RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2020-03-20 > #013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-05-2020



ԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2020-05-07 22:24:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1899, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՌԼ ԼԱԳԱՍ. «ՄԵՐ ԾԱԳՈՒՄՆ ԻՐ ԴԵՐԸ ԽԱՂՈՒՄ Է, ԱՆԳԱՄ ԵԹԵ ՏԵՂՅԱԿ ԷԼ ՉԵՆՔ»

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Փարիզաբնակ հայազգի ֆրանսիական նկարիչ, քանդակագործ եւ լուսանկարիչ Կառլ Լագասն իր գեղարվեստական ճանապարհորդությունը սկսել է յոթ տարեկանումՙ կոլաժներից: Ֆրանսիացի քանդակագործ Սեզար Բալդաչինին ոգեշնչել է Կառլինՙ շարունակելու զարգացնել իր աշխատանքը: Նրա առաջին ցուցահանդեսը բացվել է 2003 թվականին, Փարիզում, իսկ առաջին քանդակըՙ «Շենքեր» շարքըՙ 2006-ին, Բրյուսելում: Երկու տարի անց Փարիզի «Էսպաս Պիեռ Կարդեն» թատրոնում Կառլն իր գեղանկարներն ու քանդակները ներկայացրել է վիդեոգրաֆիայի եւ լուսանկարչության հավելյալ տարրերով: Մասնակցել է ցուցահանդեսների Մոնակոյում, Իսպանիայում, ԱՄՆ-ում... 2012-ին Դովիլ քաղաքին Կառլն առաջարկեց խաղաղության եւ սիրո ուղերձով իր «Գաղտնագիր թիվ մեկ» բրոնզե քանդակը, որը տեղադրվեց Դովիլի մուտքի մոտ: Նույն թվականին Կառլ Լագասը ստեղծեց նաեւ հուշարձան-քանդակ Կաննի 65-րդ փառատոնի համար: 2017 թվականից Կառլը Դովիլի Ամերիկյան կինոփառատոնի մրցանակի ստեղծողն է, որով պարգեւատրվել են մի շարք հռչակավոր ամերիկյան կինոգործիչներ: 2009-ին «Արթփրայսը» Կառլ Լագասին համարել է աշխարհիՙ 30 տարեկանից ցածր 10 լավագույն քանդակագործներից մեկը: 2012-ին Նյու Յորքի «Ֆարամե» հրատարակությունը նրան ընդգրել է «Որին նա խորհրդանշում է. Ամերիկանան ժամանակակից արվեստում», հիսուն լավագույն ժամանակակից այն արվեստագետների շարքում, որոնք ոգեշնչվել են ամերիկյան ավանդական պատկերներից: 2016-ին. Փարիզի արվեստի տոնահանդեսում Ֆրանսիայի նախագահն անձամբ շնորհավորել է Կառլին Գրանդ Պալեում ցուցադրված երկմետրանոց բրոնզե «Մեկ դոլար» քանդակի ունեցած հաջողության համար:

- Հարգելի Կառլ, 2009-ին աչքի ընկաք ձեր «Մեկ դոլար» ընդհանուր վերնագիր ունեցող քանդակներով: Թույլ տվեք մեր հարցազրույցը սկսել կատակով. իսկ որքա՞ն դոլար է ձեզ բերել ձեր «Մեկ դոլարը»:

- Գաղափարն ինձ մոտ առաջացավ, երբ տարվեցի ընդամենը մեկ դոլարանոցից արվեստ ստեղծելու մտքով: Բայց իրականում իմ ուշադրությունն ամենից շատ գրավել էր թղթադրամի հետեւի գրությունըՙ «Աստծուն ենք հավատում»: Ես ցնցված էի, որ այդպիսի հիանալի արտահայտությունը, որը, իմ կարծիքով, հեռու է առեւտրից, կարող է լինել դրամի վրա: Սա ինձ մղեց, որ ավելի շատ ուսումնասիրեմ, թե ինչ կարող է նշանակել դոլարը որպես արվեստի գործ հանդես բերելը:

- Դուք հաջողությամբ համագործակցել եք կինոփառատոներիՙ Կաննի եւ Դովիլի հետ: Ի՞նչ կարող է քանդակագործն առաջարկել ժամանակակից կինոաշխարհին:

- Ես գիտեմ, որ քանդակագործի իմ հմտությունն ընդլայնվել է կինոաշխարհի շնորհիվ: Արվեստի բոլոր ձեւերը սերտորեն հյուսված են միմյանցՙ կինո, երաժշտություն, նկարչություն, քանդակ, պոեզիա, պար, ճարտարապետություն... Արվեստի մի տեսակը դժվարությամբ կարող է բարգավաճել առանց մյուս ձեւերի օգնության: Քանդակագործը հնարավորություն ունի բավականին բառացիորեն վերարտադրել տեսարանըՙ կինոյի կամ այլ առիթների համար: Ես մի քանի անգամ համագործակցել եմ «Մազերատի» ընկերության հետ, դրանցից մեկը «Դրախտի մի կտոր երկրի վրա» ինստալացիան էր:

- Ձեր գործերը բերում են խաղաղության ուղերձ, որը հրատապ է մեր անհանգիստ ժամանակների համար: Հավատու՞մ եք արվեստի հատուկ առաքելությանը եւ աշխարհի իրավիճակի վրա ազդելու նրա կարողությանը:

- Բացարձակապես: Մենք բոլորս օժտված ենք ձիրքերով: Իմ ձիրքն արվեստի մեջ է: Որքան շատ եմ մեծանում որպես մարդ եւ արվեստագետ, այնքան ավելի եմ տեսնում աշխարհին դրական հաղորդագրություններ ուղարկելու կարեւորությունը: Ես ընտրում եմ իմ ձիրքերը աշխարհի հետ դրական եղանակով կիսելը, մթության մեջ մի փոքր լույս սփռելը: Մենք կարող ենք մեծ ազդեցություն ունենալ լավ բաների վրա, եթե բոլորս պարզապես մի փոքր տանք մեր ունեցած ձիրքերից:

- Չնայած դուք ստեղծում եք գեղանկարներ, կոլաժներ, լուսանկարներ, ձեզ ավելի քանդակագործ եք համարում: Քարի հետ աշխատելը գուցե գալիս է ձեր հայկական գեների՞ց:

- Այնպիսի զգացողություն ունեմ, որ ես միշտ ուզել եմ անել այն, ինչը որ անում եմ քանդակագործության մեջ: Մեր ծագումն իր դերը խաղում է, անգամ եթե տեղյակ էլ չենք: Ուղին, որով ես ընթանում եմ կյանքում, ինձ համար հիմնվել է իմ ծնունդից շատ ժամանակ առաջ: Այն ճանապարհորդությունը, որն ինձ հասցրեց այնտեղ, որտեղ որ գտնվում եմ այսօր, սկսվել է Հայաստանում, իմ հեռավոր ընտանիքից: Անգամ հնարավոր է, որ մեր տոհմում մեկ այլ քանդակագործ եղած լինի: Ես զգում եմ ինձնից առաջ եկածների կատարած քայլերի կարեւորությունը, ինչպես նաեւ զգում եմ այն քայլերի կարեւորությունը, որոնք ես կատարում եմ գալիք սերունդների համար:

- Խնդրում եմ, պատմեք մեզ ձեր արվեստագետ ծնողների մասին:

- Ինձ վրա ազդել են շատ մեծ նկարիչներ, ներառյալ իմ ծնողները: Ես ընտրում եմ այն երեւույթները, որոնք ինձ հիացնում են նրանց կերպարներում եւ որոնք իրականացնում եմ ոչ միայն իմ մասնագիտական կյանքում, այլեւ անձնական: Ծնողներիս շնորհիվ ես կարողացա տեսնել, որ արվեստը կարող է լինել ոչ միայն պարզապես հաճույք, այլեւ մասնագիտություն: Ես գուցե նկարիչ չդառնայի, եթե արդեն ծանոթ չլինեի այդ հասկացությանը:

- Տեղյա՞կ եք, թե որտեղից են ձեր նախնիները եւ ի՞նչ կա հայկական ձեր անձի եւ արվեստի մեջ:

- Իմ երեխաներից մեկը խալ ունիՙ իր հայ նախնիներից ժառանգած, ինչը հրաշալի է: Վստահ եմ, որ ունեմ բազմաթիվ հայկական հատկանիշներ, որոնցից նույնիսկ տեղյակ չեմ: Ես եղել եմ Հայաստանումՙ բազմաթիվ հարցերի պատասխանների որոնման համար, բայց դեռ շատ բան ունեմ սովորելու:

- Արվեստի դաշտը բավականին ակտիվ եւ հետաքրքրական է Հայաստանում եւ Սփյուռքում: Ունե՞ք հայկական ոգեշնչումներ:

- Պետք է ասեմ, որ երաժշտությունը շատ ոգեշնչող եւ կարեւոր է ինձ ստեղծագործելու մեջ: Այդ կերպ ես հանդիպեցի կնոջս, որը երգչուհի է: Ես շատ եմ սիրում հայ երգչուհի Լիզ Սարյանինՙ ի թիվս ուրիշների: Կցանկանայի հաճախ այցելել Հայաստան եւ ավելի շատ բացահայտել արվեստի ասպարեզը:

- «Մեկ դոլարը» ամերիկյան երազանքի մի տեսակ խորհրդանիշն է: Իսկ ի՞նչ կասեք «Հայկական դրամ» ստեղծելու մասինՙ որպես հայկական պետականության խորհրդանիշ եւ Հայաստանի տնտեսության զարգացման ցանկություն:

- «Մեկ դոլարի» խորհրդաբանությունը համընդհանուր է, ինչն իմ ընտրության պատճառներից մեկն էր: Ես հավատում եմ, որ այն ներկայացնում է մեզ բոլորիս: Ուժը, ազատությունը եւ ինքնակերտ մարդը այն հզոր ուղերձներն են, որոնցով ես ցանկանում եմ հաղորդակցվել աշխարհինՙ որպես ամբողջություն: Անկեղծ ասած, ես շատ կցանկանայի հանդես գալ որպես գեղարվեստական մտայնությունՙ իրական դրամական արժույթի ստեղծման հետեւում: Եթե կարողանայի դա անել Հայաստանի համարՙ մեծ պատիվ կլիներ:

- 2014-ին ճանապարհորդեցիք Հայաստան: Չե՞ք մտածում վերադառնալ որեւէ հատուկ նախագծով:

- Առաջիկայում ես շատ ծրագրեր ունեմ, եւ դրանցից մի քանիսը ուղղակիորեն կապված են հայ ժողովրդի հետ: Ես միանգամից սիրահարվեցի երկրին ու նրա ժողովրդին: Ես ինձ զգացի շատ աշխույժ եւ ոգեշնչված իմ վերջին այցի ընթացքում: Հաջորդ անգամ ցանկանում եմ գալ ընտանիքիս հետ միասին եւ սպասում եմ իմ շուտափույթ վերադարձին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ