RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #013, 2020-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2189, Տպվել է` 317, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ՆԱՎԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Նավթահանույթը կրկին կրճատելուց Ռուսաստանի հրաժարումը եւ դրան հաջորդած իրադարձությունները տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս փորձագետների շրջանում: Հիշեցնենք, որ մարտի վերջին OPEC-ի երկրները եւ Ռուսաստանը չկարողացան փոխհամաձայնության գալ նավթարդյունահանման ծավալների կրճատման հարցում: Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունում պարզաբանում են, որ քննարկվել է երկու սցենար ռուսական տարբերակը ենթադրում էր գործող սահմանափակումների շարունակում, իսկ սաուդյանըՙ նավթարդյունահանման հետագա կրճատում: Մոսկվայում ռուսական տարբերակն ավելի մեղմ են համարում կորոնավիրուսի պատճառով ծագած տնտեսական ճգնաժամի պայմաններում: Սակայն կողմերին չհաջողվեց լուծում գտնել:

Սկսվեց նավթի գների անկումՙ հասնելով 1991 թվականից ի վեր նվազագույն մակարդակին: Արագորեն հայտնվեցին այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «գների պատերազմը նավթի շուկայում», «ճակատամարտը հանուն էներգառեսուրսների շուկայի», «նավթային պատերազմը»: Քաթարյան Al Jazeera հեռուստաընկերությունը նշում է, որ չնայած արտաքին նմանությանը, դրանք որոշակիորեն տարբերվում են: Գների պատերազմը առաջարկն է շուկայականից ցածր գներով: Գների պատերազմը պարտադիր չէ, որ հանգեցնի նավթային պատերազմի: Al Jazeera-ն նման պատերազմ համարում է այն վիճակը, երբ վնաս է հասցվում նավթ արտադրող գլխավոր երկրներին, ինչը դրդում է ձեռնարկել քաղաքական կամ տնտեսական կոնկրետ միջոցներ: Տնտեսագիտական գրականության մեջ դա անվանում են «դեմպինգ» կամ հարեւանի սնանկացում:

Այս իմաստով մեկ ճակատամարտ արդեն շահված է: Ինչպես գրում է ամերիկյան The National Interest հրատարակությունը, ԱՄՆ-ում թերթաքարային վառելիքի արդյունահանումը կորցրել է տնտեսական իմաստը շահութաբերության կորստյան պատճառով, ինչպես նաեւ հավելյալ հարված է հասցվել արտահանական ենթակառույցին:

Եթե խոսենք Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի հակամարտության մասին, ապա որոշ փորձագետներ Էր-Ռիադի դիրքերը համարում են թույլ, քանի որ երկրի պետական բյուջեն հաշվարկված է մեկ բարելը 85 դոլարով, եւ ցածր գների դեպքում երկիրը կարող է սնանկանալ: Մյուսները վստահ են, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը փողերով կհեղեղի Սաուդյան Արաբիան, քանի որ իրենց հաջողվեց հրահրել Մոսկվային: Ուրիշներն էլ կարծում են, որ իրադարձությունների ներկայիս ընթացքը անակնկալ չէ Ռուսաստանի համար, նա շատ բան հաշվարկել է բյուջեի տեսակետից, ունի ոսկու եւ արտարժույթի պատկառելի պաշար: Պարզվում է ռուսները ամենքից լավ են պատրաստ նավթի ցածր գներինՙ դրա արդյունահանման էժանության պատճառով:

Ինչպես գրում է The Washington Post թերթը, ուրիշ իրավիճակ կծագի, եթե Մոսկվան եւ Էր-Ռիադը, որոնք ներկայումս բաժանված են, միավորվեն ընդդեմ ԱՄՆ-ի: Բայց ամեն դեպքում թերթը ենթադրում է, որ, ճգնաժամի շարունակման դեպքում Մոսկվան դժվար թե առաջինը դուրս գա մրցատարածքից: Ըստ որում, Forbes հանդեսը գտնում է, որ Սաուդյան Արաբիան այնուամենայնիվ սխալ գործեցՙ սեփական մարտավարությունը ներկայացնելով որպես Ռուսաստանի գործողությունների հակազդեցություն: Հենց այդ պատճառով շուկան վերջին իրադարձությունները ընկալեց որպես աղետ:

Ի հայտ եկան նույնիսկ դավադրության տեսություններ այն մասին, թե Մոսկվան եւ Էր-Ռիադը գաղտնի գործարք են կնքել դոլարն էժանացնելու նպատակով: Որոշ փորձագետներ կարծում են, որ նավթի գինը կարող է վերադառնալ մեկ բարելի դիմաց 60 դոլարի, բայց դա կլինի արդեն ուրիշ դոլար: Չինական «Ժենմին ժիբաո» թերթը կարծում է, որ նավթի գների անկումը միայն սկիզբն է, իսկ կորոնավիրուսի հետ զուգորդվելովՙ դա ստեղծում է պատմության մեջ աննախադեպ աշխարհաքաղաքական խառնուրդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ