RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Մետաքսի ճանապարհն էլ փակվեց

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020



ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2020-05-14 22:43:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1063, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ. ԸՆԴԱՌԱՋԵՆՔ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ինձ կտտանքների են ենթարկել, սեւ շուկայում վաճառել, հիմա ազատ եմ, աշխարհի ցանկացած անկյուն կարող եմ գնալ, Շուշայից բացի», անընդհատ կրկնվող իմ երազում այս բառերն է արտաբերում Նաթավան իշխանուհին: Երազ, որն այս շաբաթ առանձնահատուկ «իրական դարձավ». 30 տարի է արդեն, որ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչներն իրենց հայրենի եզերքից տեղահանվել են», ավստրիական APA OTS լրատվական գործակալության հարթակում մայիսի 10-ին գրում է Այբանիզ Իսմայիլովան: Սոցիալական ցանցերում վերջինս ներկայանում է որպես «ԼՂ ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության անդամ, ապրում է Բաքվում, դասավանդում է տեղի համալսարաններից մեկում: Սոցցանցերի տեղեկատվության համաձայն, Իսմայիլովան APA OTS -ին տրամադրած հիշյալ հոդվածը այլ հարթակներում էլ է ներկայացրել, մասնավորապես Սան Դիեգոյում առցանց հրատարակվող «San Diego Jewish World»-ում, ինչի մասին նշված է նաեւ ավստրիական լրատվամիջոցի սույն հրապարակման վերջնամասում:

Մեր ընթերցողներին տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի դեսպանությունը բնավ անտարբեր չէ ավստրիական այս հարթակում իր երկրի մտավոր կարողությունները ձեւակերպելու հարցում, եւ հատկապես աշխույժ է այն պատճառով, որ APA գործակալության հիշատակված մասըՙ OTS-ը վճարի դիմաց հրապարակում է տրամադրված նյութըՙ առանց դրա իսկությունը ճշտելու պարտավորության: Իսկ որ հոդվածի մատակարարը հենց Վիեննայում Ադրբեջանի դեսպանությունն է, մեր ենթադրությունը չէ, նույն էջում հուշում կաՙ հրապարակման հարցերի եւ կապ հաստատելու համար տրված է հիշատակված դիվանագիտական հաստատության հեռախոսն ու հասցեն: Հիշյալ հոդվածում հեղինակը նկարագրում է «1992-ի մայիսի 8-ին Շուշիի անկումը», իրազեկում, թե «հայկական զինուժը վայրագ ձեւով սպանել է 200 հոգու, պատանդառել հարյուրից ավելի խաղաղ բնակչի, 22 000 ադրբեջանցու վտարել հայրենի քաղաքից: Տանկային հրամանատար Ալբերտ Աղարունովըՙ Ադրբեջանի բարձրագույն ռազմական կոչմանն արժանացած ազգությամբ հրեա ազգային հերոսը, սպանվել է այն պահին, երբ փորձել է փրկել Շուշին պաշտպանող իր համածառայակիցներին, գրում է Իսմայիլովան եւ ամփոփումՙ «Ադրբեջանցիները Աղարունովի պատմության մեջ տեսնում են այն ազդեցիկ հիշեցումը, թե ադրբեջանցի հրեաները լավ ինտեգրված են, նույն իրավունքներն ու պարտականություններն ունեն, ինչպես իրենց մահմեդական համերկրացիների մեծամասնությունը, հավելյալՙ Բաքվի երկարամյա սրտագին կապը Երուսաղեմի հետ»:

Թե պաշտոնական Բաքուն հատկապես Երուսաղեմը շեշտելով, ակնկալիքների ինչ շղթա է կամենում հուշել, մշուշոտ ուրվագծվում է Այբանիզ Իսմայիլովայի սույն հրապարակման հաջորդ պարբերությունն ընթերցելիս: Ինչպես հոդվածագիրն է նշում, Կալիֆորնիայում հրեաների կյանքը լուսաբանող առցանց «San Diego Jewish World»-ի հեղինակներից Ռաուլ Լաուըրի Քոնթրերասը (Raoul Lowery Contreras), որ «Սպանություն լեռներում. Ռազմական ոճրագործություն Խոջալիում եւ ԼՂ հակամարտություն» ստեղծագործության հեղինակն է, իր ընթերցողների ուշադրությանն էր հանձնել այն «պատմական» հանգամանքը, որ Աղարունովին ազգային հերոսի կարգավիճակ են տվել մի երկրում, որը մահմեդական մեծամասնություն ունի. «բոլորս պիտի իմանանք սաՙ հաշվի առնելով այն, որ Իսրայելում կես դարից ավելի վեճ կա հրեաների եւ մահմեդականների միջեւ», Քոնթրերասի դիտակետն է վերաշարադրում Իսմայիլովան:

Այնուհետեւ հոդվածագիրը նորից վերադառնում է Շուշիին: (Մենք Իսմայիլովայի հեղինակային խոսքը ձեւափոխում ենք միայն Շուշի տեղանվան դեպքումՙ հոդվածի սկզբում մեկ անգամ պահպանելով նրա «Շուշա» ադրբեջանական ձեւը-Ան. Հ.): Ներկայացնում է Շուշինՙ որպես մի բնակավայր, որ «18-րդ դարի կեսերին իշխանուհի Նաթավանի նախապապըՙ Փանահ Ալի խանն է հիմնադրել Ղարաբաղի ամենաբարձր կետում: Այն զարգացել էՙ դառնալով ողջ շրջանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային ազդեցիկ կենտրոն: Շուշին ադրբեջանցի բանաստեղծների, գրողների, երաժիշտների, դերասանների եւ մտավորականների հայրենիքն է եղել: Հաճախ «Կովկասի կոնսերվատորիա» անունն է կրել, քանզի վոկալ արվեստի առանձնահատուկ դպրոց է ունեցել: Մահմեդական արեւելքի առաջին օպերայի հեղինակ Ուզեիր Հաջիբեյլին, ժողովրդական երգիչ Խան Շուշինսկին, Լա Սկալայում կրթություն ստացած երգիչ Բուլ Բուլը եւ այլ հանրահայտ ձայներ Շուշիին Կովկասում նույն նշանակությունն էին հաղորդում, ինչ Իտալիանՙ Եվրոպային», գնահատում է Իսմայիլովան ավստրիական լրատվակայքում զետեղված իր հոդվածում: Հետագա շարադրանքից էլ երեւում է, թե Բաքվի համալսարանի շրջանավարտը ինչ հասցրել է պեղել դեսից- դենից, առանց դասակարգելու, «լցրել է» հոդվածի մեջ: Երեւի պատճառն այն է, որ հանձնարարությունը բարդ է եղել նաեւ Իսմայիլովայի համար: Ադրբեջանցի հեղինակը գրում էՙ «Հազարամյակների քաղաքակրթության արտացոլանքը, որ կար Շուշիի ամրոցում, չի պահպանվել: Հայկական զինուժը ոչնչացրել է Գանջայի դարպասը, Փանահալի խանի ամրոցն ու գրադարանը, 19-րդ դարի Գովհարագա մզկիթը, Քարվանսարայը, Շուշիի թանգարանըՙ 5000 ցուցանմուշով»:

Առաջին անգամ չէ, որ հատկապես օտար մամուլում մեր դրացիները ջանում են ներկայանալ որպես մշակութային արժեքների պահպանության ջատագով: Երբ փորձեցինք ցանցային տիրույթում ստուգել այս փաստերի արժանահավատությունը, բախվեցինք մի տխուր իրողության. Հայկական տեղեկատվական հարթակը հայերեն եւ այլ լեզուներով չի ամբողջացնում Արցախի բնակավայրերի, նրանցում առկա պատմական հուշարձանների անցյալի ու ներկայի մասին լուսանկարներով, քարտեզներով, տեքստով համակողմանի տեղեկատվություն:

«Միջազգային հանրությունը Ղարաբաղի գրավյալ տարածքն ընդունում է որպես Ադրբեջանի մաս: 30 տարի ի վեր ադրբեջանցիներն ի վիճակի չեն եղել մարդուՙ իրենց հիմնարար իրավունքներին տեր լինելով, հայրենական տուն վերադառնալ: Փոխարենը տեղահանվել են, սփռվել Ադրբեջանի ողջ տարածքով մեկ: Նրանք սակայն հույս ունեն, թե իրենց հայ հարեւանների հետ նախկինի նման կարող են համատեղ գոյատեւել», իր անդամակցած կառույցիՙ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ծրագրային ուղերձն է հղում Իսմայիլովան: Այնուհետ հոդվածի հեղինակը նորից է հիշատակում Նաթավան իշխանուհուն: «Նաթավանը, որ արվեստի աշխարհի մարդկանց հայտնի է իր Խուրշիդ Բանու անվամբ, հայտնի բանաստեղծ, արվեստագետ եւ մանկավարժ է եղել Շուշիիում: Նրա տաղանդը, վերլուծական միտքը, նրա բացառիկ ճաշակը եւ իր ազգի հանդեպ հոգատարությունը զարմացրել էր ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումային, որ 1858 թվականին ճանապարհորդել էր Կովկասով», նշում է Իսմայիլովանՙ առանց մեկնաբանելու, թե Դյումայի զարմանքն ինչպե՞ս է արտահայտվել, ի՞նչ կապ ունի ներկայիս Ադրբեջանի հետ, որն իբրեւ պետական անկախ միավոր պարզապես գոյություն չի ունեցել: Փոխարենը հեղինակը չի մոռանում փոխանցել, թե «Նաթավանի թանգարանը, աղբյուրները, նրա հիշատակին առնչվող հուշավայրերը 1992-ին ոչնչացրել է հայկական զինուժը: Անցյալ դեկտեմբերին բացահայտեցի նրա բրոնզյա արձանը բելգիական Վաթեռլո քաղաքի գրադարանի կողքին, գրում է ադրբեջանուհի հեղինակը եւ շարունակումՙ Անասելի հպարտ էի, որ հայրենի քաղաքից հազարավոր կիլոմետրեր հեռու, մարդկությունը գրկաբաց է ընդունել ապագային միտված մտավորական այս կնոջը», գրում է Իսմայիլովան, ապա ավելացնում. «Բայց տխուր է, քանզի պարզ է դառնում, որ նա «բրոնզ հագած» ամեն տեղ կարող է հասնել, բացի հայրենական տնից: «Խանի դուստրը» արձանը, ինչպես նաեւ Ղարաբաղի հայտնի ադրբեջանցիների հուշակոթողները Շուշիի գրավելուց հետո հայերն ապամոնտաժել, Վրաստան են տեղափոխելՙ սեւ շուկայում որպես մետաղի ջարդոն վաճառելու համար: Բարեբախտաբար Ադրբեջանի մշակույթի նախարարությունը փրկել է բրոնզյա արձանները, վերադարձրել Բաքու: Դրանք այժմ Ղարաբաղի «այրված մշակույթի» համր վկաներ են, որ զետեղված են ազգային թանգարանի բակում: Մարտի այն օրը, երբ Հայաստանի վարչապետը Բրյուսել այցելեց, Վաթերլոյում Նաթավանի հուշարձանը վանդալիզմի զոհ դարձավ: Նրա անհանգիստ հոգին նորից կհայտնվի ադրբեջանցիների երազներում, մինչեւ այն պահը, երբ խաղաղություն կգտնի հայրենի տունՙ Շուշի վերադառնալով», եզրափակում է իր հոդվածը Իսմայիլովան:

Երբեմն մեր հրապարակումներն ընթերցող անձինք, մանավանդ ՀՀ պաշտոնյաներ հարց են տալիսՙ ի՞նչ է, Ադրբեջանի ցանկացած մտավարժանքին պիտի պատասխանե՞նք: Մեր կարծիքով, մշակութային այն ժառանգությունը, որ կուտակել ենք դարերի ընթացքում, որի համոզված կրողն ու ժառանգորդն ենք նաեւ այսօր, իրավունք չունենք «թաքցնել» ոչ օտարներից, ոչ էլ մեզանից: Ի վերջո ափսոս են առանձին գիտնականների ազնիվ ջանքերը, թարգմանել է պետք նրանց փաստական, բյուրեղացված մտքի արդյունք հոդվածները գերմաներեն ու տրամադրել ավստրիական գործակալության այս հարթակին: Իսկ Վիեննայում Հայաստանի դեսպանությունն արդեն փորձ ունի. Փետրվարին հիշյալ հարթակում գերմանալեզու ընթերցողին ներկայացրել էր Խոջալուի ողբերգության պատմական պատճառներն ու հերքել ադրբեջանական վարկածը: Այժմ հերթը Լեռնային Ղարաբաղի, Դաշտային Ղարաբաղի, Արցախ աշխարհի պատմությունը,Նախիջեւանի հայազրկման, այնտեղ հայկական լուռ վկաներիՙ խաչքարերի ոչնչացնողների մասին փաստագրությանն է: Վերջինի պարագայում սխալ չի լինի կիրառել նաեւ հարեւան Իրանի վկայությունը:

Նկար 1. Լուսանկարում պատկերվածը Նաթավանի բրոնզե քանդակն է Վաթեռլոյում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ