RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Երբ հույսդ դնում ես տուրիզմի վրա....

#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-03-12 23:04:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1767, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՄԵԶ ԵՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մեկ շաբաթ տեւած պարտադիր արձակուրդից հետո երկուշաբթի օրը ուսանողներս միմյանց հանդիպեցին մեծ խանդավառությամբՙ տղաներն ու աղջիկները խմբերով ողջագուրվում էին: Ի զուր փորձեցի զսպել նրանց ոգեւորությունը. ասացիՙ «Նախագահ Մակրոնը ֆրանսիացիներին հրահանգել է չհամբուրվել»: Աղջիկները ավելի աշխույժ էին եւ անմիջական. «Մենք ֆրանսիացի չենք, մենք հա՛յ ենք»: Այնքան զվարթ էր նրանց ձայնը եւ ինքնավստահ, որ կուլ տվեցի նկատողությունը, ժպիտով:

Ի տարբերություն ուսանողներիս, ես չեմ կարծում, որ կորոնավիրուսը այնքան հայամետ ու գթասիրտ կլինի, որ կխնայի հայերիս: Արդեն երեկ Հայաստանում գրանցվեց 6-րդ դեպքը, եւ չի բացառվում, որ կլինեն նորանոր դեպքեր, որոնց չբազմանալը պայմանավորված կլինի միայն մեր անհատական ու հավաքական զգոնությամբ, նաեւՙ առողջապահական մեր համակարգի աչալուրջ աշխատանքի որակով: Այս պարագայում մեր ամենախոցելի կողմը ճակատագրապաշտությունն էՙ «ինչ պատահելու էՙ կպատահի»ՙ դարերով ժանգ կապած մտայնությունը, նաեւՙ եսակենտրոնությունը, «կարեւորը ես եմ եւ իմ ընտանիքը» մտածելակերպը, վարվելակերպը: Մինչդեռ բնական եւ մարդածին աղետների, համաճարակների պարագայում գլխավորը հավաքական պատասխանատվության գիտակցումն է: Մի հատկություն, որը հայերիս մոտ զարթնում է միայն ամենածայրահեղ պահերին:

Իսկ հիմա պահը ծայրահե՞ղ է:

Մեր երկրում դա չի զգացվում, կարծես չի գիտակցվում: Ոլորտի մասնագետները աշխատում են թիրախային մարդկանց ու նրանց շրջապատող խմբերի վրա: Թվում էՙ այնքան էլ վատ չեն աշխատում: Փորձում են խուճապ չառաջացնել. ճիշտ են անում: Փորձում են համոզել, թե ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում. ճիշտ չեն ասում: (Օրինակ, չորեքշաբթի առավոտյան Վիեննայից ժամանած օդանավի ուղեւորներին ոչ մի բուժաշխատող չի դիմավորել): Մենք գիտենք մեր առողջապահական համակարգի թերի կողմերը, գիտենք մեր փնթիությունը: Մեկ օրից մյուսը ոչ ոք չի կարող կարգի բերել նման համակարգը: Անմտություն, անամոթություն է նման պայմաններում ինքնագովությամբ զբաղվելը: Ոչ մի երկիր, մեզնից անհամեմատ ավելի զարգացած ոչ մի պետություն, ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ COVID-19 վարակից: Ողջ աշխարհն է այսօր փորձում դիմագրավել մահացու համաճարակը: Բոլոր երկրներն են այսօր քննություն հանձնում իրենց առողջապահական համակարգերի ազդեցիկությունը որոշող: Եվ Հայաստանը չի կարող բացառություն լինել:

Նրանքՙ ովքեր ծանոթ են տարատեսակ գրիպների համաշխարհային բռնկումների ու համաճարակների պատմությանը, կարող են վկայել, թե ինչ հետեւանքներ են դրանք ունեցել երկրների, ցամաքամասերի, ողջ երկրագնդի համար: Սկսելով ամենակործանիչիցՙ 1918 թ. «Իսպանական» կոչված գրիպից, որին զոհ է գնացել շուրջ 50 մլն մարդ, ապաՙ 1957-ի «Ասիական» գրիպից, որի ընթացքում մահացել է ավելի քան 2 մլն, եւ հասնելով 1968-69-ի «Հոնգ Կոնգի», 1997-ի «Թռչնագրիպի», այնուհետեւ 2009-ի «Խոզագրիպի» համաճարակներին, մարդկությունը տառապում եւ բժշկագիտությունը պայքարում է նմանօրինակ հիվանդությունների դեմ: 102 տարվա ընթացքում զոհերի թիվը անհավատալիորեն կրճատվել է: Դա բժշկագիտության, առողջապահության շնորհն է: Հունվարի 21-ին Չինաստանի Ուհան նահանգում սկսված նոր կորոնավիրուսից մինչեւ օրս վարակվել է, երեկվա տվյալներով, 124594 մարդ աշխարհի 113 երկրներում: Մահացել է 4623-ը, որոնցից 3497-ըՙ Չինաստանում: Սակայն էական տարբերությունը նախորդ համաճարակներից այն է, որ էապես մեծացել է վարակի տարածման աշխարհագրությունըՙ առայժմ ընդգրկելով, ինչպես ասվեց, 113 երկիր:

Եվ դա բնական է. գիտության, այս պարագայումՙ բժշկագիտության զարգացմանը զուգահեռ բյուրավոր անգամներ բազմացել, հեշտացել եւ արագացել են տարբեր երկրների ու ժողովուրդների միջեւ շփումները, ճանապարհորդությունները: Եվ վստահորեն կարելի է ասել, որ «չվարակված» երկիր շուտով դժվար թե մնա:

Այո, «վաղուց է դարձել աշխարհը մի փոքրիկ, փոքրիկ փողոց», ինչպես ասել է մեր ամենաժամանակակից բանաստեղծը: Եվ մեր փոքրիկ երկիրը գտնվում է այդ «փոքրիկ» փողոցում: Գրեթե անպաշտպան, գրեթե մենակ: «Մենք հայ ենք» ասող մեր երիտասարդների ինքնավստահությանը հավասարակշիռՙ ինքնապաշտպանության բնազդն ու գիտությունը պետք է լինեն մեր զենքերը, ոչ միայն մարտի դաշտում, այլեւ պետական ինքնակառավարման մեր բոլոր գործերում: Միայն այդ ձեւով կարող ենք դիմագրավել բոլոր վտանգներն ու փորձանքները: Եվ դրա հետ պետք է հաշտվենք բոլորս, առաջին հերթինՙ ինքնասիրահարված մեր պետական այրերն ու տիկինները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020

AZG Daily #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ