RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020



ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2020-03-05 23:13:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2961, Տպվել է` 244, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՌԻԹՈՎ

ԱՇՈՏ ՎԱՎՅԱՆ

Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցին մի սրբավայր է, որի զորությանը մարդիկ հավատում են: Եկեղեցին իր նվիրյալ երկրպագուներն ունի, այստեղ հաճախ են գալիս ուխտավորներ հիվանդություններից ապաքինվելու, զավակ ունենալու կամ կենսական այլ խնդիրների լուծման ակնկալիքներով:

Եկեղեցին կառուցվել է 1281թ. եւ օծվել Կույս Մարիանեի անունով, որ համաքրիստոնեական սուրբ է, քրիստոնեության վաղ շրջանիՙ երրորդ դարի նահատակներից: Մարիանեն Անտիոքից էր, քաղաքի գլխավոր քուրմի դուստրը, որի մայրը վախճանվում է իր ծնվելուց հետո, եւ ինքը հանձնվում քրիստոնյա ստնտուի խնամքին եւ դառնում երդվյալ հավատացյալ: Հայրն աղջկան դուրս է հանում տնից, երբ վերջինս հրաժարվում է ուրանալ Քրիստոսին եւ դառնալ քրմուհի: Իրեն հարազատ մայր դարձած դայակի հետ Մարիանեն տեղափոխվում է քաղաքի մերձակա արոտավայրեր, զբաղվում գառնարածությամբ: Այնտեղ նրա գեղեցկությունը նկատում է հռոմեացի զորավարը, առաջարկում ուրանալ հավատքը, ամուսնանալ իր հետ, եւ ստանալով մերժումՙ նրան դաժան չարչարանքների է ենթարկում, որոնք ուղեկցվում են նաեւ հրաշքներով: Սակայն 15-ամյա աղջիկը մնում է անդրդվելի եւ նահատակվում:

Սուրբ Մարիանե եկեղեցին գրավում է հատկապես երիտասարդներին: Այստեղ շատ են կատարվում պսակադրություններ: Սրբավայր հաճախ են այցելում նաեւ նրանք, ովքեր կրում են Մարիամ, Մարիանա, Մարինե եւ Մարգարիտ անունները: Եկեղեցուն կից գործում է «Սուրբ Մարիանե» երիտասարդաց միությունը, որն ունի 45 անդամ, ուր ընդունվելն այնքան էլ դյուրին չէ: Հարկավոր է մասնակցել կիրակնօրյա հոգեւոր դասընթացներին եւ տիրապետել բավարար գիտելիքների: Միության անդամները կարիքավորներին ցուցաբերում են զանազան աջակցություններ, երեխաների համար ամռանը կազմակերպում են էքսկուրսիաներ, ճամբարներ, կատարում ուխտագնացություններ դեպի սրբավայրեր, իրականացնում շաբաթօրյակներ...:

Իր ճարտարապետությամբ, կատարյալ համաչափություններով, թմբուկի շքեղությամբ եւ սլացիկ գմբեթով, փոքր մակերեսի պայմաններում բարձր թռիչքով Սուրբ Մարիանե եկեղեցին եզակի մի կառույց է, որը նման չէ որեւէ այլ եկեղեցու: Բարձրության պատճառով դարերի ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերից 4 կողմից եկեղեցու պատերին առաջացել են ուղղահայաց ճեղքեր, բայց այդուհանդերձ հնադարյա կառույցը մնացել է կանգուն:

Սուրբ Մարիանե եկեղեցին լինելով ամենամեծը Աշտարակ քաղաքումՙ զբաղեցնում է բավական փոքր մակերես, այնպես որ հաճախ երիտասարդները ստիպված են խումբ առ խումբ, միմյանց փոխարինելով մասնակցել կիրակնօրյա պատարագներին:

Դեռեւս 1905-ին եկեղեցին ընդարձակելու նպատակով լուսահոգի Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի օրոք հաստատվել է եկեղեցու արեւմտյան հատվածի նախագիծը եւ սկսվել շինարարություն, սակայն նրա վախճանից հետո, խորհրդային տարիներին եկեղեցու կիսակառույց պատերը ծածկվել են թիթեղով եւ տարիներ շարունակ ծառայել որպես գյուղատնտեսական պահեստ...:

Եվ ահա 115 տարի անց վերջապես իր ավարտին հասավ Խրիմյան Հայրիկի սկսած գործը. փետրվարի 22-ին Սուրբ Մարիանե եկեղեցու Արեւմտյան հատվածի հանդիսավոր բացումն էր, եկեղեցու վերաօծումը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ օծվեցին նորակառույց Ս. Սեղանը, Խորանի սյուները, մկրտության ավազանն ու մնացյալ սյուները: Վեհափառն օրհնանքի եւ գնահատանքի ջերմ խոսքեր ասաց վերակառուցման բարերար Մովսիսյան ընտանիքի հասցեին եւ Գրիգոր Մովսիսյանին պարգեւատրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույնՙ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանով:

Գրիգոր Մովսիսյանը հանրությանն արդեն ծանոթ է իր ազգային-հոգեւոր գործերով: Նա հեղինակել է «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» գիրքը, հրատարակել երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայաստանյան քարոզների երկհատորյակը, հովանավորել այլ հեղինակների հոգեւոր աշխատությունների տպագրություններ, մեծապես աջակցել է Արցախի Մեխակավան բնակավայրում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցմանը, կատարել էլի ուրիշՙ միայն իրեն ու Տեր Աստծուն հայտնի բարեգործություններ, որոնց մասին, ինչպես եւ վայել է ճշմարիտ քրիստոնյային, նա չի սիրում խոսել. «Երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից:» (Մատթեոս 6:1-2):

Հենց նրա նախաձեռնությամբ եւ ֆինանսական օժանդակությամբ էր, որ ամրացվեցին Սուրբ Մարիանե մայր եկեղեցու պատերի ճեղքերը, եկեղեցու արեւմտյան հատվածի կիսակառույց պատերը բարձրացվեցին անհրաժեշտ մակարդակի, շինությունը պատշաճ տանիքապատվեց, կառուցվեց սուրբ Խորանըՙ միաժամանակ նրա հետին հատվածում պահպանելով շինարարության ընթացքում բացահայտված հնամենի որմնանկարները, կատարվեցին ներքին հարդարման աշխատանքներ, եկեղեցու բակում կառուցվեց պատմության թանգարանում պահպանվող Սուրբ Տաթեւի վանքի պատմական դռների զարդանախշերի կրկնօրինակմամբ երկու հիասքանչ խաչքար...: Սակայն, երբ բարերարին են հիշեցնում այս ծավալուն աշխատանքների մասին, ամենամեծ ներդրումն այս գործում նա համարում է մի տատիկի ամսվա թոշակը, ով դրամարկղից շտապել էր ուղիղ եկեղեցի եւ, կարծես Ավետարանում իր վերջին լուման տաճարի գանձանակին նվիրաբերած այրի կնոջ օրինակով, խնդրել իր ամբողջ խնայողությունը նվիրաբերել եկեղեցու կառուցման գործին:

Իսկ Սուրբ Մարիանե եկեղեցու Արեւմտյան հատվածի բացման արարողությունն իրոք որ աննախադեպ էր, բոլորի կողմից երկար սպասված հրաշք մի իրադարձություն: Հեռու-մոտիկ վայրերից բազում ուխտավորներ էին ժամանել այստեղ. շրջակայքում բազմությունն այնքան հոծ էր, որ անհնար էր եկեղեցու մուտքին մոտենալ, իսկ նրա նոր, ընդարձակ սրահում պարզապես կանգնելու տեղ չկար: Ետնամասում կաթսաներով մատաղ էր եփվում եւ ամենուր ազգային երգն էր ու պարը: Սա հոգեւոր իսկական մի տոնախմբություն էր, ուր բոլորն էին սրտով ուրախ: Եվ ուրախալի էր, որ հատկապես շատ էին երիտասարդները, ինչը ստիպում էր մտաբերել Երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսին, ում «ժամանակների նշանները» հուշում էին, թե շնորհիվ երիտասարդության 21-րդ դարում տեղի է ունենալու հոգեւոր եւ կրոնական կյանքի զարթոնք:

Այո, Սուրբ Մարիանե եկեղեցին վերջապես ընդարձակվեց ու ամբողջացավ, բայց այն ընդարձակվեց ոչ միայն տարածքային առումով: Վստահաբար ստվարացան նրա երկրպագուների շարքերը եւ էլ ավելի գերիշխող դարձավ հոգեւոր մթնոլորտը նրա շուրջ: Թող որ նույնանման ճակատագրի արժանանան նաեւ մեր մյուս եկեղեցիները, այդ միտումը տարածվի, որպեսզի իրագործվի Գարեգին Առաջինի մարգարեությունը, եւ հոգեւորն իր հաղթանակը տոնի նյութականի հանդեպ: Ի շահՙ մեր ժողովրդի, ի շահՙ մարդկության...:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ