RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Երբ հույսդ դնում ես տուրիզմի վրա....

#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020



Տեղադրվել է` 2020-03-12 23:04:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1631, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌՆԱԿԱՆ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանում առողջ տղամարդը, բացի իհարկե վարչապետ աշխատելուց եւ մի օրում դժվարանցանելի Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում լինելուց: Կարելի է, անշուշտ, Գյումրիից ոտքով Երեւան գալ, բայց դա անցած, հին փուլ է, իսկ մեր երկրում հինն ու անպիտանը հոմանիշներ են դարձել:

Եւ ուրեմն, առաջարկում եմ միասին մտածել Հայաստանում առողջ տղամարդու հնարավոր բոլոր քայլերի ու դրանց հերթականության մասին: Ենթադրում եմ, որ առողջ տղամարդը նախ եւ առաջ պետք է թարգի ծխելն ու աղքատությունը հանի իր գլխից, եւ նույնիսկ այն դեպքում, երբ ընտանիքի անդամները սրտնեղենՙ ընտանիքի, ապրուստի պայմաններից, ինքը պետք է ժպտա եւ հայտարարիՙ աղքատություն չկա, որովհետեւ ես այն հանել եմ իմ գլխից: Ճիշտ է, առնվազն ընտանիքի անդամների կարծիքով այդ տղամարդը հոգեկան առումով ամենեւին էլ առողջի տպավորություն չի թողնի, բայց դե, աղքատությունը գլխից հանելը առողջ տղամարդու առաջին քայլն է: Հետո նա ապրիլի 5-ին պետք է պարտադիր գնա ընտրատեղամաս ու քվեարկի «Այո»-ի օգտին: Սա, ընդ որում, անչափ կարեւոր չափորոշիչ է, քանի որ եթե Հայաստանում կան տղամարդիկ, որոնք չեն գնալու քվեարկության եւ կամ «Ոչ» են քվեարկելու, ապա առողջապահության նախարարությունը շատ հնարավոր է մեկուսացնի նրանց, մանավանդ որ Հայաստանում աշխարհը պատած կորոնավիրուսի հետ կապված որեւէ մեկը չի մեկուսացվել, այսինքն մեկուսարանները լրիվ ազատ են ու գտնվում են հյուրանոցների լյուքս համարներում: Բայց ապրիլի 5-ի քվեարկության գնալու հետ կապված մի փոքրիկ խնդիր էլ կա. բանն այն է, որ խաղաղ երկրներում առողջ տղամարդիկ որպես կանոն աշխատում են, նույնիսկ այն ժամանակ, երբ գործազուրկ են եւ ամենեւին ժամանակ չունեն նման թիթիզությունների, բայց դե, այդ օրը ընտրատեղամաս գնալն ու «Այո» ասելը նպաստում է տղամարդկային առողջությանը:

Ապրիլի 5-ը հորով-մորով անելուց հետո, առողջ տղամարդը պետք է անհատական օգտագործման ՀԴՄ սարք ձեռք բերի ու այն տեղադրի տանՙ ցանկալի է խոհանոցում: Այնուհետեւ ամեն անգամ, երբ ընտանիքի անդամները սառնարանից որեւէ բան կվերցնեն, տանն այդ օրվա հերթապահը պետք է ՀԴՄ կտրոն տրամադրի, հակառակ պարագայում սառնարանից մի կտոր պանիր հանելը կդիտարկվի որպես կոռուպցիոն բնույթի հանցագործությունՙ սրա բոլոր դառը (պանրի դեպքումՙ աղի) հետեւանքներով:

Եւ վերջապեսՙ ամենակարեւորը. Հայաստանում առողջ տղամարդը պետք է սիրի, պաշտի, փառաբանի ՀՀ իշխանություններին, որոնց իմաստուն եւ հանճարեղ քայլերի արդյունքում ինքը հնարավորություն ունի ամեն օր նախաճաշ անել, ճաշել ու ընթրել, ավելինՙ քնել ու նույնիսկ երազ տեսնել, որոնք բոլորը այսօր Հայաստանում իրականանում են:

Իսկ եթե լուրջ, ապա Հայաստանում ոչ երեկ, ոչ այսօր առողջ տղամարդկանց խնդիր չի եղել: Մեր խնդիրը կոչվում է առողջություն: Կորթանցի այն տղամարդը, որ վարչապետի առաջ գլուխը կախել էր, առողջ տղամարդ է, բայց այն, որ վարչապետի կամ որեւէ մեկի առաջ գլուխ են կախում, անառողջություն է: Սա է Հայաստանի խնդիրը: Այն որ յուրաքանչյուր տղամարդու համար գալիս է մի պահ, երբ սեփական գիտելիքն ու ուժը բավարար չեն, ոչ էլ նույնիսկ փորձառությունն ու կանանց խելքահան անող աչքերն ու սարեր շարժող լեզուն: Այդ պահին առաջ գնալու համար անհրաժեշտ են որակներ, որոնք չունես, քանի որ առողջ ես, օրինակՙ շուստրիություն, քծնողականություն, սովորական գողություն, կոռուպցիա,...Եթե չանես, ապա ծառ կտնկես, որդի կունենաս, բայց այ տո՞ւն... Գիտե՞ք քանի տղամարդ այսօր Հայաստանում ոչ միայն տուն չունի, այլեւ չի պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր ունենալ, ընդ որում նրանցից ոչ մեկը առողջապահական որեւէ հիմնարկում հաշվառված չէ: Այդ տղամարդիկ աշխատում են, գիշեր-ցերեկ, այդ տղամարդիկ գիրք են կարդում (նույնիսկ գրում), մկաններն ամուր են, բայց տուն չունեն, որովհետեւ առողջ են, այսինքն շուստրի չեն, քծնող չեն, գող չեն, կոռուպցիոներ չեն...Խնդիրը այս մարդկանց պահի թուլությունը չէ, այլ նրանց առատությունը:

Հայաստանի խնդիրը խեղճերը չեն, խեղճությունն է: Առնական խեղճությունը:

Իսկ կուրթանեցի այդ տղամարդը հայտարարել է, որ չնայած վարչապետն իրեն հրապարակային նվաստացրել է, բայց ինքը կապ չունի, էլի Փաշինյանին է ընտրելու: Լավ է անելու, բայց Փաշինյանն էլ է լավ անում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020

AZG Daily #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ