RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Մետաքսի ճանապարհն էլ փակվեց

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2020-05-14 22:43:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 490, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՍԵՐՏԱՆՈՒՄ ԵՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը առավելապես հիմնված է եւ անընդհատ ձեւավորվում է աշխարհում իր գրաված ռազմավարական դիրքի վրա, որն օգնել է այդ երկրին հակադիր գերտերություններին ու նաեւ տարածաշրջանային պետություններին լարել իրար դեմ: Այդ քաղաքականությունը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հնարածը չէ: Այն կիրառել են իրենից առաջ Օսմանյան սուլթաններն ու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Էրդողանը պարզապես նրբագույն երանգներ է մտցրել դրանում եւ, ի պատիվ նրան, պետք է նշել, որ նա բավական հմտորեն, թեեւ երբեմն ծայրագույն ռիսկի դիմելով է ցարդ կարողացել այն գործարկել:

Ժամանակին, մասնավորապես 1878-ին, երբ Օսմանյան հայերի ծանր կացությունը դարձավ միջազգային բանակցությունների թեմա, Հայաստանի եւ հայերի ճակատագիրը այդ հավասարակշռող քաղաքականության գրավականներից մեկն էր: Ռուս-թուրքական պատերազմի ավարտին, ցարական զորքերը արդեն հասել էին Ստամբուլի արվարձաններին, երբ պայմանագիր կնքվեց Սան Ստեֆանոյում: Այդ պայմանագրի 16-րդ հոդվածը պահանջում էր Սուլթանից, որ հաշվետու պետք է լիներ Մոսկվային, բարենորոգումներ կատարել հայկական նահանգներում: Նույն տարում նրան հետեւած Բեռլինի դաշնագիրը, սակայն, բառացիորեն գլխիվայր շրջեց ամեն ինչ: Նոր դաշնագրի 61-րդ հոդվածով Սուլթանն ստացավ գործելու ավելի լավ պայմաններ, իսկ Թուրքիային մատուցած այդ ծառայության համար Անգլիան տիրացավ Կիպրոս կղզուն:

Այսօր էլ Հայաստանի ճակատագրի մեծ մասը կախված է Թուրքիայի քաղաքականության ընտրած այս կամ այն ուղղությունից: Երբ ամերիկա-թուրքական հարաբերությունները լարված են, Հայաստանը օգտվում է Մ. Նահանգներից: Իսկ երբ լարված են Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները, Հայաստանը օգտվում է Ռուսաստանից: Կոնգրեսում երկար ձգձգված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն իր ուղին վերջապես հարթեց, երբ Թուրքիան շատ առաջ գնաց իր գործողություններում: Իսկ պատճառը, թե ինչու Մ. Նահանգների կառավարության գործադիր մարմինը, այսինքնՙ նախագահ Թրամփը, չհետեւեց դրան, այն էր, որ երկիրը չցանկացավ հրաժարվել Թուրքիայի միջոցով իր նպատակներին հասնելու բոլոր լծակներից: Նախագահ Թրամփը պահպանեց իր անձնական ընկերական կապերը Էրդողանի հետ, հակառակ վերջինիս անշրջահայաց քայլերին, որպեսզի կարողանա հետագայում սերտացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ:

Աշխարհի գերտերությունները ներգրավվեցին Միջին Արեւելքի գործողություններինՙ տապալելով երկրների առաջնորդներին եւ ստեղծելով խառնաշփոթ, որպեսզի հետագայում արդարացնեն իրենց ասելով, որ այդ տարածաշրջանի ժողովուրդները բաղկացած են միջնադարյան կլաններից, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն կառավարելու իրենց երկրները:

Թուրքիան այն երկրներից էր, որ ամենաշատն օգտվեց ստեղծված այդ խառնաշփոթից, քաոսից: ՆԱՏՕ-ի անդամ Անկարան լավագույնս օգտագործեց այդ կառույցը առաջ տանելու եւ իրականացնելու համար իր սեփական նպատակները: Ընթացքում, սակայն, նա սրեց իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ:

Վերջիններս, որոշ ժամանակ հանդուրժում էին Անկարայի ոտնձգությունները Կիպրոսի, Իրաքի եւ Սիրիայի հանդեպ, որովհետեւ յուրաքանչյուր պարագայում Թուրքիան կարողանում էր համոզել իր դաշնակից պետություններին, որ գործում է հանուն այդ դաշնակցային կառույցի, կամ ահազանգելով, որ իր շահերն, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի, վտանգված են: Բայց Թուրքիան պետք եղածից ավելի հեռուն գնաց, երբ ներխուժեց Սիրիա, օգտագործելով այդ դաշնության կանոնադրության N4 հոդվածը, որ թույլ է տալիս որեւէ պետության գործողություններ ծավալել, եթե վտանգ է սպառնում իր տարածքային ամբողջականությանը: Դա անհամոզիչ փաստարկ էր, որովհետեւ ակնհայտ էր, որ կատարվածը լկտի ագրեսիա էր ուղղված հարեւան ինքնավար մի պետության դեմ: Դաշնակցային կառույցի կողմից Թուրքիան ստացավ սոսկ սփոփիչ խոսքեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Ստոլտենբերգը Ռուսաստանին եւ Սիրիային մեղադրեց թուրք զինվորներին սպանելու մեջ, բայց հստակ արձանագրեց, որ Թուրքիան զինվորական աջակցություն չի ստանա:

Նախքան այս իրավիճակին հասնելը, Թուրքիան համագործակցել էր Ռուսաստանի եւ Իրանի հետ, անտեսելով Մ. Նահանգների շահերը: Այդ ընթացքում, երբ Ամերիկան արդյունավետ կերպով պայքարում էր «Իսլամական Պետության» զորքերի դեմ եւ նեցուկ կանգնում Սիրիայի քուրդերին (YPG խմբավորմանը), Թուրքիան շրջվել էր դեպի հակառակորդ ճամբարը:

Ներկայիս, պատերազմը Սիրիայում համեմատաբար դադարեցված է: Իդլիբը շրջափակված է նախագահ Բաշար Էլ-Ասադի զորքերով, որոնց օժանդակում են Ռուսաստանն ու Իրանը, իսկ Թուրքիայի դրոշի տակ կռվող փոխանորդային (proxy) զորքերը միախառնված են հազարավոր փախստականների հետ: Ամերիկան իր զորքերը դուրս էր հանել Հյուսիսային Սիրիայից, թողնելով իր դաշնակից քուրդերին ճակատագրի քմահաճույքին եւ իրավունք վերապահելով Թրամփին հայտարարելու, որ «քրդերը պայքարում էին իրենց սեփական հողատարածքի համար»:

Ռուս-թուրքական հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ թուրք զինվորներ սպանվեցին եւ Աստանայի հրադադարի վերաբերյալ հանդիպումն էլ հաջողություն չարձանագրեց:

Վաշինգտոնն իրեն չէր անջատի թուրքական արկածախնդրություններից, եթե չլիներ Իսրայելի գործոնը: Էրդողանի սխալն այն է,ր որ շարունակեց իր հակա-իսրայելական հռետորաբանությունը: Այս հարցը չի լուսաբանվում լրատվամիջոցների կամ մեկնաբանների կողմից: Պարզապես փոխարենը «Մ. Նահանգների շահերը տարածաշրջանում» էվֆեմիզմն է շրջանառության մեջ դրվում:

Հակառակ որ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը մի շարք առումներով համընկնում են եւ նրանց մինչեւ ապրանքաշրջանառությունը միտված է հասնելու 100 միլիարդ դոլարի ցուցանիշին, քաղաքական դաշտում նրանք գործում են հակադիր նպատակներով: Չնայած Ռուսաստանի հետ վերոնշյալ նշանակալի ապրանքաշրջանառության, Թուրքիան Միացյալ Նահանգների անմիջական կարիքն ունի պաշտպանելու համար իր դրամական եւ բանկային երերացող համակարգերը:

Ռուսաստանի հետ հարաբերություններում անհամաձայնություն կա նաեւ Լիբիայի հարցում: Ռուսաստանը պաշտպանում է գնդապետ Հաֆթարին, որ երդվել է տապալել Թուրքիայի պաշտպանությունը վայելող երկրի նախագահին:

Անկարան հույս ուներ, որ Ռուսաստանը կդադարեցնի պաշտպանել Հաֆթարին, բայց նրա հույսերը չարդարացան, եւ երկու երկրների միջեւ սկսված մեղրամիսը երկար կյանք չունեցավ:

Մինչ Թուրքիան, ինչպես նշեցինք, անմիջական կարիքն ունի Մ. Նահանգների, պարզվում է, որ վերջինս էլ Անկարայի անմիջական կարիքն ունի: «Տարածաշրջանում այսպես կոչված Մ. Նահանգների շահերին» սպառնացող Իրանին պատժելու, նրա հնարավորությունները սահմանափակելու սեւեռուն գաղափարն է այժմ ընկած Ամերիկայի քաղաքականության հիմքում: Երեք տարբերակներ են հաշվի առնվում. (ա) ռազմական հարձակում գործել Իրանի վրա, (բ) հարձակման թիրախում ներգրավել նաեւ Սիրիայում, Լիբանանում եւ Եմենում մարտնչող Իրանին հավատարիմ ուժերին, եւ (գ) այդ առաքելությունը վստահել Թուրքիային:

Վերջինս կարող է այդ գաղափարով հրապուրվել: Բայց զգուշավորությունը թույլ չի տալու նրան, որ որոշակի սահմանից այն կողմ անցնի եւ իր գործողություններին ներգրավի եւս մի դաշնակցի: Բայց եթե այս տարբերակը նախապատվություն ստանա, ապա Մ. Նահանգները կարող է խայծը կուլ տալ: Վերջինս արդեն մեղմացրել է ռուսական S-400 հրթիռներ ձեռք բերելու առթիվ Թուրքիային հասցեագրված քննադատությունները: Եթե Անկարան խոստանա չօգտագործել այդ հրթիռները, ապա Վաշինգտոնը կարող է անտեսել փաստը, եւ Անկարային վերստին առաջարկել հինգերորդ սերնդի իր F-35 կործանիչները, որոնց ձեռքբերումից զրկվել էր Անկարան, երբ Ռուսաստանի հետ կնքել էր հրթիռների վերջնական պայմանագիրը:

Թուրքիան վերջերս երկու բեռնատար ինքնաթիռներով բժշկական սարքավորումներ առաքեց Մ. Նահանգներ: Նախապես որոշված էր, որ դրանք պետք է վաճառվեին Ամերիկային, բայց վերջին րոպեին Անկարան այդ բոլորը նվիրեց Մ. Նահանգներին որպես օգնություն կորոնավիրուսի դեմ նրա ծավալած պայքարին: Իսկ ամենանշանակալի երեւույթն այն էր, որ նախագահ Էրդողանն այդ թանկարժեք բեռի հետ նամակ էր հղել նախագահ Թրամփին, որի մեջ նշել էր, որ «համավարակը համագործակցության նոր մթնոլորտ էր ստեղծել»:

Պարզ է դառնում, որ տրամադրությունները փոխվում են ինչպես Անկարայում, այնպես էլ Վաշինգտոնում: Էրդողանը դարձյալ իր բախտն է փորձում: Ինչքան էլ ամբարտավան լինի, նա հիմար չէ, որ փորձի անցնել «կարմիր գիծը»: Նա «գտել» է, հասկացել է, թե որն է Վաշինգտոնի հանդուրժողականության սահմանը: Նա նաեւ, ի դեպ, մեղմացրել է Իսրայելի դեմ ուղղված իր հռետորաբանությունը, քաջ գիտակցելով ամերիկա-իսրայելական հարաբերությունների նշանակությունը:

Մի կողմից լարվում են նրա հարաբերությունները Ռուսաստանի, ու նաեւ Իրանի հետՙ Մ. Նահանգների հանդեպ հարգանքից դրդված, մյուս կողմից Վաշինգտոնն ու Անկարան բացահայտում են նոր բնագավառներ, որոնցում զգում են միմյանց կարիքը: Թուրքիայի քաղաքականության «ճոճանակը» որոշակիորեն թեքվում է դեպի Արեւմուտքը եւ մասնավորապես դեպի Մ. Նահանգները: Այնպես որ մեզ համար, երեւի, պարզ պետք է դառնա, որ մենք պետք է սպասենք մեկ այլ նախագահի, որը քաղաքական կամք կցուցաբերի արտասանելու համար «ցեղասպանություն» եզրույթը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ