RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ХАЙРЕНИК

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020



Տեղադրվել է` 2020-05-21 21:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1229, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԱՏՄ-Ն ԵՎ ԳԱԶԻ ՇՈՒԿԱՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Համաշխարհային տնտեսական միությունները որպես կանոն ստեղծվում են մի քանի հիմնական խնդիրների լուծման համար, որը տվյալ պետությունների համար ունի ռազմավարական նշանակություն եւ որը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, լուծել միայնակ չի հաջողվում: Նմանատիպ խնդիրները որպես կանոն տնտեսական են լինում եւ, հետագայում, բացառված չէ, որ այդ տնտեսական միավորները վերածվեն նաեւ քաղաքականի:

Քաղաքական այդ ճանապարհի դասական օրինակն է Եվրոմիությունը, որը սկզբում ձեւավորվեց որպես տնտեսական միություն, իսկ հետագայում դարձավ քաղաքական եւ այսօր աշխարհին այն ներկայանում է որպես հենց քաղաքական կառույց, իսկ վերջին տարիներին էլ փորձում է զարգացնել նաեւ ռազմական բաղադրիչը եւ այսպիսով բացառված չէ, որ մի օր էլ հանդես կգա որպես ռազմաքաղաքական միավորում:

Սակայն, այս կառույցի զարգացման հիմքը եղել է էներգետիկան, եւ հենց այս հարցի լուծման շուրջն էր, որ ժամանակինՙ 1951թ.ին, կնքվեց հայտնի Պղնձի եւ ածխի պայմանագիրը: Ավելի ուշ, արդեն 1959թ.ին, կնքվեց նմանատիպ երկրորդ պայմանագիրը ատոմային էներգիայի կառավարման եւ միասնական զարգացման մասինՙ Եվրոատոմ կոչվող կառույց, որը հետագայում դարձավ կարեւոր միություն ապագա ԵՄ-ի համար:

Ինչեւէ, հետագայում արդեն Հռոմի հայտնի գագաթաժողովում այս երկու էներգետիկ պայամանագրերըՙ Պղնձի ու ածուխի եւ ապա Եվրոատոմի միավորվեցին, եւ փաստացի ստեղծվեց Եվրոմիությունը: Այսպիսով, էներգետիկ գործոնն էր այն շարժիչ ուժը, որը հետպատերազմյան Եվրոպային ստիպեց միավորվելու սկզբում էներգատնտեսական, իսկ հետագայում քաղաքական միության մեջ:

Նմանատիպ առաջաբանը այն բանի համար էր, որ հասկանան, թե ընդհանրապես ինչի համար են ստեղծվում միջազգային տնտեսական միությունները, եթե ոչ ընդհանուր տնտեսական շահի, իսկ ավելի կոնկրետՙ էներգետիկ շահերի համար: Գաղտնիք չէ, որ էներգետիկան պարզապես տնտեսական գործոն չէ, այն ավելի շատ ու ավելի շուտ քաղաքական է, որը միավորում է շատ երկրների, որոնք ցանկանում են ձեւավորել միասնական էներգետիկ շուկա այդ հումքի ձեռքբերումը էժանացնելու ու տնտեսության զարգացմանը նպաստելու համար:

Կարելի է ասել, որ նույն ճանապարհով ժամանակին գնացին նաեւ Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) հիմնադիր հայրերը, այդ կառույցին գրավչություն տալու համար կիրառեցին նույն այդ գործիքըՙ էներգետիկան: ԵԱՏՄ ստեղծման ռազմավարական պայմանագրում հենց այս գործոնն էլ առաջնային էրՙ ստեղծել միասնական էներգետիկ շուկա, որը հնարավորություն կտա անդամ պետություններին ձեռք բերել համեմատաբար էժան էներգահումք:

Խոսքը ոչ միայն նավթի ու գազի, այլեւ էլեկտրաէներգիայի եւ ընդհանուր էներգետիկ շուկայի մասին է, որը պետք է միասնաբար զարգացնեին հասնելու համար ընդհանուր էներգետիկ կայունության եւ էներգոհամակարգերի սինխորնիզացմանը: Այս ծրագրի հիմնական դրույթները ներառված էին ԵԱՏՄ ստեղծման պայամանգրում, որտեղ նշված էին նաեւ ժամկետները, մասնավորապեսՙ նախ եւ առաջ կողմերը պետք է սկսեին էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորումը, ապա անցնեին գազի եւ նավթի շուկաներին:

Այս ուղղությամբ որոշակի քայլեր սկսվեցին իրականացվել ԵԱՏՄ-ի ստեղծման ու դրան Հայաստանի միավորման առաջին իսկ օրից, մասնավորապեսՙ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման ուղղությամբ, ինչը ռազմավարական նշանակություն ուներ անդամ բոլոր երկրների համար, քանի որ շատերը ունեին էլեկտրականության ավելցուկ, իսկ մյուսներն էլ, կապված սեզոնից, այդ նույն ապրանքի դիֆիցիտ: Սակայն, այս գործընթացը դանդաղեց, ՀՀ-ում տեղի ունեցած հայտնի «հեղափոխությունից» հետո, եթե մինչ այդ ակտիվ բանակցություններ էին ընթանում անդամ պետությունների էներգետիկայի նախարարությունների մակարդակով, ապա հետագայում այն կանգ առավ:

ՀՀ-ում ընդհանրապես վերացվեց էներգետիկայի նախարարությունը, որին հետեւեցին տարօրինակություններ, որոնք էլ 2019թ. հունվարից հանգեցրին գազի գնի թանկացմանը: Դրա պատճառների մասին «ԱԶԳ»-ի նախորդ համարներում արդեն առիթ եղել է անդրադառնալու, հետեւաբար կանգ կառնենք միայն այն խնդիրների վրա, որոնք ձեւավորվել են վերջին օրերին:

Եվ այսպես. ՀՀ-ն կարիք ունի էժան գազի եւ այս հարցում իր համար դաշնակից է գտել հանձին Բելառուսիայի, որի հետ փորձում է «միասնաբար» ճնշում գործադրել Ռուսաստանի վրաՙ միասնական նպատակին հասնելու համար: Նախ սկսենք նրանից, որ ՀՀ-ն եւ Բելառուսիան այս հարցում դաշնակիցներ լինել չեն կարող, քանի որ տարբեր քաղաքական շահեր ու կախվածություններ ունեն:

Այսպես, Բելառուսիայում արտադրվող էլեկտրաէներգիայի 90 տոկոսը գեներացվում է ջերմակայաններում, իսկ ՀՀ-ում դա մաքսիմում 40 տոկոս է կազմում, այսինքնՙ Մինսկի կախվածությունը ռուսական գազից շատ ավելի է, քան մերը: Բացի այդ, Բելառուսիան գազի տարանցման պետություն է, իսկ Հայաստանը ոչ, հետեւաբար առաջինը դրա հաշվին կարող է նվազեցնել գազի գինը, իսկ մենքՙ ոչ:

Բելառուսիան ցանկանում է փոխել ոչ միայն գազի, այլեւ տարացման գինը, ինչը նրա համար ռազմավարական նշանակություն ունի, բայց ոչ մեր համար, իսկ այդ հարցում աջակցելով Մինսկինՙ մենք անիմաստ տեղը հակասության մեջ ենք մտնում Մոսկվայի հետ: ՀՀ եւ ԲՀ պնդումը, թե ո՞րը պետք է լինի գազի միասնական գինը, բխում է նաեւ ԵԱՏՄ պայմանագրից, սակայն այդ պայմանագրում նշվում է, որ պետք է ստեղծվի միասնական շուկա, որը եւ կթելադրի գազի գինը:

Այսինքն, ՀՀ-ի եւ ԲՀ-ի սպասումը, որ կողմերը պետք է միասին որոշեն գազի գինը բանակցությունների միջոցով, ոչ միայն չի համապատասխանում ԵԱՏՄ պայմանագրին, այլեւ տնտեսական ընդհանուր շուկա ստեղծելու տրամաբանությանը: Այսինքն, ռուսական կողմը պնդում է, որ նախ պետք է ստեղծվի գազի միասնական շուկա եւ ըստ շուկայական հարաբերությունների տրամաբանությանՙ պահանջարկ-առաջարկի հարաբերությամբ կորոշվի նաեւ միասնական գազի գինը: Սա նաեւ նշանակում է, որ երկկողմ հարաբերությունների արդյունքում գազի գնի հստակեցման մեթոդաբանությունը այլեւս չի կիրառվի եւ կգործի շուկայական հարաբերությունների տրամաբանությունը, եւ այդ հումքի գինը կարող է նվազել կամ աճել, ըստ պահանջարկի եւ առաջարկի հարաբերությունների փոփոխության:

Ինչեւէ, գազի գնի շուրջ ՀՀ եւ ՌԴ հակասությունները պայմանավորված են այդ խնդրում առկա զարգացումների տրամաբանությունն ու ԵԱՏՄ-ի ստեղծման նպատակները չհասկանալուց: Բացի այդ, ՀՀ-ի ներկա իշխանություններին հարկավոր են շուտափույթ արդյունքներՙ պայմանավորված տնտեսական դժվարությունների եւ էներգետիկ հարցում թույլ տրված սխալների հետ: Սա նաեւ փաստ է գործող իշխանությունների անկարողությունը հասկանալու, վերլուծելու ու գնահատելու այն քայլերը, որոնք ՀՀ-ին տանում են դեպի նոր էներգետիկ ճգնաժամի: Ու այս հարցում Երեւանն ընտրել է ԵԱՏՄ անդամ թերեւս վատագույն դաշնակցին, որը հասնելով ինչ-որ արդյունքների, հատկապես գազի տարանցման հարցում, իսկույն կանցնի ՌԴ-ի կողմըՙ թողնելով ՀՀ-ին միայնակՙ իր չլուծված էներգետիկ խնդիրներով եւ ՌԴ-ի հետ վատ հարաբերություններով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ