RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Մետաքսի ճանապարհն էլ փակվեց

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020



Տեղադրվել է` 2020-05-14 22:43:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 527, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ASIM-DER-Ի ՆԱԽԱԳԱՀ ԳԼՈՔՍԵԼԸ ՆՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ, ՈՐ ՄԵՂԱԴՐԻ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՈՒ... ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Մոռանալով օկուպացված սիրիական տարածքները յուրացնելու Թուրքիայի ձեռնարկումները

Մայիսի 10-ին «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության»ՙ ASIMDER-ի գլխավոր նախագահ Գլոքսել Գյուլբեյը նոր հայտարարություն է արել: Նույն օրը Պոլսո «Հայ Թերթ» կայքէջում հրապարակված հայտարարության մեջ, որի սկզբնաղբյուրը «Ihlas» լրատվական գործակալությունն է, Գյուլբեյն այս անգամ էլ մեղադրում է ֆրանսիային, թե Սիրիայում հայկական գումարտակ է կազմավորում, իհարկե Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայության դեմ պայքարելու եւ «ահաբեկչական» PKK-իՙ այսպես կոչված սիրիական թեւը հանդիսացող Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումներինՙ YPG-ին օժանդակելու համար, որոնք Վաշինգտոնի բնութագրմամբ Սիրիայի դեմոկրատական ուժերի հիմքն են կազմում : Նրա հիվանդոտ երեւակայությունն այնքան է աղավաղվել, որ հայատյաց այս արարածը գումարտակի կազմավորումը ներկայացնում է իբրեւ հանցագործություն, որի մեջ մեղադրում է ֆրանսիական իշխանություններին ու սիրիահայերին, կամ էլ նա այդ հրահանգն է ստացել թուրքական գաղտնի ծառայություններից, ուստի այլընտրանք չունի :

Դրանում համոզվելու համար անդրադարնանք Գյուլբեյի «arti 49.com» կայքէջում «Ֆրանսիան հայկական գումարտակ է կազմավորել Սիրիայում» խորագրով հրապարակված հայտարարություններին: Ահա թե ինչ է գրել այդ կայքէջը. «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությանՙ ASIMDER-ի գլխավոր նախագահ Գլոքսել Գյուլբեյը պնդում է, որ Ֆրանսիան Սիրիայի Հասաքե քաղաքում 1915-ին, այսպես կոչված, Արեւմտյան Հայաստանից տեղահանված հայերի ժառանգներից հայկական կամավորական գումարտակ է ստեղծել:

ASIMDER-ի նախագահ Գյուլբեյն ընդգծեց, որ ԱՄՆ-ի հետ Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական կազմավորումների ամենագլխավոր աջակիցը հանդիսացող Ֆրանսիան, համանման կազմավորումներ օսմանյան տարածքներումՙ մասնավորապես Մարաշում, Ադանայում, Էրզրումում, Աղրիիում, Այնթապում, Վանում, Կարսում եւ Իգդիրում ստեղծել էր նաեւ 1915-ին ու դրան հաջորդող տարիներին, հենց այդ շրջանում էլ հնչակյան եւ դաշնակցական հրոսակախմբերը ահաբեկչական հազարավոր գործողություններ էին իրականացրել»:

Ապա նա շարունակեց. «Հայկական ա՛յս գումարտակը սկզբում կազմված էր 45 հոգուց, կալաշնիկովներով զինված, ուներ 4 տանկ: Տեղակայվեց Հասաքեից հյուսիսՙ Թել Թամիրի շրջանում, կարծես ցույց տալու համար կազմավորման բուն նպատակը, որովհետեւ այնտեղից է անցնում «Ազատ Սիրիայի բանակի» եւ թուրքական զորքերի հետ շփման գիծը: Ստացած տեղեկությունների համաձայն, 45 հոգանոց այս գումարտակի թվակազմը հասցնելու են 100-ի: Դեռեւս ռազմական ոչ մի գործողությանը չմասնակցած այս գումարտակը մարզվում է PKK-ի ճամբարներում: Միաժամանակ ենթադրվում է, որ այս գումարտակը միանա 2019-ի ապրիլի 24-ին կազմավորված, PKK-ին ենթակա հայկական «Նուբար Օզանյան» բրիգադին:

Գյուլբեյը նշելով Հասաքեի հարավում տեղակայված 2 հարյուր ֆրանսիացի զինծառայողի մասին, հավելեց. «Ֆրանսիան իր ռազմական ներկայությունը պահպանում է այն տարածքներում, որոնք օկուպացված են PKK-ի կողմից: Հասաքեի հարավում գտնվող Մասաքին Ջիբսե, Օմար, Ալ Թանեկ նավթային հանքահորերը, ինչպես նաեւ Ռաքքայի հյուսիսում գործող շաքարի գործարանը գտնվում են հենց այդ տարածքներում: Ժամանակն է, որ մեր պետությունը ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ կանխելու համար 2019-ից ի վեր շրջանառվող ահաբեկչական նոր կազմակերպությունՙ մի նոր ԱՍԱԼԱ ձեւավորելու տրամաբանության հետագա ծավալումը»:

Որքան էլ աղավաղված լինի ASIMDER-ի նախագահ Գյուլբեյի տրամաբանությունը, նա չի կարող չիմանալ թուրքական զինված ուժերի Սիրիա ներխուժելու, այնտեղ ռամական գործողություններ ձեռնարկելու, օկուպացված տարածքները յուրացնելու եւ այս գործողություններիՙ նախագահ Էրդողանի հավաստիացումներին տրամագծորեն հակասելու մասին, թե Թուրքիան հարգում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Էլ չենք խոսում Հալեպն ու Դամասկոսը Թուրքիայի համապատասխանաբար 82 եւ 83-րդ նահանգը հռչակելու մասին, պատճառաբանելով, թե դրանք ժամանակին Օսմանյան կայսրության մաս են կազմել: Ի դեպՙ մինչ այդ 82 եւ 83-րդ նահանգ էին հռչակվել Մոսուլն ու Քերքուքը: «Gercek Hayat» հանդեսը, անդրադառնալով այդ հարցին 2015 թ.դեկտեմբերի 21-ի համարում, նշել էր, որ Թուրքիան կոնյուկտուրային մոտեցում է ցույց տալիս նահանգների հարցին, Մոսուլն ու Քերքուքը թուրք ազգի 90 տարվա երազանքն է, սակայն իրավիճակի փոփոխությունը հանգեցրեց նահանգների առաջնահերթության փոփոխությանը: Ավելին, «Halk TV-ի» մեկնաբանները թուրքական զորքերը, անկախ հաճախակի զոհերից, ամեն գնով Իդլիբում պահելու Էրդողանի համառությունը պայմանավորում են Հալեպը Թուրքիային կցելու տրամաբանությամբ, Դամասկոսի Օմայան մզկիթում նամազ անելու նրա երազանքը նմանապես, ինչի մասին նա արտահայտվել էր դեռեւս 2011-ի սեպտենբերին:

Թուրքական զորքերը սկսած 2015-ից ներխուժել են Սիրիա, իրականացնելով նույն թվին «Շախ-Ֆըրաթ» պայմանական անունով ռազմական գործողությունները: Դրան հետեւեցին 2016-18 թթ.ձեռնարկված «Ձիթենու ճյուղ» «Եփրատի վահան» գործողությունները, որոնց ընթացքում հաջորդաբար գրավեցին սահմանամերձ Ջարաբլուսը, Ալ Բաբը, Ազազն ու Իդլիբը, իսկ 2018-նՙ Աֆրինը: Ընդ որում այդ գործողություններին անմիջականորեն մասնակցում էին 2017-ին Թուրքիայի կազմավորած, իսկ 2018-ին ահաբեկչական հռչակված Հեյ՛աթ-ի Թահրիր աշ-Շամի մարդասպաններից եւ ահաբեկչական 19 այլ խմբավորումներից ձեւավորված «Սիրիայի ազգային բանակը»: Ակամա հարց է ծագում, եթե ազգային բանակը մարդասպանների այս խառնամբոխն է, ապա ինչպես անվանել Դամասկոսի կենտրոնական կառավարության զորքերին, կամ ով է իրավունք տվել թուրքերին , որ բանակ ստեղծեն այլ երկրում եւ այդ բանակն էլ դեռ մասնակցի «Խաղաղության աղբյուր» պայմանական անունով 2019-ի հոկտեմբերին ձեռնարված գործողություններին, գրավելով Թել Աբյադն ու Ռաս ուլ-Այնը հարակից շրջաններով:

Համենայնդեպս նախավերջին գործողություններն Անկարան պաշտոնապես պատճառաբանել էր Իրաք-Շամ իսլամական պետության ահաբեկիչների դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Սակայն Էրդողանը 2016-ի նոյեմբերին հայտարարեց, որ թուրքական զորքերը մուտք են գործել Սիրիա, սեփական ժողովրդին պետական ահաբեկչության ենթարկող Ասադի իշխանությունը տապալելու առաջադրանքով: Այնուհետեւ Անկարան Աֆրինում կուսակալ, մյուս գյուղաքաղաքներում էլ կառավարիչներ նշանակեց: Գազիանթեպի համալսարանը ֆակուլտետներ բացեց բռնագրավված բնակավայրերում, իսկ թուրքական փոստային ծառայությունըՙ մասնաճյուղեր: Դրան հետեւեց թուրքական դատարանների բացումը, ապա շրջանառության մեջ դրվեց թուրքական լիրան: Այս ամենը, իհարկե, Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, ինչի մասին հեռուստաէկրաններից նշել են թուրք մեկնաբանները: Ինչպես երեւում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահ Բաշար Ասադի շատ ջերմ բարեկամն է: Պարզապես ամեն ինչի շատն է վնաս, հակապես Պուտինի բարեկամության պարագային:

Այլ կերպՙ Թուրքիան սկսել է յուրացնել օկուպացրած սիրիական տարածքները, որ Գյուլբեյն ու նմանները լեզու երկարացնեն Ֆրանսիային: Ինչ վերաբերում է Հասաքեում կազմավորված գումարտակին, եթե ճիշտ է, ապա դրա կազմում ընդգրկված հայերը ի վերջո Սիրիայի քաղաքացիներ են: Այսինքն նրանք երկիրը թուրքական զորքերի ոտնձգություններից պաշտպանելու քաղաքացիական պարտականությունից զատ, ունեն նաեւ իրենց ընտանիքին բացի այդ զորքերից նաեւ Թուրքիայի հովանավորած մարդասպան ահաբեկիչներից պաշտպանելու պարտավորություն: Սակայն դա հասկանալի է միայն առողջ դատողության տեր մարդկանց, ոչ թե ASIMDER-ի նախագահին եւ սրա նմաններին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ