RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 19:16:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 786, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ՈՒ ԱՎԵՐԻՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արաքս Սաֆարյան, Բրյուսել

Շաբաթական 4 միլիարդ եվրո կորուստ Բելգիայում

Այս օրերին, Բելգիայում, երբ կորոնավիրուսի համավարակից հարկադրաբար մեկուսացված կամ ինքնամեկուսացված հանրությունը հուսատենչ , ժամեր հաշվելով, օրեր գլորելով սպասում է հարկադիր պարապուրդի ավարտին , իր հերթին, բնությունն էլ ասես եղանակային ռեւանշիստական սկզբունքերն է խաղարկում։

Սովորաբար, անձրեւային Բելգիայում, այս օրերին հակառակի պես արեւն այնքան գթառատ ջերմությամբ է ողողում, ինչն էլ ավելի է կրկնապատկում տնային կալանքին հարկադրվելու դժվարությունը։ Արեւային այսպիսի բացառիկ արտասովոր եղանակն անգամ ամառային օրերին Բելգիայում հազվադեպ հանդիպող երեւույթ է։

Մարտի 11- ից արտակարգ իրավիճակում ընկղմված բազմամշակութային Բելգիայում կյանքն աննախադեպ, կտրուկ շրջադարձային տատանումներով օրեցօր փոփոխվում է։ Մինչ օրս համաճարակից վարակակիրներն ու մահացությունները երկու հազարից սրընթաց թվերով օրական կրկնապատկվում են։ Այսօրվա տվյալներով մահերի թիվը 2240 է, միայն վերջին 24 ժամում գրանցվել է մահերի 205 դեպք։

Մահացողների ճնշող մեծամասնությունը տարիքավորներն ու խրոնիկ հիվանդություններ ունեցողներն են։

Բելգիական կառավարության հավաստմամբ արվում է հնարավորինըՙ առավել շատ կյանքեր փրկելու համար, սակայն մի կողմից վարակի օրեցօր գերաճի , մյուս կողմիցՙ դիմակների, շնչառական ապարատների , բուժաշխատողների եւ բուժսպասարկման սակավության պայմաններում, հիվանդներին փրկելու կամ մահանալու ընտրությունն ընկնում է բժիշկների խղճին։

Մինչեւ ապրիլի 19-ը Բելգիայում շարունակվելու է արտակարգ ռեժիմի ընթացակարգը, խախտման դեպքումՙ կիրառվում են առավել խստացված պատժամիջոցներ։ Օրենքին չենթարկվելու համար տուգանքի չափը տեղում վճարելու դեպքում սահմանված է մինչեւ 500 եվրո, իսկ չենթարկվելու դեպքում անմիջապես հարուցվում է դատական գործ։

Բելգիայում այս օրերին գործում են միայն մթերային խանութները։ Բրյուսելում խանութ մտնելու համար նախ պետք է հերթ կանգնելՙ պաշտպանվելով միմյանցից մեկից - երկու մետր հեռավորություն։ Քանի որ միանգամից շատ մարդ իրավունք չունի լինելու փակ տարածքում, մինչեւ խանութ մտնելը հսկիչն է կարգավորում հերթականությունը , այսինքն հաճախորդներից մեկը պետք դուրս է գա, այնուհետեւ հաջորդը իրավունք ունի խանութ մտնելու։

Վարակի կտրուկ աճն ու հանրության արտասովոր խուճապը մեղմելու հնարավոր տարբերակը մարդկանց ազատ տեղաշարժվելու սահմանափակումներն են, ինչը դանդաղ, բայց այսօր արդեն նկատելի հուսադրող են , հավաստում է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը։

Համավարակի հետեւանքով Բելգիայի տնտեսական կորուստը շաբաթական կազմում է 4 միլիարդ եվրո։ Մասնագետների հաշվարկով մինչեւ արտակարգ իրավիճակի ավարտը բյուջեի ճեղքվածքը կգերազանցի 24 միլիարդը , ինչն էլ կհանգեցնի տնտեսական նոր ճգնաժամի։

Օրերս, բելգիական կառավարության համապատասխան մասնագետներից կազմված հանձնախումբ է ձեւավորվել, որոնք կորոնավիրուսի հետեւանքները վերացնելու աստիճանական ուղիներ են մշակում։ Օրական նախատեսվում է թեստավորել տաս հազար բնակչի։ Առայժմ պարտադիր դիմակներ կրելու ուղղությամբ դեռեւս քննարկումներ են տարվում, բայց, բելգիական որոշ քաղաքներում, հատկապես ֆլոմական հատվածում, տեղական իշխանությունների ցուցումով բնակիչները պարտավորվում են կրել դիմակներ։

Բելգիայի «Պերի Դայզա» կենդանաբանական այգու պատասխանատուների հավաստմամբ, այսօր արդեն որոշում ընդունվեց, որ կենդանիները եւս թեստավորվելու են, եւ այն կենդանիները, որոնք վարակակիր կլինեն, համապատասխանաբար երկշաբաթյա մեկուսացման կենթարկվեն։ Յուրաքանչյուր կենդանու համար արդեն իսկ համապատասխան առանձնաբներ են տեղակայվել։ Այսպիսի որոշման դրդապատճառը պայմանավորված էր մարտ ամսին Բելգիայում կորոնավիրուսով վարակված կատվի եւ օրերս ԱՄՆ-ում վարակակիր վագրի դեպքերից զգուշավորությունն ապահովելու միտումներով։

Եվրոմիության անդամ երկրների համատեղ հայտարարության հիմքում, թերեւս դրված էր համավարակի դեմ պայքարելու համընդհանուր ծրագիր, հավաստելով որ, ԵՄ-ն փոխօգնության, ցանկացած իրավիճակում անդամ երկրներին աջակցելու, սատարելու է , սակայն համավարակի այս օրերին, երբ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում վարակակիրների թիվը հզոր արագությամբ ժամ առ ժամ կրկնապատկվում էր, ԵՄ անդամ երկրներն ի զորու չեղան նույնիսկ հարեւան պետությանն ամենապարզ միջոցներով աջակցելու։ Դարձալ փորձը ցույց տվեց, որ փորձության պահին յուրաքանչյուր պետություն մենակ էր իր պայքարում։

Այս օրերին ԵՄ անդամ երկրների ֆինանսների նախարարների համատեղ խորհրդակցության բուռն քննարկումներ են տարվում։ Նախատեսվում են ֆինանսական աջակցության կոմպլեքս ծրագրեր, բայց դեռ երեկվանից ընթացող բանակցություններում ԵՄ նախարարներն ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ։ Իսկ համավարակն արդեն իր ավերիչ դրոշմն է թողել եւ այսուհետ եւս էլ ավելի է խորանալու տնտեսական ճգնաժամն ու դրանից բխող բոլոր հետեւանքներն անխտիր բացասական աղդեցություն կունենան Եվրոպայի եւ համաշխարհային շուկայի վրա։ «Հաջորդ սերունդների ուսերին է դրվում տնտեսական մեծ, ծանր բեռն ու տարիներ շարունակ նրանք են կրելու իրենց բաժին հասծ լուծը» համոզմունք հայտնեցին ԵՄ համապատասխան մասնագետները։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ