RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020



ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2020-05-21 21:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1034, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ»

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

Ալեն Դալես

1942 թվականից Ալեն Դալեսը անցավ պաշտոնական աշխատանքի ԱՄՆ Ստրատեգիական ծառայությունների վարչությունում, չնայած այդ հետախուզական գերատեսչության հետ նա վաղուց արդեն կապված էր: Գերատեսչությունը ղեկավարում էր 57-ամյա Ուիլյամ Դոնովանը, առաջին աշխարհամարտի հերոս, միլիոնատեր, Ուոլ- Սթրիթի վրա գտնվող բարգավաճող իրավաբանական գրասենյակի սեփականատեր, համարձակ, վճռական, անկախ, խիզախ եւ վտանգներին սովոր մի մարդ: Մտերիմները նրան անվանում էին «Վայրի Բիլ»: Նրան հաջողվեց կարճ ժամանակահատվածում վերոհիշյալ գերատեսչության աշխատանքներում ներգրավել շատ «փայլուն անձնավորություններ»: Այդ թվում եւ Ալեն Դալեսին:

Ով էր եւ ինչ մարդ էր Ալեն Դալեսը: Պատսխանը միանշանակ է` արտասովոր ընդունակությունների տեր մարդ:

Դառնալով ԱՄՆ ամենագաղտնի ծառայության` ԿՀՎ տնօրենը (ղեկավարել է ԿՀՎ-ն 1953-1962 թթ.), Ալեն Դալեսը շարունակում էր մնալ ամերիկյան հասարակության կողմից ամենաճանչված մարդկանցից մեկը: Ոմանք, ի դեմս Դալեսի, տեսնում էին բարեհամբույր, բարեհոգի, ռոմանտիկ, իսկ ոմանք` կոշտ, հաշվենկատ եւ անսահմանափակ ֆանտազիայով մարդու:

Տրամաբանական է: Հետախուզությունը չափից դուրս լուրջ մասնագիտություն է, որպեսզի նրանով չզբաղվեն ռոմանտիկ մարդիկ:

Իր «Հետախուզության արվեստը» գրքում Ա. Դալեսը հետաքրքրական մտքեր է շարադրում կապված տեղեկատվության հավաքման, հասարակության եւ հետախուզության կապի, հետախուզական աշխատանքի պլանավորման եւ ղեկավարման, հետախուզության գործակալական եւ օգնականների ցանցի, ապատեղեկատվության, հետախուզական տեղեկատվության իրացման եւ վերջապես կադրերի մասին:

Մեջբերենք Ա. Դալեսի` հետախուզության վերաբերյալ մի քանի կարեւոր մտքեր :

...Օտարերկրյա պետությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը իրականացվում է ամենատարբեր մեթոդներով, ընդ որում ոչ բոլոր մեթոդներն են խորհրդավոր եւ գաղտնի:

Տեղեկատվությունը կարելի է ձեռք բերել բաց աղբյուրներից (ընդգծենք, որ այսօր նույնպես տեղեկատվության ձեռք բերման հիմնական ճանապարհը բաց աղբյուրների ուսումնասիրությունն է. այն կազմում է մոտ 70-75 %-ը: Խոսքը ոչ թե պարզապես բաց աղբյուրները կարդալու մասին է, այլ բաց աղբյուրներից տեղեկատվության «որսի», «արդյունահնման» մասին: Ծ.Հ.):

Օրինակ լրագրերից, գրքերից, գիտական եւ տեխնիկական հրատարակություններից, պաշտոնական հաշվետվություններից, կառավարության նիստերից, հեռուստա-ռադիոհաղորդումներից, նույնիսկ ներկայացումներից կարելի է ձեռք բերել տեղեկություններ տվյալ պետության իրավիճակի վերաբերյալ:

Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում, Արեւմուտքում ուշադիր վերլուծում էին «Известия», «Правда» թերթերը, «Наука и жизнь» եւ այլ թերթերն ու ամսագրերը: Իսկ հիմա պատկերացրեք, որ նման աշխատանք (վերլուծում, ամփոփում, կանխատեսումներ) կատարվում է ամբողջ աշխարհի մամուլի մասշտաբով: Դա հսկայական աշխատանք է եւ դա միայն աշխատանքի մի մասն է:

Շարունակենք մեջբերել Ալեն Դալեսին :

«Եվ այսպես, բաց աղբյուրների տեղեկատվությունը ցորենի հատիկն է «հետախուզական ջրաղացի» համար: Ժողովրդավարական երկրներում, որտեղ մամուլն ազատ քննարկում է կոնկրետ պետության բոլոր ոլորտները, հատկապես հարմար է հետախուզությունների համար: Իհարկե այդ տեղեկատվությունը պետք է զտվի, վերլուծվի եւ գնահատվի: Հակառակ դեպքում, կարելի է հաճախ «կուլ տալ» կեղծ լրատվություն կամ ապատեղեկատվություն:

Արժեքավոր տեղեկատվություն կարելի է ձեռք բերել նաեւ դիվանագիտական ուղիներով: Նախ` հետախույզները կարող են ակտիվորեն գործել դիվանագետների «ծածկի տակ», միեւնույն ժամանակ հետախուզությունը պետք է ծանոթանա թիրախ երկրների դիվանագիտական բանակցությունների նյութերի հետ` որպեսզի կարողանա ճիշտ գնահատել այլ աղբյուրներից ստացված նյութերը:

Օրինակ, եթե երկուշաբթի օրը X պետության արտաքին գործերի նախարարը չի ընդունում «ամերիկյան մի կարեւոր առաջարկ», դա նշանակում է, որ նա երեքշաբթի օրը կհանդիպի Խորհրդային պետության դեսպանի հետ, կպարզի նրա կարծիքը, հետո միայն կքննարկի ամերիկյան առաջարկը (նման մոտեցումները այսօր էլ շատ էական են:- Ծ.Հ.): Այս դեպքում արդեն ամերիկյան հետախուզության խնդիրն է պարզել, թե ինչ տեսակետ ունեն սովետները իրենց հետաքրքրող հարցում»:

«... Անհրաժեշտ է հետախուզության աշխատանքը պլանավորել եւ ճիշտ ղեկավարել: Հակառակ դեպքում` աշխարհի տարբեր ծայրերում աշխատող հետախույզները կարող են շատ ժամանակ վատնել նույն աշխատանքը անիմաստ կրկնօրինակելով, որն, իր հերթին, կբերի շատ բացթողումների: Գտնվելով արտասահմանի պայմաններում, հետախույզը չի կարող լիիրավ գնահատական տալ իր իսկ ձեռքբերած տեղեկատվությանը: Գնահատականով եւ վերլուծությամբ պետք է զբաղվի «Կենտրոնը»:

Այնուհետեւ, ըստ «Կենտրոնի» հրահանգի, հետախույզը պետք է շարունակի այդ հարցում խորանալ կամ դադարեցնել այդ մշակումը: Այստեղ ճիշտ գնահատականներն ու վերլուծությունը պետք է պարզի` որն է առաջնային եւ որըՙ երկրորդական»:

Լրացնենք պարոն Դալեսին. օրինակ ինչն է կարեւորՙ պարզել հակառակորդի ռազմա-արդյունաբերական համալիրի հաջողությունները, նրա հնարավոր միջամտությունը այս կամ այն «թեժ կետի» ներքին խնդիրներին, պատերազմական գործողություններին, պարզել նրա տեսակետը առաջիկայում ՄԱԿ-ում քննարկվող հարցերի շուրջը: Միգուցե բոլորն էլ առաջնահերթ են, կախված պետության մասշտաբից եւ նրա ռազմավարությունից: Ամեն դեպքում, հետախուզության ֆինանսական ռեսուրսներն անսահմանափակ չեն եւ չի կարելի ֆինանսները փոշիացնել երկրորդական խնդիրների համար:

Եվ նորից մեջբերենք Ալեն Դալեսին. «Իհարկե արտերկրների կայաններում գործող հետախույզներից շատ բան է կախված եւ միշտ չէ, որ «Կենտրոնը» պիտի առաջարկի կոնկրետ առաջադրանքի կատարման եղանակները: Հետախույզը պետք է ինքը ապահովի խնդրի լուծման ստեղծագործական մոտեցումը:

Սակայն երբեմն հետախույզը կարող է ոգեւորվել իր հավաքագրած գործակալի ակտիվությունից, նրա փոխանցած տեղեկություններից, իսկ «Կենտրոնը» գտնի ոչ նպատակահարմար շարունակել աշխատել նրա հետ: Իհարկե ոչ մի «Կենտրոն» եւ ոչ մի «դրսում» գործող հետախույզ չեն կարող հաշվարկել ամեն ինչ, գնահատել հնարավոր բոլոր հաջողությունները, ինչպես նաեւ վտանգներն ու ձախողումները: Սակայն «Կենտրոնի» հոգատար վերաբերմունքը կարող է հետախույզին հնարավորինս հեռու պահել ձախողումներից»:

Չնեղացնելով ամերիկյան հետախուզությանը, ուզում եմ նշել, որ նրանք շատ բան ունեին սովորելու խորհրդային հետախուզությունից: Մինչ ԿՀՎ-ի ստեղծումը (1946 թ.), խորհրդային հետախուզությունում արդեն աշխատում էին բազմաթիվ փորձառու հետախույզներ, որոնք անցել էին հետախուզության «թոհուբոհով»: Բացի այդ, նրանցից ոմանց հաջողվել էր նաեւ «դուրս պրծնել» եւ կենդանի մնալ Եժովի եւ Բերիայի «մեծ զտումներից» հետո:

Խորհրդային հետախուզությունը առաջիններից էր, որ սկսեց օգտագործել ոչ լեգալ (ոչ օրինական) հետախուզական ցանցերը թիրախ երկրներում: Այլ բան է ունենալ հետախուզական ռեզիդենտուրա (կայան) դեսպանատան «ծածկի տակ», այլ բան` ունենալ գործակալական ցանց, որին ուղղորդում է ոչ լեգալ ռեզիդենտը (կայանի ղեկավարը), օրինակՙ ինչ-որ գործարարի կամ մշակութային կենտրոնի «ծածկի տակ»:

Ալեն Դալեսը առաջինն էր, որ մշակեց ամերիկյան հետախույզի վարքականոնը (վարքի օրենսգիրքը): Ահա այդ սկզբունքներից մի քանիսը.

1. Առաջնորդվել միայն վեհ բարոյական սկզբունքներով եւ պետության շահերը վեր դասել որեւէ անձի, կուսակցության եւ կառավարական մարմինների հետաքրքրություններից:

2. Պահպանել ԱՄՆ օրենսդիր մարմինների պահանջները (օրենքները) եւ չմասնակցել պետության սահմանադրական կարգի խախտումներին:

3. Ծառայության ամբողջ ժամանակահատվածում տրվել միայն աշխատանքին:

4. Չօգտվել եւ ուրիշներին չտրամադրել աշխատանքով չվաստակած արտոնություններ: Աշխատակիցը եւ նրա ընտանիքի անդամները չպետք է օգտվեն բարիքներից ու արտոնություններից, որոնք ստեղծվել են ծառայողական նպատակներով:

5. Չստեղծել ուղղակի կամ անուղղակի կապեր (առեւտրական, գործարար կամ այլ տեսակի կապեր` ելնելով մասնավոր շահերից) այլ անձանց կամ կազմակերպությունների հետ, որոնք կարող են վնասել հետախույզի իմիջը:

6. Ձեռք բերած գաղտնի տեղեկությունները չօգտագործել մասնավոր հետաքրքրություններից ելնելով:

7. Հեռու մնալ կոռուպցիայի բոլոր տեսակներից, հիշելով, որ պետական ծառայողը ստացել է ժողովրդի վստահությունը:

Հետագա վերլուծությունները եւ տեսակետների ձեւակերպումները թողնում եմ ընթերցողիս հայեցողությանը:

(Շար. նախորդ համարից եւ վերջ)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ