RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #013, 2020-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



ԿԵՂԾՈՒՊԱՏԻՐ

Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3915, Տպվել է` 328, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉՓՌՇՏԱԼ ԵՎ... ՎՍՏԱՀԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ սին ու շինծու են այն մեղադրանքները, որոնք պնդում են, թե քառանախարար Արայիկ Հարությունյանը, որ ղեկավարում է չորս նախարարություն, բավարար գիտական ներուժ չունի այդքան կարեւոր ինստիտուտներ ղեկավարելու համար: Ավելին, եղան վատեր նաեւ, որոնք հանդգնեցին բարձրաձայն մտածել այն մասին, որ նա կապ չունի ո՛չ կրթությանն, ո՛չ էլ մշակույթի հետ: Այ քեզ բարքեր, այ քեզ ժամանակներ, ինչեր են հանդգնում: Թող բոլոր այդ բանսարկուներն ու տգետներն այրվեն գեհենի կրակների մեջ ու մոխիր դառնան, եւ թող խենթ հողմերը կորստյան մատնեն այդ մոխիրը, որ էլ չմարմնանան եւ չհամարձակվեն Արայիկ Հարությունյանի պես մի վեհ գիտնականի մասին այդպիսի խոտելի կարծիքներ հայտնել:

Վերջինս ոչ միայն արժանի է իր պաշտոնին, այլեւ օրերս ապացուցեց, որ չորս նախարարությունը քիչ է նրա նման գիտական-գաղափարական տիտանի համար: Նա իրեն գերազանց դրսեւորեց նաեւ առողջապահության ոլորտում, որից հետո, հասարակության մի ստվար զանգված հացադուլ է հայտարարել` պահանջելով Արայիկ Հերացուն, ներողություն, Հարությունյանին վստահել նաեւ առողջապահության ոլորտը: Ինչո՞ւ: Որովհետեւ նա գյուտարար է, բժիշկ, հեքիմ, սնղչի, մի նոր Ամիրդովլաթ Ամասիացի, եւ երախտամոռ կլինի հայ ազգը, եթե Երեւանի պետական բժշկական համալսարանն այսուհետ չկոչի նրա անունով:

Փաստորեն, մինչ աշխարհի տարբեր գիտահետազոտական կենտրոններում հարյուրավոր գիտնականներ անքուն գիշերներ են անցկացնում` որոնելով նոր տեսակի վիրուսի դեմ պայքարող պատվաստանյութը, Հայաստանի Հանրապետության դպրության, գրագիտության, մտավոր պաշարների եւ մարմնակրթամարզության նախարար տիար Արայիկը, առանց մատը մատին տալու, առանց ամբողջ ծավալով գործի դնելու իր Բերմուդյան եռանկյունուց ու Քեոփսի բուրգից էլ առեղծվածային ուղեղը, սեփական տանը, համակարգչի դիմաց նստած` գտնել է վիրուսի կանխարգելման ու բուժման բանալին: Չփռշտա՛լ: Ահա՛ դարմանը, որը գտել է մեր հինգաստղանի քառանախարարը: Ոչ ավել, ոչ պակաս, ուղղակի չփռշտալ:

Ցավոք սրտի, անբարեխիղճ մամուլը ծաղրի առարկա է դարձրել ապագայի մեծ դոկտորի այս գյուտը, ազգային դարմանը, չիմանալով անգամ, որ կա շարունակություն, այսինքն` չփռշտալը սկիզբն է միայն:

Դոկտորը նաեւ խորհուրդ է տալիս շնչելիս գործի դնել միայն քիթը, մասնավորապես` աջ քթանցքը, որովհետեւ ձախը կարող է կապ ունենալ սրտի հետ: Իր ընդարձակ հոդվածում նա գրում է նաեւ, որ այն մարդիկ, որոնց սիրտն աջ կողմում է, պետք է շնչեն ձախ քթանցքով: Արգո դոկտորը միաժամանակ խորհուրդ է տալիս մարդաշատ վայրերում պինդ փակել բերանն ու քթանցքերը, աչքերը եւ ականջները` այդպիսով փորձ անելով խուսափել հնարավոր վարակից:

Նա, հղում անելով մեկ այլ բժշկագիտական տիտանի, հորդորում է վիրուսի մասին մտածելուց հետո երեք անգամ «թու» ասել եւ կծել հագուստի վերնաշապիկը, ենթադրյալ վիրուսակիր տեսնելիս` ոտքով բարեւել նրան, որից հետո ձեռքով չանչ անել նրա հետեւից եւ քար շրջել:

Հատկանշականն այն է, որ պետք է թքել այդ քարի վրա երկու պատճառով. առաջին` ժողովրդական բանահյուսությունն այդպես է պնդում, իսկ սա ժողովրդի երկիրն է, երկրորդ` այդպիսով կխոնավանա բերանի խոռոչը, որը կանխարգելում է վիրուսի մուտքը թոքեր:

Նախարարն ունի նաեւ ավելի պարզ ցուցումներ` չշփվել մարդկանց հետ, դուրս չգալ տներից, խանութներ չգնալ, թղթադրամի չդիպչել, չշնչել, չհազալ, չերգել, չանիծել, չուտել, չխմել եւ հավատալ իշխանությանը: Առայժմ այսքանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ