RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #013, 2020-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4042, Տպվել է` 466, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎՈՒԴՐՈ ՈՒԻԼՍՈՆՆ ՈՒ ՀՈՎՍԵՓ ՓՈՒՇՄԱՆԸ

Հ.Ծ.

Այս խիստ հետաքրքրական եւ քչերին ծանոթ տեղեկությունը մեզ են ներկայացրել Վաշինգտոնում գործող ԱՄՆ պետական գործիչ, ԱՄՆ 38-րդ նախագահ (1913-21) Վուդրո Ուիլսոնի անվան տուն-թանգարանի աշխատակիցներըՙ իրենց բլոգում զետեղելով Հովսեփ Փուշմանի «Հույս» խորագիրը կրող կտավը, որտեղ պատկերված է մի երիտասարդ աղջիկՙ ձեռքին մի փոքրիկ ծաղիկ: Տուն-թանգարանի հուրասենյակի կրակարանի վերեւում կախված այս կտավը նախագահ Ուիլսոնին է նվիրել օրիորդ Ալիծ Քյուրքճյանը, որ ամենաերիտասարդ անդամն է եղել 1917-ի նոյեմբերի 27-ին Սպիտակ տուն այցելած Հովսեփ Փուշմանի կնոջ առաջնորդած պատվիրակության, որ ցանկացել է հայ ժողովուրդի երախտագիտությունը եւ շնորհակալությունը հայտնել Մ. Նահանգներինՙ Մեծ եղեռնից մազապուրծ տարագրվածներին օժանդակություն ցուցաբերելու համար: Հայտնի է, որ որպես իրավարար հայկական հարցով անմիջականորեն զբաղվում էր ԱՄՆ նախագահ Ուիլսոնը: Կտավում պատկերված է Փուշմանի ազգականուհինՙ Դորան, 14 տարեկան, հայկական ավանդական տարազով: Նա խորհրդանշում է հազարավոր այն երեխաներին, որոնք զոհ գնացին ցեղասպանությանը, իսկ ովքեր փրկվեցին, հրաշքով դարձան բարեգործությունից կախյալ անձնավորություններ: Աղջկա թախծալի հայացքը արտահայտությունն է հայ ժողովրդի կրած անասելի տառապանքների: Իսկ ձեռքին բռնած ծաղիկը գարնան գալուստն ավետող ձնծաղիկն է, որ նոր հույս է ներշնչում:

Ալիծ Քյուրքճյանը հետագայում պատմել է, թե ինչպես կտավն ստանալիս նախագահը աչքերի արցունքներն էր սրբում, որովհետեւ մեծապես զգացված էր կատարված ժեստից: Կտավը մնացել է կախված Սպիտակ տանը մինչեւ նախագահական ժամկետի ավարտը, իսկ երբ Ուիլսոնները տեղափոխվել են «S Street-ի» իրենց բնակարանը, նախկին նախագահը այն կախել է հյուրասենյակի բուխարիկի վերեւում, որպես թանկարժեք հուշանվեր: Այն մինչեւ օրս մնում է կախված նույն տեղում:

Հովսեփ Փուշմանը ծնվել է 1877-ին Դիարբեքիրում: Հայ անվանի նկարիչ է, որ սովորել է Կոնստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարանում, որի ավարտին շահել է առաջին մրցանակ: 1896-ին, համիդյան ջարդերից հետո ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ: 1910-ին ընդունվել եւ սովորել է Փարիզի Ժյուլիան ակադեմիայում: 1911-ից մասնակցել է ֆրանսիացի նկարիչների սալոններին, շահել մրցանակներ: Սովորել է նաեւ Չիկագոյում: Ցուցահանդեսներ տվել Միլուոկիում, Սենտ Լյուիսում, Չիկագոյում եւ այլ վայրերում: Նրա կտավներին բնորոշ են գույների (հատկապես կարմիր, դեղին, կապտականաչ) մեղմ ներդաշնակությունը եւ լուսաստվերի արտահայտչականությունը: Արեւելյան արվեստը մեծ ազդեցություն է թողել նրա վրա: Նրա գործերը գտնվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի Փըթի Պալե, Միննեապոլիսի, Ռոքֆորդի թանգարաններում, ինչպես նաեւ Հայաստանի պետական պատկերասրահում:

Հավելյալ մանրամասնությունների համար այցելել «https://www.woodrowwilsonhouse.org» կայքը:

Նկար 1. Հովսեփ Փուշման

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ