RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 20:01:52Փորձարկվեց Իլոն Մասկի Starship-ը
2020-08-05 18:22:58Հացահատիկի պաշարները Լիբանանում կբավականացնեն մեկ ամսից քիչ
2020-08-05 17:09:56Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանը պայթյունից հետո (տեսանյութ)
2020-08-05 15:04:13Լիբանանի նախկին վարչապետի օգնության կոչ Բեյրութում տուժածների համար
2020-08-05 14:42:23Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020



Տեղադրվել է` 2020-05-21 21:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2577, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀՐԴԵՀՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՍԵՐՎԵՐՆԵՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Գիտական հանրությունը երկու ժամվա ընթացքում իրար անցավ, վրդովվեց, ահաբեկվեց, երբ լուր տարածվեց, թե Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ ժառանգությունը հրդեհի պատճառով ոչնչացել է: Գրադարանի նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանը նոր տնօրենին մեղադրեց անփութության մեջ. մարդկանց տարիների աշխատանքը, հնատիպ գրքերի, մամուլի, հազվագյուտ հրատարակությունների թվայնացված միլիոնավոր էջեր, որոնք պահվում էին շտեմարան-սերվեներում, մեկ վայրկյանում ոչնչացվել են:

«Սերվերային սենյակը ես ժառանգել եմ նախկին տնօրենությունից, սերվերների արդիականացման հարցը քննարկում էինք: Անփութության պատճառների մասին կանխակալ ենթադրություններ հայտարարելը դեռ վաղ է: Ի՞նչ անփութության մասին է խոսքը, ես չեմ հասկանում»,- նախկին տնօրենին հակադարձում է ներկայիս տնօրենը:

Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը պատմեց այն, ինչ իրեն հայտնի էր մինչ այդ պահը: Արտակարգ դրության ժամանակ սերվեները հեռավար են կառավարվել: Ինտերնետ-կապի խափանումն ու շտեմարանների անհասանելիությունը հուշել են, որ սերվերների հետ ինչ-որ բան այն չէ: Գրադարանի աշխատակիցն ու պարետը մտել են սերվերների սենյակ եւ տեսել, որ մյուս սարքերն այրված են, իսկ սերվերներըՙ ծխեցված: Բնականաբար, ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Տնօրենի կարծիքովՙ դեռ վաղ է եզրակացնել կամ ենթադրել, որ հրդեհը ոչնչացրած կլինի սերվերների ամբողջ պարունակությունը: Այն, որ իսկապես վտանգի տակ է դրված արժեքավոր հարստություն, եւ մարդկանց տարիների աշխատանքը կարող է ջուրը լցվելՙ գումարած ֆինանսական միջոցները, անհերքելի է: Թվայնացվել են ոչ միայն Ազգային գրադարանի, այլեւ Հայաստանի ու աշխարհի տարբեր գրադարանների տպագիր բացառիկ նմուշներ, որոնք արդեն վերադարձվել են հասցեատերերին, այսինքնՙ այդ գրականությունն Ազգային գրադարանում չի պահվում: Թվայնացվել է մինչեւ 20-րդ դարի սկիզբը տպագրված ժառանգությունը: Սակայն գրադարանի տնօրենը հավաստիացնում է, որ թվայնացված ժառանգությունն առանձին կրիչների վրա եւս պահվում է, եւ կարող են հետագայում վերականգնել:

Նա նշեց, որ սերվերների պարունակությունն ամպային համակարգ տեղափոխելու անհրաժեշտությունը վաղուց կար, ինքը բարձրաձայնել է դրա մասին: Ի վերջո, սերվերներն ապահովագրված չեն նման դեպքերից, իսկ ամպային համակարգը շատ ավելի ապահով է: Համենայն դեպս, Ազգային գրադարանի թվայնացված գրականությունը պահվելիս է եղել սերվերներում, ոչ թե ամպային տիրույթում, եւ փաստ է, որ այդ ժառանգությունը հենց այս պահին վտանգված է ու հայտնի չէՙ մասնագետներն ինչ կպարզենՙ այն ամբողջությա՞մբ, թե՞ մասամբ է ոչնչացվել, իսկ միգուցե, բարեբախտաբար, սերվերներն արտաքինից են միայն ծխահարված: Փորձագիտական խումբն ուսումնասիրության արդյուքնները դեռ չի հայտնել:

Ի՞նչ է տեղի ունեցել, ինչպե՞ս է ծագել հրդեհը եւ ի՞նչ պատճառով: Հոսանքի տատանումները կարգավորող սարքեր գրադարանն ունի, ուրեմն բացառե՞նք, որ հրդեհն առաջացել է հոսանքի տատանումներից: Տնօրենի կարծիքովՙ դժվար թե հոսանքի տատանումները հրդեհի պատճառ եղած լինեն: Նա ոչինչ չի բացառում, չի բացառում նաեւ մարդկային գործոնը: Փորձագիտական խմբի ուսումնասիրության արդյունքներից է կախվածՙ հրդեհի դեպքի քննությունն ինչ ընթացք կունենա: Հրաչյա Սարիբեկյանը մի քանի անգամ շեշտեց, որ ոչինչ չի բացառում, պետք է պարզելՙ տեխնածի՞ն է հրդեհը, թե՞ մարդածին: Սերվերների սենյակում տեսախցիկներ չկան, բայց գրադարանի մուտքի մոտ դրանք տեղադրված են: Այդ օրերի տեսաձայնագրությունները տնօրենի մոտ են, ամեն ինչ նկարահանվել է, բացի այն երկու ժամից, երբ գրադարանում հոսանքն անջատվել է: Եթե հարկ լինի, տնօրենը տեսաձայնագրությունները կտրամադրի գործի քննությանը:

«Այսօր մենք խոսում ենք թվայնացված գրականության անհասանելիության մասին, իսկ կորուստների մասին խոսելը դեռ վաղ է: Քանի որ թվայնացված ամբողջ գրականությունն արխիվացված է նաեւ կրիչների վրա, ուրեմն վերականգնել հնարավոր է: Հետաքննությունը կպարզի, թե ինչ է կատարվել սերվերների սենյակում»,-խոսքն ավարտեց գրադարանի տնօրենը:

Խմբ. կողմից.- Ազգային գրադարանը թվայնացրել էր նաեւ «Ազգ»ի առաջին 7 տարիների (1991-98) հավաքածոն, որի օրինակը դեռեւս մեզ չէր տրամադրվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ