անմիջական հարազատներին:

Անսպասելի էր նաեւ Երեւանի պետական համալսարանի երկարամյա դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանի մահը, որը ցավալի, անդառնալի կորուստ էր ոչ միայն Սաքապետոյան գերդաստանի, կնոջ ու զավակների, թոռների ու մյուս մտերիմների, համալսարանական ընկերների ու 1960-ական թթ. կեսերից նրա բովանդակալից դասախոսություններն ունկնդրած ուսանողների, այլեւ հայագիտության համար: Դժվար է նրա մասին խոսել անցյալով, որովհետեւ նա ինքն է ողջության օրոք ստեղծել իր մարդկային նկարագրի, բարձրակարգ հայ մտավորականի ու գիտնական-մանկավարժի նկատմամբ մշտատեւ հարգանքն ու պատիվը:

Ռուբեն Սաքապետոյանը ծնվել է 1944 թ. հոկտեմբերի 11-ին եղեռնից մազա-պուրծ, ներկայիս Թուրքիայի Ինջիրլիկ օդակայանի տարածքից վտարված (կան բոլոր հիմնավորող փաստաթղթերը) եւ Բեյրութում (Լիբանան) ապաստանած հայ ընտանիքում, որը մեծ հայրենադարձության ժամանակ տեղափոխվեց հայրենիքՙ Հայաստան:

1960 թ. Ռ. Սաքապետոյանն ավարտեց Երեւանի թիվ 63 միջնակարգ դպրոցը եւ ընդունվեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը: Ժամանակակիցները լավ են հիշում գանգրահեր, աշխույժ ու նախաձեռնող, ընկերական հավաքներում փայլող կենսախինդ ու ինքնավստահ պատանուն, որը նաեւ գրական հակումներ ուներ, եռանդով մասնակցում էր համալսարանի եւ հանրապետության գրական-մշակութային կյանքին: «Գյուղից մինչեւ քաղաք 150 կիլոմետր է» պատմվածքով նա նվաճեց երիտասարդ գրողների ՀԳՄ մրցանակը: Այն ժամանակներում Ռ. Սաքապետոյանն իրոք առաջամարտիկ էր. Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների հետ համալսարանում հանդիպման, արեւմտահայ նահատակ բանաստեղծներին նվիրված գրական միջոցառումների կազմակերպիչներից մեկը, Մեծ եղեռնի 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում ԵՊՀ ուսանողներից նրան էր վստահվել Գրիգոր Զոհրապի եւ նահատակ մյուս գրողների մասին պատասխանատու զեկուցումը: Իսկ 1966 թ. ապրիլի 24-ին Կոմիտասի գերեզմանին ծաղիկ դնելու համար բանտարկված ԵՊՀ ուսանողներից մեկն էր նա, որ ճաշակել էր խորհրդային բանտի բոլոր զավեշտալի «հրաշալիքները»:

1966 թ. նա ավարտեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, 1969-ինՙ ասպիրանտուրան, 1967-ից արդեն հայոց լեզու, արեւմտահայերեն ու ոճագիտություն էր դասավանդում բանասիրական ու մյուս ֆակուլտետներում: Հենց այս ուղղություններով էլ դրսեւորվեցին նրա գիտական հետաքրքրությունները թե՛ արեւելահայերենի, թե՛ արեւմտահայերենի ու մանավանդ նրանց զուգադրական քննությունների նկատմամբ, որոնք արտացոլվեցին հանրապետության գիտական մամուլում հրատարակած նրա տարբեր հոդվածներում:

Թեեւ նա թեկնածուի գիտական աստիճան ստացավ արեւելահայերենիՙ Ե. Չարենցի երգիծական ու ողբերգական երկիՙ «Երկիր Նաիրի» պոեմանման վեպի լեզուն ու ոճը քննող աշխատությամբ (1974 թ,), սակայն նրա գիտական կարողությունները լավագույնս դրսեւորվեցին արեւմտահայերենի ուսումնասիրության բնագավառում, որի կրողն էր ինքը: Դրա վկայությունն էր 2005 թ.պաշտպանած դոկտորական ատենախոսությունը, որը նվիրված էր արեւմտահայերենի լեզվաոճական իրակություններին:

Հայագիտության ասպարեզում նշանակալից հաջողությունների եւ գիտամանկավարժական վաստակի համար 2004 թ. նրան շնորհվեց դոցենտի, 2005 թ.ՙ պրոֆեսորի կոչում:

2009-2014 թթ. պրոֆ. Ռ. Սաքապետոյանը ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչն էր, 2015-իցՙ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր:

1991-1992 թթ. հայագետ-մանկավարժը գործուղվել էր Բեյրութՙ հայերեն դասավանդելու եւ ղեկավարելու «Հյուսիսեան» հայագիտական կենտրոնի աշխատանքները:

Պրոֆ. Ռուբեն Սաքապետոյանը հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների, ինչպես նաեւՙ «Ե. Չարենցի արձակի լեզուն եւ ոճը» (Բեյրութ, 1992), «Արեւմտա-հայերենի եւ արեւելահայերենի բառապաշարային առանձնահատկությունները» (Եր., 2004), «Արեւմտահայերենի դասագիրք» (Եր., 2006), «Արեւմտահայերեն - արեւելահայերեն նոր բառարան» (Եր., 2011) աշխատությունների: Վերջինս արժանացավ Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակին:

Պրոֆ. Ռուբեն Սաքապետոյանը հմուտ մասնագետ էր, համահեղինակՙ ՀՀ ավագ դպրոցի հայոց լեզվի դասագրքերի: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական մի քանի ատենախոսություններ:

Իսկական համալսարանական էր նա, ընտանիքի հրաշալի հայր եւ ամուսին, լավ ընկեր, մեր հաղթանակներով ոգեւորված, հայագիտության զարգացմամբ, հայության ճակատագրով եւ մեր պետականության ապագայով մտահոգված ազնիվ քաղաքացի:

Նրա կորուստն իսկապես ցավալի է բոլորիս համար, իսկ լուսավոր կերպարը, մշտաժպիտ հայացքը միշտ վառ կմնան բոլոր ճանաչողների սրտերում ու հիշողություններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 24-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ